Loading...

Articles

Պլուտարքոս. «Օրոդեսի ժանտասրտությունն ու Սուրենի ուխտադրժությունն արժանի հատուցում ստացան»

19:50, Tuesday, 03 December, 2019
Պլուտարքոս. «Օրոդեսի ժանտասրտությունն ու Սուրենի ուխտադրժությունն արժանի հատուցում ստացան»

Պարսից արքան, ինչպես նախորդ նյութում նշվեց, գոհ էր մնացել իր Սուրեն զորավարի հաղթանակից: Բայց, շատ շուտով, Սուրենի նկատմամբ Օրոդեսի գոհունակության զգացումը երկյուղի ու նախանձի է փոխվում, որովհետև այս Սուրենը ոչ միայն տաղանդավոր զորավար է եղել, այլև նրա երակներով թագավորական տոհմի արյուն է հոսել, Սուրենի տոհմ այնքան ազդեցիկ է եղել, որ այդ տոհմին է վերապահվել արքաներին թագադրելու պատիվը: Պլուտարքոսը գրում է.

«Սուրենը Հայաստան՝ Օրոդեսին է ուղարկում Կրասսոսի գլուխն ու ձեռքը, իսկ ինքը, սուրհանդակների միջոցով Սելևկիա լուր ուղարկելով, թե այնտեղ է տանում կենդանի Կրասսոսին, կազմակերպեց մի կատակախառն երթ՝ ծաղրաբար այն «հաղթահանդես» անվանելով: Ռազմագերիներից մեկը՝ Կրասսոսին շատ նման Գայոս Պանցիանոսը, պարթևական կանացի հագուստ հագած ու վարժեցված, որ Կրասսոսի անունը տալիս և «իմպերատոր» տիտղոսը բարձրաձայնելիս արձագանքի, գնում էր ձի հեծած. նրա առջևից, ուղտերին հեծած, գնում էին մի քանի շեփորահարներ ու լեկտորներ, նրանց ճիպոտներից կախված էին քսակներ, իսկ նրանց սակրերի ծայրերին հռոմեացիների նոր կտրված գլուխներն էին: Երթը եզրափակում էին սելևկիացի հետերա դերասանուհիները, որոնք կատակերգերով բարձրաձայն ծաղրում էին Կրասսոսի թուլությունն ու փոքրոգությունը: Եվ ժողովուրդը դիտում էր այս ամենը: Իսկ Սուրենն էլ, սելևկյանների ավագների խորհուրդ գումարելով, ներկայացրեց Արիստիդեսի «Միլեթյան պատմվածքներ» անպարկեշտ գիրքը: Այս անգամ նա չէր ստում. պատմվածքները, հիրավի, հայնաբերվել էին Ռուստիոսի բեռների մեջ և Սուրենին առիթ էին տվել ծաղրել հռոմեացիներին այն բանի համար, որ նրանք, նույնիսկ կռվելիս, չեն կարողանում իրենց հեռու պահել այդպիսի արարքներից ու գրքերից: Բայց սելևկիացիներին առավել իմաստուն թվաց Եզովպոսը (խոսքը վերաբերում է Եզովպոսի այն առակին, որում ամեն մարդ իր աչքերի առջևով տանում է ուրիշների արատների տոպրակը, իսկ իր թիկունքում տանում են սեփական արատների տոպրակը), երբ նրանք նայեցին Սուրենին, որն առջևից կախել էր միլեթական փոփոխամտության տոպրակը, իսկ իր հետևից տանում էին պարթևական մի ամբողջ Սիբարիս (Սիբարիսն Իտալիայում հունական քաղաք է եղել, որի բնակիչների քնքշակեցությունն առակի նյութ է դարձել) ՝ հարճերով լի սայլերի երկար շարանով: Այս ամբողջ երթը, ընդհանուր առմամբ, իժ կամ սկիտալոս (օձի տեսակ) էր հիշեցնում. դրա առջևի և աչքի ընկնող մասը նման էր վայրի գազանների և սարսափ էր սփռում իր նիզակներով, նետերով ու հեծելազորով, ու եզրափակվում էր անառակուհիներով, զանգուլակներով, երգերով ու կանանց հետ գիշերային օրգիաներով: Իհարկե, պարսավանքի է արժանի Ռուստիոսը, բայց «Միլեթյան պատմվածքներ» -ի համար նրան վատաբանողներն հենց այն պարթևներն էին, որոնց վրա բազմիցս թագավորել են միլեթյան և հոնիական հետերուհիներից ծնված «Արշակունիները» (այսինքն՝ թագավորական հարեմների հույն կանանցից ծնվածները):

…Բայց Օրոդեսի ժանտասրտությունն ու Սուրենի ուխտադրժությունն արժանի հատուցում ստացան: Շուտով Օրոդեսը Սուրենին սպանել տվեց նրա փառքի նկատմամբ նախանձից, իսկ ինքը կորցրեց հռոմեացիների դեմ ճակատամարտում պարտված իր որդի Բակուրին: Հետո, երբ նրան հիվանդությունը պատուհասեց, որը վերածվեց ջրգողության, նրա մյուս որդին՝ Ֆրատը (ապագա Հրահատ 4-րդը), չարամտորեն հորը թույն տվեց: Բայց թույնը դեղի ներգործություն ունեցավ, և օրգանիզմից ջրի հետ դուրս եկավ, այնպես որ հիվանդի վիճակը թեթևացավ, և այդժամ Ֆրատն ընտրեց ամենահուսալի ճանապարհը՝ հորը խեղդեց»:

Նկարում՝ Հրահատ 4-րդի դրամը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3553 | 0 | 0
Facebook