Loading...

Articles

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՙ ԱՌԱՆՑ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՍՐԲԱԳՐՄԱՆ

22:37, Sunday, 28 July, 2019
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՙ ԱՌԱՆՑ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՍՐԲԱԳՐՄԱՆ


     Սևանա լիճն իսկապես մեր բոլորիս օգնության կարիքն ունի, կարծում եմ դրանում այլ կարծիք լինել չի՛ կարող: Ավելին ասեմ՝ նույնիսկ ձկնորսներն են համաձայն այն մտքի հետ, որ պետք է գոնե մի քանի տարի արգելել ձկան որսը: Ահա՝ հենց այստեղ է առաջ գալիս տրամաբանական հարցը. «Ինչո՞ւ չենք արգելում ձկնորսությունը, չենք սահմանում խիստ պատիժներ ձկնգողության համար»: Ասեմ՝ այսօր դա գրեթե անհնար է, քանի որ չկա՛ այլընտրանքային ճանապարհ, որով գնալու դեպքում չի՛ տուժի ո՛չ առափնյա շրջանների բնակչությունը, և ո՛չ էլ Սևանա լիճը կանգնի այնպիսի վտանգների առաջ, որոնց մասին խոսում ենք այս օրերին:

Խնդիրն ունի խորքային պատճառներ, որոնց մասին չեն խոսում ո՛չ պատկան մարմինները, և ո՛չ էլ նույնիսկ համայնքների ղեկավարները: Իրականում խնդիրը գալիս է դեռ անկախացման նախօրեից: Որպեսզի ասելիքս ավելի առարկայական լինի, իբրև ուսումնասիրվող օրինակ կբերեմ Սևան քաղաքը:

Եվ այսպես, Սևան քաղաքով է անցնում կարևոր միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև երկաթուղի, ինչպես նաև Սևանա լիճը, որը միաժամանակ և՛ արտադրական, և՛ տրանսպորտային, և՛ զբոսաշրջային նշանակություն կարող էր ունենալ, և այս ամենի առկայությունը բնականորեն պետք է ապահովեր քաղաքի և շրջակա համայնքների համար զարգացման և բարձր կենսամակարդակի հեռանկար: Եվ կապահովեին…

Այսպես՝ մինչ 1990-ականները, այսինքն՝ խորհրդային շրջանում, տնտեսության զարգացած ճյուղերն էին գյուղատնտեսությունը, սարքաշինությունը, քիմիական, էլեկտրատեխնիկական և սննդի արդյունաբերությունը։ ԽՍՀՄ տարիներին Սևանում գործում էին շուրջ 13 արդյունաբերական ձեռնարկություն, որոնք աշխատատեղեր էին ապահովում ո՛չ միայն շրջանի բնակչության, այլև հարակից բնակավայրերի բնակիչների համար: Պետք է նաև նշենք, որ Սևանի շրջանում զարգացած ու բազմաճյուղ էր գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն էր (առավելապես տավարաբուծությունը) ։ Մշակում էին հացահատիկային ու կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, ինչպես նաև՝ զարգացող ճյուղ էր ծխախոտագործությունը (թութունի մշակությունը) ։ Հենց Սևան քաղաքում էլ գործում էր «Սևանի Ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» -ը: Սևանում կազմակերպված էր «Սևան» կաթնանասնապահական պետական խոշոր տնտեսությունը, որը զբաղվում էր նաև կերային կուլտուրաների, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ։
     Գանք Սևանի արտադրական հզորություններին: Կար շուրջ 13 և ավել արտադրական ձեռնարկություն՝ գործադիր սարքերի, էլեկտրամեկուսիչների, ասֆալտ-բետոնի գործարաններ, գորգագործական, ծխախոտի, ֆերմենտացիոն ֆաբրիկաներ, ստորգետնյա ՀԷԿ, ձկան, կենցաղ-սպասարկման, հացամթերքների, ինչպես նաև խտացված կերերի կոմբինատներ։ Գործադիր սարքերի գործարանի արտադրանքն առաքվում էր ԽՍՀՄ 500 ձեռնարկությունների, ինչպես նաև արտասահմանյան ավելի քան 20 երկիր։ Քաղաքի արդյունաբերոլթյան մեջ իր որոշակի տեղն ուներ էլեկտրամեկուսիչների գործարանը, որի արտադրանքը՝ ապակեպլաստիկ առարկաները, մեկուսիչ «բամբակը» («կապռոն», ինչպես հայտնի է տեղացիների շրջանում) ՝ ապակե գործվածքը, թելն ու ժապավեններն ունեին մեծ պահանջարկ։ Այն ԽՍՀՄ-ի եղակի գործարաններից էր թե՛ իր բնույթով, թե՛ տեխնիկական հագեցվածությամբ, և թե՛ տեխնոլոգիական առանձնահատկություններով։ Այդ ձեռնարկության հումքը սովորական քարն էր, որի ստացման տեխնոլոգիան հիմնականում մշակվել էր հայ գիտնականների կողմից: Քաղաքում գործում էր նաև «Ձուկ կոմբինատ» -ը, որն աճեցնում ու լիճն էր բաց թողնում մեծ քանակությամբ մանրաձկներ։
     Արտադրանքի ծավալով առաջատար են էլեկտրական գործադիր սարքերի, ապակեմեկուսիչների, «Լույս» միավորման լուսատեխնիկական ապակու գործարանները, հացամթերքների կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, «Ձուկ կոմբինատը» ։
     1949 թվականին շահագործման է հանձնվել Սևան-Հրազդան կասկադի առաջին՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը։ Այն ետպատերազմյան հնգամյակի վերականգնեցված և նոր կառուցված հիդրավլիկական հզորություններից էր, ԽՍՀՄ առաջին ստորգետնյա հիդրոէլեկտրակայանը։
     Տուրիզմը ևս պակաս հեռանկարային չէր քաղաքում: Այսպես՝ այստեղ գործում էին «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական ճամբար-հանգստի տունը և «Արևիկ» մանկական ճամբարը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի և առողջապահության նախարարության հանգստյան տները, Սևանի տուրիստական հանգրվանը։ 1984 թ. Սևանի տուրիստական կենտրոնների շարք մտավ իր ժամանակին ինքնատիպ հյուրանոցներից մեկը՝ «Սևան» հյուրանոցը։ Այն 7 հարկանի էր, և կառուցված էր սրբատաշ սպիտակավուն ֆիլզիտից։ Նրա 2 մասնաշենքերում միաժամանակ կարող էին տեղավորվել 240 հյուրեր, հիշատակության արժանի է նաև իր ժամանակին մեծ անուն հանած, թերակղզու դիմացի քարաժայռի վրա գտնվող «Աղթամար» ռեստորան–հյուրանոցը։
     Այս բոլոր ռեսուրսներով Սևանն ի վիճակի էր ապահովել քաղաքի ու հարակից բնակավայրերի բնակչությանն աշխատանքով, հետևաբար՝ համայնքի բնակչությունը պետք է որ ունենար բարձր կնեսամակարդակ, ուստի և՝ դեմոգրաֆիական բարենպաստ նկարագիր: Թվարկածս արտադրական միավորներից բացի, դրանց հումքի և հիմքի վրա ստեղծվել էին մանր ու միջին բազմաթիվ կոոպերատիվներ ու ձեռնարկություններ, որոնց միջոցով զարգանում էր նաև մանր և միջին ձեռներեցությունը:
     Սակայն՝ անկախացումից հետո, երբ առաջ եկավ մասնավորեցման խնդիրը, հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները ենթարկվեցին թալանի, թալանից զերծ չմնաց, և գուցե ավելի դաժանորեն այն երևան եկավ հենց Սևանում: Գրեթե կոպեկներով սեփականաշնորհված ձեռնարկությունները այնպիսի թալանի ենթարկվեցին, որպիսին նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ: Դետալ առ դետալ քանդվում և վաճառվում էին հաստոցները, որոնք որոշ դեպքերում լիովին նոր էին, քնադվում և վաճառվում էին շինությունները՝ իբրև շինարարական ապրանքներ: Մեր հայրենակիցները հավանաբար կարծում էին, թե աշխարհի վերջն է, և ինչքան արագ քանդեն, ոչնչացնեն, այնքան շատ կյանքը կվայելեն:

Սևանի էլեկտրական գործադիր սարքերի գործարանը՝ հայտնի «Զիմ Զավոդը», «Ռելեի» գործարանը, «Շին Տրեստը» և մնացած բոլոր գործարանները սեփականաշնորհվելուց հետո դարձել են հուշ քաղաքի բնակչության համար: Բացառություն չէր նաև Սևանի նավթաբազան, որի երկաթե տարաները հետագայում դետալ առ դետալ առանց բացատրության վաճառվեցին, ինչպես վաճառվել էին երկաթգծի ռելսերը, քանդուքարափ էր եղել Սեւանի սառնարանի կոմբինատը ու այն ամբողջությամբ վաճառվել։ Կարճ ասած, վերը նշված գործարաններից այսօր մնացել են միայն դատարկ պատերը, եթե դեռ մնացել են։

Այսքանից հետո տեղի ազգաբնակչությունը դեռևս շարունակում է ապրել, և նա ունի պահանջմունքներ, որոնք պետք է ապահովել: Երբ պետությունն ի վիճակի չէ հոգալ, ապա բնակչությունն ինքն է ստիպված այս կամ այն ձևով հոգալ իր բնական պահանջմունքները, որոնք նաև պետության պոզիտիվ պարտականությունների շարքին են դասվում:


     Գանք մեր օրերին.


     Ներկայումս համայնքի զարգացման գերակա ուղղություն է հռչակվել զբոսաշրջության գործի զարգացումը, սակայն սա ո՛չ միայն մոտ ապագայում չի կարող ապահովել Սևան քաղաքի կենսունակությունը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, այլ ճիշտ հակառակը՝ օրեցօր վատթարացնելու է քաղաքի ու շրջակա համայնքների տնտեսական վիճակը: Քաղաքն առհասարակ, գրեթե չի՛ օգտվում զբոսաշրջիկների այցելություններից, և այս իմաստով՝ քաղաքը նույնիսկ սեզոնային համարել չի կարելի: Զբաղվածությունը մանր տնտեսություններն են չնչին չափով ապահովում, իսկ մնացածը՝ արտագնա աշխատանքի շնորհիվ են հոգում առօրա խնդիրներ, եթե կարելի է դա հոգալ համարել:

Այստեղ ակամայից հարց է ծագում. «Արդյո՞ք ճիշտ է ընտրված Սևանի զարգացման գերակա ուղղությունը»: Կարծում ենք, որ բնակչության կենսամակարդակի բարձրացման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, համայնքի կենսունակության համար կարևոր է տեղական ինդուստրիայի զարգացումը: Համայնքը պետք է ունենա ո՛չ միայն մանր ձեռնարկատիրություն, այլ առնվազն մի քանի խոշոր արտադրական միավորներ, որոնք կկարողանան խթանել նաև դուստր ձեռնարկությունների հիմնադրմանը, և կենսունակ արտադրական միջավայրի ձևավորմանը: Այստեղ օժանդակ միջոցներ են հատկապես՝ երկաթգծի, միջպետական ավտոճանապարհի, ջրային պաշարների, դեռևս կանգուն արտադրական տարածքների և այլ կոմունիկացիոն հնարավորությունների առկայությունը, որոնց գրագետ օգտագործման դեպքում միանշանակ կշահեն բոլորը:

Հաջորդ հարցը, որ պակաս կարևոր չի, դա անհրաժեշտ միջոցների ներգրավման խնդիրն է, որը պետք է ապահովել Սևան քաղաքի ինդուստրիալ զարգացման ճանապարհին: Սակայն այս խնդրին կանդրադառնանք արդեն այլ սկսված ուսումնասիրության ամփոփման շրջանակում:
    
    

Հ.Գ. Սևանի օրինակով կարծում եմ պարզ է, թե ինչ է կատարվել մեր ազգային հարստության հետ, որի հետևանքներն այսօր մենք բոլորս ենք քաղում:
    
    
     Գրառումը՝ քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2614 | 0 | 0
Facebook