Loading...

Articles

Կատուն ու դերձակ մուկը (մարոկկոյական հեքիաթ)

14:04, Sunday, 07 July, 2019
Կատուն ու դերձակ մուկը (մարոկկոյական հեքիաթ)

Վաղեմի ժամանակներում, այնքան վաղեմի, որ ոչ ոք չգիտի, թե երբ, մուկը հմուտ ու հռչակավոր դերձակ էր: Նա իր դնչի ծայրից ոչ մեծ մկրատով սիրուն հագուստներ էր ձևում, հետո իր գորշ բեղերի նման բարակ ասեղով կարում էր: Մրսկան ու պճնամոլ կատուն նրա լավագույն հաճախորդներից մեկն էր, որովհետև սիրում էր փափուկ հագուստներ հագնել:

Մի օր կատուն մի բրդյա թանկարժեք ու գեղեցիկ կտոր է տանում մկան արհեստանոց, որպեսզի նա դրանով իր համար մի ջելլաբա (բերբերական ավանդական երկար վերարկու՝ գլխանոցով, լայն թևքերով) կարի:

-Շուտով ձմեռ կգա, - ասում է նա, - չեմ ուզում մրսել: Մինչև ցրտերն ընկնելը մի տաք վերարկու կարիր:

Մկան աչքերը չորս են լինում գործվածքի ճոխությունից, և նա ընդունում է պատվերը: Կատուն ուրախ մռմռալով հեռանում է:

Կատվի բերած կտորն այնքան գեղեցիկ էր, որ մուկը շարունակ հիանում էր դրանով: Նա շոշափում էր գործվածքը ու զգում, որ այն նույնքան փափուկ է, որքան այն հացի փշրանքը, որն ինքը ցանկանում էր կրծոտել: Ամեն օր մուկը դրա ծայրից մի քիչ կրծում էր. այնքան է կրծում, որ կատվին հագուստ կարելու համար գրեթե բան չի մնում՝ ընդամենը ձեռքի ափի չափ:

Երբ կատուն նրան խնդրում է արագացնել աշխատանքը, մուկը պատասխանում է, թե կտորը դեռ նոր է նախապատրաստել, հիմա էլ այս է կարում, այն է կարում:

Կատուն 10 անգամ, 20 անգամ գալիս է, և մուկն ամեն անգամ նրան նույն պատասխանն է տալիս՝ վերարկուն շուտով պատրաստ կլինի:

Տեսնելով, որ ճար չկա, կատուն սպառնում է, թե կրծողին դատի է տալու, եթե մինչև ամսվա վերջ վերարկուն պատրաստ չլինի:

Ահա այդ սպառնալիքից հետո փոքրիկ դերձակը որոշում է պատվերը կատարել, բայց կտորից այնքան էր մնացել, որ դրանով նույնիսկ բաճկոն հնարավոր չէր կարել: Նա կտորի մնացորդից մի մախաղ է կարում ու ներկայացնում է կատվին: Կատաղած կատուն տապալում է մկանն ու սպառնում հոշոտել:

Մուկը, սակայն, հասցնում է ազատվել կատվի ճանկերից ու սողոսկում է իր բույնը:

Ահա այդ օրից, և ոչ թե մեկ ուրիշ օրից, ծնունդ է առնում հակակրանք-թշնամանքը կատվի ու մկան միջև: Քանի որ կատուն անընդհատ հետապնդում է մկանը, մուկն այլև ժամանակ չի ունենում մյուս հաճախորդների պատվերները կատարել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5524 | 0 | 0
Facebook