Loading...

Articles

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»-Ի ԱՄՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՅ ԱԶԳՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ՈՒ ԱՐԴԱՐԱՑԻ Է ՀԱՄԱՐԵԼ

22:20, Sunday, 02 June, 2019
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»-Ի ԱՄՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՅ ԱԶԳՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ՈՒ ԱՐԴԱՐԱՑԻ Է ՀԱՄԱՐԵԼ

Այն հազարավոր մարդիկ, ովքեր ՊՊԾ գունդը գրաված ապստամբների գործողությունից ոգևորվել և արդարության հասնելու հույսով փողոց էին դուրս եկել, ապստամբներին չէին մեղադրում, այլ կարեցածի չափ աջակցում էին՝ տեղում ականատես լինելով անարդար վերաբերմունքի. ոստիկանական սադրանքներ, ձերբակալություններ, ոստիկանների թույլտվությամբ բազմության մեջ մտնող քաղաքացիական հագուստով կասկածելի մարդիկ, ծեծուջարդ, ժողովրդի դեմ կանգնելուց և նրա վրա ձեռք բարձրացնելուց հրաժարված ոստիկանի սպանություն, իսկ մեղքն անամոթաբար «Սասնա Ծռեր» -ի վրա բարդող, իրավիճակը մտածված ավելի բարդացնող կառավարություն: Ժողովուրդը շատ լավ գիտի, որ սպանված ոստիկանները վարչակարգի կամայականության զոհերն են: Նույնիսկ այս քաոսային իրավիճակում, այն ժամանակ, մարդիկ շատ լավ գիտակցում էին, որ ոչ թե զինյալներն են երկիրն այդ վիճակի մեջ գցել, այլ իշխող վարչակարգը, որի կեղեքող համակարգը տասնապատիկ ուժով էր բռնություն կիրառել և կիրառում ազգի նկատմամբ: Ազգաբնակչությունը ոչ մի վայրկյան չմեղադրեց «Սասնա Ծռեր» -ին, քանզի հասկանում էր, որ իր լինելիության խնդիրն է վտանգվել: Հարցը «ոչ միայն հացիվ» էր: Իսկ «հացիվ» -ի արժեքը և պակասը օրվա հացի խնդիր ունեցող ժողովուրդն ավելի լավ գիտի: Դրա շնորհիվ էլ քարից հաց քամելով ապրուստ հոգացող հայ մարդը հասկացավ, որ ՊՊԾ գնդի ներսում փակված մարդկանց սնունդ է պետք հասցնել, իսկ վարչակարգը դրա՛ վրա անգամ թքած ունեցավ՝ հաստատելով հիմքից իր առաջնորդների բարոյազուրկ լինելը:

Երբ Արթուր Սարգսյանը երկրում տիրող անարդարություններից դժգոհ բազմության միջից ուտելիք տարավ զինյալներին, արտահայտեց ոչ միայն հավաքվածների տրամադրվածությունը, այլ նաև ամբողջ ազգի սրտի ուզածը: Այս տրամաբանության կամքն արտահայտելո՛վ նա ի կատար ածեց իր կայացրած որոշումը, իսկ ազգաբնակչությունը ընդունելով, որ նա իրեն է հաց բերել՝ ինքն իրեն նույնացրեց Սասնա Ծռերի հետ, բոլորի արարքներն ու կատարածը հստակ բնորոշեց՝ Արթուր Սարգսյանին անվանեց Հաց Բերող: Թերևս որքանով որ ազգի ծոցից ելած քաջերն են արտահայտում ազգի հավաքական կամքը, նույն հզորությամբ էլ ազգն է այդ քաջերի մեջ խտանալով, նրանց շնորհիվ, կայանում որպես ազգ: Եվ այսօր չի կարելի դեռ կալանքի տակ պահվող ապստամբներին դատել ինչպես մի քրեական հանցագործի կամ ուղղակի սպանողի: Հարցը համազգային է, ուստի «Սասնա Ծռեր» խմբավորման դատավարությունը ազգային արժեքների վնասի, կորուստի ու ձեռքբերումների հարթակից պետք է դիտարկել, և միայն այս տրամաբանությամբ կարող են դատվել գործին առնչվող անձինք: Իսկ դատողները, որպեզի անաչառ լինեն, առաջին հերթին իրենք կապ չպիտի ունենան այն համակարգի հետ, որի դեմ տղաներն ապստամբել են: Այսօր, 2019-ի հունվարի 30-ին, Շենգավիթի դատարանում, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը սաքովի գործեր առաջ տանող դատաստանի առաջ են կանգնած՝ ի ապացույց, որ մեր դատաիրավական համակարգում դեռևս արդարություն չի հաստատվել, ի ուրախություն թշնամեաց և ի հեճուկս ազգի սերուցքի, որը ջանք չի խնայում երկրում կյանքը լավացնելու համար: Ամոթ է Արմենին ու Սմբատին վտանգավոր հանցագործի նման, առանց վճիռ կայացնելու, կալանքի տակ պահելը: Արթուր Սարգսյանին Հաց Բերող անվանելով՝ ազգը ժամանակին հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, «Սասնա Ծռեր» -ի ամպստամբությունը համարել է իր պատճառաբանված ու արդարացի ընդվզումը, որի շարունակությունը եղավ Թավշյա հեղափոխությունը: Բայց չէ՞ որ նախկիններից ազատագրված հեղափոխական երկրում այլևս քաղբանտարկյալներ չեն կարող լինել: Սա է իրողությունը, որի հետ անհնար է հաշվի չնստել:


    

Անահիտ Արփեն

Source: hraparak.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2939 | 0 | 0
Facebook