Կարծես թե ցո՜ւրտ չէր, բայց հենասայլակին նստած աղջիկը, մրսո՜ւմ էր, դողացնում:
Անցնո՜ւմ էին մարդիկ, նայո՜ւմ, բայց ամե՜ն մեկն իր գործը ուներ:
Մոտեցավ մեկը՝ մի տղա, որի արտաքինը ճչում էր ժամանակի ձայնով:
- Գեղեց՜իկն ես, իսկ անո՞ւնդ:
Աղջիկը պատահմամբ հիշեց, որ անծանոթներին չի կարելի պատասխանել ու ձայն չհանեց:
Նրա փոխարեն ճռռաց հենասայլակն ու թեքվեց տղայից:
Կարծես թե ցո՜ւրտ չէր, բայց հենասայլակին նստած աղջիկը, մրսո՜ւմ էր, դողացնում:
Մոտեցավ մեկ ուրիշն ու անմիջապես բաճկոնը գցեց աղջկա ուսերին:
- Հիմա կտաքանաս, ոչի՜նչ, մի՛ տխրիր:
Աղջիկը պատահմամբ հիշեց, որ անծանոթներին չի կարելի պատասխանել, բայց ասաց.
- Շնորհակա՜լ եմ: Սպասո՜ւմ էի:
- Դու գիտես ով եմ ե՞ս:
- Այո՜, դու Հեքիա՜թն ես, քեզ հետ կարելի՛ է զրուցել:
- Պարե՜նք, ավելի արագ կտաքանաս:
Անխոս աչքերը ցույց տվեցին հենասայլակը:
- Ոչի՜նչ, մի՛ տխրիր:
Ու պարեց աղջիկն իր պարը, ձեռքերը դրած Հեքիաթի ուսերին, Հեքիաթն էլ ամո՜ւր գրկել էր աղջկան:
Այդ երկուսի համար բացի իրար պաշտելուց, ոչի՛նչ գոյություն չուներ:
Իրականությունը ժպտալով իր տեղը զիջել էր Հեքիաթին ու աղջկան:
Կարծես թե ցո՜ւրտ չէր, բայց դատարկ հենասայլակը մրսո՜ւմ էր, դողացնում: