Loading...

Articles

«Ս. Էջմիածնի մէջ մոլեգնում է «անհատի պաշտամունք», բայց ոչ` հոգեւոր առաջնորդութիւն»

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
20:52, Friday, 10 May, 2019
«Ս. Էջմիածնի մէջ մոլեգնում է «անհատի պաշտամունք», բայց ոչ` հոգեւոր առաջնորդութիւն»

«Եղիցի Տէր դատաւոր եւ իրաւաբար ընդ իս եւ ընդ քեզ, եւ արասցէ ինձ իրաւունս ի ձեռաց քոց» (Ա Թագ. ԻԴ, 16) ։ «Անօրենք հալածեսցին ի միասին, եւ զաւակ ամպարշտաց կորիցէ։ Փրկութիւն արդարոց ի Տեառնէ է, վերակացու է նոցա ի ժամանակս նեղութեան (Սաղմոս ԼԶ, 38): «Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան (Մատթէոս Ե, 10):

Յիսուսի նախազգուշացումը, թէ «…ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամոնայի» (Մատթ. Զ, 24) երկար, շատ երկար ժամանակ վստահ էի, որ վերաբերում է աշխարհականներին, ովքեր Աստուծոյ անունը միշտ շուրթերին՝ հարստահարում են, պղծում են, կաշառում են եւ կաշառւում… Բայց այն ամէնը, ինչ հասարակութեան մէջ սկսեց թեւածել 1999‐ից ի վեր ս. Էջմիածնի նորաթուխ գահակալի մասին եւ անմիջապէս Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Թեմերի առաջնորդին պաշտօնանկ եւ ապա oվկիանոսի միւս ափից կարգալոյծ անելու խայտառակ պատմութիւնը, այլեւս հասկանալի դարձաւ, որ մեր պատմութեան սեւ ու դառն ժամանակները Հայ ժողովրդի քրիստոնէական դարձով բացատրելը, առաւել եւս մեր հոգեւոր ու նիւթական մշակոյթը թերագնահատելով կամ մերժելով, կռապաշտական անցեալի վրայ ողբասացների ողբը երկու նախընթաց ունի։

Առաջինը՝ կամ նենգագիտութիւնների հեղինակներն են, ովքեր բաւականին ծոյլ են պատմութեան էջերը թերթելու համար եւ կամ, երկրորդ՝ մի նոր թափով հիմա էլ արդէն ոչ թէ անաստուածութեան (ateism), այսինքն Աստծուն սկզբունքօրէն մերժելու կատաղի միջոցն են գործածում, այլ փորձում են ազգային բովանդակ չարիքների պատճառը տեսնել «Քրիստոնէութիւնը իբրեւ պետական կրօն ընդունելու մէջ» ։

Հետեւաբար, այս երկու կողմերն էլ գիտակցաբար կամ անգիտակցաբար նպաստում են այն մօտալուտ աղետին որ, վստահ եմ, պայթելու է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ քրիստոնէական մեր հաւատքի վրայ, քանի որ հային այլասերումի համար միայն այդ էր պակասում. պակասում էր հայոց լեզուն եւ գրագիտութիւնը «ակադեմիական մտաւորականների» ձեռքին իբրեւ խաղալիք տալը։

Ուստի տրամաբանական եւ հասկանալի է, թէ ինչո՛ւ տարբեր եղանակներով Էջմիածնական միաբանութեան քահանաներից մինչեւ արքեպիսկոպոսներ չարակամութեամբ մեկուսացուեցին:

Ժնեւի հովիւ Տէր Աբել Քահանայի պաշտօնանկութեամբ մեր հոգեւորական դասը պակասեց աստուածաբանութեան մի դոկտորով, որպիսիք քիչ են միաբանների մէջ։ Գարեգին վարդապէտ Յարութիւնեանը, որ ուսանում էր ի Գերմանիա եւ միաժամանակ հովիւն էր տեղի համայնքի, նոյնպէս դարձաւ հալածեալ, զրկուելով աստուածաբանութեան դիպլոմ պաշտպանելու հնարաւորութիւնից։ Մայր Աթոռի միաբան Եղիա վարդապետ Խաչատրեանի ներկայութիւնն ու նրա գործունէութիւնը նոյնպէս ներդաշնակ չէր արդարազանց կաթողիկոսին… Եւ զանազան միջոցներով՝ մի դէպքում բացայայտ ապօրինի վճիռով, յաջորդին՝ պարզապէս հրաժարական պահանջելով, երրորդ դէպքում… Կոպիտ, անպարկեշտ, գրեթէ փողոցային ոճով վիրաւորելն է այս երրորդ դէպքը։ «Մտաւորական» ենթադրուող ակադեմիկոսները համարձակւում են դաս տալ Երուսաղէմի Ամենապատիւ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, թէ «Բարձրաստիճան եկեղեցականին վայել չէ նման ոճով, լեզուով եւ դարձուածքներով արտայայտուրել Հայոց Եպիսկոպոսաց դասին, առավել եւս նրա Գահակալին» :

Սակայն մեր Եկեղեցու ճակատագրով շահագրգիռ հայ հասարակութիւնը ծանօթ է Նորվան Արքեպիսկոպոս Զաքարեանի հրաժարականին, որի դրդապատճառը եղել է գահը յափշտակած Գարեգին Ներսիսեանի լկտի խօսքը՝ «Եթէ, Տէր Վաչէ Քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն եւ թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես այլեւս»: «Այո՛, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլեւս»: «…Վաչէ քահանային սքեմը, իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»:

Եթէ ակադեմիականների համար իրեն օրինաւոր ընտրուած կաթողիկոս կարծողի խօսքի այս ձեւը «վայելուչ է բարձրաստիճան եկեղեցականին», ապա այլեւս զարմանալի ոչինչ կայ հայ մտաւորականների ստորաքարշ կեցուածքի նկատմամբ։ Նրանց համար, յիրաւի, տարօրինակ է, որ մարդը կարող է նաեւ արժանապատուութիւն ունենալ… Անկախ հոգեւորական, ակադեմիական եւ կամ մի սովորական աշխարհական լինելուց։

«Ատենէ մը ի վեր նկատած եմ որ զիս վիրաւորելն ու վարկաբեկելը Ձեր հաճոյքը դարձած է, — գրում է իր հրաժարականի մէջ Նորվան Արքեպիսկոպոսը.— Ձեր որակումներն ու մեղադրանքները ուղղուած՝ անձիս դէմ պարզապէս զարմանք կը պատճառեն ինծի: Դուք չէք անդրադառնար գուցէ, թէ մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ»:

Անշուշտ բացառւում է որ մարդու արժանապատուութիւնը ոտքի տակ ճզմողը կարող է ունենալ սեփական արժանապատւութիւն։ Սոյն աքսիոմը երբէ՛ք ապացոյց չի պահանջում. եւ այս պարագային՝ նոյնպէս, քանի որ մենք գործ ունենք մի «բարձրաստիճան» հոգեւորականի հետ, որի մասին նրան աւելի մօտից ճանաչող Տէր Մասիս քահանան արձագանգում է. «Գերաշնորհ Պատրիարք Հայր. Ազգը հրճուանքի մեջ է, նոյնիսկ կղերականները։ Դուք եղաք միակ ճշմարտախօսը որ պատռեց դիմակը ցաւագարի որ բազմել է Լուսավորչի գահին… Նա հասաւ այնտեղ ստոր միջոցներով՝ մատնութիւն, նենգութիւն, սեռային լկտի կեանք եւ կաշառք։ Գիտելիքներից զուրկ [նա] չէր կարող անել եւ ոչինչ, բայց [եթէ] քանդել Հայ Եկեղեցին։ […] Նա Հայ Եկեղեցին վերածել է եպիսկոպոսաց մանկապարտէզի, իսկ միաբանութիւնը մատնուած է անգործութեան…»:

Սակայն ո՞վ է այդ Վաչէ քահանան, ում սքեմը, ոչ միայն կաթողիկոսական գահի usurpator Գարեգին Ներսիսեանի «պատիւը» լինելուց, պէտք է որ Նորվան Արքեպիսկոպոսի պատիւն էլ լինի, ինչպէս նաեւ «պէտք է լինի, իւրաքանչիւր հայ եկեղեցականի պատիւը» … Այս հարցին սպառիչ պատասխան է տուել Նորվան Արքեպիսկոպոսը իր հրաժարականի մէջ՝ հասարակութեան առաջ առանց բացայայտելու որեւէ մանրամասն։ Հրաժարականի մէջ նա յայտարարել է. «Վեհափառ Տէր, «բիզինես» հոգեբանութեամբ դաստիարակուած անկառավարելի եկեղեցականները կառավարելու ո՛չ տրամադրութիւնը ունիմ, ո՛չ ալ ժամանակը: Հայ Առաքելական եկեղեցւոյ բարեկարգումը եթէ միայն ուղենիշ է կամ կանոնադրութիւն, նպատակը եթէ միայն վարչական կարգապահութիւն երաշխաւորելն է, ապա Հայոց Մայրավանքի մէջ բացակայ է շնորհքի եւ սիրոյ մթնոլորտը, յոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը: Մաղթենք որ մեր Սուրբ Եկեղեցին չվրիպի իր առաքելութեան բովանդակութենէն»: Յիրաւի այս պատասխանը սպառիչ է եւ աւելին է ասում, քան սոսկ «բիզնես‐հոգեւորականութեան» գոյութիւնն է։ Մենք առաջին անգամ լսում ենք ս. Էջմիածնի մէջ արդէն մոլեգնող «անհատի պաշտամունքի», բայց ոչ հոգեւոր առաջնորդութեան մասին։

Ուստի, անհրաժէշտ է բացել ամբողջ պատմութիւնը, որ հնարաւորութիւն կը տայ եւս մէկ անգամ համոզուելու, թէ ո՛ւմ է հովանաւորում Գարեգին Ներսիսեանը եւ ինչո՛ւ պնդում որ Վաչէ քահանայի սքեմի պատիւը պետք է լինի նաեւ Նորվան Արքեպիսկոպոսի պատիւը… Ինչո՞ւ այդ քրէական յանցագործի սքեմը պէտք է ոչ միայն իր՝ Գարեգին Ներսիսեանի այլ եւ իւրաքանչիւր հայ եկեղեցականի պատիւը լինի… Այս ի՞նչ պատուարժանութեան մասին է խօսքը…

Նիսի նախկին հոգեւոր հովիւը երբեմնի ծխական խորհրդի հետ հինգ տարի շարունակ եղել է բախումների մէջ։ Քանի որ Տէր Վաչէ քահանայ Հայրապետեանը կաթողիկոսական գահը յափշտակողի «մարդն» է, Գարեգին Ներսիսեանը նրան ուղարկում է Ստրասբուրգ, որտեղ, թեմական կանոնադրութեան համաձայն, աշխատանքային պայմանագիր կնքելը թեմական կամ ծխական խորհուրդների գործն է եւ ոչ թէ եկեղեցական իշխանութեան։ Բայց կոպիտ ու անպարկեշտ դիտողութիւն է անում Նորվան Սրբազանին, ով այս պարագային ներկայացնում է եկեղեցական իշխանութիւն։ Հիմա կատարելու ենք մի տհաճ եզրակացութիւն. Գարեգին Ներսիսեանը կա՛մ չգիտէ կանոնադրութիւնը, որ նոյնիսկ թերուս հոգեւորականի համար բացառւում է։ Եւ կա՛մ… եւ կա՛մ միտումնաւոր է անգէտ ձեւանում՝ թեմական առաջնորդի արժանապատուութիւնը «ոտքի տակ ճզմելու» նպատակով։ Այս դէպքում նրա հաշուարկը միանգամայն գործնական է։ Եթէ Նորվան Սրբազանը կուլ է տալիս վիրաւորանքը եւ շարունակում է պաշտօնաւորել, ապա նշանակում է, որ նա արդէն ձեռնասուն է, ինքնուրոյնութիւնից զուրկ մի կամակատար, որպիսիք ունենալու համար է Գարեգին Ներսիսեանը սկսել Եկեղեցու հոգեւորականների ջարդը։ Բայց եթէ գործ ունի արժանապատւութիւն ունեցող անհատականութեան հե՞տ… Ապա խնդիրը ինքնին լուծւում է։ Հետեւում է հրաժարականը…

Իսկ Տէր Վաչէ քահանայ Հայրապետեանը իբրեւ քրէական յանցագործ, դատական հետապնդումի տակ է։ Ֆրանսիայի դատարանը փաստել է նրա յանցագործութիւնը, մենք ի թիւս հայաստանցի բազմաթիւ յանցագործների, որ բանտարկուած են, ունենք նաեւ պայմանական բանտարկուած հոգեւորական, որի ոտքին հագցված ապարանջանը թույլ չի տալիս Վաչէ քահանային լքել բնակավայրը… ահա եւս մի «աշխարհացունց» խայտառակութիւն։

Բայց խայտառակութիւնների շղթան այսքանով չի վերջանում։

Սեփական քիմքին անհաճոյ հոգեւորականներին մի քանի մեթոդներով պաշտօնանկ անելուց յետոյ նրանց հետագայ կեցութեան համար ս. Էջմիածինը բնաւ մտահոգութիւն չունի։ Երկարամեայ հոգեւոր ծառայութիւն կատարած մարդիկ պաշտօնանկ են արւում առանց թօշակաւորուելու։

…Ինձ յատկապէս անհանգստացնում է Գարեգին Ներսիսեանի երկերեսանութիւնն ու կեղծաւորութիւնը անցեալ դարավերջի ոգեղենութեան մի քանի տարիներին եւ ապա նրա ու Հայաստանի ապօրինի նախագահների համագործակցութիւնը Երկիրն ու Եկեղեցին ժողովրդին օտարացնելու համար։

1999 թ. Հոկտեմբեր 11-ից Տէր Յակոբ քահանայ Պետրոսեանը եւ Տէր Գրիգոր քահանայ Աւետիսեանը Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան գրասենեակի դէմ նստացոյց են արել, իբրեւ բողոք հայ ժողովրդի ոտնահարուած իրաւունքների։ Այդ քահանաները ժամանակին, մէկ տեսնամեակ առաջ օգնել են ազատամարտիկներին։ Այնպէս որ նրանց քաղաքացիական կեցուածքը շատ‐շատերին է յայտնի։ Նստացոյցը տեւել է մինչեւ Դոկտեմբեր 29-ը։ Բայց Հոկտեմբեր 27-ին, Ազգային Ժողովի մէջ թնդացող կրակոցների տակ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոս նշանակուած Գարեգին Ներսիսեանը կարգալոյծ է արել քահանաներին, այն մեկնաբանութեամբ, թէ «ձեր կեցուածքը անհարիր է հոգեւորականի կեցուածքի հետ» ։

Բայց անպարկեշտ է Գարեգին Ներսիսեանի կեցուածքը, քանի որ իր զաւթած իշխանութեան առաջին իսկ օրերից սկսել էր ազատուել բոլոր նրանցից, որոնց լաւ էր ճանաչում եւ ծանօթ էր ոմանց ընդվզելու ընդունակութեան ամէն տեսակի անարդարութիւնների դիմաց։

Այս դէպքում նոյնպէս բացայայտ է նրա կամայականութիւնը, երբ ոտնակոխ է անում երկրի քաղաքացու իրաւունքը։ Տէր Յակոբն ու Տէր Գրիգորը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ են եւ Երկրի Սահմանադրական Օրէնքները պաշտպանում են նրանց մարդկային բոլոր իրաւունքները։ Երբ երկիրը պատերազմական դրութեան մէջ է եւ միայն անտարբեր մարդիկ կարող են հաւատալ այն խաբուսիկ խաղաղութեանը, որ իբր պաշտպանում են «ռուսական խաղաղապահները», ապա հոգեւորականը անպայման իրաւունք ունի, պարտաւոր է իբրեւ քաղաքացի իջնել նոյնիսկ ռազմադաշտ։ Անհարկի են բոլոր այն նախընթացները յիշատակելը, որպիսիք առատ են ոչ միայն համաշխարհային պատմութեան հարիւրամեակների, այլ եւ ազգային պատմութեան մէջ… Հենց թեկուզ մեր ոչ հեռաւոր անցեալի այն փառաւոր էջերը, երբ Մայրավանքի միաբան Գարեգին եպիսկոպոս Յովսէփեանը, Զաւէն եպիսկոպոս Մահտեսի Բաբայեանը, Թադէոս եւ Եզնիկ վարդապետները եւ այլոք եղել են ռազմաճակատի առաջաւոր գծի վրայ։ 1918 թ. Մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե Սուրէնեանցը երկրով մէկ տարածել է Մայր Տաճարի ահազանգը, ոտքի հանելով ժողովրդին եւ դարձել է Հայ ժողովրդի ազատագրութիւնը օրհնող առաջին կաթողիկոսը… Եւ մի՞թէ նրանք դրսեւորել են «հոգեւորականին անհարիր կեցուածք» ։

Նստացոյց անող քահանաներին 1999 թ. Դեկտեմբեր 1-ին կարգալոյծ անելով, ս. Էջմիածնի ձախաւեր գահակալը դրսեւորուել է ոչ թէ հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդ, այլ իրեն բացայատել է իբրեւ իր նման դրածոյ եւ ոճրագործ նախագահների հետ նոյն լծափայտին տրուած, ազգային կառքը դէպի օտարի անդունդը տանող ապիկար։ Յիրաւի, այս ամէնի գիտակցութեամբ որեւէ մէկը անօգնական վիճակից դուրս գալու ճամբան որոնելու է ակամայ լուտանքներով, քանի որ տեսածի ու ապրածի ազդեցութեամբ առայժմ ուրիշ կարպ ոչ մի փրկութեան դուռ չես տեսնում, որպիսին եթէ նոյնիսկ դեռեւս կայ, ապա այն էլ գոցել են ձգտում քրիստոնէական վարդապետութիւնն ու Հաւատը քաղաքացիական զգացումից զուրկ խեռաբարոյ ու ստահակների հետ նոյնացնողները։ Իսկ նման ստամբակներ, ցաւօք, բնաւ էլ քիչ չեն եղել կաթողիկոսական գահի վրայ գրեթէ երկու հազար տարուայ մեր Դարձից յետոյ։

Իսկ եթէ յիշենք «օֆշորային» հերոս Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին, Կոմիտաս վարդապետ Յովնանեանի հասարակական անպատկառութիւնը, Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջեանին, ով վստահ է, թէ «Քահանային տեսնել… Սքեմը նրա տեսնել… Յարգել նրան… Սրանք մշակոյթ են…»: Այդպիսի «հոգեւորականներով» է իր գահակալութիւնը ապահովագրում Գարեգին Ներսիսեանը, ում ապրելու եւ գործելու կարգախօսն է. «Թէ գողին ընկեր, եւ թէ՝ քարաւանին բարեկամ» …

Իսկ իրենց «մտաւորականներ» ներկայացնող կէսկատար ակադեմիկոսները համարձակւում են դաս տալ Ամենապատիւ Նուրհան սրբազան Մանուկեանին. «Անմիաբանութիւնն ու երկպառակտումը միշտ էլ չարիք են եղել մեր ժողովրդի անցած ողջ պատմութեան ընթացքում: Ուրեմն ինչո՞ւ ժողովուրդը պիտի իմանայ, որ մեր հավատքի կարեւորագույն երկու սիւները լուրջ եւ վնասաբեր գժտութիւն ունեն, որոնք վնասում են մեր եկեղեցու և պետութեան միասնությանը: Համազգային այս ողբերգութիւնը պէտք է կարողանալ յաղթահարել: Բարի կամքի դրսեւորման դէպքում անլուծելի հարցեր չկան» ։

Եւ դարձեալ քօղազերծում են իրենց սաւոկային ստորաքարշութեամբ եւ անպատասխանատուութեամբ հագեցած միտումները։ Նրանք փորձում են յարութիւն տալ բոլշեւիկեան այն դրոյթին, թէ՝ «Ով մեզ հետ չէ՝ մեր դէմ է» ։ Եւ, ուրեմն, պառակտողները «մեզ հետ չեղողներն են» ։ Իսկ յաջորդ նախադասութեամբ մեղադրում են «եկեղեցու եւ պետութեան միասնութիւնը վնասելու մէջ» ։ Բայց մի՞թէ Եկեղեցին անջատուած չէ Պետութիւնից։ Խնդիրն էլ հէնց այն է, որ այդ միասնութիւնը բոլորովին այլ գետնի վրայ է, ինչին արդէն անդրադարձել եմ։ Այդ գետինը ժողովրդին, նրա երկիրն ու նրա Եկեղեցին օտարին մատուցելու ընդհանուր ծրագիրն է։ Այնուհետեւ, բանից պարզւում է, որ ժողովրդից, այսինքն` իրականութիւնը ընտրողներից թաքցնելը նրանք կարծում են իրաւացի եւ նոյնիսկ բարոյական։ Այս համախօսականի հեղինակների մէջ գոնէ մի գրագէտ մարդ չկայ… Նրանք ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ յայտարարում են, թէ «հաւատքի երկու սիւները լուրջ եւ վնասաբեր գժտութիւն ունեն» ։ Այստեղ խնդիրը ֆրանսացիների ասած «կոճղային լեզուն» չէ։ Խնդիրն այն է, որ «երկու սիւները գժտութիւն ունեն ոչ թէ իրար հետ», այլ առանձին‐առանձին բացայայտել են Գարեգին Ներսիսեանի անհանդուրժելի կեցուածքը, նրա շահատակութիւնները, նրա փարիսեցիութիւնը, նրա տմարդի արարմունքները։ Ես չեմ ասում «կաթողիկոսին անվայել», զի որքան արդէն բացայայտ է, հայ հասարակութիւնը, ժողովուրդը այլեւս գիտակցում է Հոկտեմբեր 27-ի արիւնոտ օրուայ նրա անիրաւ նշանակումը։ Աւելին. Լրատւութիւն ռադիո-կայանը իր մի հարցազրոյցով օրերս հրապարակել է Սերժ Սարգսեանի վերաբերմունքը. «Առանց այն էլ թշնամիներ շատ ունեմ։ Թող իրենք լուծեն իրենց հարցերը» ։ Իսկ ես դեռ անպայման կ'անդրադառնամ այս հարցազրոյցի նիւթին նոյնպէս։

Բայց առայժմ «Յո՞ երթաս, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի» յօդուածի հերթական դրուագը աւարտելու եմ Մատթէոս Աւետարանիչի խօսքով, որ վերաբերում է մեր եկեղեցու հիմքերը սասանող Գարեգին Ներսիսեանին եւ նրան հաւատարմօրէն ծառայող գործակիցների ընչաքաղց խմբին. «Վա՜յ ձեզ… Կոյր առաջնորդներ, որ մոծակին քամում էք եւ ուղտը՝ խժռում։ Նոյնպէս եւ դուք դրսից իբրեւ արդար մարդ էք ներկայանում, բայց ներսից լեցուն էք կեղծաւորութեամբ ու անօրէնութեամբ» (Մատթէոս, ԻԳ, 24, 28) ։


    

Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ
    
Փարիզ, 2014

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4893 | 0 | 0
Facebook