Loading...

Articles

ՈՐՈՇ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՎԱՐԴԱՁՈՐԻ ԲՆԱԿՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԲԱՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Վան
Author:
Վան
21:53, Friday, 20 September, 2019
ՈՐՈՇ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՎԱՐԴԱՁՈՐԻ ԲՆԱԿՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԲԱՑԵՐԻ ՄԱՍԻՆ
    
  • Ի պատասխան hraparak.am լրատվականում 2019թ. սեպտեմբերի 16-ին հրապարակված Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքի բնակչի բաց նամակին

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ hraparak.am լրատվականում 2019թ. սեպտեմբերի 16-ին հրապարակված Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքի բնակչի բաց նամակին, ով 2019թ. սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ինձ հետ միաժամանակ առաջադրվել էր որպես համայնքի ղեկավարի թեկնածու: Համոզված լինելով, որ իմ համագյուղացիները` գյուղում բնակվող, թե գյուղից դուրս, կարդալով բաց նամակը, միանգամից հասկացել են, թե մեր համագյուղացիներից ու՞մ ձեռքի գործն է և ի՞նչ նպատակ է այն հետապնդում, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում հրապարակված որոշ հարցերիշուրջ ներկայացնել պարզաբանումներ` միաժամանակ նամակի հեղինակին հորդորելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

Նշված գինու գործարանը նախ չէր պատկանում մեր համայնքին, իսկ մետաղյա տարաները, որոնք իբր տարվել են, տեղի է ունեցել 2001 թ., այն դեպքում, երբ ես 1999-2002թթ. չեմ զբաղեցրել ո՛չ համայնքի ղեկավարի պաշտոնը և ո՛չ էլ որևէ այլ պաշտոն: Իսկ քննարկման առարկա սղոցարանը, ոչ թե վաճառվել է, այլ ստացված վարկի դիմաց վերցվել է բանկի կողմից:

Համայնքի վարչական տարածքում գտնվող «բազա» կոչվող տեղամասում առկա մետաղյա ամրանները օրենքով սահմանված կարգով օտարվել են 1996թ. և ստացված գումարը ամբողջությամբ մտցվել է կոլտնտեսության բյուջե, որը և բաժանվել է կոլտնտեսականներին՝ աշխօրերի դիմաց: Վկայակոչված երկաթյա խողովակները սեփականության իրավունքով պատկանել են ջրային տնտեսությանը և դրանց հետագա ճակատագիրը ևս տնօրինվել է ընկերության կողմից:

Կոլտնտեսականներին բաժանվող բալերի մասին նշեմ, որ գյուղը 3 ամիս ազերիների հսկողության տակ գտնվելուց հետո, 1992թ. սեպտեմբերին ազատագրվեց, սակայն հին գյուղից ոչինչ չէր մնացել: Որոշ ժամանակ անց շրջանից գործուղված հանձնաժողովը գույքագրել է կոլտնտեսության ունեցվածքը, համարյա ոչինչ չէր մնացել: Կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո ստեղծվեցին գյուղացիական կոլեկտիվ փայատիրական տնտեսությունները, մեր գյուղում կոլեկտիվ տնտեսությունը վերափոխվել է գյուղացիական կոլեկտիվ տնտեսության, այսինքն` առանց փայաբաժնի:

Նամակի հեղինակը ակնհայտ ապատեղեկատվության տարածման փորձ է անում` նշելով հաշվետու ժողովներում հայտարարված աղբյուրների բարեկարգման մասին: Համայնքի աղբյուրների բարեկարգումը դեռևս սկսված չի, քանի որ յուրաքանչյուր տարի բյուջեի ազատ մնացորդը, որը կազմում է մոտ 2.5 մլն ՀՀ դրամ, ավագանու որոշմամբ, ուղղվում է տարբեր ավելի հրատապ աշխատանքների իրականացմանը, իսկ ազատ մնացորդի մի մասն էլ ուղղել ենք աղբյուրների նորոգման աշխատանքների իրականացմանը, սակայն գործընթացը դեռևս սկսված չի: Նշեմ նաև, որ համայնքը հանդիսանում է հանրապետության եզակի ինքնաֆինանսավորվող համայնքներից մեկը և պետական բյուջեից դոտացիա չի ստանում:

Ինչ վերաբերում է համայնքի փողոցային լուսավորության համար նախատեսվող ծախսերին, ապա այն բավարարում է միայն օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելուն:

2018թ. համայնքի տարածքում` բավականին ճիշտ ընտրված վայրում, կառուցվել է աղբանոց: Աղբանոցը կառուցվել է «Խաչենշին» ՓԲԸ կողմից, որը գործում է ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ենթակայության տակ: Շինարարությունը իրականացնելու նպատակով կազմվել է համապատասխան նախահաշիվ, որը քննարկվել է ավագանու նիստում և ավագանու որոշմամբ հատկացվել նախատեսված գումարը: Շինաշխատանքները ավարտելուց հետո, հանձնման-ընդունման ակտի համաձայն, աղբանոցը հանձնվել է համայնքին: Ներկայումս աղբանոցը գործում է, իսկ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ԱՀ օրենքի համաձայն` գյուղական համայնքների մասով օրենքն ուժի մեջ է մտնում ԱՀ Սահմանադրության 173-րդ հոդվածով նախատեսված օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

Համայնքի հանդիսությունների տան վերանորոգման աշխատանքները ևս իրականացվել է գործող կարգերին, քաղաքաշինական նորմերին ու կանոններին խիստ համապատասխան. կազմվել է նախահաշիվ, այն քննարկվել և հավանության արժանացել ավագանու նիստում և կատարվել համապատասխան աշխատանքները «Օլիմպ 1» շինարարական կազմակերպության միջոցով, այնուհետև կազմվել է գործերի կատարման ակտ և կատարված գործերը մեկ առ մեկ ներկայացվել ավագանուն:

Արցախյան հերոսամարտի նահատակներին նվիրված հուշարձաններից առաջիններից մեկը, եթե ոչ առաջինը, կառուցվել է մեր համայնքում: Հետագայում համայնքային բյուջեի որոշ տնտեսումների հաշվին հնարավոր եղավ ունենալ ավելի բարեկարգ հուշարձան: Հուշարձանի տեղադրումից որոշ ժամանակ անց, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների միջոցներով, առանց համայնքապետարանի ընդգրկվածության, հուշարձանը ապամոնտաժվել է և կառուցվել նորը՝ լրիվությամբ օգտագործելով նաև հին հուշարձանի քարերը:

Հիշեցնեմ, որ մեր համայնքում մշակույթի տուն չկա, հանդիսությունների տան մեկ սենյակը հարմարեցված է և օգտագործվում է որպես մշակույթի տուն: Մշակույթի տունը ունի 0.5 հաստիք` հավաքարար և 1 հաստիք` մշակույթի տան տնօրեն: Կազմակերպվող միջոցառումների մասով նշեմ, որ մշակույթի տան կողմից ողջունվել և աջակցություն է ցուցաբերվել տեղի դպրոցի բոլոր նախաձեռնություններին: Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին, ապա կրկին հիշեցնեմ, որ աշխատակազմում առկա է 0.5 հավաքարարի, 0.75 քարտուղարի, 0.75 հաշվապահի հաստիքներ: Աշխատակազմի և մշակույթի տան աշխատողները կանոնավոր ներկայանում են աշխատանքի և բարեխղճորեն կատարում իրենց աշխատանքային պարտականությունները:

Պետք է ազնվություն ունենալ նշելու նաև, որ իմ ղեկավարության տարիներին է, որ գյուղում վերականգնվել է հիմնահատակ ավերված 100-ից ավելի բնակելի տուն, որ առաջիններից մեկը մեր գյուղում է համայնքային բյուջեի հաշվին կառուցվել հանդիսությունների տուն, որ առաջիններից մեկը մեր գյուղն է էլեկտրաֆիկացվել, գազաֆիկացվել և անցկացվել ջրամատակարարման ներքին ցանցը, կառուցվել մայր ջրատարը: Համայնքը ապահովված է ինտերնետ կապով, բջջային հեռախոսակապը հասանելի է համայնքի ողջ տարածքում, հեռուստահաղորդումների հասանելիության առումով որևէ խնդիր չկա` պայմանավորված գյուղում նոր հեռուստաաշտարակի կառուցմամբ: Համայնքի բոլոր ընտանիքները ապահովված են սեփականության իրավունքով իրենց պատկանող ջրովի հողատարածքներով, գրեթե չկա մի ընտանիք, որ վարձակալության իրավունքով հող չունենա: Ցանկը կարելի է շարունակել, սակայն առայժմ կսահմանափակվեմ այսքանով:

Նշեմ նաև, որ օրենքով սահմանված կարգով, մենք միշտ պատրաստակամ ենք քննարկել և պարզաբանել ցակացած ողջամիտ և կառուցողական առաջարկություն:

Վերջում ուզում եմ հավելել, որ մեր համագյուղացիները տեսնում և գիտակցում են շինծու մեղադրանքների նպատակը, ինչպես նաև ուրիշի փոխարեն պատասխանատվության ծանր բեռ կրելու և այլ մարդու դեմքով հանդես գալու «վարպետության» հետևանքները: Այնպես որ` ուրիշի վրա ցեխ շպրտողի ձեռքերն են առաջինը ցեխոտվում, խորհուրդ եմ տալիս ազնիվ լինել, արդար գործել և հերյուրանքներով, զրպարտությամբ ու ապատեղեկատվությամբ չփորձել հանրությանը մոլորության մեջ գցել: Եկեք միասնական լինենք և մեր բոլոր ուժերը մեկտեղենք` հանուն մեր գյուղի և հայրենիքի զարգացման ու բարգավաճման:

ԱՀ Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքի ղեկավար Ս. Սառաջյան

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1601 | 0 | 0
Facebook
COMMENT.am