Loading...
Today:  Saturday, 21 September, 2019

Articles

Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի հավատարիմ ծառա Հովսեփ Արղությանը ջանացել Հայոց կաթողիկոս դառնալ

15:06, Sunday, 08 September, 2019
Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի հավատարիմ ծառա Հովսեփ Արղությանը ջանացել Հայոց կաթողիկոս դառնալ

Սուտ խոստումներ տալով հանդերձ՝ Արղությանը չէր մոռանում, որ աչքադրած տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը, այնուամենայնիվ, նեցուկ պիտի ունենա, և այդ նեցուկը կարող էր լինել կաթողիկոսական աթոռին իրեն բազմեցնելու հայ ժողովրդի միահամուռ ցանկությունը: Եվ Արղությանը հորդորում է Կ. Պոլսի պատրիարքին, որ նա հօգուտ իր թեկնածության համակամություն սերմանի Թուրքիայի մայրաքաղաքի հայ բնակչության մեջ: Սակայն Կ. Պոլսում Արղությանի թեկնածությունը հավանության չի արժանանում: Քաղաքի հայությունը չէր ուզում, որ Դանիել պատրիարքը թողնի իր պաշտոնը: Կ. Պոլսի մեծահարուստ հայերի՝ ամիրաների ժողովը, նկատի ունենալով Օսմանյան կառավարության դիրքորոշումը, կաթողիկոս է ընտրում Նիկոմեդիայի Բարդուղիմեոս եպիսկոպոսին: Քանի որ կային կաթողիկոսական աթոռին հավակնող այլ փառամոլ հոգևորականներ, սկսվում է մրցակցություն: Փառամոլ հավակնորդներից մեկն էլ Էջմիածնի Գալուստ եպիսկոպոսն է եղել:

Տարբեր խմբեր սկսում են պայքարն իրար դեմ, գրգռում են ժողովրդին, իրենց ցանկալի թեկնածուին կաթողիկոս դարձնելու համար թուրք պաշտոնյաներին կաշառքներ են խոստանում: Ի վերջո, փոխզիջումային որոշում է կայացվում, համաձայն որի Դանիել պատրիարքն ընդունում է կաթողիկոսի պաշտոնը, իսկ Դավիթ եպիսկոպոս Ղորղանյանը դառնում է Կ. Պոլսի պատրիարք: Բայց այս որոշումը որոշակի շրջանակներ չեն ընդունում, ու խռովություններ են սկսվում: Գալուստ եպիսկոպոսը եկեղեցում թույլ չի տալիս, որ Դավիթ Ղորղանյանը նստի պատրիարքական աթոռին, և ժողովուրդը Գալուստին դուրս է վռնդում եկեղեցուց: Սկսվում են անկարգություններ, և իշխանությունները ստիպված են լինում միջամտել:

Տեսնելով, որ իր օգտին ժողովրդական համաձայնություն չի կայանում՝ վիրավորված Արղությանը սկսում է գործել Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ: Կ. Պոլսի դեպքերին նախորդող ժամանակաշրջանում, պատրվակ դարձնելով այն հանգամանքը, որ ընտրողական թղթի մեջ մտցված Դանիելից հետո մտցված է նաև իր անունը, Արղությանն Էջնիածնում իր տեղապահ է կարգում Մինաս արքեպիսկոպոսին և նրան հանձնարարում է կառավարել վանքի տնտեսությունը մինչև իր Էջմիածին ժամանելը: Տեղեկանալով, թե ինչ տրամադրություն է տիրում Կ. Պոլսում, նա կտրական հայտարարում է, թե ինքը ոչ ոքի չի ընդունում կաթողիկոս, և հանձնարարում է հայտնել Դանիելին, որ չգնա Էջմիածին, իսկ եթե արդեն ճանապարհին է, վերադառնա իր տեղը: Միահեծանության տենդով համակված այս վայ հոգևորականը իր խրոխտ վճիռներն ուղեկցում է սպառնալիքներով, թե ազգի մեջ հրդեհ կբռնկվի, թե իրեն անտեսելը խառնակությունների ու դժբախտությունների դուռ կբանա: Այս հարցում նա իրավացի է, որովհետև երբ հայոց ներքին գործերին միջամտել է Ռուսաստանի դրածո գործակալը, անպայման առնվազն խառնակություն է տեղի ունեցել: Ռուսաստանի քաղաքականությունը, որի իրականացմանը լծված էր Արղությանը, այն էր, որ առանց Ռուսաստանի կայսրի հավանության Էջմիածնում կաթողիկոս չի կարող լինել: Առաջին անգամն էր, որ Էջմիածնի կաթողիկոսի ընտրության գործում, բացի Թուրքիայից ու Պարսկաստանից, վճռական ձայն էր ստանում նաև Ռուսաստանը: Եվ Ռուսաստանն իր այս քաղաքական սկզբունքն ամենայն եռանդով սկսում է պաշտպանել: Ռուսաստանի կառավարությունը կարգադրում է Գեորգի թագավորին և Վրաստանում գտնվող ռուսական զորամասի հրամանատար Կովալևսկուն, որ եթե Հովսեփի փոխարեն մեկ ուրիշն ընտրվի կաթողիկոս, չպիտի թույլ տալ, որ նա մուտք գործի Էջմիածին և այնտեղ օծվի:

Մարտի 23-ին Արղությանը նամակ է գրում Դանիել պատրիարքին. «ապացուցելով», որ միայն ինքն իրավունք ունի լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև ինքը Գրիգոր Լուսավորչի տոհմից է և հորդորում է զուր խռովություններ չհարուցել:

Ապրիլին Արղությանն իր ձեռնասուն Կարապետ վարդապետին ուղարկում է Կ. Պոլիս՝ հրահանգելով նրան բացատրել այնտեղի հայերին, թե Դանիելն իր պատրիարքության ընթացքում որևէ օգտակար աշխատանք չի կատարել և իրավունք չունի կաթողիկոսության հավակնել, քանի որ կաթողիկոս լինելուն միայն ինքն է արժանի: Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտնել էր, թե Կ. Պոլսի հայերը 40 քսակ կաշառք են տվել մեծ վեզիրին և այդպիսով գլուխ են բերել իրենց նպատակը: Հովսեփին վրդովեցրել էր հատկապես այս հանգամանքը, և նա Կարապետ վարդապետին հանձնարարել էր համոզել պատրիարքին, որպեսզի նա հնազանդվի իրեն որպես կաթողիկոս: Կարապետին տրված նամակի վերջում նա ստորագրել էր «կաթողիկոս»:

Երբ, այնուամենայնիվ, ի մեծ ցավ Արղությանի, հայտնի է դառնում, որ Ռուսաստանի թեկնածուի կողմնակիցները վերջնականապես պարտվել են Կ. Պոլիսում, մինչ այդ սպասողական դիրք բռնած և միայն հայերի միջով գործող ռուսական իշխանությունը հանդես է գալիս Թուրքիային ուղղված կտրական պահանջներով: Ռուսաստանն իր շահերին հակասող է համարում Դանիելի կաթողիկոս դառնալը, որովհետև Արղությանը նրա մասին վկայել էր, թե նա բավականաչափ նվիրված չէ Ռուսաստանի շահերին: Կայսր Պավելի հրամանով Ռուսաստանի դեսպանը Բարձր Դռանն առաջարկում է արգելել Դանիելի մեկնումը Էջմիածին: Դեսպանը նաև հայտարարում է, թե կայսր Պավելի համար շատ հաճելի կլինի, եթե Թուրքիայի կառավարությունը դադարեցնի վեճերը Կ. Պոլսի հայերի միջև և մայրաքաղաքի բոլոր հայերին համոզի կաթողիկոս ճանաչել Հովսեփ արքեպիսկոպոսին:

(շարունակելի)

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1446 | 0 | 0
Facebook
COMMENT.am