Loading...

Articles

2008-2019թթ. ՀԿԵ-ն մոտ 300 մլն դոլարի ներդրում է կատարել. Ռուբեն Գրդզելյան

10:50, Wednesday, 13 November, 2019
2008-2019թթ. ՀԿԵ-ն մոտ 300 մլն դոլարի ներդրում է կատարել. Ռուբեն Գրդզելյան

168.am-ի հարցազրույցը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանի հետ

«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրը կայանում է միայն ներդրումային միջոցների արդյունավետ օգտագործման մեջ: Որքա՞ն է կազմել ներդրումների ծավալը վերջին երկու տարիների ընթացքում, և որտե՞ղ են ուղղվել այդ միջոցները:


    

– 2008-2019 թթ. ներդրումների ծավալը կազմել է 122, 3 մլրդ դրամ (մոտ 300 մլն դոլար) կամ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալի 70, 1%-ը: «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվի վերանորոգման և բարելավման շրջանակներում 2019 թվականին կապիտալ վերանորոգվել է 8 կմ գիծ: Ընդհանուր առմամբ, 2008-2019 թթ. վերանորոգվել է 482 կմ գիծ կամ գլխավոր գծի շահագործվող երկարության (703 կմ) 68, 6%-ը:

2018 թվականին միկրոպրոցեսորային տեխնոլոգիաների հիման վրա վերականգնվել է Շորժա-Զոդ հատվածի արգելափակման կիսաավտոմատ համակարգը, որը չէր գործում 90-ականների սկզբից: Նախագծի շրջանակներում Սևան-Զոդ հատվածում մոնտաժվել են 135 կմ օպտիկամանրաթելային մալուխներ, և ներկա պահին երկաթուղու ամբողջ երկայնքով գործում է կապի ժամանակակից համակարգ:

Դրանից բացի, այդ շրջանում Ռուսական երկաթուղիներում կիրառվող տեխնոլոգիաների հիման վրա վերանորոգվել է 42 քարշային և տրանսֆորմատորային ենթակայան, վերականգնվել վագոնային և լոկոմոտիվային դեպոները և Սանահինի գծային ուղեմասը:

Ստեղծվել է նաև Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որը հաճախորդների հետ աշխատում է միասնական պատուհանի սկզբունքով:

2017 թվականից ՀԿԵ-ում ընթանում են էլեկտրակենտրոնացման համակարգի վերականգնման աշխատանքները: Տարբեր հատվածներում այն բացակայում էր դեռ 90-ականների սկզբից: 2017 թվականին համակարգը վերականգնվեց Կարմիր Բլուր կայարանում, 2018-ին՝ Զոդում, իսկ այս տարի՝ Ղալթախչի կայարանում: Ուզում եմ հատուկ նշել, որ վերջին կայարանը ոչնչացվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ: Այս տարի կառուցվել է կայարանի ներ շենքը և հիմնովին վերակառուցվել էլեկտրակենտրոնացման համակարգը և կայարանի ենթակառուցվածքը: Կարելի է ասել, որ էապես բարելավվել են կայարանի անձնակազմի աշխատանքային պայմանները:

Այս տարի Երևան-Գյումրի ուղղությունում գտնվող չորս չպահպանվող գծանցներում շահագործվել է ազդանշանային ավտոմատ համակարգ, իսկ ևս չորսը նման համակարգ ստանալու են հաջորդ տարի:

Այս տարի նաև կապիտալ վերանորոգում է անցել գծի չափման հատուկ վագոնը և «Վիտյազ» վագոնանորոգման հատուկ մեքենան: Բոլոր նշված միջոցառումները տեսանելի չեն դրսի դիտորդներին, սակայն չափազանց կարևոր են հաճախորդների որակյալ և անվտանգ սպասարկման համար:

Շարժակազմի արդիականացման շրջանակներում Հարավկովկասյան երկաթուղին 2018 թվականին գնել է 40 նոր բեռնատար կիսավագոն, 2017-2018 թթ.-ին՝ ԷՊ2Դ երկու նոր էլեկտրագնացք:

Մեր ծրագրերի համաձայն՝ մինչև տարեվերջ մենք պետք է գնեինք և սկսեինք շահագործել նմանատիպ ևս երկու նոր էլեկտրագնացք, սակայն որոշ պատճառներով դա դեռ տեղի չի ունեցել:

Կոնցեսիոն կառավարչի ներդրումային պարտավորությունները 2008-2019 թթ.-ին կատարվել են 106, 87%, այդ թվում՝ ենթակառուցվածքի մասով՝ 101, 43%, շարժակազմի մասով՝ 124, 08%:

– Վարչապետը նաև հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացնել ՀԿԵ–ի գործունեության արդյունավետությունը՝ հույս հայտնելով, որ կողմերն ընդհանուր հայտարարագրի կգան: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ առաջարկներ և պայմաններ է կառավարությունը ներկայացնում ընկերությանը:

– Կարող եմ միայն ասել, որ կողմերն աշխատում են այդ ուղղությամբ: Մասնավորապես, Մոսկվայում նոյեմբերի 6-ին կայացել է Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը, որին մասնակցում էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ՌԵ առաջին փոխտնօրեն, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը, ՌԵ փոխտնօրեն Վյաչեսլավ Պավլովսկին ու ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին ստեղծել ՀԿԵ գործունեության արդիականացման հարցերով համատեղ աշխատանքային խումբ և դրա շրջանակներում դիտարկել կոնցեսիոն պայմանագրի ակտուալացման հնարավորությունը:

– Մեկ տարի առաջ ՀԿԵ-ում հայտնաբերեցվին խախտումներ, խոսքը 60 մլն դոլարի մասին էր: Քննություն էր ընթանում, ի՞նչ եզրակացության են եկել կողմերը, որքանո՞վ են նվազել կոռուպցիոն ռիսկերն ընկերությունում:

– Քանի որ այդ հարցը գտնվում է իրավական հարթակում, Ընկերությունը չի մեկնաբանում գործընթացը:

– Խնդրում եմ ներկայացնել ընկերության առաջիկա ծրագրերը՝ ներդրումային, տեխնիկական և այլն:

– Ընկերության ծրագրերն իրականացվելու են կոնցեսիոն պայմանագրի համաձայն, այդ թվում՝ շարժակազմի արդիականացման ոլորտում: Էական ծախսային ծրագրերից է 2020 թվականին 70 նոր կիսավագոնների ձեռքբերումը և գծանցներում ավտոմատ ազդանշանային համակարգերի ներդրումը:

Մարիամ Պետրոսյան

Source: 168.am
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
756 | 0 | 0
Facebook