Loading...

Articles

Մի բաժակ թույն էր, մի գավաթ գինի

00:22, Thursday, 16 May, 2019
Մի բաժակ թույն էր, մի գավաթ գինի

Մի բաժակ թույն էր, մի գավաթ գինի,
     Մի սև արկղի մեջ՝ որ Տիրը չանի․․․
     Քուրմը հատել էր շեմը բագինի,
     Որ չար մտքերը իրենից վանի։

Հմայիչ կնոջ մերկ ու անձկալի
     Կաթնաղբյուրներն էր մտքի մեջ շոյում,
     Մութ ու մոլորուն ծիրից անցյալի
     Հերձակի շեղբն էր անկրակ շողում։

Հերձակն անտարբեր քանի սիրտ խրել
     Ու նորոգել էր հայտնության գիրը
     Եվ քանի անգամ արյունով գրել,
     Որտեղ է կենում տնաշեն Տիրը։

Սև խոռոչների հղացքում անուր
     Երկու անհայտ է, մի հավասարում,
     Խանդը՝ թույնի մեջ, գինու մեջ՝ մրուր,
     Սրտի զարկերը ո՞նց չեն դադարում։

Բանադրանքի կապերն արձակեց,
     Դարանից հանեց գավաթները լի,
     Անորոշության շրջանը փակեց,
     Կնոջ հետ փորձեց լինել սիրալիր։

-Ես կյանքն եմ ընտրում, -բարբառեց կինը, -
     Եթե հայտնապես գինին է հինը,
     Չարության մաղձը կոկորդս է քերում,
     Երբ ինձ տեսնում եմ պիղծ զոհի դերում։

Քուրմը խնդմնդաց, - զարհուրանքդ, կին,
     Թե քիմքիս չգա, գավի մեջ անգին
     Ի՞նչ է, ինձ կասես, մահաբեր թույնը,
     Որ չարժևորի ունայնությունը։

Օր ու արևդ քանի փաղաղես,
     Հրապույրներդ պիտի սպառես,
     Անզատ լոկ ցավն է ընկերը մարդուս
     Բարձրից ցած ձգվող կողմում դարիդուս։

Մահդ մոտ անող երրորդ մի հնար
     Ձեռքիս հերձակն է երկսայրի սրած,
     Այս զոհարանում շատերի համար
     Մահվան տագնապ կա, աչքերին սառած։

-Որ կողմերից ես եկել այս մտքին,
     Քեզ կին չի սիրել մի՞թե անքնին,
     Որի գրկում ես կրքերդ հանգած
     Մարել, որ այսչափ մահին ես հակված։

Հիշիր, թե ոնց էր վարդը քափուրի
     Առագաստներն իր հրապույրների
     Ալեկոծ ծովի ջրերում պարզել
     Եվ քո վախերն էր այդպես երիզել։

Մահվանն այդքան մոտ ծովն էր անզգամ,
     Քո երկնավարդից աշխարհում չկար,
     Կռապաշտության այս տոնին անգամ
     Միթե քո սերը հույլի պես կգար։

Ցողիր արյունս թերթերիս կարմիր,
     Թաց հաճույքներից երբեք չաղոտեն,
     Տիր աստծո սիրուց քրմեր ու սատիր
     Դեռ ինչքան պիտի ծնկած աղոթեն։-

Անակնկալից քուրմը կարկամեց,
     Աշխարհն աչքերից աննկատ սահեց,
     Կյանքի ու մահվան այս միամարտում
     Մի շնչում երկու գավաթն էլ ըմպեց։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3689 | 0 | 0
Facebook