Loading...

Articles

Մասնագետի ամբիոն. ՆԶՊ-ի ընթացքում ստացված տարրական գիտելիքներն անգամ բանակում, պատերազմի դաշտում կյանքեր են փրկում

15:52, Monday, 20 January, 2020
Մասնագետի ամբիոն. ՆԶՊ-ի ընթացքում ստացված տարրական գիտելիքներն անգամ բանակում, պատերազմի դաշտում կյանքեր են փրկում

Նախնական զինվորական պատրաստություն առարկայի նպատակն այն է, որ պատանիներն ունենան ռազմական ծառայության և զինվորական գործի վերաբերյալ պատկերացում, ինչպես նաև ձեռք բերեն զենքի, անձնական պաշտպանիչ սարքավորումների (գազի դիմակի), հանդերձանքի և այլ միջոցների գործածման տարրական հմտություններ, ինչը պետության մոբիլիզացման հնարավորությունների հիմնական բաղադրիչներից մեկն է և Հայաստանի համար ունի կենսական նշանակություն:

ՆԶՊ առարկայի շրջանակներում է բացահայտվում նաև մարդու ռազմական մասնագիտությունը:
     Ցանկացած կրթական օջախի ռազմագիտության ուսուցիչ նաև ունի մեկ այլ կարևոր առաքելություն՝ նա ոչ միայն առարկա է դասավանդում և ուղղորդում, այլև ուսումնասիրում է և արձանագրում դեռահասության տարիքում գտնվող ապագա զինվորների վարքն ու բարքը, բնավորությունը: Ցանկացած նախազորակոչային տարիքի հասնող պատանի զինկոմիսարիատում սկսում է ունենալ իր անձնական թղթապանակը, որի մեջ իր կարևոր տեղն է զբաղեցնում նաև տվյալ անձին ՆԶՊ դասավանդած ուսուցչի կողմից տրված անհատական բնութագիրը, որտեղ գրված է, թե ինչպիսի բնավորություն, ֆիզիկական պատրաստվածություն, վարք, կարգապահություն, ձգտումներ և հակումներ ունի տվյալ պատանին: Դա շատ կարևոր է և այդ ամենի օգնության միջոցով է միայն, որ զինկոմիսարիատը, հավաքակայանը և զորամասերը կարողանում են հնարավորին չափ ճիշտ որոշել նորակոչիկի նշանակությունը, ապագա կյանքը և կարելի է ասել նաև ճակատագիրը՝ հետևակի զինվոր է՞ լինելու նա, թե՞ հրետանավոր, հետախու՞յզ է լինելու, թե՞ կապավոր, հրաձի՞գ, գնդացրո՞րդ, նռնականե՞տ, թե՞ դիպուկահար, շարքայի՞ն է լինելու, թե՞ ունի հմտանալու ձգտում և կարելի է նրան ուղարկել նաև սերժանտական դասընթացների: Սերժանտական դասընթացներ, որտեղ էլի ու էլի սովորում են և դառնում ո՜չ թե շարքային զինվոր, այլ ավագություն ունեցող, ապագա ենթասպա և սպա…: Այսինքն ԴԶՊ դասավանդող ուսուցիչների այս գործառույթը չափազանց կարևոր է և օգնում է լավագույնս օգտագործել նորակոչիկի պոտենցիալներն ու անել այնպես, որ նա բանակ ինտեգրվի և ծառայի առավել արդյուանավետ, օգտակար, անվնաս և տուն վերադառնա ողջ և առողջ:
     Սերժանտական անձնակազմի լսարանային դասաժամերն էլ գալիս են ապացուցելու, որ հնարավոր չէ՜ դաշտային և զորանոցային պարապմունքներով փոխանցել ողջ ռազմական գիտելիքը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ ոչ թե շարքային հետևակ, այլ նաև նեղ մասնագիտություն և ավագություն ունեցող զինվոր և նաև վաղվա օրվա սպա, մենք այսօր պետք է ունենանք նաև ՆԶՊ դպրոցում: Եթե մենք ցանկանում ենք պատրեազմի ժամանակ ունենալ ոչ թե 200 տարի առաջվա պարտիզանական մեթոդներով կռվող բանակ, այլ կանոնավոր զորքեր ունեցող բանակ, ուրեմն այսօր պետք է չուրանանք նաև դասարանային աշխատանքների տեղն ու դերը:
     Ինչպես ասում էր Արցախյան ազատամարտի հրամանատար, մարտական խաչի ասպետ Մուշեղ Բաբայանը՝ «կրակում է նաև փայտը և անգամ փայտի կտորի հետ պետք է զգույշ վարվես»: Այո, անզգույշ վարվելու, անփությության, անկարգության, անգիտության հետևանքով մարդը անգամ փայտով կարող է վնասել ինքն իրեն և անգամ սպանել, իսկ գիտելիքի և հմտության շնորհիվ անգամ փայտով կարող է պաշտպանել իր հայրենիքն ու սպանել հակառակորդներին: Գիտելիքի բացակայության պարագայում անգամ ամենալավ դեղամիջոցներ ունեցող զինվորը չի կարող նաև օգնություն ցույց տալ ինքն իրեն և իր վիրավոր ընկերներին: Գիտելիքը, լսարանային աշխատանքը անհրաժեշտ են ցանկացած պարագայում, առավել ևս Հայաստանում, քանի որ շրջապատված ենք մեծ թվով մի քանի անգամ գերազանցող հակառակորդներով: Քանի որ չունենք քանակ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է որակի վրա կատարվող աշխատանքը: ՆԶՊ-ի ընթացքում ստացված տարրական գիտելիքներն անգամ բանակում, պատերազմի դաշտում կյանքեր են փրկում: Կյանքեր, որոնք մեզ համար անգին են:
    
    
     Վլադիկ Ավագյան
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի զինղեկ, գնդապետ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4740 | 0 | 0
Facebook