Loading...

Articles

Մշակութային հաստատությունները վիրուսի դեմ պայքարում են օնլայն մշակույթով

ArzArt NEWS
Spokesperson:
ArzArt NEWS
15:56, Wednesday, 18 March, 2020
Մշակութային հաստատությունները վիրուսի դեմ պայքարում են օնլայն մշակույթով

Արդեն մի քանի օր է պանդեմիա է հայտարարաված ողջ աշխարհում: Հայաստանում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն: Վիրուսի արագ տարածումը կանխելու համար հանրային հավաքներն ու միջոցառումներն արգելված են, այդ թվում եւ դադարեցված է մշակութային հաստատությունների` համերգասրահների, թատրոնների, թանգարանների ու ցուցասրահների աշխատանքը: Սակայն, երեւանյան մի շարք թատրոններ ու թանգարաններ մեկ ամիս ձեռքները ծալած չեն նստի, գտել են հանդիսատեսի հետ կապը չխզելու լավագույն տարբերակն ու տարածված վիրուսի դեմ պայքարում են հենց մշակույթով, սակայն` առցանց տարբերակով:

Հայաստանում առցանց ներկայացումների ցուցադրության առաջամարտիկը Պատանի հանդիսատեսի թատրոնն է, որն արդեն երկու անգամ իր հանդիսատեսին հնարավորություն է ընձեռել օնլայն տարբերակով դիտելու իր խաղացանկից «Շունն ու կատուն» եւ «Փայտե մարդը» ներկայացումների տեսագրությունները: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօրեն ԷՄԻՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ասաց, որ այդ ներկայացումներով չեն սահմանափակվի, եւ այս մեկ ամսվա ընթացքում թատրոնի էջին հետեւող իրենց հանդիսատեսին հաստատ չեն ձանձրացնի. «Ստեղծված իրավիճակին զուգընթաց` վարակի տարածման կանխարգելման հետ կապված` մտածեցինք, թե ինչպես անենք, որպեսզի հանդիսատես-թատրոն կապը, այս մեկ ամսվա ընթացքում, չկտրվի, եւ եկանք առցանց տարբերակի լուծմանը: Այս օրերի ընթացքում թատրոնի էջի հետեւորդներին, որոնք հիմնականում մեր հանդիսատեսն են, ուղիղ եթեր տարբերակով ցուցադրելու ենք մեր խաղացանկում երբեմնի ունեցած լավագույն ներկայացումների տեսագրությունները», - ասում է թատրոնի տնօրենն ու հավելում. «Չէինք կարող մեկ ամիս նստել ու սպասել, թե մեկ ամիս անց ինչ պիտի լինի, որ հետո նոր մեր խաղացանկը կազմենք: Փոխարենը շաբաթվա ընթացքում 2-3 անգամ հանդիսատեսը առցանց ներկայացումներ կդիտի»: ԹԱՏՐՈՆ-ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ԿԱՊԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ

Է. Թորոսյանը նաեւ ասաց, որ հնարավոր է ընթացքում ներկայացումների կրկնություններ էլ լինեն. «Անկեղծ ասած, բոլոր ներկայացումների տեսագրությունները չունենք»: Այնուամենայնիվ, թատրոնը պատրաստվում է մեկ ամիս անց` ստեղծված իրավիճակը հաղթահարելուց հետո, հանրությանը ներկայանալ միանգամից երկու նոր ներկայացումների առաջնախաղերով. «Մենք պատրաստվում ենք 2 նոր պրեմիերայի, մեկը, որը գրեթե ավարտված էր, Նար-Դոսի «Մեր թաղը» համանուն բեմադրությունն է, որի համար պատմվածաշարից ընտրված է 4 գործ եւ Ա. Վոլոդինի «Թագուհի Օլիվիայի օրագրերը», որն էլ արտադրական փուլում է»:

ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ

Ալեքսանդր Սպենդիարայնի տուն-թանգարանի այցելուները, այս մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կունենան թանգարան այցելել առցանց տարբերակով, որտեղ ացելուները վիրտուալ տարբերակով ոչ միայն կծանոթանան թանգարանի բացառիկ ցուցանմուշներին, այլ կհանդիպեն հենց վարպետին` Սպենդիարյանին, իր աշխատասենյակում ստեղծագործելիս: Թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՕԹԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում վստահեցրեց, որ դրանով չեն սահմանափակվում եւ թանգարանի օնլայն հետեւորդներին նաեւ ինտելեկտուալ խաղեր ու Սպենդիարյանի մասին տեղեկատվություն էլ են հրամցնում` շեշտելով, որ այս ամենն առաջին հերթին արվում է հասարակություն-թանգարան կապը չկտրելու համար:

«Առաջին հերթին, որպեսզի կարողանանք պահել կապը հասարակության եւ թանգարանի միջեւ, այցելուներին առաջարկում ենք վիրտուալ տարբերակով շրջայց կատարել թանգարան: Բացի դրանից, մշակել ենք մի շարք ինտելեկտուալ, ժամանցային խաղեր, որոնք հիմնականում կապված են Սպենդիարյանի եւ թանգարանի հետ: Նաեւ առաջարկում ենք «Գտիր ցուցանիշը» խաղը, այսինքն` 360 աստիճան տարբերակով այցելուն վիրտուալ տարբերակով մտնում է թանգարան եւ գտնում այն ցուցանմուշը, որը թաքնված է հարցի պատասխանի տակ եւ ուղարկում է մեզ: Նաեւ մշակել ենք հոդվածների շարքեր. ամեն օր կհրապարակվի մեկ հոդված Սպենդիարյանի կյանքի եւ բացառիկ դեպքերի ու ավելի շրջադարձային իրադարձությունների մասին: Բացի դրանից, ամեն օր թողարկվելու է մեկ երաժշտական համար` Սպենդիարյանի ստեղծագործություններից, արդեն մշակել ենք 30 երաժշտական համար, որ ամեն օր մեկ երաժշտական համար կներկայացվի մեր հասարակությանը: Երեկ, օրինակ, առցանց ցուցադրվեց «Վերադարձ» ֆիլմը, որը պատմում է Սպենդիարյանի կյանքի եւ նրա` Հայաստան վերադառնալու մասին», - ասաց թանգարանի տնօրենն ու վստահեցրեց, որ թանգարանի յուրաքանչյուր աշխատակից ունի իր հստակ հանձնարարությունը, որպեսզի առցանց հարթակում այցելուները բարելավվեն իրենց գիտելիքները` Սպենդիարյանի մասին:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար թանգարանի տնօրենն առաջարկում է Սպենդիարյանի բաղադրատոմսով կակաո պատրաստել եւ հետեւել առցանց իրենց առաջարկած ժամանցային ու ինտելեկտուալ խաղերին ու տեղեկություններին. «Սպենդիարյանի կակաոյի բաղադրատոմսն այդքան էլ մեծ գաղտնիք չէ, այն պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ, ընդամենը մի պտղունց երաժշտություն, մի պտղունց սեր ու բարձր տրամադրություն, եւ կակաոն պատրաստ է: Այս իրավիճակը հաղթահարել միայն լավատեսությամբ, բարձր տրամադրությամբ: Հուսանք, որ շուտ կանցնի այս ճգնաժամային իրավիճակը, եւ բոլորս նորից կհանդիպենք թանգարանում»: Ի դեպ, Մ. Օթարյանն ասաց, որ թեպետ Սպենդիարյանի կենսագրության մեջ չկա իր ժամանակաշրջանում համաճարակի մասին որեւէ տեղեկություն, սակայն շեշտեց, որ այս օրերին զուգահեռներ է տարել Սպենդիարյանի կյանքում հաղթահարած ճգնաժամերի հետ. «Սպենդիարյանի կենսագրության մեջ մի հատված կա, երբ հեղափոխությունից հետո ծանր ժամանակաշրջան է սկսվում, եւ Սուդակում սով է լինում, ու մի ամբողջ մեծ ընտանիքի հոգսը կոմպոզիտորի ուսերին է լինում: Բայց նա իր մեծ ընտանիքը պահել է` ծովից ծովամթերք բերելով, այգուց` տանձ հավաքելով: Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ, ինչ-որ ժամանակաշրջանում նման ճակատագրական պահեր լինում են, յուրաքանչյուրն ինչ-որ ձեւով է հաղթահարում, իսկ Սպենդիարյանը, չնայած կենցաղավարությունից հեռու էր, կարողացավ այդ ծանր տարիներին ապահովել իր ընտանիքի կեցությունը»:

ՕՆԼԱՅՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը երեկվանից առցանց հարթակում ցուցադրում է խաղացանկային ներկայացումների եւ համերգների տեսաձայնագրությունները. «Տեղյակ եք, որ հանրապետության բոլոր թատրոններն ու համերգասրահներն այս ընթացքում փակ են: Այս ժամանակահատվածում ցանկանում եմ, որ դուք հնարավորություն ունենաք ֆեյսբուքյան մեր պաշտոնական էջի միջոցով դիտելու մեր օպերային, բալետային ներկայացումները, համերգները, ծանոթանալու մեր հիանալի արտիստների կենսագրական նյութերին: Մենք մտածում ենք ձեր մասին եւ հույս ունենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր թատրոնում», - տեսաուղերձում ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Այս օրերին Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն առաջարկում է թանգարանի մշտական ցուցադրությանը հետեւել վիրտուալ շրջայցի միջոցով, ինչպես նաեւ առաջարկում են հայ անվանի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի 110-ամյա հոբելյանին նվիրված առցանց ցուցադրություն ֆեյսբուքյան հարթակում: Թանգարանը խոստանում է ամեն ֆեյսբուքյան էջում տեղադրել Դաշտենցի կյանքին եւ գործունեությանն առնչվող հետաքրքիր լուսանկարներ` ուղեկցող տեղեկություններով:

Իսկ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը առաջիկա տասնօրյակի ընթացքում Ֆեյսբուքի պաշտոնական էջում պարբերաբար կներկայացնի տեսանյութեր, անսամբլի պատմությանը եւ արտիստների գործունեությանն առնչվող հրապարակումներ ու անսամբլի գործունեությանն առնչվող բացառիկ տեսագրություններ:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն առաջիկա տասնօրյակի ընթացքում համացանցային հարթակներում կներկայանա մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով, կկազմակերպվեն վիկտորինաներ, կառաջարկվեն աբովյանական ստեղծագործությունների ընթերցումներ, կներկայացվեն տեսաֆիլմեր: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն այս օրերին կրկին առցանց տարբերակով կշարունակվի «Իմ Իսահակյանը» ծրագիրը, նվիրված վարպետի ծննդյան 145-ամյակին: Այդ շրջանակներում կներկայացնենք Իսահակյանի մասին հետաքրքիր իրողություններ, կանդրադառնա նրա ստեղծագործություններին ու թանգարանին:

Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3132 | 0 | 0
Facebook