Հին Հնդկաստանում մի իմաստասեր է եղել, որն ընդամենը մեկ աշակերտ է ունեցել: Օրերից մի օր, երբ երկինքը մայրամուտի շառագույնով է ներկվել, նա իր այդ աշակերտին ասել է.
-Իմ սիրելի, իմ շատ սիրելի աշակերտ, մոտեցիր գերեզմանոցին և ձայնիդ ամբողջ զորությամբ ներբողներ հղիր մեռյալներին:
Աշակերտը մոտենում է գերեզմանոցին ու, խախտելով մեռելային լռությունը, մահացածներին գովաբանող ներբողներ է բարձրաձայնում: Հետո վերադառնում է ուսուցչի մոտ:
-Մեռելները քեզ ի՞նչ պատասխանեցին, - հարցնում է ուսուցիչը:
-Ոչի՛նչ, - պատասխանում է աշակերտը:
-Այդ դեպքում, բարեկա՛մս, վերադարձի՛ր գերեզմանոց և ամեն տեսակ հայհոյա՛նք թափիր մեռելների վրա:
Աշակերտը վերադառնում է գերեզմանոց և թոքերի ամբողջ զորությամբ հայհոյում է մեռելներին: Մի քանի րոպե անց նա վերադառնում է ուսոցչի մոտ, որը նրան հարցնում է.
-Մեռելներն ի՞նչ պատասխան տվեցին:
-Դարձյալ ոչինչ չպատասխանեցին, - ասում է աշակերտը:
Եվ ուսուցիչը նրան պատվիրում է.
-Դու պետք է մեռելի նման անտարբեր լինես այլոց և՛ գովասանքների, և՛ հայհոյանքների նկատմամբ: Նա, ով քեզ այսօր գովաբանում է, վաղը կարող է քեզ հայհոյել, իսկ նա, ով այսօր քեզ հայհոյում է, կարող է վաղը քեզ փառաբանել: Գովեստների ու հայհոյանքների քամու ճանապարհին հայտնված տերևի նման մի՛ եղիր: Հավատարիմ մնա ինքդ քեզ և հնարավորինս հեռու մնա թե՛ մեկից, թե՛ մյուսից: