Loading...

Articles

Սիրամարգի համախտանիշի ընդամենը մեկ ցցուն դրսևորում

17:25, Monday, 23 September, 2019
Սիրամարգի համախտանիշի ընդամենը մեկ ցցուն դրսևորում

Անշուշտ, բոլորդ էլ տեսել եք իր պերճ հովհարը բացած սիրամարգին, որն այդ կերպ ցանկանում է էգի սիրուն արժանանալ: Անցյալի շատ բռնակալներ սիրամարգի համախտանիշով են համակված եղել ու հատուկ ընդգծել են իրենց բոլոր տիտղոսները: Օրինակ՝ Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման Առաջին Փառահեղը (իշխել է 1520 – 1566 թթ.):

Գերմանիայի կայսր ընտրվել ցանկացող Ֆրանսիայի Ֆրանցիսկ Առաջին թագավորը երկարատև պատերազմի մեջ էր Կայսր Կարլ 5-րդի հետ: Ճակատամարտերից մեկում Ֆրանցիսկը պարտվում է ու գերի է ընկնում: Տակավին գերությունից չազատված՝ նա 1525 թվականին մոր միջոցով դիմում է սուլթան Սուլեյմանին՝ խնդրելով պաշտպանություն և դաշնակցություն:

«Մենք խնդրում և փափագում ենք, - ասում էր ամենաքրիստոնյա թագավորը մահմեդականների հզոր տիրակալին, - որ աշխարհի մեծ կայսրը մեզ շնորհ անի՝ ետ մղելով այն մեծամտին (Կարլ 5-րդին), և մենք այնուհետև պարտական ծառա կլինենք աշխարհի մեծ տեր կայսրին (սուլթանին):

Սուլեյմանն այս խնդրագրին պատասխանում է արևելքցուն բնորոշ ամբարտավան ոճով` ի ցույց դնելով իր իշխանության ամբողջ պերճությունը:

Պատասխան գրությունը նա սկել է Մուհամմեդ մարգարեի փառաբանությամբ` անվանելով նրան «Մարգարեության երկնքի արեգակ, առաքելության համաստեղության աստղ, մարգարեների խմբի գլխավոր ընտրյալների գնդի ուղեցույց»: Այնուհետև շարել է իր տիտղոսները.

«Ես, որ եմ սուլթանների սուլթան, վեհապետների վեհապետ, ամբողջ աշխարհի միապետներին թագեր բաժանող, Աստվածաստվեր` երկրի վրա, սուլթան և փադիշահ Կարմիր ծովի, Սև ծովի, Ռումելիի, Անատոլիայի, Կաստումունիի, Ռումի (Հռոմեական կայսրության) երկրների, Զուլքադարիի, Դիարբեքիրի, Քրդստանի, Ատրպատականի, Պարսկաստանի, Դամասկոսի, Հալեպի, Կահիրեի, Մեքքայի, Մեդինայի, Երուսաղեմի, ամբողջ Արաբիայի, Եմենի և ուրիշ շատ կողմերի…

Քաջալերվե'ք և մի' վհատվեք: Մեր փառավոր նախնիները և մեր փայլուն հայրերը (թո'ղ Աստված լուսավորե նրանց գերեզմանները) երբեք չեն դադարել պատերազմելուց` թշնամուն վռնդելու և երկրներ նվաճելու համար: Մենք էլ գնացել ենք նրանց հետքերով: Մենք միշտ նվաճել ենք երկրներ և ամուր ու դժվարամատչելի բերդեր: Գիշեր և ցերեկ մեր ձին թամբած է և մեր սուրը` կապած»:

Նկարում` Սուլեյման 1-ինը և 1530-ին նրա հետ դաշինք կնքած Ֆրանցիսկ 1-ինը:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2577 | 0 | 0
Facebook
COMMENT.am