Ինձ գի՜րկդ վերցրու,
Տա՜ր ուր պատահի…
Պատահի այնպե՜ս՝ դառնամ անտարբե՜ր-
Ծովի այն հեռո՜ւ ալիքի նման,
Որն օրորվո՜ւմ է մի թեթև քամուց,
Ոչ բորբոքվո՜ւմ է,
Ո՛չ էլ դառնանում,
Ո՛չ էլ կախվում է կողքի ալիքի
Փրփուրից անհույս,
Ոչ գիտի ի՞նչու և ո՞ւր է գնում,
Ո՛չ ինքը գիտի թե ի՞նչ է ուզում,
Ո՛չ էլ ուրի՜շը,
Որն ափին կանգնած ավազների մեջ
Մեկ հիանո՜ւմ է
Մե՜կ էլ զարմանում:
Ինձ գի՜րկդ վերցրու,
Տա՜ր ուր պատահի…
Բայց մի՛ մոռացիր-
Հով քամուց բացի կա՛ նաև քամի՜-
Ծովայի՜ն քամի,
Ցասումի դանակը խրած սրտի մեջ,
Ու Աստվա՜ծ չանի
Թե որ կատաղի՜,
Թե որ գազազի՜-
Չգիտես ո՞ւմ կամ
Ի՞նչի վրա…
Մի վայրկյանում օ՛դ կցնդի
Անտարբեր լինելու մարմաջը հիմար:
Է՜հ, ի՞նչ լինելու է, թո՛ղ այն էլ լինի՜
Ինձ գի՜րկդ վերցրու,
Տա՜ր ուր պատահի…