Loading...

Articles

Ժանտախտի հարուցած հիվանդագին կասկածների ու մեղավորներ փնտրելու մասին

22:03, Tuesday, 24 March, 2020
Ժանտախտի հարուցած հիվանդագին կասկածների ու մեղավորներ փնտրելու մասին

Ժանտախտի ճարակ դարձած միջնադարյան Եվրոպայի բնակիչներից շատերը համոզված են եղել, թե «սև մահ» -ը բնական ծագում չունի: Զանգվածների միջավայրում տարածված է եղել «ժանտախտահարույց թույն» եզրույթը, և այդ թույնը, ըստ վարկածներից մեկի, ինչ-որ փոշի է, իսկ ըստ մյուսի՝ քսուք: Այս վարկածներին հավատացողների համոզմամբ՝ փոշին կամ քսուքը տարածում են բնակչության հիմնական զանգվածի նկատմամբ թշնամաբար տրամադրված անձինք: Եվ հետաքրքիրն այն է, որ այդպես դատող, այդ համոզումն ունեցող մարդիկ հենվել են, նախ և առաջ, Աստվածաշնչի վրա. հինկտակարանային Մովսեսը օդում մոխիր է շաղ տալիս, որի հետևանքով Եգիպտոսին ժանտամահն է պատուհասում: Այդպիսի համոզմունքն ամրապնդող, հաստատող փաստեր ժամանակի գրագետները կարող էին քաղել Հռոմի պատմությունից, երբ «Հուստինիանոսյան ժանտախտ» -ի ժամանակ բացահայտվում է, որ 129 մարդ կանխամտածված տարածել է վարակը: Նրանց բոլորին մահապատժի են ենթարկել:

Բացի այդ, հիվանդության ճարակ դարձած քաղաքներից համատարած փախուստը խուճապ, անարխիա ու ամբոխի իշխանություն է ծնել:

Այդ ժամանակներում ժանտախտի հարուցած սարսափն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ չնչին կասկած հարուցող ցանկացած մարդու բռնությամբ տարել են լազարեթ, որը ժամանակագիրների վկայությամբ, այնպիսի ահավոր հաստատություն է եղել, որ շատերը նախընտրել են ինքնասպանություն գործել, միայն թե այնտեղ չհայտնվեն: Վարակի տարածման աճին զուգահեռ ընթացող ինքնասպանությունների համաճարակը ժամանակի իշխանություններին հարկադրել է ինքնասպանությունները կանխելուն ծառայող հատուկ օրենքներ ընդունել, և այդ օրենքներն իրավասու հաստատություններին իրավունք են վերապահել ինքնասպանություն գործածների դիակներն ի ցույց դնել հանրությանը:

Հիվանդների հետ լազարեթներում հաճախ հայտնվել են նաև վարակակիրներ կամ վարակից մահացածներ ունեցող որևէ տանը նկատված լիովին առողջ մարդիկ, և այդ երևույթը մարդկանց հաճախ ստիպել է թաքցնել հիվանդներին ու մահացածների դիակները թաքուն թաղել: Պատահել է, որ լազարեթներ են քարշ տվել պարզապես ունևոր մարդկանց, որպեսզի կարողանան ազատորեն տնօրինել նրա ունեցվածքը, թալանել նրա տունը: Եվ երբ նրանց զոհն աղաղակելով դիմադրել է, նրանք հայտարարել են, թե հիվանդությունն այնպես է ազդել նրա առողջական վիճակի վրա, որ ուղեղը մթագնել է:

Գիտակցելով, որ վաղվա օրն իրենց համար կարող է նաև չգալ, շատ մարդիկ տրվել են որկրամոլության ու հարբեցողության, ունեցած փոը ծախսել են թեթև վարքի տեր կանանց հետ զվարճանալով, որն էլ ավելի է ուժեղացրել համաճարակի տարածումը:

Տաժանակրության դատապարտվածներից ու թիապարտ ստրուկներից հավաքված գերեզմանափորները, որոնց այդպիսի աշխատանում կարելի էր ընդգրկել միայն ներում ու փող խոստանալով, վայրագություններ են գործել իշխանությունների կողմից բախտի քմահաճույքին հանձնված քաղաքներում, ներխուժել են տներ, սպանել ու թալանել են: Երիտասարդ կանանց, հիվանդներին, մեռածներին ու մեռնողներին վաճառել են բռնանալու ցանկություն ունեցողներին, դիակները քարշ են տվել սալարկապատ փողոցներով՝ դիտմամբ աջ ու ձախ ցայտեցնելով արյունը, որպեսզի համաճարակը, որի ժամանակ տաժանակիրներն իրենց անպատիժ են զգացել, որքան հնարավոր է երկար տևի: Եղել են դեպքեր, երբ գերեզմանափոսերի մեջ մահացածների հետ նաև հիվանդներին են նետել ու թաղել, չփորձելով պարզել, թե նրանցից որը կարող է փրկվել:

Ենթադրվում է, թե ժանտախտի արհեստական ծագման մասին առաջին դատողությունները երևան են եկել քաղաքային բնակչության հարուստ հատվածի՝ քաղաքներից զանգավածային փախուստի տեսքով: Բայց չհաստատված լուրերն այն մասին, թե հարուստները թունավորում են աղքատներին (այդ նույն ժամանակ հարուստներն էլ պնդել են, թե աղքատներն են հիվանդությունը տարածել՝ փորձելով այդ կերպ նրանցից վրեժխնդիր լինել), բավականին երկար ժամանակ շարունակվել է: Հետո ժողովուրդն արհեստական վարակի համար սկսել է մեղադրել բնակչության երեք խմբի՝ սատանայապաշտներին, բորոտներին ու հրեաներին:

Դիտավորությամբ վարակելու մասին համընդհանուր հիստերիայի մթնոլորտում եվրոպացու համար օտարերկրացին, մուսուլմանը, ճանապարհորդը, հարբեցողը, պակասամիտը, խենթը, մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ուշադրություն են գրավել թեկուզ իրենց հագուստով, վարքով, խոսքով, վտանգված են եղել, իսկ եթե հանկարծ խուզարկելիս նրանց մոտ հայտնաբերել են մի բան, որն ամբոխը ժանտախտի քսուկ կամ փոշի էհամարել, դժբախտը մահապատժի է ենթարկվել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3970 | 0 | 0
Facebook