Loading...

Articles

Սիլվա Կապուտիկյանը եւ Ղարաբաղը

19:39, Sunday, 25 August, 2019
Սիլվա Կապուտիկյանը եւ Ղարաբաղը

Այսօր բանաստեղծուհու հիշատակի օրն է

Սիլվա Կապուտիկյանի հետ ընթերցողի առաջին ծանոթությունն սկսվում է դեռևս դպրոցական տարիներից, և շատերին նա քաջ հայտնի է որպես բանաստեղծուհի: Սակայն քչերին է հայտնի նրա ծավալած հասարակական-քաղաքական ազգանպաստ ու հատկապես արցախանպաստ գործունեությունը Ղարաբաղյան շարժման տարիներին:
    
«Ղարաբաղն ու Նախիջևանը իմ կյանքի մեջ մտան Ավետիք Իսահակյանի զրույցներից: Մինչ մենք, պիոներական փողկապի օղակից նոր դուրս եկած ու նույն կարգի ուրիշ օղակներով մտքներս կապկպած, դեռ 16-17 տարեկան պատանիներս, տենչում էինք Վարպետից լսել Փարիզի ու Վենետիկի մասին, Թումանյանի ու Չարենցի մասին, Վարպետն իր պատմելիքն ու խոսելիքը ուներ, և այդ խոսքերը Անին էր, Ղարսը, Վանը ու, մանավանդ, Ղարաբաղն ու Նախիջևանը» , -ընթերցում ենք բանաստեղծուհու խոստովանությունները՝ Ղարաբաղի հանդեպ ունեցած մեծ սիրո հայտնության մասին: Տարիներ շարունակ ԽՍՀ ադրբեջանական իշխանությունները վարում էին Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանից անջրպետելու քաղաքականությունը, և այս անջրպետումը, անշուշտ, վերաբերում էր նաև մշակույթին, առավել ևս՝ գրականությանը: Պատահական չէ, որ երբ Ավետիք Իսահակյանը իր կնոջ՝ Սոֆիկի հետ եղավ Շուշիում (ի դեպ, Սոֆիկի ծննդավայրում), այս փաստը ծանր հետևանք ունեցավ հատկապես ԼՂԻՄ այդ տարիներին գրողների միության նախագահ Բոգդան Ջանյանի համար, ում՝ Վարպետին Ղարաբաղում մեկ ամիս ուղեկցելու պատճառով մի քանի տարի բանտ նստեցրին: Ավ. Իսահակյանը սրտի կսկիծով ու ցավով է նկարագրել Ղարաբաղի ժողովրդի գերված վիճակը, մտավորականության հանդեպ ծավալվող հալածանքները, ավերակվող քրիստոնեական մշակույթը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հաշմվող տեսքը…ահա այսպիսի քաղաքական անմխիթար աքցանում էր գտնվում Ղարաբաղը, երբ առաջին անգամ Սիլվա Կապուտիկյանը 1959 թվականին այցելեց Ղարաբաղ. ի դեպ, առաջին անգամ Հայաստանից պաշտոնապես հայ գրող էր հրավիրվում Ղարաբաղ, ուր նրան կարոտով սրտատրոփ սպասում էին հայ խոսքի ծարավ ղարաբաղցիները: Իսկ հրավիրողը ԼՂԻՄ գրողների միության նախագահ Բագրատ Ուլուբաբյանն էր: Բանաստեղծուհու հետ Ղարաբաղի հայությունը հանդիպեց Ստեփանակերտի թատրոնի դահլիճում, ինչպես բանաստեղծուհին է նշում, «բերնեբերան լիքը հայրենաբաղձ բազմությամբ»: Բուռն արձագանքով ընդունեցին Ս. Կապուտիկյանի խոսքը հանդիպման ներկաները, որի առթիվ հետագայում նա գրել է. «Աննկարագրելի է, թե հայրենասիրության ինչ չխամրող անթեղներ կային ոչ միայն այդ դահլիճում, այլ ողջ Ղարաբաղով մեկ, խտացած-սեղմված ու նաև բռնկման պատրաստ և սակայն կամքի գերագույն ճիգով սանձած, պարկուճների մեջ տեղավորած վառոդ, սեր, կարոտ դեպի իրենց կողքին գտնվող, բայց այնքա՜ն հեռու Հայաստանը»:

Մոտ մեկ ամիս Ս. Կապուտիկյանը շրջեց Ղարաբաղում, եղավ Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջաններում, այցելեց պատմամշակութային հուշարձաններ, տեսավ Գանձասարը, մորմոք ապրեց՝ տեսնելով գոմերի վերածված, ավերակված վանքերն ու եկեղեցիները, ջարդած խաչքարերը…

Բանաստեղծուհուն մեծ ցավ պատճառեց հատկապես Խութավանքի (Դադիվանք) վիճակը: «Չեմ կարողանում մոռանալ Խութավանքը, -գրում է նա, -հարյուրամյակներ ապրած և օր ծերության ստորացված, մի անկյուն նետված այդ ալեհերին: Ծնկներն ի վար թաղված գոմաղբի մեջ, զանգակ լեզուն պոկված-կտրված, նա համր ու անօգնական նայում էր մեզ, իրեն այցի եկած ազգականներին, և իր փոխարեն խոսում էին պատերն ի վար քանդակված արձանագրությունները, օգնություն աղերսում մեզանից…»: Անարձագանք չթողնելով այս աղետալի վիճակը՝ նա նամակ է գրում Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու պատմամշակութային արժեքի պահպանության խնդրին: Սակայն պատասխանն ավելի վրդովվեցուցիչ է լինում, քան սպասվում էր. Խութավանքը ներկայացվում է որպես ադրբեջանական սեփականություն:

Ղարաբաղում և նրա վերաբերյալ տեղի ունեցող անարդարություններին, պատմության աղավաղումներին, կևորկովյան, զիաբունիաթովյան կեղծարարություններին վրդովմունքով, ցասումով ու ճշմարտության հաստատման մղումով էր պարբերաբար արձագանքում Ս. Կապուտիկյանն իր ելույթներով, հոդվածներով, ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված բազմաթիվ նամակներով: 1975 թ. Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հ. Ալիևին ուղղված նամակում այսպիսի տողեր է գրում նա. «…իմաստությունը թելադրում է, որ ադրբեջանական ընկերները մշտապես հիշեն գլխավորը. չի կարելի իր հայրենի Ղարաբաղում ապրող հայից պահանջել, որ նա հոգեպես պոկվի իր ժողովրդից, իր պատմությունից ու մշակույթից: Հարկավոր է հասկանալ և հիշել, որ եթե նույնիսկ չինական պարիսպներով էլ շրջափակեք Ղարաբաղը, Սովետական Հայաստանը միշտ ներկա կլինի Ղարաբաղի հայերի հոգում…»: Նույն տարում Ղարաբաղի հայության ազգային արժանապատվության ոտնահարման խնդրի մասին նամակով ահազանգում է նաև Մոսկվա՝ Լ.Ի Բրեժնևին, սակայն փոխարենը Ղարաբաղում ավելի են սաստկանում հալածանքները: Բանաստեղծուհին շարունակում է իր անկոտրում պայքարը՝ հայրենական և արտասահմանյան մամուլում հանդես գալով Ղարաբաղյան խնդրի բարձրաձայնմամբ, հեռուստաելույթներով, պաշտոնյաների հետ հանդիպումներում հնչեցնելով պատմական ճշմարտությունը, Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու ջանքերը: Աննկարագրելի են բազմահազարանոց միտինգներում, համագումարներում, լեփ-լեցուն դահլիճներում նրա ելույթների դերն ու նշանակությունը Ղարաբաղյան շարժման տարիներին: Նա իր ժողովրդի հետ ապրեց երկրաշարժի մեծ ցավը, կրեց Սումգայիթյան ջարդերի վիշտը: «1988 թվականը անջնջելի հետքեր թողեց մեր հոգու ու մեր հողի վրա: Թողեց սլացումների, վեհացումների հրեղեն փետրվար ու թողեց հողի կուրծքը ճեղքող վիհեր, վերքեր, անհամար խեղված ճակատագրեր, որոնք պիտի դեռ երկար հուրհրան ու ծխան մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ…», -գրում է Ս. Կապուտիկյանը: Բանաստեղծուհու կենսագրությունը հայրենիքի ճակատագրին միաձույլ էր: Նրա սիրտը տրոփում էր երկրի զարկերակին համահունչ, որից էլ ծնվում էին նրա տողերը, ամեն վայրկյան հայրենանվիրումի պատրաստ արարքները: Արցախյան պատերազմի տարիներին ևս չլռեց նրա գրիչը և շարունակեց մարտնչել, թեպետ, նրա խոստովանությամբ, վաղուց զգացել էր հեռագիր-բողոքների անօգուտ լինելը: Այնուամենայնիվ միութենական ամենահայտնի լրատվամիջոցներին նա հայ մտավորականների անունից հղեց հերթական հեռագիրը, որտեղ ահազանգում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության հանդեպ մարդու իրավունքների ոտնահարման մասին. «Մենք՝ հայ մտավորականության ներկայացուցիչներս, որքան էլ հուսախաբված միջազգային հասարակայնության վերաբերմունքից հանդեպ նորօրյա ցեղասպանության ենթարկվող հայ ժողովուրդը, այնուամենայնիվ այլևս անկարող ենք լռել՝ ի տես Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա տեղացող բարբարոսական ռմբակոծությունների, և մի կողմ թողած արժանապատվությունը, ստիպված ենք նորից ու նորից դիմել ձեր օգնությանը: Բարձրացրեք ձեր մարդկային ձայնը ընդդեմ անմարդկայնության: Մեղսակցություն է և անբարո՝ նայել, թե ինչպես օրը ցերեկով, ցինիկորեն անպատիժ սպանում են երեխաներին, ծերերին, կանանց և շարունակել խոսել մարդու իրավունքների մասին, դեմոկրատիայի, ազատության, մարդասիրության մասին»:

Բանաստեղծուհու այս մորմոքների գեղարվեստական արտացոլումը տեսնում ենք նաև նրա պոեզիայում: Բնորոշ է նրա «Գանձասարի վանքի մորմոքը» ռեքվիեմը, որտեղ ընթերցում ենք.

Արյունով են փակվել դաշտեր, ձորեր, լեռներ,

Կալանվել է ամեն ճամփա ու դուռ.

Որդի՛ք, իմ քա՜ջ որդիք, դուք մինչև ե՞րբ մեռնեք,

Մեղք են ձեր մայրերը, ա՛խ, մե՜ղք եք դուք…

Սակայն որքան էլ դառն ու դաժան է եղել Ղարաբաղի ճակատագիրը Ս. Կապուտիկյանի ապրած իրականությունում, ինչու ոչ նաև այսօր, այնուամենայնիվ, նա «Ղարաբաղի բարբառը» բանաստեղծությունում լավատեսությամբ տոգորված տողերով է արտացոլել Ղարաբաղի գալիքի հանդեպ իր և Ղարաբաղի ժողովրդի լուսավոր հավատը, անկոտրում կամքը և անպարտելիությունը.

Ժայռի նման է այս հին բարբառը,

Ժայռի պես կոշտ է, չհղկված.

Ու ժայռի պես էլ պիրկ է, համառ է,

Չի պոկի նրան ոչ մի հարված.

Շուրթերի վրա այնպես է բառը,

Ինչպես որ ժայռն է հողում խրված…

Ս. Կապուտիկյանի կյանքի էջերը հագեցած են եղել այն իրադարձություններով, որով շնչել է հարազատ երկիրը: 1988-ից առաջ, 88-ին և դրանից հետո մշտապես Ղարաբաղը իր ուրույն և գերակա տեղն ուներ բանաստեղծուհու մտածիրում, և նա բոլոր հնարավոր միջոցներով իր տաղանդը ծառայեցնում էր Ղարաբաղի խնդրի լուծմանը: Թերթելով նրա «Էջեր փակ գզրոցներից» գիրքը՝ նոր լույսի տակ են երևակվում պատմության շատ ու շատ էջեր, որոնք առնչվում են Ղարաբաղին:

Զարինե Սառաջյան, բ.գ.թ.

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6374 | 0 | 0
Facebook