Loading...

Articles

«Նրանք փառալի են համարում պատերազմի դաշտում մեռնելը, նրանց համար հիվանդությունից մեռնելն ամոթալի է»

23:51, Tuesday, 25 February, 2020
«Նրանք փառալի են համարում պատերազմի դաշտում մեռնելը, նրանց համար հիվանդությունից մեռնելն ամոթալի է»

Ըստ չին տարեգիրների՝ «թու քիու» -ն «հիունգ նու» -ի մի ցեղախումբն է, որի բուն հայրենիքը Գոբի անապատից հյուսիս գտնվող երկիրն է: Նույն տարեգրություններում նաև ասվում է, թե այս ցեղը թափառական է, զբաղվում է անասնապահությամբ և որսորդությամբ, որ նրանց վրանները թաղիքից են, որ նրանք գիտեն կաշի մշակել, բուրդ մանել ու հագուստներ գործել: Աղբյուրներն ընդգծում են, որ նրանք դժնյա են, արհամարհում են ծերերին և պատվում են այն մարդկանց, որոնք ֆիզիկապես ուժեղության տարիքում են: Ասվում է, թե այս թուրքերը կազմակերպված հանրություն են եղել, որ նրանք կարգապահ են և անհնազանդությունն ու դավադրությունը մահվամբ են պատժում: Նրանց թագավորը, որին «կագան» կամ «խաքան» են անվանել, ժողովրդին կառավարել է 28 պաշտոնյաների միջոցով, որոնցից մի քանիսի պաշտոնները ժառանգական են եղել: Նրանք գրավոր օրենքներ չեն ունեցել, և սովորույթն է օրենքի դեր կատարել:

«Նրանք փառալի են համարում պատերազմի դաշտում մեռնելը, - ասում է չին տարեգիրը, - նրանց համար հիվանդությունից մեռնելն ամոթալի է: Նրանք այսպիսի թևավոր խոսք ունեն. «Մարդը ծնվում էվրանում, մեռնում է մարտադաշտում»:

«Աղա» -ն և «թարխան» -ը նրանց բարձրաստիճան զինվորականների տիտղոսներն են եղել, նրանց վարչական պաշտոնյաներին «բեգ» են անվանել, իսկ «սուրբ» մարդկանց ու հոգևորականներին՝ «աթա» (հայր):

Բայց այս ժողովուրդը միայն խաշնարած ու ռազմիկ չի եղել: Յոթերորդ դարից սկսած նրանք կազմել են գրավոր հիշատակարաններ, որոնցում պատմվել է հովիվ ժողովրդի նվաճողական տենչերի ու պաշտամունքի մասին: Նրանց համար ամենագլխավորը պատերազմն է եղել, որովհետև դա է նրանց ապրուստի գլխավոր միջոցը: Նրանց թագավորը՝ կագանը կամ խաքանը, պարտավոր է եղել մշտապես ի մարտ առաջնորդել իր ժողովրդին: Նա գիշերն արթուն պիտի մնա, ցերեկը չպիտի հանգստանա, որպեսզի աղքատ թուրքի համար հարստանալու, ունեցած քիչը շատացնելու հնարավորություն ստեղծի: Կագանը պարտավոր է եղել օր ու գիշեր պատերազմի առիթներ մտածել ոչ միայն յուրաքանչյուր աղքատ թուրքին հարստացնելու, նրա քիչը շատացնելու համար, այլև այն պատճառով, որովհետև այդպես է պահանջում թրքության ու թուրքական երկրի պատիվն ու հեղինակությունը: «Իմ սիրելի լեռնաստանը, - ասված է թուրքական մի երգում, - ինձ ոչինչ չի տալիս, բայց ես նրան սիրում եմ ամբողջ սրտով և ամբողջ ուժով պիտի կռվեմ նրա փառքի համար»: Զինվորին պատերազմի է առաջնորդել այն միտքը, թե ինքն սպանում է կամ սպանվում է, որպեսզի պահպանի իր երկրի զինվորների հեղինակությունը: Այս մտածողության արգասիք է եղել թուրքերին այնքան հատուկ՝ դրոշակների պաշտամունքը:

Իսկ երբ գալիս են վատ, անբարենպաստ ժամանակներ, երբ պատերազմ չկա, կողոպտելու հնար չկա, և կագանն անկարող է դառնում, այդ դեպքում շարքային թուրքը լավ վարձի դիմաց գնում է ուրիշ թագավորի ծառայելու որպես զինվոր: Երբ զինվոր թուրքը ձիու վրա է, նա այլևս նույնիսկ իր հորը չի ճանաչում, նրա համար ամենակարևոր անձնավորությունը դառնում է «յոլ դաշ» -ը, որն «ընկեր» -ի հոմանիշն է: Ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո, երբ տեղի է ունենում ավարի բաժանում, քաջերին ձիերն են տրվել, իսկ թույլերին՝ ոչխարները:

Ալթայում ստեղծած պետության շրջանում թուրքն առանձնապես կրոնասեր չի եղել: Նրա պաշտամունքում գլխավոր տեղը զբաղեցրել է երկինքը (թանղրի): Նրանց միջավայրում տարածված է եղել բուդդայականությունն ու նեստորական քրիստոնեությունը:

Այս դրությունը տևում է մինչև 9-րդ դարը, և այդ ամբողջ ժամանակաընթացում թրքությունը, պիտի ընդունել, յուրօրինակ միջնորդի դեր է կատարել չինական ու եվրոպական քաղաքակրթությունների միջև: Բայց, իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ արաբներն իրենց նվաճումների հետ նաև իսլամ են տարածում Միջին Ասիայում:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3935 | 0 | 0
Facebook