Loading...

Articles

Երևանը կօգտագործի արևային էներգիան

Ani
Author:
Ani
01:05, Thursday, 01 August, 2019
Երևանը կօգտագործի արևային էներգիան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն 50 շենք:

«Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի դեպ, կտեղադրվեն նոր, էներգախնայող լեդ լուսատուներ», – նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

Դավթաշենի 2-րդ թաղամասի հ. 10 շենքն այն հասցեներից է, որտեղ արդեն այս տարի բնակիչները ոչ միայն կլսեն, այլև կտեսնեն արևից ստացվող էներգիայի օգուտը:

«Ծրագրի մասին գիտենք, անհամբեր սպասում ենք իրագործմանը», -նշում են բնակիչները:


    

Ծրագրում ընդգրկված բոլոր շենքերում մեկ առ մեկ մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշ, որը պետք է 75-80 %-ից ցածր չլիներ:

Չափորոշիչների համաձայն ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ և արևկող տանիքներով: Կարևոր էր նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը:

«Նախատեսվում է նաև շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ», -ասում է Տիգրան Սարգսյանը:

«Երևան՝ արևային համայքն» ծրագիրը քաղաքի համար ունի ինչպես էներգետիկ, սոոցիալական, այնպես նաև բնապահպանական նշանակություն: Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները: (տարեկան շուրջ 850 տոննա CO2):

«Ծրագիրը կարևոր է հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով: Երևանը «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ է, ինչը նշանակում է, որ քաղաքը պարտավորվել է մինչև 2020թ. 20%-ով կրճատել ածխաթթու գազերի արտանետումները», – նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին:
     «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհուրդն արդեն քննարկել և հաստատել է ծրագրի բուն մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցերը:

«Համակարգը բնակիչներին կծառայի առնվազն 25 տարի: Արդյունքում քաղաքում կունենանք վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառություն», -հավելում է Տիգրան Սարգսյանը:

Ծրագրի բյուջեում էլ կկատարվեն փոփոխություններ, և խնայողությունների դեպքում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նոր շենքեր:

«Շատ կարևոր նախագիծ ենք իրականացնում, որը, հուսով եմ, որ կդառնա մշակույթ մեր քաղաքում, ինչն էլ, ըստ էության, մեր հիմնական նպատակն է», – ընդգծում է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
     Այժմ ծրագիրը մրցութային փուլում է: Նախատեսված աշխատանքների համար անցկացվող մրցույթներին ծանոթանալ և մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր ընկերությունները:

Source: Solaron
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2831 | 0 | 0
Facebook