Loading...

Articles

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ

ArzArt NEWS
Spokesperson:
ArzArt NEWS
21:25, Wednesday, 18 March, 2020
Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ
     Ինքնամեկուսացման ժամանակ կարելի է վերաիմաստավորել ամենապարզ երևույթները և փորձել հասկանալ, թե ինչն է մեզ պակասում առօրյա կյանքում, ինչի կարիքն իսկապես ունենք, իսկ ինչն է ավելորդ և պարտադրված։ Vnewsի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը առանձնացրել է 7 ֆիլմ մենայնության, սեփական Եսի որոնման և «սոուլմեյթ» գտնելու կարևորության մասին։
    
    

«Անձնավորություն», Ինգմար Բերգման, 1966

«Անձնավորության» սցենարը Բերգմանը գրել է Sophiahemmet հիվանդանոցում, որտեղ բուժվում էր թոքերի բորբոքումից։ 9 շաբաթվա ընթացքում ծնված պատմությունը պատմում է երկու կնոջ մեկուսացված շփման մասին. Էլիզաբեթը (Լիվ Ուլման) հայտնի թատերական դերասանուհի է, որը մի օր ընդհատում է ներկայացումը լռությամբ և որոշում է այլևս չհարաբերվել արտաքին աշխարհի հետ։ Ալման (Բիբի Անդերսսոն) տածուհի է, որն ուղևորվում է Էլիզաբեթի հետ ծովիափին գտնվող առանձնատուն։ Այդտեղ՝ արտաքին աշխարհից կտրված, երկու կին պետք է խոսեն ամենակարևորի մասին, որն ալեկօծում է նրանց հանդարտ թվացող հոգիները։ Ֆիլմը համարվում է էքզիստենցիալ կինեմատոգրաֆի բոլոր ժամանակների կարևորագույն նմուշներից մեկը։ Իսկ անձամբ Բերգմանն այն անվանում էր սեփական փրկություն, որի շնորհիվ նա ուժ գտավ չթողնել այն ամենը, ինչով զբաղվում էր։
    
    

«3 օր Քիբրոնում», Էմիլի Ալեֆ, 2018

Եթե էքզիստենցիալ պատմությունները չափից շատ ծանր են այս պահին Ձեզ համար և դուք պատրաստ չեք մտորել կյանքի խորքային ասպեկտների մասին, խորհուրդ ենք տալիս ուղևորվել մեկ այլ՝ ավելի անհոգ ծովափնյա ճամփորդության։

Այս ֆիլմը մեկ այլ, իրական դերասանուհու մասին է՝ Ռոմի Շնայդերի, որին ֆիլմում մարմնավորում է Մարի Բոմերը։ Գեղարվեստական պատումը ներկայացնում է Շնայդերի եռօրյա կյանքը ֆրանսիական Քիբրոնի մեկուսացված հիվանդանոցում՝ սանատորիայում, որտեղ նրան այցելության է գալիս մտերիմ ընկերուհին։ Շփոթված Շնայդերը փախչել է հետաքրքրասեր աչքերից, ընտանեկան խնդիրներից և Ալեն Դելոնի հետ բաժանումից հեռու՝ այստեղ, որպեսզի մաքուր ծովային օդը ևտեղական բարի շամպայնով լի գավաթները բուժեն իր կոտրված սիրտը։ Սպոնտան գինարբուքից և զբոսանքներից զատ՝ նրան սպասվում է երկարաձիգ հարցազրույց, որի ժամանակ նա կպատասխանի ամենակարևոր հարցերին։ Նախ և առաջ՝ ինքն իրեն։
    
    

«Նա», Սփայք Ջոնզ, 2013

Ֆանտաստիկ մանկական պատմությունից («Որտեղ են ապրում հրեշները») մինչև ինքնատիպագույն սև կատակերգություն («Լինել Ջոն Մալկովիչ») մեր օրերի ամերիկյան հեղինակային կինոյի կարևորագույն ֆիգուր Սփայք Ջոնզը տարիներ առաջ ստեղծել է ամենագողտրիկ ռոմանտիկ դրամաներից մեկը՝ «Նա» ն, մարդու և նորագույն տեխնոլոգիայի միջև ծավալվող անպարզ հարաբերությունների մասին։ Մեծ քաղաքում ապրող միայնակ գրող Թեոդորը (Խոակին Ֆինիքս), ով կրում է վինտաժային ոճի հագուստ, խիտ բեղեր և ոճային ակնոց, սկսում է կիսվել անձնական խնդիրներով ու մտքերով օպերացիոն համակարգի հետ։ Մտերիմ շփման և ինքնախոստովանությունների ժամանակ երկուսն էլ ցանկանում են ավելի լավ ճանաչել ոչ միայն միմյանց, այլ նաև իրենք իրենց, իսկ Ջոնզը, ունենալով կատարյալ ճաշակ և գեղեցիկի զգացողություն, պատկերում է այդ ամենը մաքսիմալ հրապուրիչ ևսենտիմենտալ՝ չափի մեջ։
    
    

«Վայրի», Ժան–Մարկ Վալե, 2014

Շերիլ Սթրեյդը (Րիզ Ուիզերսփուն) մատուցող է, որը ծանր հիվանդության արդյունքում կորցնում է մորը, իսկ անախորժ ամուսնության շնորհիվ՝ զուգընկերոջը։ Բարդ հոգեբանական ևզգացմունքային վիճակը հաղթահարելու համար Շերիլը որոշում է միայնակ անցնել Pacific Crest Trail երթուղին, ծանր ուսապարկով և վստահ քայլվածքով ոտքով հասնել մեքսիկյան սահմանից մինչև կանադականը՝ ոտատակ անելով ամբողջ Ամերիկան և անցյալի դժբախտությունները։ Քարքարոտ, փոշոտ, արևոտ, ձնոտ և ջրոտ Ամերիկան կանգնում է կնոջ առջև իբրև կյանքի ամենամեծ և բեկումնային փորձություն, որը անհապաղ պետք է հաղթահարել։ Նվաճելով երթուղին՝ Շերիլը կհաղթահարի և բաց կթողնի բոլոր վայրվիվերումները, կորուստներն ու ձախողությունները, որոնց արդյունքում էլ կանգնել է այս ճանապարհին։
    
    

«Կարմիր անապատը», Միքելանջելո Անտոնիոնի, 1964

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ջուլիաննան (Մոնիկա Վիտտի) ավթովթարի արդյունքում փորձում է հարմարվել աշխարհին, որի հետ ունի որոշակի ներքին դիսոնանս։ Նա, կարծես, գտնվում է այստեղ և միաժամանակ բացակա է, մտքերով շատ հեռվում։

Հերոսուհու ապրումներն ու մտահոգությունները պատկերելու համար մաեստրո Անտոնիոնին առաջին անգամ իր ֆիլմագրության մեջ նկարահանում է գունավոր ֆիլմ, որտեղ յուրաքանչյուր երանգ և լուծում ունեն հստակ մեսիջ և ենթատեքստ։

Ջուլիաննայի կարգավիճակը՝ կեղեքումն ու անվերջ ընկճվածությունը դառնում են հոգու հանգստության որոնման սկզբնակետ, որտեղից մարդիկ փորձում են հասկանալ սեփական՝ իրական ցանկությունների մասին։ Արտաքնապես օրինակելի ընտանիքը, ամուսինն ու տղան կարող են չընդգրկվել երջանկության և հարմոնիայի շրջանակում, քանի որ այս աշխարհում իրենց ամեն ինչ ձեռք է տալիս, մինչ հերոսուհին փորձում է իր նրբագեղ կոշիկներով ամուր կանգնել սառը «ինդուստրիալ» հողի վրա։
    
    

«Թարգմանության դժվարություններ», Սոֆիա Կոպպոլա, 2003

Բոբը (Բիլ Մարի) և Շառլոթը (Սքարլեթ Յոհանսոն) ամերիկացիներ են, որոնց գործողումները բերել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո։ Բոբը հայտնի դերասան է, պետք է նկարահանվի վիսկիի գովազդում, Շարլոթը եկել է լուսանկարիչամուսնու հետ, ով անվերջ զբաղված է։ Մի օր Բոբն ու Շառլոթը պատահաբար հանդիպում են հյուրանոցի բարում և ծանոթանում մի գավաթ տեղական սակեի շնորհիվ։

Սոֆիա Կոպպոլայի ֆիլմագրության թերևս ամենապարզ սյուժետային գիծ և զարգացում ունեցող ֆիլմը միջին տարիքի ճգնաժամից և միայնության զգացումից տեղափոխում է հերոսներին մինչև հանդարտություն և խաղաղացում։ Կինն ու Տղամարդը, որոնք կորցրել էին կյանքի համը, ապրում էին կիսաիներցիայով և մոռացել էին, թե ինչպես կարելի է ուրախանալ ամենապարզ բաներից՝ վերաիմաստավորում են իրենց շրջապատող ամեն հասարակերևույթ՝ կարաոկե ակումբ գնալուց մինչ խցանման մեջ վազեվազ, կանգնած մեքենաները շրջանցելը։ Հանդիպեցին երկու միայնություն, իսկ Կոպպոլան որոշեց նրանց հավերժացնել։

Source: Vneus
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3234 | 0 | 0
Facebook