12-րդ մեկնարկը ապրիլի 12-ին` ժամը 12.00-ին...
Ի՞նչ- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Նոյեմբերյանի տարածաշրջանային աշակերտական 12-րդ փառատոն. Որտե՞ղ- Նոյեմբերյանի ավագ դպրոցում. Ե՞րբ - Ապրիլի 12-ին` ժամը 12.00-ին: Այդ օրն անփոփոխ է, ընտրությունն էլ` պատճառաբանված, քանզի այն, հանդիսանալով Տիեզերքի նվաճման սկիզբը, խորհրդանշում է մարդկային մտքի և բարի կամքի մեծագույն հաղթանակը: Այս էլ տասներկուերորդ տարին է` գարնան գալստյան հետ «ապրիլի 12-ի» սպասումով են համակվում Նոյեմբերյանի տարածաշրջանի շուրջ 20 դպրոցների պատանի գիտակները: Փառատոնը կազմակերպողները` Նոյեմբերյանի ավագ դպրոցը և Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբը /ՆԻԿԱ/, ամեն ինչ անում են, որպեսզի նրանց համար այդ օրը դառնա գիտելիքի, մտքի և երևակայության խրախճանքի անմոռաց օր: Հերթական 12-րդ փառատոնը իրենց մասնակցությամբ զարդարեցին 15 համայնքների 18 թիմեր /շուրջ 110 գիտակներ/: Համառ, անզիջում պայքարում հաղթող ճանաչվեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Վան» թիմը, աննշան տարբերությամբ երկրորդ տեղը գրավեց Բերդավանի դպրոցի «Բերդ» թիմը, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Կողբի թիվ 1 դպրոցի «Ռուբիկեն» թիմը: Փառատոնի լավագույն խաղացող ճանաչվեց «Վան» թիմի ավագ Ալբերտ Գիշյանը: Խաղավարը և հարցերի հեղինակը «ՆԻԿԱ» Հկ նախագահ Արմեն Ամիրաղյանն էր: Նրան հաջողվում է յուրաքանչյուր փառատոնի հետաքրքիր հարցաշար ներկայացնել` հաշվի առնելով առարկայական բազմազանությունը և ընդգրկելով մարդկային իմացության գրեթե բոլոր բնագավառները` գիտություն, արվեստ, եչաժշտություն, գրականություն, սպորտ և այլն: Ամեն հերթական փառատոն մի նոր յուրահատուկ էջ է Նոյեմբերյանի ինտելեկտուալ շարժման տարեգրության մեջ: Մնայուն ավանդույթները նոր շունչ են ստանում և հարստանում նորերով: Հատկապես հաճելի է, որ, հանդիսանալով ուշագրավ երևույթ քաղաքի և տարածաշրջանի կրթամշակութային կյանքում, այս միջոցառումը տարեցտարի մեծացնում է իր նկատմամբ համընդհանուր ուշադրությունը: Այդ ամենն արտահայտվում է հովանավորների ու հանդիսատեսների հարաճուն առատությամբ: Մրցանակային ֆոնդի կազմավորման մեջ իրենց հաստատագրված տեղն ունեն Նոյեմբերյանի քաղաքապետարանը, ավագանին, պետական և ուսումնական հաստատություններ, հասարակական և բիզնես կազմակերպություններ, անհատներ: Մրցանակային ֆոնդը բաց է տարաբնույթ անվանակարգերի համար, որոնք տարիների ընթացքում ավանդույթ են դառնում: Ստացվում է այնպես, որ թիմերի մեծամասնությունը և զգալի թվով պատանի գիտակներ փառատոնից հեռանում են պատվոգրերով, տարատեսակ մրցանակներով և նվերներով: Ի դեպ, նույնիսկ գոյություն ունի անվանակարգ ամենասրամիտ, բայց սխալ պատասխանի համար: Այս փառատոնում հատուկ մրցանակի արժանացած թիմը «թափառող մայրաքաղաքների երկիր» / խասքը Հայաստանի մասին էր/ պատասխանի փոխարեն ներկայացրել էր «թափառող պատգմավորների երկիր» պատասխանը: Հարկ է նշել, որ Նոյեմբերյանի ավագ դպրոցում ինտելեկտուալ շարժումը հին և խոր արմատներ ունի: Արդեն մեկ տասնամյակից ավելի է` դպրոցում գործում է «Ծիր Կաթին» ինտելեկտուալ կրթության աշակերտական ակումբը: Երերուն հույսի և անորոշ հեռանկարի փոխարեն հստակ նպատակն ու հաստատ համոզմունքն էին, որ հիմք հանդիսացան դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանի և ՆԻԿԱ–ի նախագահ Արմեն Ամիրաղյանի կրթության համակարգում իր նմանը չունեցող նախաձեռնության համար: Կարող ենք փաստել, որ հետաքրքրությունը և ոգևորությունը աննախադեպ են: Երեխաները, արհամարելով հոգնածությունը և հաղթահարելով քաղցածության տհաճ զգացումը, մեծագույն բավականությամբ են մասնակցում պարապմունք – խաղերին: Ակումբի անդամ դառնալու հարցում սահմանափակումներ չկան, և ընդգրկվում են ցանկացողները` անկախ առաջադիմությունից: Առաջնայինը ոչ միայն և ոչ այքան գիտելիքների որոշակի պաշարի առկայությունն է, այլև այն արդյունավետ օգտագործելու հմտությունը: Այստեղ հարկ է նշել «Ի±նչ, որտե±ղ, ե±րբ» խաղի հսկայական խթանիչ ազդեցությունը, ինչը պայմանավորված է մեկ րոպեում հայտնագործություն կատարելու անկասելի ձգտումով, միևնույն նպատակին ուղղված թիմային աշխատանքում սեփական ներդրման կարևորության գիտակցումով և, իհարկե, խաղի մրցութային բնույթով: Ակումբի գործունեությունը վաղուց արդեն դուրս է եկել դպրոցի պատերի շրջանակներից: Ակումբը հաճույքով իր փորձն են կիսում տարածաշրջանի մյուս դպրոցների հետ` նպաստում խաղի մասսայականացմանը: Ակումբի ակտիվիստները հաճելի հյուր են նաև դպրոցի շեֆ զորամասում, որտեղ պարբերաբար անց են կացնում «Ի±նչ, որտե±ղ, ե±րբ» խաղի առաջնություններ: Ակումբն իր մնայուն հետքն է թողնում «Ի±նչ, որտե±ղ, ե±րբ» -ի դպրոցն անցած շրջանավարտների մտածողության և հետաքրքրությունների ձևավորման վրա: Դպրոցի բազմաթիվ սաներ, ովքեր այսօր ուսանում են հանրապետության տարբեր բուհերում, դարձել են խաղի իսկական ջատագովներ: «Ծիր Կաթինում» ձեռք բերած փորձի և գիտելիքների շնորհիվ նախկին ակումբայինները բուհերում թափ առնող ինտելեկտուալ շարժման ակտիվիստներ են: Նրանք օգտվում են «ՆԻԿԱ» և «Ծիր Կաթին» ակումբների հարցերի բանկերից, մասնակցում խաղերի և մրցաշարերի կազմակերպմանը: Ի դեպ, խաղեր կազմակերպելու գայթակղությանը չեն դիմանում նաև Հայոց բանակում հայրենիքի հանդեպ պարտքը կատարող որոշ նախկին ակումբայիններ: Նրանց խնդրանքով զորամասեր են ուղարկվում համապատասխան թեմատիկ հարցաշարեր: Կարծում ենք, որ այս խաղի հետագա տարածումը մեր դպրոցներում մեծապես կնպաստի աճող սերնդի ուսումնառության արդյունավետությանը, մեծապես նպաստելով մեր ապագան կերտողների համակողմանի զարգացմանն ու դաստիարակմանը: Այս առումով Նոյեմբերյանի ավագ դպրոց պատրաստ է, շնորհիվ բազմամյա փորձի, իր համեստ ներդրումն ունենալ այդ գործընթացին:
|