Loading...

Articles

Ներառական կրթությունը բոլորի համար է.ո´չ մեկուսացմանը

23:54, Tuesday, 24 September, 2019
Ներառական կրթությունը բոլորի համար է.ո´չ մեկուսացմանը


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Աշխարհում բազմաթիվ երկրներ անցում են կատարում ներառական կրթությանը: Կրթության ոլորտում անհավասարության վերացման տեսանկյունից
UNESCO առավել մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթություն ստանալու անհրաժեշտությանը:

Շիրակի մարզը 2019 թվականից անցում է կատարել ներառական կրթության

Շիրակի մարզպետարանի կայքում առկա տեղեկատվության համաձայն, Շիրակի մարզում գործող հանրակրթական դպրոցների թիվը 01.09.2018 թվականին եղել է 164-ը, աշակերտների թիվը 31.086-ը, որից մարզային ենթակայության՝ 26.743-ը, ԿԳ նախարարության ենթակա՝ 4019-ը, ոչ պետական ենթակայության՝ 324-ը:

Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում սովորում է մոտ 500 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Շիրակի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն, մարզում համընդհանուր ներառական կրթության իրականացման համար հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպվել և անցկացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների (անկախ ենթակայությունից) տնօրենների, ուսուցիչների և բազմամասնագիտական խմբերի մասնագետների վերապատրաստումներ, դրանք կազմակերպվել են հասարակական կազմակերպությունների կողմից:

Շիրակի մարզում գործող թվով 2 հատուկ դպրոցները՝ «Գյումրու թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» և «Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ները, վերակազմավորվելու են համապատասխանաբար «Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Արթիկի տարածքային մանկավար­ժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ների, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ վկայագրված մարզի բոլոր աշակերտները ընդգրկվելու են համընդհանուր ներառական կրթության իրականացման ծրագրում:

Ըստ Շիրակի մարզպետարանի աշխատակցի, ներառական կրթության անցման գործընթացը բարեհաջող է ընթանում:

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանի խոսքով, ներառումն ինքնին շատ լավ պրոցես է, սակայն, քանի որ գործընթացը նոր է, սեպտեմբերի 1-ից են անդրադարձել այդ պրոցեսին, շատ դպրոցներ ընդհանրապես չեն զբաղվել ներառականությամբ, բնականաբար լինում են նաև դժվարություններ, սակայն բոլոր դժվարությունները, որոնց հանդիպել են, կարողացել են կարգավորել և առաջ շարժվել:

«Դա ծնողի համար նոր միջավայրն է, երբ երեխան գնացել է հատուկ դպրոց, այնտեղ հիմնականում եղել են խնդիրներ ունեցող երեխաներ, իսկ հիմա սովորական դպրոցում, միջավայրում ներառման սկզբունքով գնում են դպրոց, ծնողները որոշակիորեն վախեր ունեն.երեխան կարող է չընդունվի մյուսների կողմից: Եթե նման խնդիր առկա է լինում, այն հարթվում է: և´ մանկավարժներն են աշխատում և´ մենք ենք աշխատում ծնողի հետ: Եղել է դեպք, երբ ծնողը հրաժարվել է երեխային դպրոց տանել, երբ ինչ-որ բան չի ստացվել, սակայն միայն առաջին երկու օրը: Այդ ուղղությամբ աշխատել ենք, երեխան գնում է դպրոց: Քիչ-քիչ, որքան որ կարողանում են նստում են դասապրոցեսին, մասնագիտական թիմն է աշխատում, որ ոչ մի երեխայի իրավունք չտուժի», -պարզաբանում է Լ.Գորգինյանը:

Վերջինիս խոսքով, ներառական կրթության իրականացման համար բոլոր մանկավարժներին միանգամից վերապատրաստել հնարավոր չէր, այդ պատճառով Շիրակի մարզի բոլոր դպրոցներից վերապատրաստվել է 700 մանկավարժ, որպեսզի վերջիններս իրենց ստացած գիտելիքները փոխանցեն մյուս մանկավարժներին. «Աշխատանքը փոխադարձ է: Բոլոր մանկավարժները պետք է հասկանան՝ երեխաների ներառականությունը ոչ միայն խնդիր ունեցող երեխաների համար է, այլև բոլոր աշակերտների, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ ոչ մի բառ չկա, որով կառանձնացվի «ներառականի երեխա» և այլն: Այս տերմինները սխալ են»:

Չվերապատրաստված մանկավարժի՝ կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաներին դասավանդելու դեպքում, օգնության է հասնում ուսուցչի օգնականը, ում պարտականության մեջ մտնում է այնպես օգնել ուսուցչին, որ ինքը դժվարություն չունենա նման երեխաների հետ աշխատելու. «Այն մեթոդները, որոնք կօգնեն երեխային ուսումնական պրոցեսը լիարժեք կազմակերպելուն, դրանք հուշի ուսուցչին, ցույց տա երեխայի ուժեղ և թույլ կողմերը, որ ուսուցիչն իր դասի պլանը կազմելիս իմանա, ինչպես այն կազմակերպի, որպեսզի երեխաները կարողանան հնարավորինս իրար հետ հարաբերվել»:

Ուսուցման հատուկ կարիքներ ունեցող որոշ երեխաների պարագայում կազմակերպվում է տնային ուսուցում, այս պահին՝ մարզում 13 երեխայի համար. «Դրանք կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ամրագրված, խնդիրներ ունեցող երեխաներն են: Շիրակի մարզում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 537-538 երեխայի համար է տրվել գնահատման վկայագիր», -հավելեց Լ.Գորգինյանը:

Մեր հաջորդ զրուցակցի հիմնավորմամբ, ոլորտում խնդիրները շատ են:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի պնդմամբ մենք վերապատրաստումների խնդիր ունենք, դրանց մակարդակը բարձրացնելու, դրանք ավելի առանձնահատուկ դարձնելու. «Ունենք ուսուցման հատուկ կարիքներ ունեցող երեխաների կարիքների գնահատման խնդիր: Հաճախ շատ մեծ վեճեր ենք ունենում ծնողի, դպրոցի, գնահատման մասնագետների միջև: Այս համակարգը բարելավման կարիք ունի: Դպրոցի ուսուցիչների և մնացած մասնագետների, ուսուցչի օգնականի միջև համագործակցության բարելավման խնդիր է առկա, ծնողների հետ աշխատանքի, հատկապես այն ծնողների, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխայի հետ սովորեն հատուկ կարիքներ ունեցող երեխաներ: Այդ ծնողների հետ որևէ աշխատանք չի տարվում ու հաճախ իրենք են դեմ լինում ներառական կրթությանը: Դպրոցների տնօրեններն էլ լավ չեն պատկերացնում, թե ուսուցչի օգնականը, սոցիալական աշխատողը, մանկավարժն ինչ պետք է անեն, ուստի իրենց դժվար է կառավարել այս գործընթացը: Այս օղակների թույլ համագործակցության արդյունքում չեն կարողանում համոզել, որ երեխաները սովորեն»:

Փորձագետի պնդմամբ, եթե խնդրին նայվի այն ուսուցչի տեսակետից, որն ամեն օր դասարան է մտնում կամ այն երեխայի, ով ամեն օր սովորում է, իհարկե խնդիրներ կան: Դասավանդման գործընթացն այդքան հեշտ չէ, լուրջ խնդիր է:

«Խնդիրներ կան նաև Տավուշի մարզի պարագայում, որն առաջինն է անցել ներառական կրթության: Անհրաժեշտ է ուսուցման բազմազանություն.կրթության իրականացում նաև տանը, օնլայն համակարգով: Ուսումնական ծրագրերը, դասագրքերը, մոտեցումները պետք է փոխվեն: Եթե դպրոցներին շարունակում են գնահատել ակադեմիական առաջադիմությամբ, պարզ է, դպրոցը պետք է փորձի գերազանցիկների վրա աշխատել, սակայն դպրոցի գնահատման ներառական չափանիշների պարագայում վերը նշվածն էլ կկարևորվի»:

Ս.Խաչատրյանն հավելեց, որ ներառական կրթության իրականացման համար բավարար ֆինանսավորում առկա չէ, դպրոցների շենքերը ևս հարմարեցված պետք է լինեն, զուգարանների հարմարեցման խնդիր կա:

Նշենք որ Շիրակի մարզում ներառական կրթությանն անցում կատարելու փաստով պայմանավորված «Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց» -ի վերակազմավորումն ընթացքի մեջ է: Դպրոցում ծանր խնդիրներ ունեցող երեխաներ չեն սովորել, այժմ նրանք բոլորն հարմարվել են ներառական կրթությանը, իսկ դպրոցի վերակազմավորման արդյունքում տեղի աշխատողներն աշխատանքի են տեղավորվել մարզի այլ հանրակրթական դպրոցներում:

Թե ինչպես է ընթանում ներառական կրթությունը Շիրակի մարզի դպրոցներում զրուցեցի հանրակրթական դպրոցների որոշ տնօրենների, ուսուցիչների և ծնողների հետ:

Շիրակի մարզի Անուշավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարտիրոս Հարթենյանի խոսքով, ուսուցման հատուկ կարիքներ ունեցող մեկ երեխա է իրենց մոտ սովորում՝ 7-րդ դասարանում.- «Աշակերտն անվասայլակ ունի, դպրոցի առաջին հարկում է տեղադրված, թեքահարթակների հետ կապված աննշան խնդիրներ կան, որոնք մի քանի օրվա ընթացքում կլուծվեն»:

Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի տնօրենի խոսքով, իրենք ներառական կրթության իրականացման համար ունեն բոլոր պայմանները՝ թեքահարթակներ, հարմարեցված պետքարաններ, այս դպրոցում ուսուցման հատուկ կարիք ունեցող 2 երեխա է սովորում:

Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը փոխանցեց, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող աշակերտներից մեկի համար ցանկանում են տնային ուսուցում կազմակերպել, քանի որ ծնողն է այդպես ցանկացել, դիմում է գրել.- «Եթե մարզպետարանը թույլտվություն տրամադրի, այդ երեխայի համար տնային ուսուցում կկազմակերպվի»:

Դպրոցի տնօրենի խոսքով, իրենց մոտ սովորող ուսուցման հատուկ կարիքներ ունեցող այլ երեխաներ ևս սովորում են, փորձում են նրանց առավելագույնը ներգրավել ուսումնական գործընթացին:

Տնօրենի խոսքով, դպրոցն անվասայլակով տեղաշարժվող երեխաների համար հարմարեցված չէ, անվասայլակով տեղաշարժվող երեխաներ էլ չկան:

Գյումրու 4-րդ հիմնական դպրոցի տնօրենը նշում է, որ հատուկ դպրոցից իրենց մոտ տեղափոխված 3 երեխա ունեն, դպրոցում դիտարկումներ են իրականացվում, որպեսզի մինչև դեկտեմբերի վերջ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնից մասնագետները գան, երեխաների ուսումնական կարիքների գնահատման գործընթացը սկսվի. «Երեխաների ինտեգրումը շատ նորմալ, հեշտ ընթացավ: Ուսուցիչներն ու ծնողները նորմալ են վերաբերում, իրենց երեխաներն ավելի արժեվորված են զգում այն առումով, որ լիարժեք շփվում են մյուս երեխաների հետ:

Ինչ վերաբերում է թեքահարթակներին, դպրոցի դրսի մուտքն ապահովված է թեքահարթակներով, սակայն, քանի որ դպրոցը երկրաշարժից հետո է ամրացվել, սակայն դպրոցի երկրորդ հարկ բարձրանալու համար սանդուղքներն այնպիսի դիրքով են տեղադրված, որ հնարավորություն չկա թեքահարթակներով ապահովելու: Բոլոր դեպքերում, եթե անվասայլակով տեղաշարժվող երեխաներ ունենանք, հնարավորություն կա առաջին հարկում դասասենյակներն այնպես կարգավորել, որ երեխան երկրորդ հարկ բարձրանալու կարիք չունենա»:

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանի պնդմամբ, իրենք հատուկ դպրոցից եկած երեխա չունեն, իրենց մոտ գնահատված երեխաներն են կրթություն ստանում. «35 ներառված աշակերտ ունենք, որոնցից 15-ը թույլ խնդիրներ ունեցող երեխաներն են: Անցած տարի գնահատումը դադարեցվեց, այլապես մենք գնահատման ենթակա ևս 11 սան ունեինք:

Ինձ թվում է՝ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չէ, որ դաստիարակվում են, այլև նրանց համադասարանցիները, հոգատար ընկերները: Բոլորն աշխատում են ցանկացած գնով օգել: Իմ կարծիքով սա է ներառական կրթության կարևոր պայմաններից մեկը»:

Թիվ 38 դպրոցի տնօրենին հարցրեցի՝ ինչպե՞ս են վերաբերվում ծնողներն ուսուցման հատուկ կարիքներ ունեցող երեխաների գնահատման գործընթացին:

«Մի քանի ծնողի հետ խնդիր ունենք, իրենց երեխաները գնահատման ենթակա են, բայց ծնողները ոչ մի կերպ չեն համաձայնում գնահատմանը, մտածելով, որ դա խարան է և երեխաների ամբողջ կյանքի համար իրենց պետք է կպնի և երեխան ունենալով բացահայտ խնդիր չի ներառվում միայն նրա համար, որ ծնողը չի համաձայնում: Երկու ծնող ունենք, անցած տարվանից հոգեբանները նրանց հետ աշխատում են, ոնց որ համոզել չի հաջողվում»:

Արդյո՞ք թիվ 38 դպրոցն հարմարեցված է անվասայլակով տեղաշարժվող երեխաների համար. «Այն դասարանները, որտեղ երեխաներն անվասայլակներով պետք է մտնեն, աշխատում ենք, որ առաջին հարկում լինեն, երկրորդ հարկում թեքահարթակներ չունենք: Այդ առումով դպրոցը շատ փոքր է ու անհարմար: Անվասայլակով դպրոց հաճախող մի երեխան դպրոցն ավարտել է, մյուսը միջոցառումների ժամանակ է հաճախում դպրոց, քանի որ տնային ուսուցում է ստանում ծանր հենաշարժողական խնդիրների պատճառով:

Մենք աուտիկներ, հիպերակտիվներ էլ ունենք: Խնդիրն այն է, որ եթե անցած տարի երեխային տրանսպորտի գումար կամ սննդի փաթեթներ էինք տալիս, այս տարի այդ ամենը չկա, թվում էր՝ եթե այդ ամենը չկա, ծնողները չեն ցանկանա իրենց երեխաներին գնահատել տալ, սակայն սխալվեցի, քանի որ ծնողն ինքն է ուզում իր երեխայի խնդիրը կարգավորելու համար երեխային գնահատել տալ, որպեսզի համապատասխան մասնագետները, օրինակ լոգոպետները երեխայի հետ աշխատեն»:

Դպրոցի տնօրենի հավաստմամբ, դպրոցից դուրս լոգոպետի ծառայությունը բավական թանկ արժե:

Ուսուցիչներից մի քանիսի պնդմամբ, խնդիրներ ունեցող այն երեխաները, որոնք լավ դաստիարակված չեն կարող են խնդիրներ ստեղծել ընդհանուր ուսումնական գործընթացի երկարացման և դասաժամերը ոչ արդյունավետ անցկացնելու տեսանկյունից, քանի որ նրանց ավելի շատ ժամանակ պետք է հատկացվի, իր հերթին դա ուսուցիչներից լրացուցիչ ժամանակ կխլի, մյուս աշակերտներն էլ չեն հասցնի լիարժեք յուրացնել ուսումնական նյութը:

Ծնողներից ոմանք, որոնց երեխաներն ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեն, մեզ հետ զրույցում նշեցին, որ չնայած առկա դժվարություններին, անցումը ներառական կրթության ողջունելի է, որպեսզի իրենց երեխաները շփվեն հասակակիցների հետ: Ուսուցման հատուկ կարիքներ ունեցող երեխաներից մեկն էլ նշեց, որ հաճույքով է գնում դպրոց, շփվում դասընկերների հետ:

Այցելեցի մեկ այլ ծնողի բնակարան, ում երեխան մանկուց հաշմանդամ է. «Սկզբում սոցիալական վիճակը վատ էր, էրեխես հաց էլ չուներ ուտելու, չհաշված մտավոր խնդիրներ ունեցող երեխա է, հիմա վիճակը փոքր-ինչ բարելավվել է, հայրն աշխատում է, բայց խնդիրների պատճառով մանկապարտեզ չի կարող գնալ, իսկ ես դեռ մտածում եմ նրան դպրոցական կյանքին նախապատրաստելու ուղղությամբ», -պատմեց Շիրակի մարզի գյուղերից մեկում բնակվող ընտանիքի մայրը:

Հանրակրթության ոլորտում ներառական կրթությանը վերաբերող այլ խնդիրներ

Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության իրականացման սկզբունքներից մեկը պետք է լինի նաև նախադպրոցական տարիքի երեխաների առավելագույն չափով ներգրավումը մանկապարտեզներ և նախակրթարաններ:

Իմ իրականացրած հետազոտության արդյունքներով Շիրակի մարզի մի շարք համայնքներում մանկապարտեզ չհաճախող երեխաները մեծ թիվ են կազմում, ինչը փաստում է, որ մեծ թվով երեխաներ, մեծամասամբ ընտանիքների սոցիալ-տնտեսական ծանր կացության պատճառով ներառված չեն այս ոլորտում:

Ելնելով սոցիալ-տնտեսական վիճակից Շիրակի մարզում յուրաքանչյուր համայնք ինքն է որոշում, թե համայնքային մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի ֆինանսավորման համար համայնքային բյուջեից որքան գումար տրամադրի, իր հերթին ավագանին սահմանում է համայնքային մանկապարտեզների ծնողական վարձավճարները, որն ամենացածրն Ախուրյան համայնքում է՝ 3000 դրամ, համեմատաբար ցածր նաև Արթիկում՝ 6000 դրամ (Ախուրյանի և Արթիկի համայնքային մանկապարտեզներում առկա է ծնողական վարձավճարների միասնական համակարգ), Անի համայնքի Մարալիկի և Սառնաղբյուրի համայնքապատկան մանկապարտեզներում գործում է ծնողական վարձավճարների միասնական համակարգ՝ 5000-ական դրամ:

Իմ հաշվարկով, 2019 թվականին Շիրակի մարզի Անի համայնքում ամսական մեկ երեխայի պահպանման ծախսը կազմում է 18.099 դրամ, Ախուրյանում՝ 25.541 դրամ, Արթիկում՝ 31.224 դրամ, Գյումրիում՝ 31.304 դրամ: Հաշվարկը կատարելիս հիմք եմ ընդունել տարեկան ծնողական վարձավճարների և համայնքապետարանների՝ համայնքային մանկապարտեզներին հատկացվող տարեկան դրամական միջոցների հանրագումարը:

Գյումրու քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվությամբ, համայնքային բյուջեից համայնքապատկան մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի ամսական ֆինանսավորման չափը կազմում է 21.400 դրամ, որը ներառում է մանկապարտեզների աշխատավարձերը, էլեկտրաէներգիան, սնունդը, կոմունալ ծախսերը, կապը, գրասենյակային նյութերը, ընդհանուր բնույթի ծախսերը, գույքի ձեռքբերումը, շենքերի ընդհանուր նորոգումը, հատուկ նպատակային նյութերը, առողջապահական և լաբորատոր ծախսերը:

Թեև Գյումրու համայնքային բյուջեից համայնքային մանկապարտեզներին հատկացվում է բավական մեծ գումար՝ 17.1%-ի չափով կամ 600.000.000 դրամից ավել, սակայն համայնքապատկան մանկապարտեզներն անվճար դարձնելու համար այս գումարը ոչ միայն բավարար չէ, այլև մանկապարտեզներում զեղչերից օգտվող երեխաների թիվը բավական փոքր է՝ ըստ Գյումրու քաղաքապետարանի՝ մինչև 330 երեխա:

Իմ հաշվարկով, հանրապետության ամենաաղքատ քաղաքում՝ Գյումրիում բյուջե/բնակչություն հարաբերակցության արդյունքում բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող գումարը 2019 թվականին մոտ 2.80 անգամ պակաս է եղել Երևանում բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշից, որն հիմնավորվում է Գյումրու և Երևանի բյուջեի միջև առկա հսկայական տարբերությամբ.Գյումրու բյուջեն մոտ 26.46 անգամ պակաս է Երևանի բյուջեից:

2019 թվականին Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքում մեկ երեխայի համար համայնքային բյուջեից ամսական ֆինանսավորման չափը նախկինում կազմել է 22.500 դրամ, որն այժմ կազմում է 25.700 դրամ՝ հաշվի առնելով մայրաքաղաքում մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի 20% բարձրացումը: Նաև յուրաքանչյուր մանկապարտեզին ամսական հատկացվում է պահպանման հաստատուն ծախսերի համար նախատեսված գումար՝ 650.000 դրամի չափով, մինչդեռ մյուս համայնքների մանկապարտեզներում աշխատավարձերի բարձրացման հնարավորություն գրեթե չկա:

Ըստ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2019 թվականի ծրագրում առկա տվյալների, աղքատության, այդ թվում՝ մանկական աղքատության մակարդակով Շիրակի մարզն Հայաստանում առաջատարն է 44.3%-ով և 51.8%-ով: Այս, նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում առկա տվյալներով, հանրապետությունում Շիրակի մարզի միջին ամսական աշխատավարձի ամենացածր ցուցանիշն ունենալու, Գյումրու համայնքային մանկապարտեզներում ծնողական բարձր վարձավճարների պատճառով, (դրանք 5000-8000 դրամ են, ամեն մի մանկապարտեզում կարող են տարբեր լինել պայմանավորված ջեռուցման և այլ ծախսերով, ձևավորվում են կոմունալ, սննդի ծախսերից, լոկալ ջեռուցման համակարգ ունեցող մանկապարտեզում գազի մեկ ամսվա ծախսը կարող է 200.000-450.000 դրամ կազմել, կա մանկապարտեզ, որտեղ գազի սպառման ամսական վարձավճարը շատ ավելի փոքր է՝ ամսական 120.000-130.000 դրամ), իմ երկարաժամկետ դիտարկման արդյունքում, 2017, 2018, 2019 թվականներին մեծ թվով երեխաներ՝ Գյումրու 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների մոտ 38%-ը մանկապարտեզ չեն հաճախում, որը վերը նշված տարիներին մանկապարտեզ չհաճախած երեխաների միջինացված ցուցանիշն է:

2017 թվականին Գյումրու համայնքային մանկապարտեզներ չհաճախած երեխաների թիվը կազմել է 43.80%, 2018-ի վերջին Գյումրիում մանկապարտեզներ և նախակրթարաններ չհաճախած երեխաները կազմել են 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների 31.36%-ը, 2019 թվականին Գյումրիում 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների 37.73%-ը չի հաճախում քաղաքում գործող համայնքային մանկապարտեզներ և դպրոցներում գործող նախակրթարաններ: Շիրակի մարզի Արթիկ համայնքում մանկապարտեզ և նախակրթարան չհաճախող երեխաների թիվը կազմում է համայնքում հաշվառված 0-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների 42.19%-ը, Անի խոշորացված համայնքում՝ 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների մոտ 70%-ը:

UNICEF-ի՝ 2001 թվականին անցկացրած հետազոտությունը վկայում է, որ մանկատներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների 70%-ն ընդհանրապես դպրոց չի գնացել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2016 թվականին հրապարակել էր «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը: Դրա համաձայն, 2015-2016 ուսումնական տարում մեր հանրապետությունում հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը 302-ն է եղել:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2018 թվականի վիճակագրական-վերլուծական զեկույցի համաձայն, բազմաչափ աղքատ են համարվել նաև այն տնային տնտեսությունները, երբ դպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության տեսանկյունից՝ ընտանիքում պարտադիր ուսման 6-ից մինչև 17 տարեկան տարիքի առնվազն մեկ երեխա դպրոց չի հաճախել, կրթական ծառայությունների հասանելիության տեսանկյունից տնային տնտեսությունն համարվել է զրկված, եթե ընտանիքում երեխան չի ունեցել հարևանությամբ գործող մանկապարտեզից, լրիվ միջնակարգ կրթության դպրոցից, առաջնային (ընդհանուր) կրթության դպրոցից օգտվելու հնարավորություն:

Թեև նախադպրոցական կրթությունն ՀՀ օրենսդրությամբ երեխաների համար պարտադիր կրթություն չի համարվում, սակայն երեխաների դաստիարակության, զարգացածության ապահովման, ներառականության՝ երեխաների՝ միմյանց հետ շփումն ապահովելու տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի, ուստի այս հարցում միայն հանրակրթական դպրոցների վրա չէ, որ պետք է սևեռվի իշխանությունների ուշադրությունը:

Հայաստանում նախադպրոցական կրթությունը վճարովի է.միայն մայրաքաղաք Երևանում են համայնքային մանկապարտեզներն անվճար, մինչդեռ Նախադպրոցական կրթության մասին օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է՝ ՀՀ-ում մանկապարտեզահասակ տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ: Այն պետք է անվճար դառնա բոլոր երեխաների համար՝ այս հարցում բացառելով խտրական մոտեցումը:

Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական վատթարագույն ցուցանիշները, այս հարցում իշխանությունների ուշադրությունն առավել մեծ չափով պետք է կենտրոնացած լինի Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրու վրա:

Ներառական կրթությանը վերաբերող այլ հետազոտություններ, մեջբերումներ

«Կոնտակտ Պլյուս» ՀԿ-ի իրականացրած հետազոտությունն անդրադառնում է նախադպրոցական կրթության ներառականության հնարավորություններին: Զեկույցում նշվում է, որ հատուկ կարիքներով երեխաներին մանկապարտեզներն ընդունում են ըստ իրենց հայեցողության և կարողությունների:

«Նախադպրոցական կրթության՝ ներառական լինելու համար դեռևս բազմաթիվ խոչընդոտներ կան, այդ թվում՝ խմբերի ծանրաբեռնվածությունը, համապատասխան մասնագետների պակասը, ծնողների մտածելակերպի խնդիրները, ինչպես նաև համապատասխան գույքի և սարքավորումների բացակայությունը:

Հայաստանում, մասնավորապես, Գյումրիում շատացել է հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացման հապաղումներով երեխաների թիվը։ Նշված երեխաների մոտ խիստ տուժած է սոցիալական ինտեգրումը։ Ֆիզիկական, հոգեբանական և մտավոր դեֆիցիտի պատճառով նրանք դժվարանում են մտնել շփման մեջ հասակակիցների և մեծահասակների 5 հետ, ունենում են բարդույթներ։ Գյումրու համայնքային ենթակայության տակ գտնվող 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունն ՆՈՒՀ-երից ոչ բոլորն են հագեցած համապատասխան տեխնիկական սարքավորումներով, զարգացնող խաղերով, քիչ են կամ բացակայում են տվյալ հաստատություններում աշխատող նեղ մասնագետները, ինչը դժվարացնում, կամ գրեթե անհնարին է դարձնում կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքը», -նշված է «Մոնիտորինգ Գյումրի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և տեխնիկական հագեցվածության» ծրագրով նախատեսված մշտադիտարկման արդյունքների զեկույցում։

Մեկ այլ՝ «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» զեկույցում, որն իրականացվել է 2017 թվականին անդրադարձ էր կատարվել դպրոցներում ներառական կրթության իրականացման ֆինանսական չարաշահումներին և այս բնագավառում վերահսկողության սահմանման անհրաժեշտությանը, քանի որ այդ մեխանիզմները բացակայել են. «Ծրագիրն իրականացնելու համար տրամադրվող պետական ֆինանսավորումը չարաշահումների տեղիք է տալիս: Թեև հարցազրույցների ժամանակ դպրոցի աշխատակիցները (տնօրեն, փոխտնօրեն, գլխավոր հաշվապահ) հերքում էին այս տեսակետը, այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց տվեց, որ ներառական ծրագրով կրթության տրամադրումը կարող է շահավետ լինել դպրոցի համար, քանի որ ներառական ծրագրով յուրաքանչյուր աշակերտի թվով դպրոցին հատկացվող ֆինանսավորումն ավելի քան չորս անգամ գերազանցում է կրթության առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող երեխայի համար հատկացվող ֆինանսավորումը՝ ներառելով սննդի և տրանսպորտի ծախսերը, բազմամասնագիտական թիմի անդամների աշխատավարձերը, ինչպես նաև դպրոցներում իրականացվող այլ ծախսերը: Հետևաբար, որքան շատ են ներառական ծրագրով սովորողները մեկ դպրոցում և դրանով պայմանավորված՝ նաև հաստիքները, այնքան բարձր է դպրոցի ֆինանսավորման չափը: Պատշաճ չեն ծախսվում ներառական ծրագրով սովորող երեխաների սննդի համար դպրոցներին տրամադրվող գումարները: Ներառական ծրագրով սովորող երեխաների տրանսպորտի համար նախատեսված գումարների տնօրինումը չարաշահումների տեղիք է տալիս»:

«Ներառական կրթության մշտադիտարկում» ուսումնասիրության զեկույցում նշված է, որ տրանսպորտային ծախսերը չֆինանսավորելու հետ կապված արձանագրվել է դժգոհություն. «Դպրոցների տնօրենները, աջակցության թիմի անդամներն առաջարկում են տրասնպորտային գումարները ուղիղ հատկացնել ծնողներին՝ չարաշահումներից խուսափելու համար։ Բայց որոշ երեխաների համար տրանսպորտային գումարներ չհատկացնելը կարող է դպրոցից դուրս մնալու պատճառ դառնալ» ։

Հավելենք, որ ՀՀ ԱԺ-ն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ընդունել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, որով նախատեսվում էր հանրակրթության բնագավառում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության:

Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված, Շիրակի մարզ կատարված մեդիատուրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ և նախատեսված է Հայաստանի բոլոր գործող լրատվամիջոցներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողների և օպերատորների համար։ Այն մրցանակի է արժանացել «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից:

Պատրաստեց Անահիտ Սիմոնյանը

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6839 | 0 | 0
Facebook