Loading...

Articles

Հայտարարելով, թե մոտեցել է աշխարհի կործանումը՝ հոգևորականությունը և՛ իշխանավորի, և՛ ժողովրդի մեջ մեռցրել է պայքարելու, թշնամուն դիմադրելու ոգին

19:22, Saturday, 29 February, 2020
Հայտարարելով, թե մոտեցել է աշխարհի կործանումը՝ հոգևորականությունը և՛ իշխանավորի, և՛ ժողովրդի մեջ մեռցրել է պայքարելու, թշնամուն դիմադրելու ոգին

Այս ներխուժումից (դա տեղի է ունեցել 1019 թվականի ամռանը) ավելի քան երկու տասնամյակ առաջ մեր երկիրն արդեն իսկ համակվել էր աշխարհի մոտալուտ կործանման մասին՝ քրիստոնյա հոգևորականության ներշնչած սարսափով: Կրոնավորները վայնասուն են բարձրացրել, թե 1000 թվականին Քրիստոսի շղթայած սատանան ազատ է արձակվելու, և սկսվելու է աշխարհի կործանումը: Թեպետ 1000 թվականին աշխարհը չի կործանվում, բայց նույնիսկ հետագա տասնամյակներում հոգևորականությունը շարունակում է ահուդողի մեջ պահել տգետ ժողովրդին: Պատմիչը գրում է.

«…հունաց Վասիլ կայսեր թագավորության օրոք երկնքում ահավոր և սոսկալի նշան երևաց, և բոլոր արարածների գլխին փորձանք եկավ: Հոկտեմբեր ամսի 3-ին, օրվա երկրորդ ժամին պատռվեց երկնակամարը՝ արևելյան կողմից մինչև արևմուտք. կապուտ երկինքը երկուսի բաժանվեց, և հյուսիսային կողմից երկրի վրա պայծառ լույս թափվեց: Ուժեղ երկրաշարժից ողջ երկիրը սասանվեց: Նախքան լույսի նվազումը բոլոր արարածների վրա ահավոր գոչյուն և թնդյուն եղավ: Արևը խավարեց, և երևացին աստղերը՝ ինչպես կեսգիշերին: Ամբողջ երկիրը սուգ հագավ, և բոլոր մարդիկ դառն արտասուքով Աստված էին կանչում: Երեք օր հետո բոլոր իշխաններն ու ազատները, հայոց թագավոր Հովհաննեսի (Վասպուրականի թագավոր Սենեքերիմի լրիվ անունը եղել է Հովհաննես-Սենեքերիմ) հրամանով, հավաքվեցին և եկան սուրբ վարդապետ Հովհաննես Կոզեռնի մոտ, որ աստվածապաշտ և հրեշտակակրոն, առաքելական և մարգարեական գրքերի քաջագիտակ մարդ էր: Երբ հայոց իշխանները եկան հարցուփորձ անելու նրան և իմանալու հրաշալի երևույթի նշանակության մասին, տեսան, որ սուրբ Հովհաննես վարդապետը վշտահար, երեսի վրա ընկած, դառնագին լալիս էր: Նրանց հարցին նա դառն հոգոցով ու աղիողորմ հառաչանքով պատասխանեց և ասաց. «Ո՜վ որդիներ, լսե՛ք ինձ: Վա՜յ և ափսո՜ս բովանդակ մարդկության, քանզի այսօր լրացավ հազար տարին, ինչ մեր տեր Հիսուս Քրիստոսն իր սուրբ խաչով, մանավանդ Հորդանան գետում իր սուրբ մկրտությամբ կապեց սատանային: Այժմ սատանան արձակվեց իր կապանքներից՝ համաձայն Հովհաննես ավետարանչի տեսիլքի վկայության, ինչպես նրան Աստծո հրեշտակն ասաց, թե հազար տարի սատանան կապված պիտի մնա և իր կապանքներից նորից պիտի ազատվի: Այսօր ահա սատանան արձակվեց իր հազարամյա կապանքներից. հայոց տոմարի 487 թվականն է, դրա վրա գումարիր 552, լինում է 1030 տարի, դրանից հանիր Քրիստոսի նախքան մկրտվելու երեսուն տարին, կստացվի, որ մինչև օրս անցել է հազար տարի: Այդ պատճառով է, ահա, երկինքը պատռվել: Այսուհետև ոչ ոք չպիտի կարողանա հաստատուն մնալ Քրիստոսի դավանության և Աստծո պատվիրաններին, ո՛չ հայրապետ, ո՛չ վարդապետ, ո՛չ եպիսկոպոս, ո՛չ քահանա, ո՛չ աբեղա, ո՛ վանական, ո՛չ իշխան և ո՛չ ժողովուրդ: Իշխանները միանալու են գողերին, ավազակներին և թալանողներին, դատավորները դառնալու են կաշառակեր և տեսնելու են անիրավ դատաստան, վանականները թողնելու են անապատներն ու մենաստանները և զբաղվելու են աշխարհիկ գործերով, շրջելով փողոցներով և լինելով կանանց շրջապատում, նրանք պիտի ատեն աղոթքը, պիտի լքեն իրենց վանական կոչումը, պիտի սիրեն աշխարհիկ կյանքը, պիտի ցանկան մարդկանց գովեստը, որոճալով պիտի որոճան դիվական երգերը և, իրենց ընկերների դեմ ամբարտավանանալով, պիտի ասեն, թե ես կցուրդ գիտեմ և մեղեդի, իսկ դու՝ ոչ, և այդպիսով պիտի աղավաղեն ժամակարգությունը: Պիտի հանդես գան ուսման բազմաթիվ ատեցողներ, ծույլ ու դատարկախոսներ, վատաբաններ ու ամբաստանողներ, և որտե՞ղ պիտի գտնես մարդկանց մեջ ճշմարտություն, երբ նրանք պնդագլուխ և եսասեր, ընկերատյաց, բամբասող, բանսարկու, ստախոս, մեծամիտ, փառասեր, ինքնահավան, գոռոզ, շատակեր, հարբեցող և հեշտասեր են լինելու: Ի՛մ որդիներ, այսուհետև մարդիկ չեն փառաբանելու Աստծուն, և մարդկանց մոտ չի լինելու ճշմարտություն: Իշխանները ևս պիղծ և մեծ ախտով վարակված՝ պիտի ամբարտավանանան և սխալ ճանապարհով պիտի ընթանան: Մի կողմ թողած տունը շեն պահելու, գործը հաջողությամբ ավարտելու հոգսը, շարունակ ու անվերջ տարվելու են հարբեցողությամբ, որովհետև պիտի սիրեն և ցանկան վատ ու պիղծ ախտը: Հայրապետներն ու եպիսկոպոսները, քահանաներն ու վանականները պիտի լինեն ավելի դրամասեր, քան՝ աստվածասեր: Ի՛մ որդիներ, ահա՛, այսուհետև անարժան պատարագողների ձեռքով, որ սրանից հետո են գալու, մարդիկ ավելի սատանայի կամքն են կատարելու, քան Աստծո: Պիտի զայրանա Աստված արարածներիս վրա, առավել ևս պատարագ մատուցողների վրա, քանզի Քրիստոսին պատարագելու են անարժանները, և նրա մարմինը հաղորդվելու է անարժաններին: Մեր տեր Հիսուս Քրիստոսին ավելի խորը վերք են հասցնելու անարժան քահանաները, քան հասցրել են նրան չարչարող և խաչող հրեաները, որովհետև արձակվեց սատանան իր հազարամյա կապանքներից, որոնցով Քրիստոսը կապել էր նրան: Ի՛մ որդիներ, ես լալագին ու ողբագին, հառաչող սրտով խրատում եմ ձեզ, որովհետև շատերը հեռանում են հավատքից և պարծենալով ուրանում Քրիստոսին: Այդ է պատճառը, որ խավարը պատեց բոլոր արարածներին» »:

Իսկ երբ մարտի դաշտը լքած սպարապետ Շապուհն ու թագաժառանգ Դավիթը Սենեքերիմին պատմում են, թե ինչպիսին է Հայոց աշխարհում հայտնված նոր թշնամին, վախկոտ թագավորը լիովին հուսահատվում է: Մատթեոս Ուռհայեցին ասում է. «Նա ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, այլ մտախոհ էր և տրտում»:

Ի վերջո նա մտահանգում է, թե իր համար փրկության ոչ մի հույս չկա: Ճիշտ է, թուրքերն ընդամենը մեկ ասպատակություն էին կատարել ու թալանելուց հետո հեռացել էին, բայց սարսափը մնացել էր. ի՞նչ կլինի, եթե նրանք վերադառնան: Թագավորը մտածում է, թե ոչ ոք իրենց չի օգնի: Հնարավոր վտանգի հեռանկարը նրա մեջ միախառնվում էր նախապաշարվածությանը: «Ամբողջ գիշերը, - շարունակում է Ուռհայեցին, - նա նստած քննում էր աստվածախոս նախատեսողների և սուրբ վարդապետների գուշակությունները»:
     Եվ թուրք զինվորների վայրագությունների մեջ նա տեսնում է այդ գուշակությունների կատարումը կապված աշխարհի մոտալուտ կործանման հետ:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3663 | 0 | 0
Facebook