Loading...

Articles

Ումի՞ց ում է պաշտպանում Ասողիկը` կաթողիկոսին ժողովրդի՞ց...

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
23:52, Friday, 12 July, 2019
Ումի՞ց ում է պաշտպանում Ասողիկը` կաթողիկոսին ժողովրդի՞ց...

Երեկ Ասողիկ քահանա Կարապետյանն` ի պաշտպանություն կաթողիկոս Գարեգին Բ-ի, բաց նամակ է հղել` ուղղված «ընդդիմադիր մամուլին եւ ընթերցողներին»: Իր նամակում քահանան նշել է. «Ինչո՞ւ ենք Եկեղեցին շփոթում քաղաքական կուսակցության, իսկ Ամենայն Հայոց Հայրապետին` կուսակցական գործչի հետ: Մի՞թե չենք հասկանում, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովուրդն է, իսկ Ամենայն Հայոց Հայրապետը` Հոգեւոր Հայրն աշխարհասփյուռ հայության: Արդ, ինչպե՞ս կարող է Վեհափառ Հայրապետը խտրականություն դնել իր հարազատ զավակների մեջ. Ամենայն Հայոց Հայրապետի հոգեզավակներն են ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության անխտիր բոլո՛ր ներկայացուցիչները»: Միանգամից նշենք, որ Ասողիկ քահանայի նամակի առանձին հատվածներ ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ նա Լուսնից է իջել Երկիր մոլորակ եւ հիմա փորձում է ասել ճոռոմ բաներ, որոնք որեւէ կապ չունեն մեր իրականության հետ: Փորձենք բացատրել, թե ինչո՞ւ ենք այսպես կարծում:
     Նախեւառաջ` խոսքն այս պարագայում ամենեւին էլ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին չէ, այն պարզ պատճառով, որ եկեղեցուց որեւէ մեկը չի պահանջել հանդես գալ ոչ ընդդիմադիր, ոչ էլ իշխանամետ դիրքերից, այսինքն` քաղաքական դիրքորոշում հայտնել: Խնդիրն այն է, որ կաթողիկոսն ինքը որոշել է առաջինը շնորհավորել Սերժ Սարգսյանին դեռ այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանում դեռեւս վիճարկվում էին ընտրությունների արդյունքները: Ի՞նչ է` կաթողիկոսն այդ պահին չէ՞ր գիտակցում, որ իր այդ քայլով ընդամենը ապացուցում է, որ թքած ունի օրեր շարունակ հրապարակում ազատության համար պայքարող ժողովրդի այդ հատվածի վրա: Եվ փոխարենը Հայոց հայրապետական եկեղեցու առաջնորդն իր մեջ ուժ գտներ կանգնելու, իր իսկ կողմից, նշված ժողովրդի երկու հատվածների միջեւ, նա նախընտրեց գնալ ու սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը` դրանով ավելի գրգռելով մարդկանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
     Այս առումով, անտրամաբանական է (ավելի շուտ` հասկանալի) այն աղմուկը, որը բարձրացրել են կաթողիկոսին հավատարմության երդում տված որոշ հոգեւորականներ: Ի՞նչ է պատահել. հանգստացե՛ք ի վերջո: Հրապարակ դուրս եկած հարյուր հազարավոր մարդիկ չեն գնում Տիզբոն` ընդունելու մազդեականություն, չեն գնում բյուզանդական կայսրի մոտ` քաղկեդոնական ժողովներին մասնակցելու կամ կաթոլիկություն ընդունելու, չեն գնում իրենց դավանանքը փոխելու, չեն գնում աղանդի հետեւորդ դառնալու: Ասում եք` թե նրանք մոլորվա՞ծ են: Ճիշտ հակառակը` ով ազատության համար գիտակցված պայքարի է դուրս գալիս, ճշմարիտ է անում, որովհետեւ Աստված սիրում է ազատամիտ մահկանացուներին, Աստված սիրում է հենց նրանց եւ ոչ թե էլաստիկ ժպիտով քծնողներին:
     Միաժամանակ, շատ ողջունելի կլիներ, եթե Ասողիկ քահանան նույն հորդորներով ու թախանձագին խնդրանքներով հանդես գար ոչ միայն կաթողիկոսի անձի պարագայում, այլեւ ընդհանրապես հոգեւորականի իր խոսքն ասեր մեր կենցաղում արմատավորված բազմաթիվ արատավոր երեւույթների դեմ: Ինչո՞ւ, օրինակ, հայոց եկեղեցու սպասավորները, նույն պատրաստակամությամբ չեն հորդորում հեռու մնալ աղանդներից: Մի՞թե, երբ ժողովուրդը իր դժգոհությունն ու վիրավորանքն է հայտնում առ կաթողիկոս, եկեղեցու հիմքերն ավելի շատ են խարխլվում, քան երբ մարդիկ բազմաթիվ հոգեւորականների անբարո վարքից դառնացած` իրենց հոգեւոր պահանջմունքների բավարարումը գտնում են որեւէ աղանդավորական կազմակերպության «հյուրընկալ» տանիքի տակ:
     Ո՛չ. այս հարցերը երբեք չեն հուզել Ասողիկին. նրան ընդամենը հուզել է Գարեգին Բ-ի օրեցօր բացասական դարձող հասարակական ընկալումը, եւ ահա առաքելական թղթերի լեզվով` գրական վկայություններից ազդված, նա որոշել է ջատագովական ճառ արտասանել կաթողիկոսի համար եւ դրանով ավարտված համարել իր առաքելությունը: Երբ ընթերցում ես Ասողիկի «թուղթը» առ հայ ժողովուրդ, տպավորություն է ստեղծվում, որ միջնադարի ինչ-որ մի գրիչ փորձում է պաշտպանել եռամեծար, լուսավորչաշավիղ եւ մեռոնաբույր հայրապետին, ով սուրբ է, եւ հենց այդ պատճառով հալածվում է աղանդավորների, օտար զավթիչներ կամ մոնղոլ-թաթարների կողմից:
     «Սգում է Հայոց Հայրապետը կորուստը իր զավակների» . գրված է նամակում: Թե որտեղ եւ ինչ կերպ դրսեւորվեց Հայոց Հայրապետի սուգը, բոլորս էլ տեսանք: Մարտի 1-ի զոհվածների քառասունքը վերջինս հայտարարեց 37-րդ օրը, որպեսզի չխաթարի Սերժ Սարգսյանի երդման արարողության տոնական տրամադրությունը: Սգալու փոխարեն հայոց զավակների մահը, կաթողիկոսը Սերժ Սարգսյանի պատվին տրվող ֆուրշետների սեղաններից անպակաս էր:
     Ի վերջո` ջատագովական ճոռոմաբանության ոճով գրված այդ բաց նամակը ժամանակավրեպ է այն պարզ պատճառով, որ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, եւ կարիք չկա կաթողիկոսին ներկայացնելու սրբի լուսապսակով: Լավ է, որ Ասողիկ քահանան նորմալ կրթություն է ստացել, տիրապետում է հայոց լեզվին, ունի հարուստ բառապաշար, բայց այդ ամենը կոպեկի արժեք են ստանում, երբ օգտագործվում են միայն կաթողիկոսին պաշտպանելու նպատակով: Ումի՞ց ում է պաշտպանում Ասողիկը` կաթողիկոսին ժողովրդի՞ց: Կարիք չկա. ժողովրդի արհամարհանքը Գարեգին Բ-ի նկատմամբ` պայմանավորված չէ քաղաքական հայացքներով: Հոգեւոր հոտին միայնակ թողնելը ամենադժվար պահին` դավաճանություն է: Դավաճանություն է ոչ թե ժողովրդի նկատմամբ, այլ այն առաքելության, որի համար կոչված է կաթողիկոսը:
     Հ.Գ. Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին իրադարձություններին եւ այդ առնչությամբ Եկեղեցու եւ իր հասցեին հնչող մեղադրանքներին` Գարեգին Բ-ն երեկ ասել է, որ թե՛ նախընտրական եւ թե՛ հետընտրական շրջանում Եկեղեցին չթերացավ իր պարտականությունների մեջ, սակայն կատարված քայլերն անբավարար նկատվեցին: Բուհերի ուսխորհուրդների ղեկավարներն էլ իրենց հերթին են հայտարարել, որ անընդունելի են համարում Եկեղեցու եւ կաթողիկոսի շուրջ բարձրացված վերջին աղմուկը: Ինչպես ասում են` նմանը նմանին է գտնում, իսկ այս պարագայում` օգտագործում:


     ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5875 | 0 | 0
Facebook