Loading...

Articles

Սելջուկյան թուրքերի հենց միայն արտաքին տեսքը սարսափեցրել է Վասպուրականի հայությանը

16:31, Friday, 28 February, 2020
Սելջուկյան թուրքերի հենց միայն արտաքին տեսքը սարսափեցրել է Վասպուրականի հայությանը

Սելջուկի հիմնած պետության նոր իշխանավորները՝ նրա թոռները, չեն սահմանափակվում իրենց փոքրիկ պետության տարածքով և հենց սկզբից սկսում են տարածվել դեպի Իրանի արևելյան ծայրագավառներ, դեպի Խորասան: Բայց այս նպատակի իրագործումը հեշտ չէր, որովհետև Խորասանի տերը վերն հիշատակած Ղազնիի թագավորության Մահմուդ շահն էր: Տուղրիլը և Չաքարը՝ երկուսն էլ պատերազմասեր, երկուսն էլ անչափ եռանդուն, երկարատև պատերազմներ են մղում թե՛ իրենց շրջապատող խաների, թե՛ Մահմուդի դեմ: Այս պատերազմների ժամանակ էր, որ սելջուկյան զորաբաժիններից մի քանիսը, տեղի տալով Մահմուդի զորքերի ճնշմանը, տարբեր կողմեր են գնում, օրինակ՝ մինչև Ատրպատական, Համադան, Մոսուլ ու Հայաստան:

Նրանց առաջին ներխուժումը Հայաստան (Վասպուրական) հետախուզական, ավարառուական բնույթ է կրել: Միջին Ասիայի տափաստաններից եկած թուրքերը հայտնվում են Վասպուրականում: Վայրենի հանդգնությամբ ու մանավանդ հմուտ նետաձգությամբ իրենց հավասարը չունեցող այս հեծյալները սարսափ են ներշնչում ամբողջ բնակչությանը: Քոչվոր թուրքերի բանակ երբևէ չտեսած վասպուրականցիները, հենց միայն նրանց արտաքին տեսքից ահաբեկվում են: «Նրանք ունեին երկար մազեր՝ կանանց նման», - ասում է Մատթեոս Ուռհայեցին: «Մինչև այդ նրանք թուրքական զորք բնավ չէին տեսել՝ աղեղնավոր և հերարձակ՝ ինչպես կանայք» , - ասում է Թովմա Արծրունին:
     Տարօրինակ կերպարանքից ավելի սոսկում է պատճառել այդ աղեղնավորների դաժան բարքերը: Նույն ժամանակագիրը, ցանկանալով բնորոշել թուրք խաժամուժի ժանտ բարքը, նրանց «թևավոր օձեր» է անվանում: Իսկ Թովմա Արծրունու պատմության շարունակողն ասում է. «Եվ նրանք, ունենալով արյունարբու գազանի բնություն, ահավոր տեսք ունեցող ազգ են, որին տեսնողը զարհուրում էր ու ահաբեկվում: Եվ նրանց բնույթը լեռների և դաշտերի և անապատների վայրի գազանների բնույթի է. չեն պատվում մեծամեծներին, չեն խնայում ծերերին, երիտասարդներին, ու երեխաներին…» :

Բնականաբար, եղել են նաև քաջ ռազմիկներ, որոնք չեն ընկրկել սարսափազդու զավթիչների առաջ: Այդպիսի խիզախ երիտասարդներին առաջնորդել է Վասպուրականի վախկոտ թագավոր Սենեքերիմի հակապատկեր որդին՝ Դավիթը, որը նաև թագաժառանգն էր:

Մատթեոս Ուռհայեցին գրում է.

«Երբ հասավ հայոց 465 թվականը (1016-ի մարտի 17 – 1017-ի մարտի 16), աստծու ցասումը թափվեց բոլոր քրիստոնյա և սուրբ խաչին երկրպագող ժողովուրդների գլխին, քանզի զարթնեց մահաշունչ վիշապը՝ իր մահաբեր հրով և հարվածեց սուրբ երրորդությունը պաշտողներին: Այս թվականին սասանվեցին առաքելական և մարգարեական վարդապետության հիմքերը, քանզի թևավոր օձեր վրա հասան՝ ցանկանալով տարածվել ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Սա արյունարբու գազանների առաջին հանդես գալն էր: Այս օրերին անհավատների խուժադուժ ժողովուրդը, որոնք «թուրք» են կոչվում, արշավելով մտան Հայաստանի Վասպուրական գավառը և սկսեցին անգթաբար սրի քաշել քրիստոնյաներին:

Փորձանքի լուրը հասավ Սենեքերիմ թագավորին: Նրա ավագ որդի Դավիթը, հավաքելով ազատների զորքը, հարձակվեց թուրքերի ճամբարի վրա: Նրանց միջև տեղի ունեցավ կատաղի ճակատամարտ: Մինչ այդ ոչ մեկը չէր տեսել թուրքական հեծելազոր. հանդիպելով տեսան նրանց տարօրինակ արտաքինը, նրանք աղաղնավորներ էին՝ կանանց նման հերարձակ: Այն ժամանակ հայոց զորքը նետերից պաշտպանվելու փորձ չուներ: Հայ կտրիճների գունդը՝ թրերը պատյանից հանելով, քաջաբար հարձակվեց այլազգիների վրա, կռվի բռնվեց և շատերին կոտորեց, իսկ այլազգիները նետաձգությամբ հայ զինվորներից շատերին խոցելով վիրավորում էին: Շապուհը, տեսնելով կատարվածը, ասաց Դավթին. «Ո՜վ թագավոր, նահանջի՛ր թշնամիների առաջ, որովհետև մեր զորքի մեծ մասը նետահար է եղել: Գնանք և այլազգիների օգտագործած զենքի դեմ նոր զրահ պատրաստենք՝ նետերից անխոցելի»: Բայց Դավիթը, նայելով իր բարձր դիրքին, փքվեց ամբարտավանությամբ և ուշադրություն չդարձրեց Շապուհի խոսքերին՝ թողնել պատերազմը և վերադառնալ: Դրա վրա Շապուհը գազազած, հարձակվեց Դավթի վրա և բռունցքով ուժեղ հարված իջեցրեց նրա թիկունքին, ստիպեց վերադառնալ: Շապուհը քաջ մարդ էր, հզոր պատերազմող, նա Դավթի դաստիարակն էր, դրա համար էլ նրանից չէր վախենում: Ահա այսպես նա Դավթին զորքով հանդերձ ետ դարձրեց...»:

Բայց, միևնույն է, թուրքի հարուցած սարսափը, ավա՜ղ, ընդամենը մի քանի տարի անց Վասպուրականի Արծրունիների թագավորության կործանման ազդակն էր դառնալու:

(շարունակիելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4793 | 0 | 0
Facebook