Loading...

Articles

«Հայկական մարզ» անվամբ վարչական միավորի վերացումը և ժանդարմերիայի 6-րդ վարչության ստեղծումը

20:30, Thursday, 05 March, 2020
«Հայկական մարզ» անվամբ վարչական միավորի վերացումը և ժանդարմերիայի 6-րդ վարչության ստեղծումը

Քանի որ ցարիզմը որոշել էր ամբողջ Անդրկովկասում միասնական վարչակարգ ստեղծել և ընդհանուր օրենքներով միասնական կառավարում իրականացնել, 1837 թվականի մայիսին Անդրկովկաս է ուղարկվում հատուկ հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրեր երկրամասում տիրող վիճակը և դրա հիման վրա համապատասխան օրինագիծ կազմեր՝ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: 1838-ի փետրվարին հանձնաժողովի զեկուցագիրն արդեն պատրաստ էր, և այն ներկայացվում է կառավարության հաստատմանը: 1840-ի ապրիլի 10-ին կայսրն օրինագիծը վավերացնում է, և այն օրենքի ուժ է ստանում:

Այս նոր օրենքի առանձնահատկություններից մեկն այն էր, որ տեղական «բարձր դաս» կոչեցյալը՝ աղաներն ու բեկերը, դուրս են մղվում վարչական գործունեության ոլորտից՝ որպես ցարիզմի քաղաքական նոր ծրագրերին բոլորովին անհամապատասխան և ավելորդ տարր: Հանձնաժողովի հաշվումներով միայն Շաքիում, Շիրվանում և Ղարաբաղում անաշխատունակ և պորտաբույծ այս դասի թիվը կազմել է 10750 մարդ, որոնց կերակրել է 83 հազար գյուղացի՝ պետական գանձարանին չվճարելով ոչ մի կոպեկ: Ձրիակերության և անաշխատ կյանքի սովոր «արտոնյալ» դասը, զրկվելով վարչական գործերից և դրանից ստացվող եկամուտներից, կարող էր չարիք դառնալ երկրի համար, քանի որ պիտի սկսեր զբաղվել գողությամբ ու ավազակությամբ: Ստեղծված վիճակից ելքը համարվեց այն, որ սկզբունքային որոշում կայացվեց պետական գանձարանից բեկերին թոշակ նշանակել:

1840 թվականի ապրիլի 10-ի օրենքով Անդրկովկասում վարչական նոր բաժանում էր իրականացվում, և երկրամասում ստեղծվում էին վրացա-իմերեթական նահանգ՝ Թիֆլիս կենտրոնով և Կասպիական մարզ՝ Շամախի կենտրոնով:

Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտցվել էին Թիֆլիսի, Թելավի, Գորիի, Բելոկանի, Քութայիսի, Ելիսավետպոլի, Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի և Գուրիայի գավառները:

Կասպիական մարզի գավառներն էին Շիրվանը, Ղարաբաղը, Շաքին, Բաքուն, Թալիշը, Դերբենդը և Ղուբան:

Թվարկված 18 գավառներներն էլ բաժանվել են 72 շրջանների:

Ահա այսպես, տասներկուամյա գոյությունից հետո վերացվել է Հայկական մարզը: Եվ դա նշանակում էր, որ վերջնականապես խորտակվում էր հայկական ինքնավարություն ունենալու պատրանքը: Ռուսները դեն էին նետում «ազատարարի» դիմակը և անցնում էին գաղութային անսքող քաղաքականության: Այդ քաղաքականության ապացույցն էր Անդրկովկասի նոր վարչական բաժանումը, որով անտեսվում էին ազգային առանձնահատկությունները:

1841 թվականի մայիսի 23-ին ցարական կառավարությունը նոր օրենք է հրապարակում, որի համաձայն ադրբեջանցի աղաների կառավարման ներքո գտնվող գյուղերն ազատվում էին նրանց ենթարկվելու, տուրքեր վճարելու և անձնական ծառայություններ կատարելու պարտավորություններից: Գյուղացիներն այսուհետ հարկերը տանուտերերի միջոցով պետք է հանձնեին գանձարանին:

Վերոհիշյալ օրենքն ընդունելուց մեկ տարի առաջ արդեն Ղազախի 11 հայաբնակ գյուղեր ազատվել էին աղաների ենթակայությունից՝ ի հատուցումն այն ծառայությունների, որ այդ գյուղերը մատուցել էին ռուսական զորքերին ռուս-պարսկական պատերազմի ընթացքում: Իսկ 1841-ի մայիսի 28-ին կայսերական հրամանով Ղազախի և Բորչալուի աղաներն ազատվում են իրենց պաշտոններից, որի հետևանքով 102 գյուղ ազատվում է նրանցից կախյալ վիճակից: Դրա փոխարեն աղաները պետք է պետությունից փոխհատուցում ստանային, բայց այդ գումարը գյուղացիներից էր գանձվելու: Ավելի վաղ որոշվել էր օրենքը տարածել նաև բեկերի վրա:

Բեկերն ու աղաները որոշ դեպքերում կարողանում են ոտքի հանել մուսուլման գյուղացիության մի մասին՝ կառավարության այս քայլը մեկնաբանելով որպես ոտնձգություն իրենց ազգային ավանդույթների նկատմամբ: Կառավարությունն ստիպված է լինում խստացնել ոստիկանական և ժանդարմական ճնշումը: Դեռևս 1837 թվականին ստեղծված Անդրկովկասի ժանդարմական կորպուսը վերակազմվում է և 1842 թվականի աշնանը վերածվում է ժանդարմական 6-րդ բաժանմունքի:

Ռուսական տիրապետությունն Անդրկովկասում ամրապնդելու համար ցարն Անդրկովկասի փոխարքայություն է ստեղծում և Մ.Ս. Վորոնցովին նշանակում է այդ այդ պաշտոնին՝ տալով նրան մեծ լիազորություններ:

1846-ի դեկտեմբերի 14-ի Անդրկովկասը կրկին վարչական բաժանման է ենթարկվում: Ստեղծվում են չորս նահանգներ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի: Հաշվի չառնելով ազգային առանձնահատկությունները՝ Երևանի, Նախիջևանի և Ալեքսանդրապոլի գավառները մտցվում են Թիֆլիսի նահանգի կազմի մեջ, և միայն Երևանի նահանգի կազմավորումով (1849 թվականի հունիսի 9) Արևելյան Հայաստանի զգալի մասն ամփոփվում է մեկ միավորի մեջ: Երևանի նահանգի մեջ մտել են Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Օրդուբադի և Նոր Բայազետի գավառները:

Նկարում՝ Երևանի նահանգի զինանշանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5526 | 0 | 0
Facebook