Պատուհանից պահարան ընդամենը հի՜նգ քայլ է:
Անցնում եմ այդ հինգ քայլը հինգ վայրկյանում:
Պահարանից պատուհան նույնպես հի՜նգ քայլ է:
Անցնում եմ երե՛ք վայրկյանում:
Անհասկանալի է՝ սենյա՞կս է փոքրաում, թե՞ ժամացույցս է ինչ-որ կատակներ անում ինձ հետ:
Խոստացել էր գալ ուղիղ 16.30-ին, հիմա 16.50 րոպե է:
Անտանելի վախ է պատում, երբ նայում եմ հեռախոսիս:
Հեռախոսս էլ հո անհոգի չի, նաև խի՛ղճ ունի ու հենց այդ պահին էլ խղճալի բղավում է:
Չեմ կարողանում խոսել, գիտեմ, որ կասի թե չի ստացվում իր գալը:
- Ալլո՜, կներե՜ս, ուշանո՜ւմ եմ, խցանումներ են:
- Շա՞տ կուշանաս:
- Չգիտե՜մ:
Ի՞նչու ասացի այդ շատ բառը – ի՛նքս էլ չհասկացա:
Որ իմանայի ինչքան կուշանա՝ չէի անհանգստանա:
Նորից պատուհա՜ն- պահարան, պահարա՜ն-պատուհան:
Չէ՜, դիմանալ չի՛ լինի, ինքս կզանգեմ:
- Ուշանո՞ւմ ես:
- Այո՛:
- Ի՛նչքան:
- Չգիտե՜մ:
Մարդիկ, որոնք չէին ցանկանում իրար հանդիպել, արդեն հանդիպել են, իսկ ես դեռ սպասում եմ:
Մարդիկ, որոնք իրարից հեռացել են, արդեն վերադարձել են, հանդիպել են, իսկ ես պահարանից-պատուհան, պատուհանից-պահարան:
Ժամը 18.05 էր, երբ դռան զանգը հնչեց:
- Ողջո՜ւյն, շատ չեմ ուշացել չէ՞:
- Չէ՜, նորմալ է, գիտեի, որ մի քիչ կուշանաս, անհանգստանալու բան չկար…