Loading...

Articles

Հնդկական հեքիաթ ամբարտավան ճգնավորի մասին

23:09, Wednesday, 30 October, 2019
Հնդկական հեքիաթ ամբարտավան ճգնավորի մասին

Հնում մի շատ ծեր ճգնավոր է եղել, մազերը՝ փրփուրի նման ճերմակած, դեմքը՝ անհաշիվ կնճիռներով պատված: Բայց նրա միտքը պայծառ ու խորաթափանց է եղել, իսկ մարմինը՝ հիրիկ ծաղկի նման ճկուն: Իրեն ենթարկելով ամեն տեսակ գիտակարգերի ու խստակեցության՝ նա հասել էր այնպիսի մի վիճակի, որ կարողանում էր լիովին տիրապետել իր ունակություններին ու գործադրել հոգեկան ապշեցուցիչ զորություն: Բայց նա չէր կարողացել թուլացնել իր ամբարտավան «ես» -ը:

Մահը ոչ մեկին չի խնայում, և մի օր Յաման՝ Մահվան տիրակալը, իր հանձնակատարներից մեկին հանձնարարում է կալանավորել ճգնավորին ու իր թագավորություն տանել: Շնորհիվ իր պայծառատեսության՝ ճգնավորը զգում է մահվան հանձնակատարի մտադրությունը և քանի որ տիրապետում էր ամենուրեք լինելու արվեստին, իր արտաքին տեսքին նման 39 մարդ է պատկերում: Երբ մահվան հանձնակատարը գալիս է, ապշում է իր տեսածից, որովհետև իր առջև տեսնում է իրար նման 40 մարմին ու չի կարողանում բացահայտել իսկական ճգնավորին, բռնել նրան ու տանել իր հետ: Մահվան հանձնակատարը ձեռնունայն վերադառնում է ու Յամային տեղեկացնում, թե ինչ է տեղի ունեցել: Մահվան տիրակալը շրթունքները մոտեցնում է հանձնակատարի ականջին ու որոշ հանձնարարություն է տալիս: Հանձնակատարի՝ սովորաբար մռայլ դեմքին ժպիտ է հայտնվում, և նա անմիջապես մեկնում է այն վայրը, որտեղ ապրում էր ճգնավորը: Այս անգամ ևս ճգնավորը, իր երրորդ աչքի շնորհիվ, զգում է, որ հանձնակատարը մոտենում է: Մեկ ակնթարթում նա գործադրում է այն նույն հնարքը, որը գործադրել էր նախորդ անգամ ու վերստին արարում է իրեն նման 39 ծերունի: Մահվան հանձնակատարը նորից միանման 40 ծերունու է իր առջև տեսնում: Առաջնորդվելով Մահվան տիրակալի հանձնարարականով՝ նա բացականչում է. «Շա՛տ լավ է: Իսկապես շա՛տ լավ է: Հիանալի քաջագործություն է»: Հետո մի պահ լռում է ու ավելացնում. «Բայց անվիճելի է նաև, որ մի փոքրիկ սխալ կա»:

Ամբարտավան ճգնավորի ինքնասիրությունը խոցվում է, և նա շտապում է հարցնել. «Այդ ի՞նչ սխալ է»: Մահվան հանձնակատարն անմիջապես կալանում է իրական ճգնավորին ու շտապ հասցնում է մահվան խավար աշխարհ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3569 | 0 | 0
Facebook