«…Նրանցից շատերը երևի դեռ չեն մոռացել, որ երբ դաշնակցականները բարիկադներ էին բարձրանում (բառիս բուն իմաստով) և բանտ նստում հանուն իրենց ազատության, իրենք լռում էին և թաքցնում գլուխները ոտքերի արանքում:
Բայց չէ՞ որ այն ժամանակ էլ կար խոսքի ազատություն, և կարելի էր չլռել: Եվ բանտ էլ նստում էին հենց նրանք, ում մեկնաբանությունների քաջ և անանուն հեղինակներն անվանում են դավաճան: Ընդհանրապես, «դավաճան» բառը պետք է զգուշորեն գործածել: Քանի որ ու՞մ կարելի է դավաճանել: Նրան, որ քո հավատարիմ սատարողն է եղել, պայքարել է հետդ կողք կողքի, այլ ոչ թե ընտրակաշառքների թակարդն է ընկել, և ում չեն շեղել կեղծ այլընտրանքների` սիրամարգի պոչի նման գույնզգույն խոստումները: Իսկ քանի՞ նման կայուն և հավատարիմ մարդ է եղել մեր հասարակությունում: Արդյո՞ք նրանք շատ են այժմ: Ցավոք, ոչ: Մեր հասարակությունը միշտ ձգտել է անսպասելի հրաշքով փրկության, որը կգա առանց իր անմիջական մասնակցության: Դրա օրինակները շատ են: Եվ միշտ արդյունքը հիասթափությունն է եղել:
Վերցնենք մեր ոչ վաղ անցյալը, որ հիմնական լեյտմոտիվը փրկչի փնտրտուքն է: Միայն հաշվեք, թե քանի փրկիչ-ազատագրող ենք մենք տեսել վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում»:
Վահան Հովհաննիսյան