Loading...

Articles

Մարդկության պատմության մեջ ժանտախտի առաջին մեծ համաճարակը

12:16, Sunday, 15 March, 2020
Մարդկության պատմության մեջ ժանտախտի առաջին մեծ համաճարակը

Այն պատուհասել է Աթենքին ու ամբողջ Պելոպոնես թերակղզուն: Դա տեղի է ունեցել մ.թ.ա. 430 թվականին և հայտնի է «Աթենական ժանտախտ» անվամբ: Ահա թե ինչ է գրել ժամանակի նշանավոր պատմիչը՝ Թուկիդիդեսը:

«Պելոպոնեսցիները և նրանց դաշնակիցները հենց ամառվա սկզբին ներխուժեցին Ատտիկա…Նրանք բանակ դրին Ատտիկայում և ամայացրին դաշտերը: Երբ աթենացիների մեջ երևացին հիվանդության առաջին նշանները, պելոպոնեսցիները մի քանի օր մնացին Ատտիկայում: Ասում են, թե առաջ այն շատ տեղերում երևացել է…բայց այդ աստիճանի սաստիկ ժանտախտ և այդ աստիճանի մարդկային կորուստ դեռ չի եղել ոչ մի տեղ: Բանն այն է, որ բժիշկներն օգնություն ցույց չէին տալիս: Սկզբում նրանք բժշկում էին՝ առանց հասկանալու հիվանդությունը, և ամենից հաճախ մեռնում էին հենց իրենք, որովհետև ամենից ավելի նրանք էին շփվում հիվանդների հետ, և, առհասարակ, հիվանդության դեմ անզոր էր մարդկային ամեն տեսակ արվեստ: Մարդիկ որքան էլ աղոթում էին տաճարներում, որքան էլ դիմում էին գուշակներին և համանման միջոցների, բոլորն անօգուտ էր լինում: Վերջ ի վերջո մարդիկ այդ աղետի ծանրության տակ այդ միջոցներից էլ հրաժարվեցին:

Ինչպես ասում են, հիվանդությունն ամենից առաջ երևացել է Եթովպիայում, ապա անցել է Եգիպտոս ու Լիբանան և ընդգրկել պարսից թագավորության մեծ մասը: Աթենացիների քաղաքի վրա այն հանկարծակի է պատուհասել և ամենից առաջ սարսափ է տարածել Պիրեոսի բնակչության մեջ, որի համար աթենացիներն ասում են, թե պելոպոնեսցիները թունավորել են նրանց ջրամբարները. այն ժամանակ այնտեղ դեռ աղբյուրներ չկային: Հետագայում հիվանդությունը հասավ քաղաքի վերին մասը, և մարդիկ սկսեցին մեռնել մեծ թվով:

…Ես կպատմեմ, թե ինչպիսին է եղել այս հիվանդությունը և կնշեմ այն նշանները, որոնց տեսնելու ժամանակ, եթե մեկնումեկի հետ այն կրկնվի, ոչ ոք չի՛ սխալվի՝ ունենալով փոքրիշատե նախնական տեղեկություն: Չէ՞ որ ինքս էլ հիվանդացել եմ և անձամբ դիտել ուրիշներին այդ հիվանդության մեջ:

Բոլորը համաձայն են եղել, որ այդ տարին այլ հիվանդությունների նկատմամբ ամենաբարեհաջող տարին է եղել, իսկ եթե որևէ մեկը դրանից առաջ հիվանդանում էր որևէ բանով, ապա ամեն տեսակ հիվանդություն ժանտախտի էր վերածվում…

Այս հիվանդությունը յուրաքանչյուրին պատուհասում էր այնպիսի ուժով, որին դիմադրել չէր կարողանում մարդկային բնությունը: Որ այն շատ արտասովոր էր, ամենացայտուն կերպով երևում էր հետևյալից. բոլոր թռչուններն ու չորքոտանիները, որոնք սնվում էին դիակներով, թեպետ շատ դիակներ անթաղ էին մնացել, կա՛մ չէին մոտենում դրանց, կա՛մ համը տեսնելուց հետո հեռանում էին: Ահա և դրա ապացույցը. լեշակեր թռչուններն անհետացան, և դրանց մարդիկ չէին տեսնում ո՛չ դիակների մոտ, ոչ էլ ուրիշ տեղ…

Այն ժամանակ մարդիկ չէին հիվանդանում ուրիշ որևէ ախտով, իսկ եթե նույնիսկ ուրիշ որևէ հիվանդություն էր ի հայտ գալիս, ապա ժանտախտով էր վերջանում: Մեռնում էին թե՛ նրանք, որոնք զուրկ էին որևէ խնամքից, այլև հավասարապես մեռնում էին նաև նրանք, որոնք շրջապատված էին ամեն տեսակ հոգատարությամբ: Կարելի է ասել, հաստատապես չկար որևէ միջոց, որի կիրառումը կօգներ հիվանդին: Եթե մի բան օգտակար էր մեկին, մյուսին վնասակար էր: Ոչ մի առողջ մարդ այս հիվանդությանը դիմադրելու ուժ չէր ունենում: Այն ներկալում էր բոլորին՝ անկախ այն բանից, թե ինչ կենսակերպով էր ապրում մարդը:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4204 | 0 | 0
Facebook