Loading...

Articles

ԴԱԼՈՒԿ ԱՐԵՎ /պատմվածքաշար/

09:06, Tuesday, 19 March, 2019
ԴԱԼՈՒԿ ԱՐԵՎ /պատմվածքաշար/

ԱՆԳԱՄ ՁՅՈՒՆՆ ԷՐ ՍԵՎ, ԵՎ ԱՐԳԱՆԴՈՒՄ ԽՓՈՑ ՉԿԱՐ
    
    

Կախականջը նման գարուն չէր հիշում: Պատահել էր՝ ցուրտը վրա տա, նոր պտկած ծառերին, կանաչին ձյուն նստի, ջրափոսերը պուզ բռնեն, բայց նման բան՝ չէ, չէր մտաբերում: Գալիս էր ու գալիս, թափվում էր անկանգ, անտես, ասես, ոչ ձնհալ էր եղել, ոչ առուների խոխոջ, թափվում էր՝ հաշվի չառնելով, որ Կախականջը դեռ մեկ ամիս առաջ, բնության ձայնին հլու, Պոչիկ ձորով ընդառաջ էր գնացել Սևամեջքի կանչին ու ետ եկել՝ սիրո սաղմով ծանրաբեռ, ուրիշ ճամփով, որպեսզի հետո, երբ ձագուկներն աշխարհ գան, հայրը չառնի նրանց հոտը, չիմանա նրանց տեղը, նրանց գոյությունը: Էլի մի տասնհինգ, քսան օր, ու նա ծննդաբերելու էր՝ ապահով, համոզված, որ կերի պակաս չի լինի, իրենն են հեղեղատի խոտն ու ծաղիկը, զուլալ առուն՝ Դևնոցի մամռոտ պատերից սկիզբ առնող: Բույնը մոռացված քարհանքի մոտ էր լինելու, արդեն աչք ուներ դրած, մասրենու թփերով պատսպարված խորշում, ուր չոր էր, ողողման վտանգից հեռու, եթե անձրև գար, եթե նույնիսկ վարարեր գետակը:

Անցյալի սխալն էլ չէր կրկնելու: Այն ժամանակ պակասում էր փորձը. տեղը գետին մոտ էր ընտրել ու վարարումներից մեկի ժամանակ, երբ ջրի հորդանալը տեսնելով՝ ձսգերից, թերևս, ամենադիմացկունին, ամենալավին վերև տանելուց հետո ետ եկավ, բույնն արդեն չկար, պղտոր հորձանքի տակ էր մնացել: Ամեն ինչ Կախականջի ուզածի պես էր լինելու, տասն անգամ մտովի տեսած-երևակայածից ավելի լավ, և ամեն անգամ արևի գալուստը նա դիմավորելու էր ծաղկաշատ լեռնանցքում, ձագուկների հետ՝ ականջում մամռոտ պատերն ի վար ծորող ջրերի ճլճլոցը, գետի խուլ ձայնը՝ ներքևից, արտույտների երգն ու մեղուների բզզյունը: Բայց… անժամանակ ձյունը խառնել էր ծրագրերը, և գունեղ պատկերներին փոխարինելու էին եկել անորոշ տագնապը, երկյուղը՝ ցրտաշունչ լուսաբացին եղյամապատ խորշում ցնկնելու մտքից:

Ձյան տակ էին մնացել թե նորելուկ կանաչը, թե հերվա խոտը: Ոչ մի շյուղ, ոչ մի ծեղ, որ ատամի տակ առներ, մեղմեր ստամոքսի ցավը: Կախականջն առջևի թաթերը գետնից կտրելով՝ փորձեց հասնել մասրենու գետնամերձ ճյուղերին: Երկրորդ ցատկն ավելի հաջող ստացվեց, ու նա կախվելով մասրենու չորուկից՝ քաշքշեց: Ցնցումից սունկ-հսկան փուլ գալով՝ ծածկեց նրան: Կենդանին երկյուղած մի կողմ թռավ, սակայն խախուտ սավանին մնալը դժվար էր, ու նա գլխովին թաղվեց, մի պահ անօգ թպրտաց ձյուների մեջ: Այսուայնտեղ կարմրին տվեց աշունքվանից մնացած հատապտուղը: Ուժ առնելով՝ վերստին հայտնվեց թփի տակ: Մացառուտում առաջանալ չէր համարձակվում, թեև խորքերում ձյուն գրեթ չկար, գայթակղիչ փայլ ունեին թափված մասուրները, հաստ շերտով գետինը բռնած խաշամը: Գիտեր կոնաձև փշերի զորությունը. կեռված ականջաբլթակը չմոռացվող դաս էր, հարկադիր ծանոթության արդյունք:

Հիշեց… Գամփռը քարափի գլխին իրեն էր ուտում, լեզուն դուրս գցած գնում-գալիս, կիրճ տանող ուղի փնտրում: Լեղաճաք դիմեց քարհանքի կողմը, սակայն կեսճամփին տեսնելով ընդառաջ եկող ահարկու գազանին՝ սուրաց, ուղղակի մխրճվեց մասրուտը: Ասեղները սանրեցին մեջքը, բլթակը տաքացավ, բայց փույթ չէր, մորթու մասին հետո կհոգար: Շունը հասավ, զարկվեց մացառուտին, փորձեց սողոսկել: Մետրի չափ տարածություն էր բաժանում: Ատամների կափակափյունը, ընդհատ շունչը, վայրի հայացքը… Կիսամեռ սպասում էր վախճանին: Ուժը հազիվ շնչելուն էր հերիքում: Արյան հոտից, մասրենու ճանկերում մնացած մորթու ծվենների տեսքից, իր մերձությունից՝ նույնպես, գազանը դիվահար եղավ. մոլեգին հաչում էր, կրակ կտրած պտտվում թփուտի շուրջը: Նախրապահը վերևից կանչեց, իսկ նա՝ աչքն արյուն, մոռացել էր նախահոր երդումը՝ մարդուն: Ի վերջո շունը հեռացավ՝ պոչը ցից, եթե մնար, ինքը հաստատապես վախից ոտքերը կպարզեր, կդառնար կեր մրջյուններին: Հետո մի շաբաթ ձախ ականջն այրվում էր, ապա ցավը մեղմվեց, անցավ, բայց բլթական այդպես էլ ջարդված ցողունի պես մնաց կախ, լոշտակ: Դեռ լավ է, նապաստակները մարդկանց նման միատեղ չեն ապրում, իրար ծաղրել չունեն, թե չէ պիտի շարունակ ամաչեր ֆիզիկական թերությունից, խուսափեր հանդիպումներից: Միակ մտերիմը Սևամեջքն էր, որի համար, սակայն, առավել կարևորը, հետաքրքրականն ու ցանկալին ականջի հակառակ բևեռն էր: Մի փոքր, թերևս, լսողությանն էր խանգարում, բայց, դե, գլուխ հանում էր:

Կախականջը մտաբերեց Դևնոցը. այնտեղ տաք է, քամուց պատսպարված, թեքությամբ իջվարող ձյունը դժվար թե աղբյուրի շուրջն աճած կանաչը ծածկած լինի: Հեչ որ չէ՝ պատերի մամուռը կա ու կա: Մինչ Դևնոց կլիներ, երևի, հարյուր հիսուն քայլ: Եթե եղանակն ուրիշ լիներ, տարածությունը կանցներ մեկ-երկու րոպեում, բայց հիմա… Ոչ թե գնում էր, այլ վարում ձյունը, ետքից բացվածը ոչ թե ոտնահետք էր, այլ ակոս, միայն թե ոչ ուղիղ՝ ինչպես արտում է: Ծանրած փորը մի կողմից էր խանգարում, փափուկ ձյունը՝ մյուս: Միակ սփոփիչն այն էր, որ չէր հասցրել փոխել մորթու գույնը, և նկատվելու վտանգ չկար, եթե, իհարկե, գաղտուկ չմոտենային:

Մատուռը ձյան տակ կքել, քարը քարին մի կերպ դիմանում էր: Ներսում ձյուն չկար, և բաց դռնից սևին էր տալիս սալահատակը: Պատերից կախ զանազան ասեղնագործ լաթեր կային՝ մի տեսակ լղպոր ու վանող, մի քանիսի ծոփքերն այրված, կեղտակուր: Քարերը, հատակն ամբողջ, ծիսապարագաները պատած էին հալված մոմով: Օճորքը սև էր, ծխահար, նույնը՝ պատերը: Միայն մի տեղ կարմրին էր տալիս տուֆը՝ հենց տեղի քարհանքից, ով իմանա որ դարում հանած: Մոմակալներից մեկը որմնախորշից ընկել էր ցած, գլորվել մատուռի անկյունը: Կիսահալ մոմն այդպես էլ տափակած սառել էր խորանի առաջ, ընկած տեղում: Կախականջը հոտոտեց, բերանն առավ: Զզվելի անդուր համն ու թույլ նավթահոտը արհեստական ծագման մասին էին վկայում: Հետաքրքիր այլ բան չգտնելով՝ դուրս եկավ: Համատարած ճերմակության մեջ ընդգծվեց խաչքարերի շարուկը: Բայց նա ընդամենը նապաստակ էր՝ արվեստի արժեքներից գլուխ չհանող, բացի դա՝ քաղցը նկարչագեղ տեսարանով զմայլվելու տրամադրություն չէր թողնում: Հասնելով ժայռին՝ Կախականջը քայլերը դանդաղեցրեց: Դևնոցի պատերը վերից վար ծեփված էին ձյունով, ջրի չռռոցը խլացել, ևս ուրիշ էր: Մամուռին հասնելու համար շրջանցեց Մեծ քարը: Չնայած ձյան առատությանը, մեկ-երկու քայլից թաթիկները թրջվեցին, քիչ մնաց շրմփա ջուրը, ու նա ետ-ետ գնաց. անհույս գործ էր:

Երկինքն ի վերջո պարզեց մթամած դեմքը, տրվեց սկզբում՝ չկամ, ապա՝ ինքնաբուխ, նման այն կնոջը, ով առաջին անգամ է ապրում միաժամանակյա վայելքի բերկրանքը: Ամպածրարը բացվեց, ու ամեն արարած վերստին հայացքը գետնից կտրելու, տիեզերքի բաբախյունն առնելու, նրա կանչը լսելու հնարավորություն ստացավ: Երկիր մոլորակի վրա նման պարապ զբաղմունքի համար, սակայն, քչերը ժամանակ ունեին, համենայնդեպս՝ ոչ Կախականջը: Գոնե ձյունը քիչ լիներ. թաթերով ետ կտար, կհասներ նախորդ տարվա խոտին, բանջարանոցները կմտներ: Թեկուզև սևացած՝ կաղամբակոթն ու ցրտահար կարտոֆիլը չեղածից լավ են: Իսկ եթե շրջանցի ֆերմա՞ն: Դժվարը խոտի դեզերին հասնելն է՝ կեր, ինչքան ուզես: Մայրն է սովորեցրել ճամփան: Գետի ուղղությամբ կիջնի, Չռիկի մոտ երեխաների բացած նեղաղոտ կածանով կելնի աղբյուրի թաղն ու, Նախավկա առուն բռնած, կգնա մինչև գոմերը: Ճանապարհի ամենադժվար հատվածն այդտեղ է: Թե շները հոտն առան, վերջ, ավելի լավ է կորնգանի հյութեղ խրձերը մտքից քշելով՝ փախչի, ազատի գլուխը: Նախանցյալ տարի մայրը, եղբայրներից երկուսը նրանց բաժին դարձան: Հանրային գոմերից խոտնոց տանող ամենակարճ ճամփան ծիրանուտով է անցնում: Դժվար էլ չէ: Շարան քարերի մոտ պիտի միայն հատի ջուրը: Նույն՝ Պոչիկ ձորի գետակն է՝ արդեն հարթավայր իջած: Թե սառած չեղավ, ստիպված կլինի ճամփով գնալ, կամրջով: Վերջին մետրերն աչքերը փակ էլ կանցնի…

Բաբիկն այդ օրերին որսորդական պատմվածքներ էր կարդում: Նրանցից մեկը՝ աղվես բռնելու մասին, հետաքրքրական թվաց, աքլորի օգնությամբ կենդանուն հրապուրելը՝ հնարամիտ: Պատմությունն այն մասին էր, թե երկու ընկեր ինչպես են թռչնին հասցնում գյուղից ոչ հեռու գտնվող այրերից մեկն ու սպասում մութն ընկնելուն, ապա սկսում պարկը խոթած աքաղաղին անհանգստացնել, քաշքշել փետուրներից, կսմթել կատարը, փափուկ տեղերը, այնքան, մինչև սա ցավից ձայնը գլուխն է գցում, ձորը լցնում ցեղին հատուկ կչկչոցով: Աղվեսն էլ /ո՞վ է հորինել, թե նրանք խորամանկ են ավելի, քան մարդը/, անսալով խելքահան անող թռչնականչին, շուտափույթ ընթրելու մտքից նվաղուն՝ դիմում է անձավի կողմն ու ընկնում դիմահար կրակոցից: Այդպես՝ մինչև լուսաբաց, եթե, իհարկե, հավատալու լինենք որսորդների պատմածին: Գրքում ակնարկ կար նաև առատ ձյան դեպքում նապաստակների՝ խոտի դեզերին ապավինելու մասին: Սրանից ավելի ձյունաշատ օ՞ր: Տատն ախուվախ է անում՝ գարնան գլխին ցրտերի ընկնելը համարելով վատ նշան: Չէ մի՝ ի՞նչ պատերազմ, ինչ բան: Ձայն չտա՞ Մուշոյին: Նրա քեռու հրացանը երկփողանի է: Տանն էլ կինարմատներն են մնացել, գլխի չեն ընկնի: Չմրսելու համար հոր քուրքը կարելի է հագնել: Բա ձեռնոցնե՞ր... Առանց թաթմանի էլ կարելի է, դրանք միայն կխանգարեն: Պահակը կաղ Անդոն է: Ցերեկը ոնց որ թե խանութում տեսավ. արաղ առնելու էր եկել: Էս ցրտին հազիվ թե վառարանը թողած՝ դեզերի կուշտը պտույտ տա: Այսինքն՝ կարգին խոտ էլ չի մնացել՝ հազիվ չորս-հինգ սայլաբեռ: Ծղոտի շեղջերից մեկը, այ, լրիվ կանգնած է, դրա մեջ էլ կթաքնվեն՝ դարպասի դիմաց: Խոտնոց մտնելու ուրիշ ճամփա չկա: Կսպասեն ու՝ հենց մոտեցավ, կթրխկացնեն: Առաջինին, երկրորդին... Կարելի է արյան վրա ձյուն շաղ տալ, որ ետքից եկողները հոտը չառնեն: Կրակոցը դժվար լսվի. գյուղից ահագին հեռու է: Միայն թե Անդոն մտքափոխ եղած չլինի: Հերսոտ մարդ է, որ բռնեց... Էնքան էլ արագ է վազում՝ առողջից լավ: Բայց, ոչինչ, ճանապարհը նրանց տան մոտով է անցնում, լուսամուտից ներս կնայեն...

Գիշերվա մի ժամի նրանք դուրս եկան գյուղից: Հրացանը Մուշոն էր ուսել, Բաբիկի անութի տակ փայտ կար, որպեսզի շներից պաշտպանվեն: Երկուսի գրպանում էլ արևածաղկի սերմ էր, սակայն առայժմ չէին չրթում: Բաբիկին քուրքի՝ շուտ-շուտ ոտքի տակ ընկնող փեշերն էին խանգարում, Մուշոյին՝ հրացանը: Այդուհանդերձ երկուսի տրամադրությունն էլ բարձր էր. ապագա սպանդի մանրամասներն էին քննարկում, փորձում գուշակել սպասվելիք որսի քանակը: Հրացանազարկ կանեն բոլորին, մինչև վերջին նապաստակը, կախ կտան մորթիները ձեղունից, մսից խորոված կանեն, խաշլամա, կտապակեն կարտոֆիլով, շներին կկերակրեն: Որսորդական տենդը համակել էր նրանց ու մոռացել էին ուսուցիչների խրատները՝ բնւթյունը պահպանելու, կենդանական աշխարհին վնաս չպատճառելու, բարության մասին ընդհանրապես: Էլ չգիտեին, որ նախորդները տարիներ, տասնամյակներ առաջ նույնքան անխնա կոտորել են գրեթե բոլոր չորքոտանիներին՝ դաշտերում ու անտառներում, սարերում, ձկներին՝ ջրում, թռչուններին՝ օդում, ու մնացել են քչերը, վերջինները:

Վերջիններից մեկն էլ Կախականջն էր, որ թողած Պոչիկ ձորն ու Դևնոցը, ճամփա էր ընկել՝ հագեցնելու քաղցը, փրկելու ժամանակ առ ժամանակ ներսում՝ իր մեջ խլվլացող, իր մասը հանդիսացող ձագուկներին: Նման պայմաններում գյուղը շրջանցելը, այն էլ հղի, իհարկե, հեշտ չէր ու, գոմերն անցնելուց հետո, Կախականջը դուրս եկավ խճուղի, ուր ձյունը համեմատաբար պինդ էր, քայլելը՝ դյուրին: Քիչ անց պարզորոշ ուրվագծվեցին ծիրանենիների բները, խոտնոցի պարիսպն ու դեզերը: Երևում էր, մեքենաներ էին անցուդարձել, հետո ձյունը ծածկել էր հետքերը, բայց՝ մասամբ: Դողերի դաջվածքը կամրջից այն կողմ թեքվում էր խոտնոցի կողմը: Հասնելով դարպասին՝ Կախականջը կանգ առավ, ականջ դրեց: Ոչ մի շշուկ՝ չհաշված գյուղի մյուս ծայրից հասնող շնահաչը, որից վախենալ, անշուշտ, չարժեր: Միակ կասկածելին ոտնահետքերն էին, հազիվ ընկալելի մարդահոտը, որ ավելի արևածաղկի կեղևներից էր գալիս /նրանք, երևում է, գտել էին ընթացքի ժամանակ չրթելու եղանակը, չէին համբերել/: Հավանաբար մի ժամ առաջ են եղել դեզնոցում, - որոշեց Կախականջը: Մեկը ետքից բան էր քարշ տվել, նման Տերտերի ձորի աղվեսին, որը մոլորեցնելու համար իրենից հետո պոչով ավլում է հետքը: Սատանա, կարծում է կխաբի:

Եթե քաղցը, առողջ ձագ ունենալու բնազդը չլինեին, նա հետ կդառնար, բայց հիմա՝ այսքան ճանապարհ կտրելուց հետո… Կախականջը մեկ անգամ ևս դիտեց չորս բոլորը և, կասկածելի ուրիշ ոչինչ չգտնելով, նապաստակային մանրիկ ցատկերով առաջացավ: Մի քանի քայլ անում, կանգնում էր, վարանքի մեջ ուզում շրջվել, սակայն ծղոտի կիտուկը ձգում-կանչում էր, ու նա, աչքը չկտրելով դիմացը հսկայորեն, խրոխտ, ժայռի պես ցցուն բարդոցից՝ սկսեց ցատկ ցատկի ետևից անել՝ այլևս անզգույշ: Արդեն քիչ էր մնում, երևի, հիսուն մետրի չափ, երբ դեզի մեջ շարժում նկատեց, ավելի ստույգ՝ շրշյուն որսաց: Ցանկացավ դառնալ, բայց աչքերի առաջ ինչ-որ բան փայլատակեց, հետևեց ճայթյուն, և մի սոսկալի ուժ նրան գետնից թռցնելով՝ շպրտեց ձյուների մեջ: Չհասկանալով կատարվածը՝ փորձեց ոտքի ելնել, սակայն չկարողացավ, ուժ առնելու մտադրությամբ ուզեց օդ ներս քաշել, սակայն՝ անօգուտ: Այդ պահին էլ՝ արդեն մշուշի մեջ տեսավ իր կողմը վազող տղաներին: Չլինի՞ գալիս են օգնելու: Թե՞… Այդ ե՞րբ մարդը դարձավ նապաստակների, բնության մյուս արարածների բարեկամը: Առավել զարմանալին, այդուհանդերձ, ոչ թե հանկարծաբար հայտնված մարդիկ էին, այլ այն, որ ոչ մի ոտնաձայն՝ բացարձակ ոչ մի, չէր առնում: Լուռ, սոսկալի լուռ էր շուրջը և խավար: Անգամ ձյունն էր սև, և արգանդում խփոց չկար:

Դա վերջն էր:


    
    

ԱՂԵԽԱՐՇ ԿԱՆՉԸ ԽԼԱՆՈՒՄ ԷՐ ՄՈՐ ԴԻՆ ՏԱՆՈՂ ՋՐԻ ԽՇՇՈՑՈՒՄ
    
    

Նրա համար հինգերորդ հարկ հասնելը դատարկ բան էր: Վարդագույն տոտիկներով կառչում էր նկուղի ցցվածքներից, հասնում ջեռուցման ժանգակեր խողովակին, ապա լարախաղացի ճարպկությամբ մղվում օդամուղի բացվածքը: Հոպ՝ ցատկ էր կատարում և հայտնվում բետոնե խոռոչում: Մինչև հինգերորդ հարկ մի շնչի էր ելնում՝ հենարան ունենալով կոյուղատարը: Մեջքով հենվում էր ողորկ, սառը պատին, ոտքերը դեմ տալիս չուգունե խողովակաշարին, բարձրանում: Միջանցիկ քամուց մազերը տափակում, կպչում էին մարմնին, խոնավ դնչիկն ավելի էր սրվում, հաստաշուրթ խողովակից տարօրինակ ձայներ էին գալիս, քթին էր առնում անախորժ հոտը, բայց նա այդ ամենին սովորած լինելով՝ սառնասրտորեն շարունակում էր վերելքը: Միացումներից մեկում լպրծուն բան կար դուրս տված, որ ծորացել է խողովակն ի վար: Առաջին անգամ ոտքը պլստաց, քիչ մնաց գահավիժի: Կես մետրի չափ տարածություն էր: Հիմա, նախքան հասնելն արագացնում էր ընթացքն ու, ոտքերը գրեթե չհպելով խողովակին, սուրում վեր՝ մինչև թաթիկների տակ վերստին հայտնվի չոր մետաղը:

Հինգերորդ հարկում բաժանվում էր կոյուղատարից. ճամփան փակում էին արկղերը, այլ հնոտիներ, որ հարթակում կենողներից մեկն էր լցրել: Առաջին օրը, դեմ առնելով խորդանոցին, շվարեց: Ուտելի ոչինչ չգտնելով՝ ուզում էր ետ դառնալ, երբ նկատեց անկյունի փոքրիկ ճեղքը: Անվարան մտավ: Սնամեջ ծածկապանելը ձգվում էր մի հեծանից մյուսը, ավարտվում միջնապատի գլխին: Հետաքրքրասիրությունից մղված՝ թունելախորշով բացարձակ խավարի մեջ առաջացավ: Մոլորվելուց չէր երկյուղում. ետդարձի ճամփան կար ու կար: Վերևից ականջին մինչ այդ անծանոթ ձայներ էին հասնում՝ խուլ, հազիվ լսելի: Գրավիչ բան կար դրանում, նման չէր ոչ վերելակի ամենօրյա աղմուկին, ոչ ջրի խողովակների թշշոցին, ոչ գվվոցին, որ մթնդած օրերին փշրված ապակիներով պատունաններից նկուղ խուժած քամին էր հանում: Դժվար է ասել, նա դեպի ուր կսկսեր ճանապարհ բացել, եթե տարօրինակ, դյութիչ ձայնն ականջը չընկներ՝ ներքևի չորրորդ հարկի բնակարա՞ն, ուղիղ, որ կողքի երեք սենյականո՞ցն էր տանում, թե՞ հետաքրքիր ոչինչ չգտնելով՝ կվերադառնար:

Պատի ու հեծանի միջակայքում լցված շաղախը պնդություն գրեթե չուներ: Առջևի թաթերով պոկում էր, փորատակով փոխանցում ետևի ոտքերին, հրում մի կողմ: Մաքրելով, ճամփա հարթելով հասավ երկու սալի միջակա բացվածքին: Գաջն ավելի ամուր դուրս եկավ. հարկադրված գործի դրեց նաև ատամները: Երբեմն-երբեմն դադար էր տալիս, ականջ պահում՝ մեղեդին, հո, չի՞ կտրվել: Ծարավել էր: Գաջից անդուր թթվահամ էր առնում: Եթե ջուր լիներ, կողողեր բերանը: Մի ժամի չափ կրծոտելուց հետո նույն ճամփով դարձավ և ուղղվեց ներքնահարկի այն անկյունը, որտեղ միշտ խոնավ էր. գլխավոր փականը թեև քիչ, ջուր էր թողնում: Մի քանի կաթիլ առավ բերանը, վերստին աճապարեց վերև:

Մկան գլխավոր ձենքը համառությունն է: Արդեն կեսօրին հասել էր հատակի եզրափայտին: Հոգնություն չէր զգում: Թովվել էր բնակարանից եկող ձայներով, որոնք հիմա պարզորոշ լսելի էին: Հաճարի փայտը, իհարկե, մկնիկի ատամի բան չէ: Սակայն մեր հերոսը, ի տարբերություն նույն նկուղում ապրող ցեղակիցներից շատերի, համառությունից բացի այլ զենք էլ ուներ՝ փորձառություն: Նա շուտ գլխի ընկավ՝ ինչն ինչոց է և փայտը սղոցելու փոխարեն, շարունակեց մանրիկ ատամներով փշուր-փշուր անել շաղախը: Վերջապես լույսի բարալիկ շիթ հայտնվեց, ու նա ուժ առած՝ ատամները դարձյալ խրեց գաջի մեջ: Քիչ անց ճանապարհը բաց էր:

Մկնիկը մարդու նման ձեռքեր չուներ, այլապես մատներն ինքնաբերաբար կխցկեր ականջները. այդչափ զորեղ հնչյուններով էր ողողված բնակարանը: Նա ընդամենը ճստլո մուկ էր՝ փխրուն նյարդերով, մարմնին համապատասխան սրտիկով, ուստի անակնկալի գալով՝ փախավ: Շուտով, սակայն, հետաքրքրասիրությունը նրան կրկին ետ բերեց: Մեղեդին այժմ ուրիշ էր. ասես կրկնվելիս լիներ այն օրը, երբ կյանքում առաջին անգամ հասավ նկուղի բաց դռանը և ելավ փողոց: Ի՜նչ օր էր. մի արև երկնքում, մյուսը՝ անձրևաջրի լճակում, թռչունները ճռվողում էին, օդը մաքուր էր, թափանցիկ, և աշխարհն ամենևին նման չէր իր տեսածին, ուր ամենահետաքրքրական զբաղմունքը աղտեղությունը խառնշտորելն էր:

Անցքը մահճակալի տակ էր՝ գլխի կողմում: Ճստլոն զգուշորեն առաջացավ: Սկզբում ոտքեր երևացին, որոնք մեկ մի ոտնակն էին սեղմում, մեկ՝ մյուսը: Ապա մարդու իրանը տեսավ, գլուխը և մի փայլուն, երկարուկ արկղ: Սրտագրավ մեղեդին այնտեղից էր ելնում: Առաջին ցանկությունը ոսկեգույն տաշեղ հիշեցնող ոտնակներն ատամի տակ առնելը, համը փորձելն էր, բայց թե մարդու ոտքն ստեպ-ստեպ ելնում, իջնում էր ու ներբանի տակ ընկնելու դեպքում կճզմեր: Համ էլ՝ մկնիկին որտեղի՞ց այդքան համարձակություն, ու նա որոշեց մնալ մահճակալի տակ: Թմբիր էր իջել վրան, չէր հասկանում ինչից է՝ բանելու՞ց, վազվզուքի՞ց, անոթությունի՞ց, թե՞ օդամուղում հոսանքի տակ էր մնացել: Մինչդեռ պատճառը երաժշտությունն էր, դաշնամուրից հորդող մեղեդին, որի նկատմամբ չափազանց զգայուն են մկները, որովհետև քիչ անց, երբ եղանակը փոխվեց, թմրածությունն անցավ, սկսեց ռիթմիկ ճոճվել, ապա, անըմբռնելի մի ուժի դրդմամբ ոտքի ելավ, մղվեց մահճակալի հակառակ ծայրը: Վազում էր, ուրախությունից ճստում, չգոհանալով թաքստոցով, հասնում բազմոցի առաջ դրված սեղանիկի ոտքին, մինչև իսկ քաշքշեց հատակին հասնող վարագույրի ծոփքերը: Զգուշություն, վախ ասվածը նրա հետ այլևս կապ չունեին:

Իսկ մարդն ինքնամոռաց նվագում էր, վարսերը թափվում էին ներքև, ծածկում ականջները, ճակատը, երբ նյարդային շարժումով հակվում էր ստեղներին: Գոց աչքերով կարդում էր նոտակալին բացված էջերը, հարկավոր պահին թերթում, թեև կարիք ամենևին չկար, ու ձայնախազերը ներսում էին: Մարդը երկար նվագեց, Ճստլոն պարեց վերացած, հետո երկուսն էլ դադար առան, առաջինը՝ գլուխը ետ գցած ու հայացքը հառած առաստաղին, երկրորդը՝ սեղանի տակ, ընդարմությունից փախուստի փորձ չանելով: Այդ ամենն ավելի կարճ տևեց, շատ ավելի, քան պատմածը, ապա տանտերը շտկվելով՝ տեսավ նրբաճաշակ ունկնդրին: Ճստլոն, երբ մարդու մատներն զգուշորեն դեպի ստեղնաշարը ձգվեցին, կարծեց, թե վերստին կամենում է նվագել: Բայց, ինչպես տեղատարափից առաջ ամպրոպն է ճայթում, անսպասելի դղիրդ լսվեց, ու նա լեղաճաք՝ գնդակի արագությամբ նետվեց մահճակալի տակ:

Հինգերորդ հարկի մեկ սենյականոց բնակարանի ու տանտիրոջ հետ ծանոթությունն այդպես սկսվեց: Նույն օրը՝ այս անգամ ուշ երեկոյան, Ճստլոն երկրորդ այցելությունը կատարեց: Մտադիր էր, վտանգ չլինելու դեպքում, գիշերն այնտեղ անցկացնել. ուշ աշուն էր, ցրտերն ընկել էին, և ցածում լուսադեմին չէր օգնում նույնիսկ դեսուդեն վազելը: Միայն միջանցքի լույսն էր վառվում: Բնակարանում ծուխ էր կանգնած: Տանտերը հավանաբար հյուրեր էր ունեցել: Սեղանիկին մնացել էին ուտելիքը, գինու դատարկ շշեր, ըմպանակներ: Ճստլոյի առաջին գործը հացի փշրանքները հավաքելը եղավ. նրա մատնոցաչափ ստամոքսին դա էլ բավական էր: Հատակին մի քանի տեղ գինի էր ցայտել: Հոտոտեց: Ոչ մի գրավիչ բան: Հենց այնպես՝ հետաքրքրության համար համտեսեց: Նույնիսկ ժանգաջուրը նման տհաճ համ չուներ: Հետո ելավ բազմոցին, այնտեղից՝ սեղանիկին: Բաժակներից արտածվող նույն գարշահոտից քիչ էր մնում սիրտը բերանը գա: Առավել տհաճը, սակայն, մոխրամանից եկող կծու դառնահոտն էր: Ջանում էր հնարավորինս հեռու մնալ, բայց, միևնույն է, զգում էր: Անգամ երշիկը, ճարպի կտորները, պանիրն էին ախտահարվել: Այդ ամենով հանդերձ, հաճելի էր ուտեստի առատությունը՝ հազվադեպ պահ նրա կյանքում. խեղճը նկուղից զատ ի՞նչ էր տեսել: Իսկ բնակարանում այնքա՜ն հետաքրքիր էր: Բայց թե՝ այդ գիշեր Ճստլոն չհասցրեց բոլոր ծակուծուկերն ուսումնասիրել: Պատի ժամացույցն անսպասելի զարկեց ու, առաջին անգամ լինելով, նա սահմռակած աճապարեց փրկարար անցքի կողմը: Տպավորություններն այն աստիճան շատ էին, որ գիշերը գրեթե աչք չփակեց մղձավանջային երազներից. մեկ վազում էր ստեղների վրայով, ինչպես հետիոտնը՝ խաչմերուկն անցնելիս, մեկ երշիկի հաստ պատառը քարշ էր տալիս մահճակալի տակ, սակայն անցքին չհասած ոտքը պլստում էր ու կոյուղու խողովակով սլլում մինչև նկուղ, մեկ շենքն էր դղրդոցով փուլ գալիս և ինքը մնում տակը…

Առավոտյան մեջքը ցավից կոտրատվում էր, ապա սկսվեց փռշտոցը: Ճստլոն գլխի ընկավ, որ պանելախորշում քնելը վտանգավոր է: Այնքան թույլ էր, որ նույնիսկ մտքով չանցավ բնակարան մտնել: Իջավ նկուղ: Պահեստում հացի մի քանի բորբոսած կտոր ուներ նեղ օրվա համար պահած: Անհավես կերավ: Հետո աչքն ընկավ մասուրներին: Ուտելու համար գրեթե անպիտան հատապտուղը տանտիրուհին էր լցրել աղբատնակը: Առիթ չէր եղել նույնիսկ համը տեսնել: Միայն գիտեր՝ թթվաշ է, իսկ մազմզուկները խրվում են լնդերի մեջ, ցավ պատճառում: Ընտրեց ամենալավ պտուղն ու ատամներն զգուշորեն խրեց մեջը: Թթվությունը դուր եկավ: Ճստլոն թաթիկներով հեռացրեց սերմերը, մազմզուկները: Կտրիչները նախորդ օրը թեթևակի բթացել էին, բայց ոչ այն աստիճան, որ չկարողանար չոր մասուրը փշրել: Խշրտոցով մանրում էր, բերանում պահում մի փոքր, մինչև փափկի, կուլ տալիս:

Մասուրն օգնեց: Կեսօրին դժվարությամբ, բայց բարձրացավ վերև: Բնակարանում ոչ ոք չկար: Շարունակեց ծանոթանալ տանը: Սեղանիկին ուտելիքի փոխարեն հիմա գրքեր էին: Մկներն ամեն ինչ բերանն առնելու, համը փորձելու սովորույթ ունեն: Հիմա էլ սկսեց ծամծմել գրքի էջը: Կարծես՝ ոչինչ, պարեն չլիելու դեպքում կարելի է ապավինել նաև դրան: Սակայն երբ հասավ տպագիր մասին, ներկի տհաճ համն ստիպեց դադար տալ, ու նա շտապով թափեց բերանում եղածը՝ հիշելով, թե ձմռանն ինչպես նույն այդ թղթի պատճառով երկու օր տանջվեց փորհարինքից. այն անգամ կերածը լրագրի խունացած պատառ էր, որ քամին էր քշել, հասցրել ներքնահարկ:

Դաշնամուրի կափարիչը բաց էր: Ճստլոն մտաբերեց երազն ու ստեղնաշարին ելնելու անդիմդրելի պահանջ զգաց: Սակայն դաշնամուրը սեղանիկ չէր. ողորկ իրանը բռնվելու հնարավորություն չէր տալիս: Գործի դրեց ատամները: Անօգուտ: Հուսահատ՝ մի քանի անգամ պտտվեց շուրջը և, հայտնաբերելով ոտնակի ներքևի բացվածքը, առանց երկբայելու սողոսկեց: Ներսում պատերին, հատակին հաստ շերտով փոշի էր նստած: Մեկուսի, հարմարավետ անկյուն էր: Վարից վեր ձգվում էին մետաղալարերը: Սովորույթին հավատարիմ՝ մեկն առավ ատամի տակ: Պողպատյա լարի կարծրությունը հիշեցրեց կտրիչները սրելու անհրաժեշտության մասին: Հրաշալի հեսան: Չէր ավարտել, երբ միջանցքում աղմուկ լսվեց, ու քիչ անց սենյակ մտավ տանտերը: Ճստլոն սսկվեց: Հնար լիներ, կփախչեր, բայց մարդը, հակառակի պես քթի տակ երգ դնդնալով՝ մոտեցավ դաշնամուրին: Դը՜նգ… երկար արձագանքեց արկղը: Մկնիկն անակնկալի եկած՝ ճողոպրեց մյուս անկյունը և, ոտնատակ տալով ջուլհակ սարդին, ավերեց նրա հյուսածոն: Որտեղի՞ց էր գալիս ձայնը: Նա դնչիկը տնկեց: Նույն պահին փայտյա մուրճիկներից մեկը շարժվեց, և պողպատալարը թրթռաց: Հստակ, հնչեղ ձայնից Ճստլոն նվաղեց: Հետևեց երրորդ հնչյունը՝ նախկինից առավել նրբին, քնքուշ, ապա՝ չորրորդը, հինգերորդը՝ այս անգամ այլ ուժգնության՝ խրոխտ, կյանքով առլեցուն: Մկնիկը, որի մրսածությունը լրիվ չէր անցել և շարունակում էր թույլ զգալ, հաճույքից, ուժերի հորդյունից կայտառացած՝ ճստաց, ասես կրկնելիս լիներ քիչ առաջ լսած ձայնը: Մարդուն չէր տեսնում, բայց գիտեր՝ նա արկղի մյուս կողմում է: Ականջին էին հասնում ցածր սուլոցը, հագուստի շրշյունը, երբ վերջինս շարժվում էր:

Տանտերը, ըստ երևույթին, սկզբում մտադիր չէր նվագել. պարզապես բաց ստեղնաշար տեսնելով՝ ինքնաբերաբար մոտեցել, մատնահարում էր: Սակայն նա իսկական երաժիշտ էր՝ օժտված անկապ հնչյունները համակարգելու, դաշնելու ձիրքով՝ նման այն քրիստոնյային, ով ամենքին հեթանոս ճամփից դարձի բերելու մոլուցք ունի: Եվ ահա, հնչյունների անկանոն հերթագայությունը, ելևէջը ողջը եղանակավորելու ցանկություն ծնեցին, ու նա նստեց աթոռակին: Մուրճիկներն իջնում, ելնում էին, լարերը դողդողում, մի հնչյունը չմարած՝ մյոսն էր կախվում օդում, կոհակ տալիս, ալիքվում: Ճստլոն բերանբաց հետևում էր, ականջ պահում: Պղնձե լրացուցիչ գալարներով լարերից արտածվող ձայնն ավելի աղմկոտ էր, ականջին անհաճո: Տանտիրոջը նմանապես /մկնիկին թվաց/ սրտամոտ չէին խռովահույզ հնչյունները, այդ իսկ պատճառով նա հազվադեպ էր օգտվում ձախակողմյան ստեղներից: Այ, ուրիշ էր կենտրոնի ձայնալարերից ելնող մեղեդին՝ անխառն, ոգեղեն: Երբ մարդը սեղմում էր ոտնակն ու փակում անցքը, որտեղով Ճստլոն մտավ, ճաղաշարը ետ էր գնում, ու մեղանուշ ձայներն առավել էին հստակվում: Երաժշտությունը նախորդ օրվա պես տիրեց մկնիկին, գիրկն առավ, գգվեց: Մեղմ օրորից, մեղեդու կաթիլքից շշմած՝ նա ննջեց, ապա խոր քուն մտավ, և նրան կրկին այցի եկան երազները, այս անգամ՝ գունեղ, մեղեդիով օծուն:

Եվ ձգվեցին օրերը երջանիկ, խինդով լի: Ճստլոն հիմնովին կազդուրվեց, գիրացավ, կրթեց ճաշակը, ձեռք բերեց ազնվական կեցվածք: Քայլում էր հանգիստ, համարձակ, այլևս չէր վախենում ամեն շշուկից, սրտակեղեք չէր լինում, երբ շաբաթ-կիրակի օրերը բնակիչները կացիններն առած ընկնում էին պատերին՝ եղած-չեղածը քանդելու, փոխելու, վերստին շինելու համար: Վայելում էր սպիտակ հաց, ապխտած երշիկ, հոլանդական պանիր: Եթե դրանք չլինեին էլ, խոհանոցի կարմրահատ ձավարն ու իտալական մակարոնն իրենն էին ու իրենը: Ուտում էր, քեֆին ման գալիս, մտնում ամեն ծակուծուկ, վազվզում փայլուն հատակին՝ սպասելով տանտիրոջ գալուն, ապա, սիրտն ուզածի չափ երաժշտություն ունկնդրելուց հետո, քնում մինչև լուսաբաց: Բնակարանատիրոջից ամենևին չէր վախենում. Փորձով համոզվել էր, որ իր ներկայությունը նրան տհաճ չէ: Իրականում ևս այդպես էր: Տանտերը գիտեր, որ տանը մուկ է հայտնվել, և առաջին այցին հետևել է երկրորդը: Սկզբում զայրացավ՝ տեսնելով գրքի կրծոտած էջը, մի պահ նույնիսկ վճռեց թակարդ դնել, բայց հետո, երբ Ճստլոն մթերքի առատության պայմաններում հրաժարվեց հիմար սովորությունից, խաղաղվեց: Բարեհոգի և էությամբ իսկապես արվեստագետ լինելով՝ անտարբեր էր չափավոր կյանքի նկատմամբ: Մարդկանց այն տեսակից էր, ում համոզմամբ հողագնդի վրա ոչ մեկն իր գոյությամբ մյուսին չի խանգարում, ամենքն էլ ապրելու իրավունք ունեն: Կար նաև ամուրի լինելու հանգամանքը: Ճստլոն իր ներկայությամբ ինչ-որ տեղ կենդանություն էր հաղորդում մենակյացի բնակարանին, մասամբ ցրում երեկոյան ժամերի տաղտուկը:

Նա հիմա հազվադեպ էր նկուղ իջնում. անհետաքրքիր էր այնտեղ, ցուրտ: Աղբատնակից խորշում էր, իսկ ներքևում այլ ուտեստ չկար: Լիներ էլ, չէր կարողանա բերանն առնել, այդ աստիճան նրբացել էր քիմքը: Իսկ մի անգամ, երբ ջեռուցման խողովակով ետ գնալիս քիչ մնաց վառի տոտիկները, որոշեց մոռանալ ներքնահարկը:

Մոտեցել էր ձմեռը: Ճստլոն բնազդով պաշար դիզեց: Քանի որ հին բնից հրաժարվել էր, շտեմարան ընտրեց պատի և պանելի միջև եղած խոռոչի՝ հոսանքից հեռու հատվածը: Կարմրահատ ձավարը քիչ-քիչ տեղափոխեց այնտեղ, սակայն շարունակեց գիշերել դաշնամուրում. առանց մեղեդու չէր կարողանում քուն մտնել: Մետաղյա կմախքով վերուվարելիս էլ հայտնաբերեց ստեղնաշարի տակի գետնուղի հիշեցնող ազատ տարածքը, ուր ներսի համեմատ փոքր ինչ նեղվածք էր, փոխարենը հնչյունները չէին արձագանքվում, ու վայելքը դառնում էր հարյուր տոկոսանոց:

Գունագեղ օրերը մեկ սենյականոցում, երևի, երկար շարունակվեին, եթե տանտերը չամուսնանար: Կինը հայտնվեց ձմռան կեսերին: Բարձրակրունկ, ճտքավոր կոշիկներ էր հագնում, մորթեօձիք վերարկու, որը նույնքան, եթե ոչ ավելի նուրբ էր, քան Ճստլոյինը: Առաջին օրը նրանք սեղանիկի շուրջ երկար նստեցին: Տանտերը շիշ բացեց՝ այնպիսի թնդյունով, որ Ճստլոն զգալի ժամանակ չէր հանդգնում գլուխը հանել ոտնակի անցքից և չտեսավ, թե երկարոտն ըմպանակներում ինչպես փրփրեց գինին: Ականջին ընդամենը տարօրինակ խշշոց էր հասնում, գավաթների զնգոց, կարկաչուն ծիծաղ, երբ տանտերը բան էր պատմում: Հետո նա մոտեցավ դաշնամուրին ու սկսեց նվագել, իսկ կինը ձայնակցեց: Նա զարմանալի զրնգուն ձայն ուներ: Ճստլոն սիրեց հյուրին, և երբ տանտերը գնաց խոհանոց, գլուխն արիաբար հանեց ոտնակի ճեղքից: Կինը լրջացել, քննախույզ դիտում էր բնակարանը: Հետո ելավ, սկսեց գնալ-գալ սենյակում՝ նշմարելի փոսիկներ թողնելով մանրատախտակին: Ճստլոն այդ կերպ վարվում էր անծանոթ ուտելիք գտնելիս՝ նախքան վճիռ կայացնելը: Երբ կինը նստեց, հայացքն ուրիշ էր, կարծես ասելիս լիներ՝ թեև սրտովս չէ, բայց կփորձեմ:

Նրա գնալուց հետո օծանելիքի բուրմունք մնաց: Առաջին այցելությանը հետևեցին երկրորդը, երրորդը, և մի անգամ էլ կինը եկավ ու չգնաց: Այդ օրերին տարօրինակ անհանգստություն պատեց նաև Ճստլոյին: Ցեղակիցներին տեսնելու, նրանց հետ շփվելու անդիմադրելի պահանջ էր զգում: Նկուղը ձգում, կանչում էր: Մոտեցել էր գարունը, սկսվել հողագնդի վրա շնչող, ապրող բոլոր արարածների բեղմնավորության շրջանը:

Երբ տասն օր հետո Ճստլոն ետ եկավ, բնակարանն անճանաչելի փոխվել էր: Հատակից անդուր հոտ էր գալիս, փայլուն էր և այն աստիճան ողորկ, որ դժվարանում էր վրայով վազել: Պատին գորգ էր հայտնվել, պատուհանի տակ սեղան՝ աթոռներով, մահճակալը վարագույրով անջատված էր սենյակի մնացյալ հատվածից: Կինը տանն էր: Ման էր գալիս երկար, ծոփքերը հատակին քսվող խալաթով ու երգում՝ ինքնագոհ: Ամենամեծ նորույթը, թերևս, անկյունում բարալիկ ոտքերին կանգնած արկղն էր: Ճստլոն ապշեց, երբ կինը վրա բերեց վարագույրն ու ընկողմանեց բազմոցին: Արկղից խշշոց, փռշտոց լսվեց, հետո ապակյա դեմքը ճերմակեց, ու միջով սկսեցին մարդիկ վազել, հռնդյունով անցան մեքենաները: Այքան էր ազդվել, որ չհամարձակվեց մահճակալի ու դաշնամուրի միջև եղած տարածությունը հատել:

Գիշերը, երբ տանտերն ու զույգը պառկեցին քնելու, դուրս եկավ թաքստոցից: Սոված էր: Սկսեց հոտոտելով ման գալ: Հացի փշուր չկար ոչ հատակին, ոչ նույնիսկ խոհանոցում: Մթերքի պահարանը կիսաբաց էր: Մնում էին իտալական մակարոնները: Նուրբ փայլաթուղթը պատռելը Ճստլոյի համար վայրկյանի գործ էր: Նոր էր ձողիկն ատամի տակ առած կռթկռթացրել, երբ խոսակցության պատառիկներ հասան լսողությանը: Կինը շշուկով բան էր ասում, հետո ձայները լռեցին, ու նա ձողիկը վերստին բերանը վերցրեց: Հողաթափերի քստքստոցը, սակայն, ստիպեց կրկին դադար տալ: Մինչ տանտերերը կվառեին լույսը, հասցրեց ցատկել պահարանից և երկուսի արանքով սուրաց դեպի դաշնամուրի ոտնակը: Վայրկյան անց առոք-փառոք պառկած էր ստեղնաշարի տակ: Իսկ խոհանոցում ամուսինները բարձրաձայն խորհրդակցում էին, մեկը ձեռքն էր վերցրել մակարոնի փաթեթը, որը շարժումից անդուր ճռճռում էր, խշխշում: Հետո նրանք աղմուկով տեղաշարժեցին պահարանը, սառնարանը, գազօջախը, վերադառնալով՝ փնտրտուքը շարունակեցին մահճակալի, բազմոցի տակ և, հույսերը կտրելով, ի վերջո, հանգցրին լույսերը:

Ապրելը դժվարացավ: Գերադասում էր դաշնամուրից դուրս չգալ: Վախենում էր անգամ տանտիրոջ աչքին երևալ, բան, որ նախկինում չէր պատահել, իսկ տիկնոջից պարզապես սարսափում էր: Եթե երաժշտություն ունկնդրելու մոլուցքը չլիներ, մեկընդմիշտ կիջներ նկուղ և կամ կփորձեր այլ բնակարան գնալ: Տիրուհին փակ էր պահում մթերանոցի բոլոր դռները, սակայն Ճստլոն էլ հեշտ զիջող չէր. հենց երկրորդ օրը սղոցեց պահարանի ետնամասի անկյունը, հագենալուց հետո անգամ մի քանի ձողիկ, թեև դժվարությամբ, քարշ տվեց դաշնամուրը: Վերջին արարքը գազազեցրեց կնոջը: Տանտիրոջ հետ դեսուդեն տարավ բոլոր իրերը, տակնուվրա արեց բնակարանը: Ճստլոն չկար: Անցուդարձից անտեղյակ՝ մրափում էր իր ապահով անկյունում՝ սպասելով մութն ընկնելուն: Սակայն գիշերը նրա համար դավ էր նյութել, և քիչ մնաց ավարտվի մահով: Խոհանոցից սուր հոտ էր գալիս: Վաղուց՝ այն օրից, ինչ հայտնվել էր կինը, պանիր չէր ճաշակել ու հիմա մղվեց այդ կողմը: Արբեցուցիչ բույրն այնտեղից էր: Ճստլոն մոտեցավ: Այ քեզ երջանկություն. դուռը կիսաբաց էր: Հոտից խենթացած՝ վրա ընկավ, բայց չհասցրեց մինչևիսկ դունչը կպցնել, որովհետև շտապողականությունից ոտքը դիպավ ինչ-որ բանի, և մի սոսկալի շխկոց լսվեց: Մազ էր մնացել թակարդն ընկնի, փշրի ողնաշարը: Չըմբռնելով ինչն ինչոց է՝ նետվեց փրկարար անցքը: Իսկ տիրուհին, որ արդեն անկողնուց վեր էր թռել, շապկանց վազեց խոհանոց, ետքից՝ ամուսինը: Այդ գիշեր նա այլևս չհամարձակվեց դուրս գալ դաշնամուրից, բացի դա՝ հղիության վերջին օրերն էին:

Հաջորդ օրը նախորդի կրկնությունն էր՝ նույն լարված, նյարդային մթնոլորտը, միայն թե այս անգամ պանրի փոխարեն բուրմունք արձակողը կարագով շաղախված հացի պատառիկն էր: Ճստլոն չմոտեցավ. Դեռ ականջում էր երկաթե զսպանակից պոկված մետաղի սառը, մահաշունչ ձայնը: Մտաբերեց սալի խոռոչում թաքցրած կարմրահատ ձավարը. Ուրիշ էլ ո՞ր օրվա համար էր պահում: Զարմանք պատեց, երբ տեսավ գոցված անցքը: Տանտերերը հայտնաբերելով՝ փակել էին, հավանաբար, առավոտյան, որովհետև շաղախը դեռ խոնավ էր: Ճստլոն սկսեց տենդագին բանել: Գործն ընդհատումներով էր գնում. շուտ-շուտ հոգնում էր, գլխապտույտի պես բան զգում: Այդուհանդերձ, ելումուտի ճամփան բացելն ընդամենը մի ժամ տևեց: Ուտելուց հետո գլխապտույտն անցավ, սակայն հիմա էլ անհանգստացնել սկսեցին փորացավն ու սրտխառնուքը: Դժվարությամբ ետ գալով՝ մի կերպ սողոսկեց դաշնամուրից ներս: Անցքն ասես փոքրացել էր, ու մարմինը չէր անցնում: Կարծում էր ձավարից, շատ ուտելուց է փորիկն այդպես ուռել, կախ ընկել: Բայց դա միայն սկիզբն էր: Ցավերն ավելի ու ավելի ուժգնացան, այն աստիճան, որ, համոզված էր, թունավորվել է և կսատկի: Սակայն նման բան տեղի չունեցավ, Ճստլոյի ժամը դեռ չէր հասել: Դա պարզապես ծննդաբերության ցավ էր, որն ավարտվեց այգաբացին՝ վեց մկնիկների ծնունդով:

Ողջ ցերեկը Ճստլոն քնեց, թեև բնակարանում աղմուկ էր. տանտերերը մի կողմ էին քաշել մահճակալն ու, ապակու փշուրներ խառնած բետոնի շաղախով վերստին հիմնավոր գոցում էին անցքը՝ կարծելով տուն ներխուժածն առնվազն առնետ է:

Արթնացավ մեղեդուց. տանտերը վերհիշել էր դաշնամուրը: Նա երկար նվագեց: Խռովահույզ, հոգին տակնուվրա անող, նյարդային երաժշտություն էր: Այդպես փոթորկի ժամանակ երկինքն էր որոտում, մայրիներն էին ճռնչում, ճկվում, երկտակվում բարդիները, սուլում-սվսվում սյունից սյուն ձգվող զանազան լարերը, խշրտյունով թափվում անփութորեն բաց մնացած պատուհանների, դռների ապակիները, փողփողում, ճայթյունով տրաքվում առագաստի պես փքված սպիտակեղենը, ջրհորդաններում աղմկում, նեղվում ջուրն ու բերանը ցառցահատիկ, փրփուր առած՝ ժայթքում մայթին…

Ճստլոն զգուշացավ, տագնապեց իր, նորածինների համար: Ինչու՞ է մոլեգնել տանտերը, այդ ի՞նչ տարերային երաժշտություն է: Ի՞նքն է պատճառը, թե՞ կինը, որ եկավ, խրվեց նրանց կյանքի մեջ, խառնեց ամեն բան, ստիպեց թշնամանալ իր՝ փոքրիկ, անուժ, մանկան բռունցքի չափ արարածի հետ: Թողած հնչյունների գրավիչ, կախարդական աշխարհը՝ ինչո՜վ է զբաղվում. ողջ օրը տան գույքն է դեսուդեն տալիս, ծխելու համար պատշգամբ ելնում: Ու՞ր մնացին հոգու ու մարմնի, երազի ու իրականի դաշն օրերը, երանելի օրերը:

Դարձյալ գիշեր եկավ՝ որոգայթներով լի, աղետալի գիշեր: Ծարավը Ճստլոյին տանջում էր, նաև ուտել էր կամենում: Դուրս գալով դաշնամուրից՝ դիմեց անցքի կողմը. հաստատապես վճռել էր՝ վտանգի չենթարկվելու համար գոհանալ ձավարով, իսկ ջրի համար իջնել ներքնահարկ: Թակարդն այս անգամ մահճակալի տակ էր: Մետաղալարի ծայրին ամրացված երշիկի յուղալի պատառիկը խենթացնող բույր ուներ, և Ճստլոն կամազրկված՝ մղվեց դեպի ծուղակը, սակայն վերջին պահին սթափվեց՝ մտաբերելով վեց կույր, անմազ փոքրիկներին: Շրջանցելով ականապատ գոտին՝ հասավ անցքին: Ճանապարհը դարձյալ փակ էր: Բնությունը նրան ատամներից զատ այլ զենք չէր տվել, սղոցելուց, մանրելուց բացի ուրիշ միջոց չուներ: Սակայն այդ օրը նրան վիճակված չէր հասնել ձավարին, որովհետև հազիվ սկսած՝ շուրթն արյունեց: Ճստլոն այրող ցավից ծվծվաց, ապա փորձեց նույնն անել ճանկերով: Շաղախին խառնած ապակու բեկորն այս անգամ ծակեց թաթիկը, ու նա նահանջեց: Վերևում՝ մահճակալին ընկողմանած զույգը խլրտաց. սպասում էին թակարդի շրխկոցին:

Ուտելը դեռ ոչինչ՝ թուղթը կար ու կար, բայց առանց ջրի… Բնազդը նրան տարավ լոգարան: Հաճելի էր սալիկների, հատակի խոնավ շորի վրայով քայլելը: Անկյունում աղբի դույլն էր: Կծվահոտը Ճստլոյին հիշեցրեց աղբատնակում անցկացրած ժամերը, մտովի տեսավ ներքնահարկի պահեստում սև օրվա համար պահած հացի կտորտանքն ու մասուրը: Այստեղ ևս բան կգտնվի: Միայն թե կարողանա ծարավը հագեցնել: Փորձեց **** խոնավ լաթը՝ այն չէր: Լռության մեջ ականջը որսաց կաթիլքի ձայնը: Վերջապես: Խողովակից բռնվելով՝ բարձրացավ: Ճերմակ, ողորկ գոգավորությունը, բարձրությունը թեև մի փոքր վախեցրին, բայց անվարան իջավ, ավելի շուտ, տաշտի պռնկից կախվելով՝ սահեց ներքև: Ջուրը քիչ էր, հազիվ ներբանները թրջվեցին: Ճստլոն, որ շատ հեղուկ էր կորցրել, սկսեց ագահորեն ըմպել: Սառնությունից անգամ թաթիկի, դնչի ցավն անցավ: Նա առույգ էր ու նախկինի պես ինքնավստահ: Վճռեց հաճույքի համար վազվզել ճերմակ հարթությունում: Այնուհետ կգնա կրծքերը դատարկելու:

Նա ուշ՝ վերև բարձրանալու չորրորդ-հինգերորդ փորձից հետո գլխի ընկավ, թե ինչ փորձանք է բերել գլխին. ողորկ պատերով ելվերել չէր լինում: Ոչ մի անհարթություն, ելուստ, որից կարողանար ճանկերով կառչել, սահքը կանգնեցնող արգելք, որին հենվելով՝ ուժ առներ: Տագնապահար՝ նորից ու նորից էր փորձում, վազում մի անկյունից մյուսը, թափ առած գալիս, բայց, միևնույն է, տասը-տասնհինգ սանտիմետրից ավելի ելնել չէր հաջողվում: Ինչպե՞ս կզգա իրեն անդունդի հատակում հայտնվածը, երբ փորձով համոզվի, որ չորեքկողմյան սառցե հարթ, գրեթե իննսուն աստիճան թեքություն ունեցող պատերով մագլցել անկարող է: Նույնպիսի վիճակում Ճստլոն էր: Մարդը դեռ երևակայություն ունի, որն անսպառ է, միտք, ուղեղ, որն անհնարը կարող է հնարավոր դարձնել, կարող է Աստծուն ապավինել, դրսի օգնության հետ կապել հույսը, գարնան ու սառույցների հալվելու, ժայռերի հողմահարման… Ինչի՞, ու՞մ վրա հույսը դներ Ճստլոն: Փորձեց ջրթող անցքով կոյուղատար մտնել, սակայն խաչուկը խանգարեց, թեև այն ևս ստույգ մահ էր, բայց, ի՞նչ իմանաս, գուցե չխեղդվեր ու մի տեղ դուրս գար:

Տանտիրուհու ականջին, որ դեռ չէր քնել, ավելի սուր լսողություն ուներ և ցանկություն՝ մկան հախից գալու, բնակարանը կրծողներից, ամեն տեսակ թափթփուկներից ազատելու, հասավ լողարանից եկող թույլ խզխզոցը: Նրա՝ լույսը վառելն ու սարսափի ճիչ արձակելը միաժամանակ եղան:

-Ի՞նչ է պատահել, -քնաթաթախ վեր թռավ ամուսինը:

Կինը մատնացույց արեց լոգատաշտը.

-Կռիսը… Մտել է վաննան… Զզվանքը, -ու ծամածռեց դեմքը, ասես ործկալիս լիներ:

Ճստլոն մարդկային լեզվից գլուխ չէր հանում ու չըմռնեց, թե իրեն ինչ մակդիրով որակեցին: Գիտեր միայն, որ հայտնաբերվել է, որ մոտենում է վերջը: Քիչ անց դուռը բացվեց, և մարդու հսկայական ստվերը կախվեց վրան: Նա խուճապահար վերստին ու վերստին փորձեց մագլցել պատն ի վեր, հետո ուժասպառ փախավ լոգատաշտի այն անկյունը, որն ստվերի մեջ չէր: Մարդը քրքջաց /նա բաց էր թողել դուռը/.

-Կռի՞ս: Հա, հա, հա… Սա ընդամենը մուկ է՝ փոքրիկ, պեղճուկրակ մուկ: Ես ու նա հին ծանոթներ ենք:

-Զզվում եմ, սատկացրու, շուտ արա, -բավական հանգիստ կարգադրեց կինը, սակայն նույն պահին հավանաբար մտովի տեսնելով հրամանն ի կատար ածված՝ արյունոտ լոգատաշտ, անհայտ հրեշի ճզմված մարմին, դուրս թափած աղիներ /ինչի ընդունակ չէ երևակայությունը/, հեծկլտաց: -Ես էլ վաննա մտնողը չեմ: Նողկալի է... Վախենում եմ...

-Իրինա, երեխա հո չե՞ս: Ի՞նչ կա այստեղ վախենալու: Այ թե ով է վախեցած: Խեղճ մկնիկ, սիրտը ո՜նց է գցում: Իրոչկա, մի տես՝ փորիկն ինչպես է ելնում-իջնում, -նա ձեռքը տարավ, որպեսզի շոյի դողդողացող մսագնդիկը: Ճստլոն տափակեց: Բայց մարդը ձեռք չտվեց. նա ևս թեթևակի վախ էր զգում: -Ի՜նչ գեղեցիկ կենդանի է: Իրա, ճշմարիտ եմ ասում, հավատա: Հրաշք մռութ ունի: Գլուխը, ականջները, պոչը, աչքերը, քիթը, թաթիկները հապա...

-Կորցրու՜...-բարձը գրկած՝ խուլ բղավեց կինը:

-Մեղքս գալիս է, -ամուսինը դարձյալ հակվեց լոգատաշտին, ու Ճստլոն կրկին պատեպատ զարկվեց: -Չեմ կարող:

Կնոջ ձայնն այս անգամ սառը հչեց.

-Բա ի՞նչ ես անելու:

-Դու ի՞նչ ես առաջարկում:

-Չգիտեմ: Սատկացրու, քանի չի փախել:

-Ձեռքս չի գնա:

-Լավ, բեր ծոցդ պահիր, -խռովկան կտրեց կինը: -Տեսնես իմ մասին այդքան մտածու՞մ ես:

-Կիջեցնեմ նկուղ, թող իր համար ապրի:

-Որ հիմա էլ ամբողջ շենքը կռիսանոց դարձնես, հա՞: Չեմ հասկանում, դու ի՞նչ տղամարդ ես, -անկեղծորեն զարմացավ կինը:

-Ես էլ, խոստովանանք լինի, չգիտեի, որ դու այդքան դաժան ես:

-Մարդիկ իմանան, վրադ կծիծաղեն: Գիշերվա կեսին... Սպասիր, սպասիր, ծվծվոց եմ լսում:

Տանտերը գլուխը հանեց լոգարանից: Կինն անկողնում համակ լսողություն դարձած՝ նստել էր.

-Սառնարանն է:

Կինը ձեռքով լռելու նշան արեց:

-Կռիսի ձագե՜րն են, -հիստերիկ ճչաց՝ հեծնելով բարձերին: -Մամոչկա՜, ես այս տանը չեմ մնա:

-Ու՞ր են, -շփոթվեց, նաև զայրացավ ամուսինը:

-Չգիտեմ, կուխնյայի կողմից է, շարունակեց հեծկլտալ կինը: -Ալերգիաս սկսվեց, հիմա ամբողջ մարմինս դուրս կտա: Մամա... Ես կգնամ...

Անկյունում ավելն էր: Տղամարդը վճռականորեն ձեռքը մեկնեց, որպեսզի վերցնի, սակայն հոգեխռով վիճակում դիպավ աղբի կարճկոթ թիակին: Այն անզգույշ շարժումից թեքվեց, զրնգաց լողասենյակի սալահատակին:

-Թերթով, ուրիշ բանով խփի, կարնոտես սավոկը, - ձայնեց կինը:

Խորդանոցում մակուլատուրայի թղթերն էին, որ կինն էր վերջին շրջանում հավաքում: Նա ընտրեց երկու ամրակուռ ամսագիր և ետ եկավ: Արդեն վճռել էր անելիքը: Երկրորդ փորձը հաջող ստացվեց: Շատ հուպ չէր տալիս, որպեսզի չճզմի, բայց և թույլ չէր պահում՝ վախենալով կենդանու ներքև սահելուց: Այդպես էլ կտրեց լոգատաշտից ու, պահելով զուգարանի վրա, բաց թողեց: Մահվան սարսափից Ճստլոն մղվեց վեր: Մարմնի կեսն էր ջրում: Թաթիկները գցեց, որ ելնի, բայց պատն այստեղ ավելի ողորկ էր ու նաև՝ թաց: Տակառիկը թեթևակի ջուր էր թողնում, որը դնչի, փորի տակով հոսում էր ցած: Կենդանու աղեկտուր ծվոցը, դուրս պրծնելու համար գործադրած անլուր ճիգերը մինչև հոգու խորքը ցնցեցին տանտիրոջը: Նա թուլացած նստեց լոգատաշտի պռնկին: Ոչնչություն էր համարում իրեն, բարբարոս, ենիչերի, տականք, բայց ոչ մարդ, ոչ երաժիշտ, դաշնակահար, արվեստագետ: Նյադրերը տեղի էին տալիս: Առանց անցքի կողմը նայելու, շոշափելով գտավ տակառիկի բռնակն ու թափով քաշեց: Ինչ-որ բան ներսում պոկվեց, իսկ ջուրը խշշյունով լցվեց պետքարանը: Այժմ կարող էր ուղղվել: Մարդը նայեց: Կենդանին թրջվել, մի բուռ էր դարձել: Նախկին գեղեցկությունից ոչ մի հետք, բայց շարունակում էր պայքարել: Միայն գլուխն էր դրսում: Այլևս դուրս գալու փորձ չէր անում՝ ընդամենը ջանալով մնալ ջրի երեսին: Տակառիկում ինչ-որ բան իրոք կտրվել էր, որովհետև ջուրը, լցվելու փոխարեն առվակով հոսում էր՝ թեթևակի օրորելով մկնիկին:

-Ի՞նչ ես անում, - լսվեց կնոջ ձայնը:

Տղամարդն ատելությամբ նայեց կիսաբաց դռան դատարկությանը և ամսագրերը, որ շարունակում էր ձեռքը պահել, թափով շպրտեց աղբամանը: Իսկ Ճստլոն... Նա ուժասպառ էր լինում: Ջրի սառնությունից, չխեղդվելու համար գործադրվող անընդմեջ ճիգերից ոտքերի մկանները լարվել էին, մարմինը փայտացել: Հոգեվարքը մոտ էր: Ի՜նչ համառությամբ էր արուից թաքցնում նոր բնակատեղին. ծնվելիք ձագերի համար էր վախենում: Համոզված էր, թե այդպես ավելի ապահով է, որ կկարողանա միայնակ մեծացնել: Մինչդեռ հիմա... Նրանք անտերունչ, սոված…

Երբ մարդը ոտքի ելավ ու ուժ հավաքելով՝ նայեց, Ճստլոն մեջքի վրա, մարմնի կեսով ջուրն ընկմված՝ անկենդան օրորվում էր: Փորի մորթին, որ համեմատաբար բաց գույն ուներ, ուղիղ երկու կես էր եղել, կպել մարմնին: Մարդը բացեց ծորակը, դույլը պռնկեպռունկ ջուր լցրեց և աղմուկով շրջեց զուգարանը: Իսկ այնտեղ՝ դաշնամուրի ստեղների տակ ցրտից, անոթությունից ծվծվում, մորն էին սպասում վեց ձագուկները, վեց որբուկները: Նրանց աղեխարշ կանչը խլանում, մեռնում էր մոր դին տանող ջրի խշշոցում:


    

ԱՆԱՆՈՒՆ ՇՈՒՆ
    
    

Նա ծովափի սովորական շուն էր՝ մեկը նրանցից, որոնք գիշերն անցկացնում են տաք խիճերին, ցերեկը մեծերի քննախույզ, անհանդուրժող հայացքների ներքո առանց խորշելու ուտելիքի մնացուկ հայթայթում, կշտանալուց հետո թավալ տալիս ավազներին, անգամ ջուրը մտնում, մեծահոգաբար թույլ տալիս քաշքշել ականջներից, խրոխտ կեցվածք ընդունած նկարվել հետը:

Պատմածս օրերին լողափը դատարկ էր, ավազը՝ թաց, դեկտեմբերյան արևն ուժատ՝ որևէ բան փոխելու: Ալեբախությունը սրբել-տարել էր հանգստացողների հետքերը, և դժվար էր հավատալ, թե առանձին ամիսների ծովեզրն առավոտից իրիկուն դարչնագույնին է տվել հոծ մարմիններից, իսկ ափին զարկվող ալիքի ձայնը խեղդվել է մարդկային ժխորում: Ավազուտի երկարությամբ տնկած ժանգոտ խարսխացցերին վաղուց զբոսանավ չէր կառանել՝ օդը լցնելով բարձրախոսից հորդող խռպոտ հնչյուններով: Ալիքները խփվում, ետ էին գնում, ասես մեկը հսկայական կարպետ փռելիս լիներ և չկարողանար, թևերի բացվածքը հնարավորություն չտար, սակայն անձանձիր՝ նույնը կրկնում էր հարյուր, հազար անգամ, մինչև անծիր հյուսվածքը բացվի ուզածի պես, ծալք ու կնճիռ չունենա: Այսուայնտեղ ընկած էին մնում սոճու տձև կոճղարմատները, որոնց ալիքը ոչ մաշել էր ի վիճակի, ոչ գիրկն առնել: Ափամերձ մի քանի ծառերի ևս նույն ճակատագիրն էր վիճակված. ջուրը տարել էր տակի ավազը, ու նրանք չընկնելու համար հենվել էին մյուսներին՝ ջարդոտելով կատարները, ճզմելով ցանցկեն պատը: Ցանկորմից այն կողմ արգելագոտի էր, թեև անտառի խորքը տանող արահետները վկայում էին, որ ժամանակին փորհարինքով տառապողները կարևորություն չեն տվել յուրաքանչյուր երկու հարյուր մետրը մեկ ամրացված ցուցանակին և կամ՝ չեն վախեցել տուգանվել:

Շունն այնտեղ էր գիշերում՝ միմյանց վրա դարսած լոգամահճակների տակ: Թե ինչու էր հանգստատան հազար ու մի ծակուծուկ թողած այդտեղ հասել, հետո հասկացա: Նրա հետ ծանոթացել էի գալուս երկրորդ օրը: Բացօթյա ավազանում լողում էի, վայելում մենակ, առողջ լինելու և գոլ աղաջրի հաճույքը, երբ բռնեցի ափից ինձ հետևող հայացքը: Միջինից ցածր, լոշտակ ականջներով երկարապոչ շուն էր, մազերը փարթամ, կեսը՝ սև, կեսը՝ գունատ ճերմակ: Փորի տակ կարմրին էին տալիս երկարուկ կրծքերը: Ընդհանրապես մարդկանց մեծ մասը էգ շներին տանել չի կարողանում. նախ՝ կռվարար չեն և հետո՝ գարնանը, տաքերն ընկնելու հետ փորձանք են դառնում, տասը-տասնհինգ իրենց նմանի ետևը գցած տակնուվրա անում մարգերը, հարևանների կռվի պատճառ դառնում: Իմ խնդիրն ուրիշ է՝ նրանք ինձ հիշեցնում են մեր Չալո շանը, որին թաղի տղաները զուգավորման պահին քարծեծ արել, ապա և եղանի պոչով ողնաշարը կոտրել էին: Ընկերը մի կերպ պոկվել փախել էր, իսկ ինքն այդպես էլ մնացել գիշերները դեռևս սառցակալող առվաջրում ու փայտացել: Հորս կարգադրությամբ ես ու եղբայրս ոտքից մետաղալար կապելով՝ դժվարությամբ ձնհալի ջրերի միջով նրա թրջված, ցեխակոլոլ մարմինը քարշ տվինք գյուղից դուրս: Ես այն ժամանակ կլինեի, երևի, տասը, եղբայրս՝ տասներկու տարեկան: Հիշում եմ, երբ մարմինը քարի էր առնում, թեքում էինք երկաթալարի ուղղությունը և, տեղապտույտ տալով, շրջանցում արգելքը: Հայրս ասել էր, որ սպանդահորը նետենք, սակայն չկամենալով նրան որդոտած, նեխահոտ արձակող դիերին խառնել, Նախիրգնայի մոտ թեքվելով՝ ուղղվեցինք փլփլած մարագի կողմը և, պատերից մեկը քանդելով, ինչքան հող, խիպար կար, լցրինք Չալոյի վրա: Դեռ ականջումս է ընկնող լեռ քարերի խուլ թմփոցը, որքան էլ ջանում էինք զգուշորեն, մեկիկ-մեկիկ ցած բերել: Եվ մեր լացն եմ մտապահում:

Շունը մի քանի անգամ գնաց եկավ իմ դիմաց, հետո ետևի ոտքերին պպզեց: Թվաց, նրան ևս հաճելի էր ջրից արտածող ջերմությունը, որ մառախուղի պես կանգնել էր ավազանին:

-Հը՛, ցու՞րտ է:

Նա իմ տրամադրությունը, բնականաբար, չկիսեց. ոչ մեկտեղանոց համարում էր ապրում՝ լոգարանով, ոչ օրը երեք անգամ կերակրում էին, ոչ իսկ թաքուն արկածների ակնկալիք ուներ:

-Անունդ, գոնե անունդ ասա՝ Շարի՞կ, Բողա՞ր…

Զբոսանքի ելած հանգստացողներ մոտեցան, և մեր ծանոթությունը դրանով ավարտվեց: Ապա նրան տեսա ընթրիքից առաջ՝ պատշգամբ մագլցած բաղեղների տակ շրջելիս: Ներսից թմբկահարեցի ապակին, սակայն անտարբեր՝ շարունակեց հոտոտելով բան փնտրել: Փորը կախ էր ընկած, ոտքերը, թվաց, ծանրությունից փոքր ինչ ճողվել են: Աչքերից մեկի անկյունում՝ քթարմատի մոտ սառել էր ճպուռը, դնչին փոքրիկ սպի կար՝ մազածակոտիներից որոշ մեծ: Մենասեր շուն է, -որոշեցի, -նման այն մարդկանց, ովքեր խուսափում են ընկերակցությունից, համոզված, թե դիմացինն անազնիվ է խաղում և, եթե մինչևիսկ շահի ակնկալիք չունի, վնաս տալ կարող է:

Միջնորմի դեր կատարող ապակին հնարավորություն էր տալիս ամենայն մանրամասներով ուսումնասիրել կենդանուն: Չորացած ծաղկանոցով քայլելիս պտուկները քսվում էին ծաղկակոթերին, նկատելի տարուբերվում: Հղիության վերջին օրերն են, եթե ոչ վերջինը, - գլխի ընկա, և այդ պահից նրա գոյությունը կարևորվեց: Ընթրիքը կիսեցի հետը՝ գոհանալով մսաբլիթով, խավարտով, կարագ-հաց-թեյով: Պարզվեց, բարեկիրթ շուն է, ոչ երախտամոռներից, որովհետև քիչ հետո, երբ կիսավերարկուս վերցնելով ետ եկա, առաջ ընկած, ասես նախապես գիտեր գնալիքս, ուղեկցեց մինչև կինոդահլիճի դուռը, որը հիմնական մասնաշենքից հեռու էր, առանձին: Հին, հազար ու մի պակասություններով ժապավեն էին պտտում, ինչպիսիք սովորաբար ցուցադրում են հանգստյան տներում և առողջարաններում՝ գիտենալով, որ մարդկանց մի մեծ խումբ անխտիր դիտում է՝ միայն թե ժամանակ սպանի: Ընդամենը երկրորդ օրն էր, մեծ մասս մեկմեկու, վայրին անծանոթ, և ահա նստել՝ լրջմիտ, լրջդեմ դիտում ենք: Անշուշտ, մաքուր օդում զբոսնելը շատ ավելի հետաքրքիր էր, օգտակար: Կեսից գլխի ընկնելով այդ պարզագույն ճշմարտությունն ու կորցրած ժամանակի պատճառով նեղսրտած՝ հարմար պահի ելա:

Շունն ինձ էր սպասում: Առաջինը լինելու, քայլելու պատիվը միմյանց զիջելով՝ գնացինք մինչև լողավազան, ապա, շրջանցելով նոճիների շարքը, հասանք ափ: Ծովը չէր երևում, ու եթե չլինեին հեռվում խարիսխ նետած նավերի առկայծումները, ջրի խշշյունը, կարելի էր շփոթվել: Երկա՜ր քայլում էինք ափի երկայնքով՝ ուղեցույց ունենալով խավարում կաթնագույնին տվող խճաքարերի երիզը: Ես նրան իմ մասին պատմեցի, հետո այդ օրը երկրորդ անգամ փորձեցի ճշտել անունն ու, այդպես էլ արդյունքի չհասնելով, կնքեցի Անանուն:

Հաջորդ օրը ևս մի քանի անգամ հանդիպեցինք, որից հետո նա կորավ: Հարցուփորձ արի կաթսայատան աշխատողին, ով միաժամանակ պատասխանատու էր ավազանի ջերմության համար, դիմեցի սեղանակիցներիս օգնությանը: Արտաքինի նկարագրությունը խնդրին չօգնեց, մանավանդ նրանք առանձնակի հետաքրքրություն չդրսևորեցին, և հարկադրված էի ապավինել ժամանակին: Որքան հասկացա, շրջակայքը լի էր նման անտերունչ շներով, կատուներով՝ մասնավորապես, և բոլորն օգտվում էին ճաշարանի թերմացքից, այնպես որ՝ հանգստացողները հասցրել էին ձանձրանալ, իսկ աշխատողները պարզապես կուշտ էին:

Նրան գտա պատահաբար: Միայնակ զբոսնում էի ափին, երբեմն-երբեմն քար շպրտում ծովը, հետևում ճայերի թռիչքին, հետո ձանձրելով նույնից, մտա սոճուտը՝ կոն հավաքելու: Մահճակների տակ շարժում նկատելով՝ առաջացա, սակայն քայլ չարած, ստիպված էի կանգնել. գռմռոց էր գալիս:

-Հե՛յ, ինչացու՞ ես, -չիմանալով անելիքս՝ հարցրի, միաժամանակ կռացա՝ ջանալով տեսնել:

Մռլտոցը վայրկյան անց փոխվեց մռնչյունի, և ես, խոստովանանք լինի, աճապարանոք ետ-ետ գնացի, որովհետև տեսա առաջացող մարմինն ու երկու հրացայտ աչք:

-Դե, դե, քո հավին ո՞վ քշա ասաց, -դեռևս չիմանալով, թե ինչ գազանի հետ գործ ունեմ, հաշտ նկատեցի, իսկ աչքս փայտ էր որոնում. մեկ էլ տեսար վրա պրծավ:

-Ախ դու, ավազակ, -ճանաչելով Անանունին՝ մեկից հանդարտվեցի, -այ թե ուր էիր կորել:

Նա շարունակեց ինձ նայել բարկացկոտ, ասես բոլորովին չի ճանաչում: Զայրույթից վերին շուրթը քշտվել էր, առջևի թաթերն ամուր խրել էին խաշամի մեջ: Տպավորությունն այնպիսին էր, թե պատրաստվում է ցատկի:

-Հանգստացիր, քեզ ի՞նչ եղավ, - ձայնիս հնարավորինս փաղաքշանք հաղորդեցի: -Քո թշնամի՞ն եմ, ինչ է:

Խոսքիս տոնը վերջապես ազդեց. շուրթերը դանդաղ ծածկեցին ատամնաշարը, հայացքը մեղմացավ, թեև մնում էր մտերմություն չհանդուրժող: Նիհարել էր, մի տեսակ սմքել, իսկ հայացքում, ինչպես ասացի, չարություն կար, չորություն, բան, որ նախկինում չէի նկատել: Նա հետ-հետ գնաց և, դեմ առնելով դարսակներին, կանգնեց:

-Դե, այդպես ասա, -վերջապես հասկացա ես: -Թե չէ… Մայրությունն է մեջդ խոսում, ինչու՞ կճանաչես:

Չգիտեմ, ըմբռնու՞մ էր, երևի, այո, որովհետև հետզհետե հանգչեց աչքերի կրակը, պոչը թողեց, և ներողության պես մի բան կախվեց պռոշից ու թվաց՝ սպին ավելի է խոշորացել:

-Սովել ես, իմ խեղճ Անանուն: Ուրեմն՝ երկու օր պատառ չես առել բերանդ: Իբր, ցնկնելու ցավը քիչ է, հիմա անոթությունն է նեղում: Վախենում ես ձագերիդ մենակ թողնել, հա՞: Ուրիշ ի՞նչ անես, շուրջբոլորդ հազար չուզող, թշնամի աչք կա: Բա հա՞յրը: Ասենք, ի՞նչ եմ հարցնում. ամառ էր, լուսնկա գիշեր, ծովափում մարդ-անասուն՝ բոլորը նույն գործին էին, դու էլ հավեսի ընկար, էլ չասիր՝ էս ձմեռնամուտին ո՞նց եմ պահելու: Այսինքն, ոչինչ, այստեղ առանձնակի ցուրտ չէ, իսկ կեր… Հիմա մի բան կմտածեմ:

Մոտակա կրպակում պանրից զատ հարմար բան չգտնվեց: Երեք հարյուր գրամի չափ գնած՝ աճապարեցի ետ: Դեռ հեռվից, որպեսզի անակնկալի չգա, ձայն տվի: Իսկապես սոված էր, որովհետև մի շնչի կերավ: Այդպես շարունակվեց հինգ օր: Յոթ ձագի համար միայնակ կեր հայթայթել, բնականաբար, դժվարանում էր, ու ջանում էի օգնել: Մի քանիսը ևս իմացել էին և երբեմն-երբեմն անձեռոցիկում փաթաթած կոտլետ, ճարպի կտոր, ոսկոր էին տանում: Ասել եմ՝ մանկությանս տարիներին Չալո անունով շուն ունեինք ու գիտեի՝ դժվարն առաջին մի քանի օրն է: Ամենակարևորը՝ չսառչեն, հետո, երբ մազերը գան, աչքերը բացվեն, ամեն ինչ հեշտ կընթանա: Բայց…

Այդ օրն ամբողջ ցերեկն անձրև էր գալիս: Պատկերացրեք դեկտեմբեր ամիս և՝ անձրև: Չռռում էր ու չռռում: Ճաշից հետո կանանցից մեկի անձրևանոցը խնդրեցի, մի կերպ հասա սոճուտ: Նույնիսկ ալարեցի կռանալ՝ տեսնելու տեղու՞մ են: Կերը շպրտելով՝ նույն արագությամբ դարձա: Հետո ինձ նախատում էի վարմունքիս համար, բայց էլ ի՞նչ: Համբերեք, կպատմեմ հերթականությամբ:

Երեկոյան պատրաստվում էի քնել, երբ դրսից դուռը չանգռեցին: Կարծեցի հավաքարարն է հատակը փայլեցնում, և պատահաբար փայտն առել է դռանը: Սակայն խշխշոցը շարունակվում էր: Բացեցի դուռն ու տեսնեմ՝ Անանունը. պպզած ինձ է նայում: Թե ինչպես էր գտել սենյակիս դուռը, հարկը, մնում է հանելուկ: Բայց այն ժամանակ, հիշում եմ, չզարմացա, պարզապես արցունքոտելու աստիճան զգացվելով՝ ուրախ-ուրախ ներս առա: Ուտելիք, լավ է, ունեի, թեև՝ քաղցրեղեն: Խեղճը ոտքից գլուխ ջուր էր: Առաջին հերթին ոտքի սրբիչով լավ չորացրի, ապա փորձեցի կերակրել, սակայն բերանը բան չառավ: Շարունակ վնգստում էր, քսմսվում ազդրերիս, գլխով ցույց տալիս դուռը:

-Դու՞րս ես ուզում: Մի վախենա, կճամփեմ: Տաքացիր՝ հետո:

Ծիծաղելի չթվա, եթե ասեմ՝ հյուրընկալողի դերում էի զգում, պատասխանատու: Այդ կերպ մարդ հուզվում է, երբ սրտամոտ մեկը տուն է գալիս ու անպայման ուզում ես պատված, գոհացրած լինել:

-Դե, սու՛ս, հարևան սենյակից կլսեն: Առանց այդ էլ ոտնահետքերդ միջանցքում մնում են:

Առաջին հարկի սանդղահարթակի մոտ նրան առաջ թողեցի, սակայն անհանգստությունս անտեղի էր. խցիկում պահակ չկար: Վերարկու չէի վերցրել, առանց անձրևանոցի իմաստ չուներ մթնով ուշ ժամի անտառ ուղեկցելը, և ես դուռը կիսաբաց անելով՝ դարձա նրան.

-Չեմ գալու. տեսնում ես՝ անձրև է, ընդ որում՝ քամու ուղեկցությամբ: Լավ կլինի շարժվես, թրջվեցիր:

Հայացքում աղերսանք, ինչ-որ բանի ակնկալիք կար, որը դեռ վերևում էի նկատել: Նման արտահայտություն մեկ էլ համրերի դեմքին եմ տեսել, երբ ջանում են կարևոր բան հաղորդել, սակայն լարումից պարզապես այտերի մկաններն են պրկում, շրթունքները ծռվում և լայնանում բիբերը: Նա նստեց շեմասալին, իսկ ես դուռը գոցելով բարձրացա՝ այդ օրը, թերևս, երկրորդ սխալը թույլ տալով:

Առավոտյան երկինքը խաղաղվեց: Դրսում տանելի տաք էր, անձրև չկար, և եթե թիկունքի ձյունապատ լեռնակատարները չլինեին, կարելի էր կարծել գարուն է կամ սեպտեմբեր: Նախաճաշից հետո շտապեցի ափ. մասամբ խղճի խայթ էի զգում, բացի դա՝ կամենում էի մոտիկից տեսնել ալեբախությունը, որը, որպես կանոն, առժամանակ շարունակվում է՝ անգամ երկնքի պարզելուց հետո: Օդը մաքուր-մաքուր էր, եթե չհաշվենք աղահոտը: Ծովի վրա այսուայնտեղ փրփուր կար, ինչը ճայերին վախեցնել, իհարկե, չէր կարող: Նրանք թևում էին, ժամանակ առ ժամանակ ձանձրանալով խաղից՝ նստում ջրին և անտարբեր ճոճվում, մինչդեռ ծովը մռնչում էր, ճապուկ գազանի պես ցնցում, տարուբերում մարմինը՝ ջանալով կոհակի տակ առնել իր ուժի առաջ չկեռվողներին: Ցամաքին չհասած՝ վիթխարի հսկան էլ ավելի մոլեգնելով՝ նկատելի կծկում էր պարանոցն ու զայրույթից սպիտակ շրթունքները խածնելով՝ հարձակվում ավազուտների, խճաքարերի վրա, բերանն առնում կոճղարմատներն անգամ, սակայն չկարողանալով կլլել, դեն էր շպրտում, ապա աճապարում ետ՝ վախենալով կորցնել մեծ մորը:

Անանունը ոչ մի տեղ չէր երևում: Կես ժամի չափ կլիներ դեսուդեն էի քայլում ավազներին, դիտում, թե ալիքներն ինչպես են մաքրում ոտնահետքերս, երբ գլուխս բարձրացնելով՝ տեսա նրան: Բերանում բան կար: Հասնելով՝ դրեց, այնուհետ սկսեց ճանկերով քանդել ավազը, ապա բերածը, որ մսակտոր թվաց, դնչով գլորեց փոսը, նույն հապճեպով ծածկեց և, գլուխը դնելով հողաթմբին, գոցեց աչքերը: Այնքա~ն խղճահարույց էր տեսքը, ողջ տեսարանը, որ սարսռացի, միաժամանակ գլխի ընկա․ բերածը ձագերից մեկն էր: Այո, այո՛: Գիշերն ինչ-որ բան էր կատարվել, ավելի ստույգ՝ երեկոյան, երբ անձրև էր, քամի, այլապես նա չէր գա: Ոստնելով՝ վազքով հասա մահճակներին: Պարզվեց, ողջը մետաղալարով կապած է իրար. հավանաբար գողությունից զգուշանալու համար էին այդ կերպ վարվել: Դա մի փոքր կոտրեց վճռականությունս, գիտեի, որ նկատելու դեպքում կմեղադրեն, այդու մտադրանքիցս հետ չկանգնեցի: Պարզապես ավելի դանդաղ էի աշխատում՝ ջանալով նույն կարգով վերադարսել, բան, որ ժամանակ էր խլում:

Անանունը մեկնվել, չէր շարժվում, սակայն երբ հասա ցածի շարքերին, ելնելով՝ թույլ-թույլ մոտեցավ: Հայացքում թեթևակի, աննշմարելի զարմանք կար, կյանքը, շրջապատն ինչ-որ չափով ըմբռնելու նշան, նաև՝ հույս: Անհամբերությունից գլխի կողմից ուժ տալով ՝ վերջին մահճակները կտրեցի գետնից: Կասկածներ սկզբից ևեթ ունեի, այդուհանդերձ անակնկալի եկա: Գուցե դեսուդե՞ն են փախել: Զգույշ, որպեսզի չճխլեմ, իջեցրի դարսակն ու մեկ առ մեկ կողմ տարա: Շերտավոր լաթի կտորները, տրորած գետինը, մազի փնջերը բնի գոյությունն էին վկայում: Իսկ ձագե՞րը: Լաթի ծվեններից մեկին մուգ բծեր տեսա, բայց դժվար էր ասել՝ արյու՞ն է և կամ՝ ո՞ր օրվա: Մանկուց գիտեի՝ արու շները նորածին քոթոթներին երբեմն դաժանորեն խեղդում են, հոշոտում: Գուցե մոր՝ բնում չեղած ժամանակ նման մի բան էլ այստե՞ղ է կատարվել:

-Խոսիր, մի բան ասա, -աղերսանքով Անանունին դարձա:

Ապա ուշադրությունս գրավեց բնի թացությունը: Խիտ դարսած փայտազանգվածի միջով անձրևը դժվար թե անցներ: Ջուրը կարող էր լցվել միայն կից շինության տանիքից: Այդպես էլ կար. ջրհորդանները ծովին են նայում: Հորդացող ջուրը բետոնի վրայով հոսել էր, լցվել բույնը:

-Մի նայիր ինձ այդպես, այդքան խղճալի: Մեղքի բաժին ինչ-որ տեղ գուցե ունեմ, բայց դու… Քեզ մեղադրիր: Մայրական բնազդդ ինչպե՞ս սխալվեց: Ուրիշ անգամ չռռոցը չէի՞ր լսել, չգիտեի՞ր, որ ջուրն այստեղ մի ճամփա ունի:

Կանգել, կենդանական հայացքով ինձ է նայում:

-Բոլորի՞ն ես թաղել՝ ծովի հարևանությամբ, ծփանքին ունկնդիր: Հավերժ հանգիստ անմեղ ձագուկներին: Դեռ մեծանային պիտի, թավալ տային ավազներին, մեկմեկու ականջ կծոտեին, ամռան արևը գգվեր պիտի, սեր պետք է գտնեին ու ինչե՜ր չտեսնեին, բայց… Թող քեզ սփոփի այն միտքը, որ նրանք այս անցավոր աշխարհից գնացին առանց հոգիներին մեղք բարդելու:

Ձայնիս հնչերա՞նգն էր լալագին, թախծոտ - Անանունը մոտեցավ, գլուխը հպեց ծնկներիս. ինձ էր սփոփում: Այդպես մնացինք, երևի, երկու րոպե: Ես գլուխն էի շոյում, իսկ նա կանգնել, սպասում էր, հետո հրավիրող հայացքով քայլեց հանգստատան ուղղությամբ: Հասնելով կիսաբացօթյա սրճարանին, որը տարվա այդ եղանակին փակ էր, առաջացավ, կանգնեց ճաշասեղանի ու սալօջախի բացվածքում կիտած ճոճաթոռների առաջ: Նույն պահին կուտակի տակ բան շարժվեց, ու մի շատ պստլիկ քոթոթ վազեվազ մոտ եկավ: Մայրը մեկնվեց սալահատակին, իսկ նա դնչիկով զարկվեց կրծքին՝ շփոթմունքից չիմանալով որ պտուկը բերանն առնի: Ի վերջո բռնեց մեկն ու կախ ընկավ, մնաց: Հենվեցի մուտքի սյանը՝ սպասելով մյուսների հայտնվելուն: Սակայն, ինչպես գլխի ընկաք արդեն, ուրիշ քոթոթ չկար, թե լինեին, վաղուց կզգային մոր ներկայությունն ու որտեղ էլ լռված լինեին, ձայն կտային, մոտ կվազեին: Այդու մեկը ոչնչից լավ է: Վիշտն իմը չէր, ուստի երբ փոքրիկն ուտելն ավարտեց և տռզած՝ ելավ մոր փորին, ժպիտը դեմքիս անվարան մոտեցա: Անանունն ուղղվեց՝ պարկեշտորեն ծածկելով ամոթատեղերը, իսկ ես ձեռքս առա քոթոթին, սկսեցի փաղաքշել:

-Առյուծաձագս, կորյունս, քեզ այլևս մահ չկա, դու փոթորկին ես նույնիսկ հաղթել: Վաղամեռիկ եղբայրներիդ, քույրերիդ բաժինը ևս կեր, շուտ ուժովցիր և ապրիր նրանց փախարեն նույնպես, նրանց կյանքը ևս՝ այս արևոտ, կանաչ-կանաչ աշխարհում:

Քոթոթն ի պատասխան մատս առավ բերանը: Ատամ դեռ չուներ, աչքերը նոր-նոր բացվել էին, մարմինը մազակալել: Օրեր հետո նա իսկապես կլորվեց, գեղեցկացավ և լավ եղանակի դեպքում հադգնում էր դուրս գալ արևի տակ տաքանալու, հասնել գլխավոր ճեմուղի, ուր անցուդարձողներ կային: Մայրը մոռացավ ցավը, մյուս շները հանդուրժեցին քոթոթի գոյությունը, կատուներն սկսեցին զգուշանալ, իսկ մարդիկ… Նրանցից մի քանիսը դժգոհել էին, որ գիշերները հաչոցների պատճառով քուն չունեն, հետո մեկը, իբր, տեսել էր շանը ավազանում լողանալիս, նույնիսկ Անանունի ձագի մասին էին տնօրենի մոտ խոսք բացել, իհարկե, ծաղկեցրած: Գուցե իսկապես կենդանին լողավազան մտել էր: Հնարավոր է, նրանք վերքերն աղաջրով ապաքինելու փորձ ունեն և կարող էին ծովի սառը ջրի փոխարեն հանգստացողներիս պես գերադասել ավազանինը, գուցեև իսկապես նրանց ներկայությունը ոմանց նյարդերի վրա ազդում էր և վարակի վտանգ կար, չգիտեմ, բայց այն, ինչ կատարվեց երկու օր հետո, սահմռկեցուցիչ էր:

Արթնացա կրակոցից: Թնդյունից ապակիները զրնգացին, ապա՝ լռությունը սղոցեց շան աղեկտուր կլանչը, որը գնալով մարեց: Բաճկոնն ուսերիս պատշգամբում ծխում էի, անորոշությունից գլուխ կոտրում, երբ հեռվում լապտերներ շողարձակեցին, այնուհետ նոր կրակոց լսվեց, ինչին հետևեց երկրորդն ու վերստին՝ շան կաղկանձ: Նկատեցի՝ ուրիշ դռներ ևս բացվեցին, և դարձյալ մի քանիսը կախ ընկան բազրիքից: Ամեն ինչ պարզ էր: Հագնվելով՝ ցած վազեցի աստիճաններով, սակայն հերթապահը չթողեց:

-Տնօրենից կարգադրություն կա, վտանգավոր է. թափառող կենդանիներին ոչնչացնող ջոկատ ենք հրավիրել:

Թևաթափ ետ գալով՝ ելա պատշգամբ: Ձայները, որ ծովափից էին գալիս, մոտեցան: Պատրաստվում էի նախատել, երբ վերևի հարկից մի կին պոռթկաց՝ կանխելով իմ ելույթը:

-Գազաններ, ինչպե՞ս կարելի է: Քրիստոսը կպատժի ձեզ: Աստծո կրակը ձեր գլխին…

Հիմա ամեն ինչ չեմ հիշում: Թե անեծքների տարափ տեղացողն ու թե ես ու մյուս ունկնդիրները գիտեինք, որ նրանք ընդամենը հանձնակատար են, որ իսկապես էլ շներն ու կատուները պատուհաս էին դարձել, բայց հաշտվել խնդրի նման լուծման, սպանդի հետ, անկարելի էր: Մեր բուռն դժգոհությունը նրանց համար, ակնհայտորեն, անակնկալ չէր. ամեն աշխատանք առանձնահատուկ կողմ ունի: Հրացանավորներն էլի մի կես ժամի չափ կրակեցին, հետո դիերը հավաքելով՝ նստեցին մեքենան և հեռացան:

Մի կերպ լուսացրի, ապա, չսպասելով նախաճաշին, վազեցի սրճարան: Քոթոթն այնտեղ էր, իսկ Անանունը… Մինչև կեսօր փնտրեցի, սակայն ապարդյուն: Ենթադրում եմ, վտանգը ձագից հեռացնելու համար ծովափի կողմն էր գնացել՝ դառնալով հարմար թիրախ: Որոնումների ընթացքում էլ որոշեցի անելիքս: Երեք օրից ուղեգրիս ժամկետը լրանում էր: Ինքնաթիռի տոմս զլացել էի պատվիրել, և ասել էին, որ վերջին պահին մոտենամ՝ թռիչքից առաջ: Կասկածների մեջ չգիտեի՝ գնացքով տուն դառնալ, թե՞ սպասել պատեհությանը: Հարցի լուծումը տվեց քոթոթը: Վե՛րջ: Նրան հետս եմ վերցնում: Հենց այսօր: Հիմա՛: Նախընտրելին, անտարակույս, գնացքն է: Նրա համար տեղ կճարվի, հեչ որ չէ՝ կրպակավաճառից ստվարաթղթե արկղիկ կխնդրեմ:

Անանունի սերունդը պիտի՜ ապրի:


    
    

ԳՈՆԵ ԼՍՈՒ՞Մ ԵՔ
    
    

Կվա, կվա… Պատասխանն ուշացավ: Երկարոտնը թեթև ցատկով հեծնեց կոճղարմատին: Կվա, կվա, կվա, -այս անգամ կանչեց երեք անգամ, հետո հայացքը խավարին՝ ականջ պահեց: Նույն աստղկեն երկինքն էր, հեռվից եկող նույն շնահաչը, տերևներն էլի սյուքից հազիվ լսելի սվսվում էին, ծղրիդը ձայնը դարձյալ ականջն էր գցել, ուրիշ շշուկ չկար, Ճերմակփորիկը չէր արձագանքում: Երկարոտնը շրջվեց Նախավկա սարի կողմը: Հյուսիսային աստղը հիմա մատուռից ձախ էր, գմբեթին հավասար: Ուրեմն՝ առնվազն կես ժամ ննջած կլինի: Այդ միջոցն էլ օգտագործել է Ճերմակփորիկը: Գիշերով է ճամփա ելել, որպեսզի հասցնի կանաչափ առու գտնել, այլապես արևից պրծում չի ունենա: Թե ինչ ուղի ընտրած կլինի, ևս գիտեր. միասին հաճախ էին քննարկել, տվել-առել երթի մանրամասները: Նրան այդ թեման ընդհանրապես չէր գրավում, գերադասում էր գալիքի մասին ամենևին չխոսել, չմտածել, սակայն խուսափել, միևնույն է, չէր լինում. գիշեր-ցերեկ նույն հորդորներն էին, տագնապահույզ, վհատեցնող նույն խոհերը, տրամաբանական նույն փաստարկները, որոնց հետ հաշվի չնստել, որոնք նկատի չառնել չէր կարող:

-Այստեղ մնալը մահ է, -շարունակ կրկնում էր ճերմակփորիկը:

-Անցյալ տարի ևս նույնն էիր ասում:

-Եվ ճիշտը ես էի: Շերեփուկներիցս քանի՞սը մնացին:

-Ոչ մեկը:

-Տեսնու՞մ ես: Կմոռանա՞մ չորացած տիղմի ճաքերում մահ գտած որբուկներիս. երբեք:

-Բայց մենք, հո, կա՞նք, ողջ ենք:

-Թե պատահական տեղատարափը չլիներ, մենք ևս աշխարհին մնաս բարով կասեինք:

-Անձրևային տարի է սպասվում:

-Մեկ է, այս ամայացող ձորում կյանքը մեռնում է, խոտ, խոնավություն չկա: Էս մի բուռ ծառն էլ վերացավ, վերջ՝ օձն ու կարիճն առապարից կիջնեն: Մոռացե՞լ ես հերվա իժին: Թե խրտնած հորթերի բոռոցը չլիներ, վրան ընկած ստվերի պատճառով սողունը չթեքեր հայացքը, այդպես էլ տեղումդ մեխված կմնայիր:

Ոտնաձայն առնելով՝ Երկարոտնը գլխիվայր սուզվեց ջուրը, անաղմուկ լողաց ջրափոսի հեռավոր անկյունն ու դուրս եկավ պռնկին կախ ընկած գուղձի տակ /մշտական թաքստոցն էր/: Նկատվելու վտանգ չկար, բայց թե՝ սովորություն էր, մյուս կողմից՝ մարդուց ամեն բան սպասելի է, մեկ էլ տեսար բահը վրա բերեց ու, հենց այնպես, հավեսի համար երկու կես արեց: Դե եկ ու իմացիր՝ կռռո՞ցդ դուրը չեկավ, չլմփո՞ցը, որ ջուրն ընկնելիս հանեցիր, թե՞ նայվածքդ, ինչը, իբր, կենդանությունից զուրկ է, շփոթեցնող:

Մարդը հասնելով բարդիներին՝ ձեռքի վարժ շարժումով ջուրը շպրտեց ծխախոտը, որը թույլ թշշաց, կռացավ, սկսեց շոշափել ծառաբունը: Փնտրածը չգտնելով, թե չգոհանալով՝ անցավ մյուսին: Ձեռքին բան կար բռնած, բայց ինչ՝ Երկարոտնը չէր տեսնում: Դը՜խկ… Հանկարծ մի թնդյուն տարածվեց օդում, չհասցրած մարել, լսվեց երկրորդը՝ առավել ուժգին, հատու: Խուճապահար՝ Երկարոտնը սուզվեց խորքերը, սակայն ձայնը ջրում ևս, անգամ տիղմի տակ, ուր վերջին պահին թաքցրեց գլուխը, հասնում էր: Չէ, ճիշտը Ճերմակփորիկն է, և մայրը նույնպես, որ դեռ այն տարիներին, երբ խոտն առատ էր, իսկ առվին կտրվել չկար, առաջարկում էր ջուրն ի վեր ընթանալով՝ հասնել ակունքներին: Երկարոտնը, թեև ոչ բոլոր մանրամասներով, հիշում էր ընտանեկան խորհուրդը, որ գումարվեց Ճահճաղբյուրի կանաչուտում: Ծնողներն էին, պապն ու էլի մի տասնյակ երիտասարդ գորտեր՝ իր քույր-եղբայրները, բայց ոչ սերնդակից և իրենք՝ պոչատ, դեռևս անանուն: Մայրը պատճառ էր բերում ջրամբարը, որ վերևներում էին սկսել կառուցել:

-Դա մեր փրկությունն է, -ընդդիմանում էր հայրը, -ամառ-ձմեռ ջուր կունենանք:

-Չէ, մի կարծիր: Տարիներ է տևելու, ու դեռ հարց է՝ հետո խողովակների մեջ չե՞ն առնի:

-էհ, մենք էլ ճահճուտում կապրենք: Ջուրը կա, մարդ-անասուն խուսափում են ոտք դնել, մոծակը՝ ինչքան ուզես:

-Հերիք է Նախավկա առուն ցամաքի, ճահիճը կչորանա: Սա վերևի ջուրն է, ծծվում է, ներքևը դուրս գալիս:

-Այդպես ո՞նց կլինի, -բորբոքվեց ավագ եղբայրը, -մարդն անտե՞ր կթողնի ձորը:

-Ժամանակները փոխվել են, մարդը՝ առավել, -պապն էր:

-Բա ծառերը, միրգը, խոտը… Ափսոս չե՞ն:

-Հիմա նա հեշտի է վազում: Նոր այգի կհիմնի ցորենարտի տեղում: Հարթ, մշակած հող…

-Ուրեմն ի՞նչ՝ այս գեղեցկությանը մա՞հ է վիճակված, կգա օր, որ չե՞ն լինի ծառերը, մասրենին գարնանը հարսնաքող չի՞ հագնի, զարդարի քարափը, կաքավները սերմ ժողվելու համար չե՞ն իջնի ցած, օրնիբուն չի՞ երգի առուն, աղմկի Չռիկը:

-Դե, դե, այդքան հոռետես պետք չէ լինել, -տեսնելով տխրեցին՝ իրար անցավ հայրը: -Պապն ի՞նչ ասաց՝ մարդու բնույթը փոխվել է, նրա շինած պատնեշը ջուր չի պահի, -հետո ոգևորվեց, -այս առվին ցամքել չկա: Հազար, չորս հազար տարի այստեղ մարդիկ են ապրել: Հապա բերդն ու մատու՞ռը՝ լեռան կատարին, ջրաղացնե՞րը, որ բանել են ձորում… Հեքիա՞թ է՝ Սուրբ Նախավիկի տանիքը, ասում են, սկզբում ողջ՝ եղնիկի կոտոշներով էր պատած, ագուցել են մեկը մյուսին, հյուսել…

-Բայց ու՞ր է, ու՜ր: Չէ՞ որ նույն ավանդությունն ասում է՝ շրջակայքը բոլոր, ձորի զառիկող լանջերը անտառապատ էին, հոսողն էլ առու չէր, ու էդ զմփզմփան գետից էին ջուրը բերդ տանում:

-Գյուղ էլ է վերևի տափարակում եղել, պտղատու այգի նույնպես, փտած արմատները, փլփլած պատերը կան, մնում են: Ու ճամփան, առվի հետքը՝ նմանապես: Ինչպե՜ս են կարողացել բարձրացնել:

-Ամեն ժամանակ գեղեցիկ է յուրովի:

-Համաձայն եմ, եթե… Բնազդ ասվածը մեր տեսակը ևս ունի: Ես ձեզ ասում եմ՝ այս ձորի աստղը շրջվել է ու դժվար ուղղվի:

Ուղեղում դաջվել է և պապի խոսքը, որից հետո խորհուրդը շարունակելը դարձավ անիմաստ:

-Ծննդավայր լքելը մահից վատ է. թեկուզ դրախտում՝ օր չես ունենա, կարոտը ներսից կծվատի /նա Մեծ գաղթին էր մասնակցել ու գիտեր՝ ինչ ասել է տեղահանություն/:

Այդպես մնացին: Հիշողությունների գիրկն ընկած՝ Երկարոտնը մոռացել էր շրջապատը, անջրպետվել աշխարհից: Ձեն-ձուն չկար, ու նա դուրս հանեց գլուխը: Մարդը ծնկել, լապտերի լույսը պահել էր բարդուն: Բունը բոլորակն կտրված էր, սակայն ոչ այնքան, որ ծառն ընկնի: Երկու քայլ հեռու ճերմակին էր տալիս մեկ այլ հաշմ ծառաբուն: Կողքին կացինն էր: Առժամանակ անց մարդը լուսաշիթն ուղղեց մեկ այլ բարդու, իսկ երբ կիսախավարը պարուրեց, ու վերստին լսելի դարձան կացնազարկերը, Երկարոտնը ոտքի ելավ: Թեք լանջով առաջանալը, անշուշտ, հեշտ չէր՝ ճաապարհը փակում էին քարերը, սորուն հողը, ճյուղերը: Մինչ կմոտենար, մարդը դադար տալով՝ ծխախոտ վառեց: Փոքրամարմին էր, նիհար: Թե՞ տպավորությունն էր խաբուսիկ՝ հաստաբուն ծառերի կողքին... Կարծես ճանաչում է: Այդպես էլ կա: Ձորաբերանի երկրորդ տունը նրանն է, շատ է տեսել իրիկունները գառն ու հորթը հավաքելիս:

Այգաբացը մոտ էր: Ուրվագծվել սկսեցին ձորագլխի քարակարկառները, մասրենու հատուկենտ թփերը, խռնդատի ցողունները: Սառնություն կար օդում, ծառուտը սրսփում էր, հատուկենտ թռչուններն արդեն-արդեն թոթափում էին քունը: Մարդը հայացքը գցեց երկնքին, ձեռքը, որ դեպի կացինն էր գնացել, ետ եկավ, գրպանից դանակ հանեց: Ծալովի էր, լայնշեղբ, բունը կեղևելու համար՝ հարմար: Կացնի հետ չէիր համեմատի, փոխարենն անաղմուկ էր, ուշադրություն չգրավող: Դանակը մի քանի պտույտ կատարեց բնի շուրջը, կտրեց կեղևի վերին, ապա և խցանաշերտը, հասավ լուբային թելիկներին, պատռեց կամբիումի թաղանթն ու դեմ առավ բնափայտին: Շեղբը նույն շրջանը գործեց այս անգամ փոքր ինչ վերևում, այնուհետ մարդը ձիգ տալով պլոկեց կեղևը, չանջատվող տեղերը տաշտշեց՝ զրկելով սաղարթը արմատներին կապող կենսատու երակներից, առվից մի քանի անգամ բռով տիղմ բերելով՝ քսեց լպրծուն բնափայտին, հողը, տերևը հիմքի մոտ կուտակեց, հավաքելուց հետո տաշեղները թաքցրեց քարի ճղոնում, չորացած ոստեր շաղեց, ապա իջավ, ջրափոսում մանրակրկիտ լվաց ձեռքերը:

Երբ ոտնաձայները մարեցին, Երկարոտնը մոտ գնաց: Թաց փայտի հոտը աչք, ռունգ էր կսկծացնում: Ամեն բան պարզ էր. մարդը չորս ուղիղբուն, վիթխարահասակ ծառ խեղել էր, որպեսզի չորանան ու թաքուն էր եկել, գիշերով՝ օտար աչքից խուսափելու համար և քողարկեց կեղևն ու տաշուքը՝ զգուշանալով լղճոր արարքի հայտնաբերումից: Համա թե գիշեր է, համա թե օր է բացվում: Ներսը պղտոր էր, չկար ամենօրյա հիացումը բնության արթնացումից, երբ աչքի առաջ խավարը լուծվում էր, ու ցող նստում երեքնուկին, երբ տեսնում էր լույսի, ստվերի խաղը տերևների մեջ ու դարձյալ բաներ, որոնք կենդանի ամեն արարած, յուրաքանչյուր տեսակ յուրովի է զգում: Լիներ՝ ինչպես հեքիաթներում է. տիրապետեր մարդկային խոսքին, դեն նետեր լորձնոտ կաշին, կտրեր մարդու ճանապարհն ու ասեր՝ ի՞նչ արիր, աշխարհը մենակ քեզնով չէ, միայն դու չէ, որ արևի տակ լինելու իրավունք ունես: Կհասկանա՞ որ: Ինչպե՞ս անի հապա, ինչ կերպ տեղյակ պահի կատարվածի մասին, իր կռռոցն ո՞վ կհասկանա, ո՞վ ձեռք կմեկնի:

-Կվա՛, կվա՛, կվա՜, - հուսակտուր կանչը ծառուտում էր, հետո ցածից լսվեց՝ ջրափոսից ու երկար չէր լռում:

Ցողը ցնդեց շուտով, մողես երևաց, բացվեց գյուղեզրի առաջին պարտեզի դռնակը, ու գառ, հորթ ձորը լցվեցին: Նրանցից վախենալու պատճառ Երկարոտն առայժմ չուներ: Կեսօրին ուրիշ է: Երբ շոգը նեղի, վրա կտան ջրափոսին, մեկմեկու քամակ մտած կմակաղեն հենց ափին: Հորթերը, հո, սիրում են կրճելուց հետո իրար տալ տիղմը: Բա սագերը, որ, հրեն, առվի ցամաքած հունով, գլաքարերին գայթելով գալիս են: Հերիք է միամտվեցիր, կկտցեն, այն էլ ինչ ուժով: Լավ է, գուղձը կա, պահվում է: Տխմար բաներ են բոլորն էլ, ոչխարը՝ մանավանդ: Մարդու փեշի տակ չե՞ն ապրում, նրա ստրուկը չե՞ն՝ ճորտամիտ, ողորմելի: Նրանք ավերեցին ձորը: Ձյունը քաշվեց, թե չէ՝ առավոտից իրիկուն, մինչև խոր աշուն, մինչև ճերմակ սփռոցի ծալքերի բացվելն այստեղ են: Էլ կանա՞չ ծիլ կտա, ծա՞ռ կաճի, եթե կրծեն ու կրծեն, եղած-չեղածն առնեն կճղակի տակ: Անդոն պիտի լիներ՝ պահակ Անդոն: Չգոռար, ձայն չհաներ, պարզապես անթացուպերին հենված մնար աղբյուրի գլխին, տեսնեմ երեխա՞ կհանդգներ ձորը մտնել, ջրվորն արահետից կթեքվե՞ր, հավ ու ճիվ, անասունն էդ կողմերը կքշե՞ին...

Խոտը ելնում էր, ծածկում քարերը, ծաղկի, կանաչի, սնկի շատությունից օդը ծանրանում էր, մամուռ բռնում ծառաբներին, սերմը, կորիզը ծլարձակում էին, բարձրանում, փայտփորիկը զարկում-զարկում էր բնին, նապաստակը խլշտորում շրշյունից: Ջուրն էլի սակավ էր, բայց թե՝ տեր կար, ու խոնավությունը մնում էր ձորափում, բոլ-բոլ էր: Հետո գալիս էին հնձվորները: Գերանդիները սվսվում էին, մանգաղը պտույտ էր տալիս ծառի շուրջը, քարերը վերստին արևերես հանում, իսկ խոտին, երգ ու ծիծաղին պրծնել չկար: Ձորը մեքենայի ճամփա չուներ, և փոցխածը խուրձ-խուրձ տանում էին, կիտում այնպիսի տեղ, որ հետո ավտո կարողանան մոտեցնել: Նրանք գնում էին, ու ծործորն էլի, ծառուտը հավքերինն էին, իրենցը: Անդո՜... Ծիրանը հասնում էր, կաթում ծառից, որդնկեր խնձորն ընկնում էր, գլորվում լանջն ի վար մինչև ջուրը, թե դեմ չառներ քարին, չլռվեր խոտերում: Երեխաները ֆռֆռում էին, պռունկը հողում թաղված ջրաղացքարին նստած պլշտորում, մինչև թույլտվություն ստանան առաջ գնալու:

-Ժողվեք, բայց որ ծառին վնաս տվիք, քար թալիք ճյուղերին...

Ախ, Անդո՛, Անդո՛... Մի ոտքով ո՞նց կհասնեիր էդ բոլուկին, դրանք, չէ՞, մի շնչի մինչև Սլլան քար էին վազում, աչքդ ճպեիր, Ճգնավորի անձավում էին, դրանց մերը զույգ բերի: Բայց մեկ է, քո ահից... Հերիք է բղավեիր, բոլորը ծակամուտ էին լինում: Քամին, քամին անգամ պապանձվում էր: Մեկնումեկը կհամարձակվեր ընկուզենու, բարդու բնին անու՞ն փորագրել, ճիպո՞տ կտրել: Վերջին անգամ, երբ վերքդ բացվել էր ու քեզ քաղաք տարան վիրահատելու, դրանք սիրտ առնելով՝ սկսեցին Չռիկը լողանալու գալ, ծառերը մագլցել: Օգոստոսի կողմերը առանց տուն ոտք դնելու որ ձոր չմտար․ /կարոտել էիր/ ու, հիշում եմ, որ չբղավեցիր, լողացողները Նախավկա սարը դեմ տված ելան, բարդուտում «Տարզան» խաղացողները Բելի զինվորների պես՝ ով որ կողմը նայում էր, այդ ուղղությամբ փախավ… Էլ չգիտեիր, որ քեզ, օգտվելով բացակայությունիցդ, ազատել էին պահակությունից. հաստիքի կրճատում էին արել: Մի ձմեռ էլ չապրեցիր: Համոզված եմ՝ կսկիծն սպանեց, ոչ թե վերքը: Քեզնից հետո ո՞վ, ո՞վ պիտի զսպեր նրանց, գարնանը ծործորն ի վեր, բացուտներում մրգատու ծառ տնկել տար, հեղեղատում՝ բարդու, ուռենու շիվ, ջրվորներին ստիպեր բանտած պահել առուն, որպեսզի ձնհալի, անձրևաջրերը ցած փախչելով՝ ակոս չբացեին ձորի կողերին, տանեին սրսուռ հողն ու երես հանեին արմատը, լեռնապարը: Ու՞ր ես, Անդո՜…

Եկա՜ն: Հերիք է ծառի ծերին մի պտուղ տեսնեն, մինչև մեկնումեկը ցած չբերի, չեն հանգստանա: Թե քարով, փայտով չկարողացան, ճղակոտոր կանեն: Խեղճ ծառերի վրա հալ չի մնացել, չես ջոկի մայր բունը որն է: Թռչունները, հո, դրանց ահից ճյուղերին բույն չեն հյուսում. որի գրպանը շրջես, պարսատիկ է:

Տղաներից մեկը քար շպրտեց: Այն դիպավ հողաթմբին, ոստնեց մյուս ափը: Ջուրը լցված սագերը, գլխի չընկնելով ինչ է, ֆշշացին: Մի նոր քար ֆռռոցով եկավ, զարկվեց դիմացի կարկառին, կայծ հանեց: Արդեն նետում էին ում ձեռքն ինչ ընկնում էր՝փայտի կտոր, հողակոշտ, քար, խռիվ: Սագերը խառնվել իրար, կռկռում էին, սուլում, թռչնավարի հիշոցներ տեղում, իսկ երբ տեսան հախուռն վազող տղաներին, դեսուդեն փախան: Մեկը, չկարողանալով թումբը ելնել, գլորվեց ջուրը, սկսեց ճղճղալ, հետո թևքերը փռած՝ անցավ հակահարձակման: Իրարանցման մեջ մեջ ոչ ոք չլսեց խուլ թմփոցն ու խորդյունը, որ թմբի տակից եկավ. պատահական մի քար դիպել էր Երկարոտնին: Նա փորձեց կառչել անանուխի փնջերից, բայց չկարողացավ ու հազիվ հասցրեց ծնոտը վրա բերել, որպեսզի օդի պաշարը, շնորհիվ ինչի մնում էր ջրի երեսին, դուրս չգա: Ընթացքում էլ ալիքը, որ թափվող քարերն էին հանել, նրան դուրս բերեց բաց տարածություն:

-Տղերք, գորտ…

Հրահանգը՝ միայն պարսատիկով գործելու մասին, հրապուրիչ էր: Տղաները մեկմեկու հրմշտելով՝ առվի հունից քարեր հավաքեցին: Ու… սկսվեց: Երկարոտնը ցավ չէր զգում: Ինչպես վրահաս ցրտերի ժամանակ, երբ արագորեն սառչում էր արյունը, անհաղորդ էր շրջապատին, իսկ մտքով հեղեղատն ի վեր ընթանալով՝ հասել էր Սլլան քար, շավղով բարձրացել Ճգնավորի տափարակն ու, շրջանցելով ավերակ Շենիկը, կանգ առել Քառասնաջրի կանաչուտում, որտեղ անձկանքով նրան էր սպասում Ճերմակփորիկը, ուր առատորեն բխող աղբյուրներն էին, փարթամ ճահճախոտը:

Քարերի տարափը վերջացավ: Գորտը, ոտքերը չռած մեկնվել ջրին, տարուբերվում էր: Տղաներից մեկը ծանր գլաքար գրկած՝ ելավ թմբին, դժվարությամբ բարձրացրեց գլխից վեր ու շպրտեց ուղիղ նրա վրա:

Վերևում մատուռն էր՝ խաչը երկնքում թաթախած, և լույսն էր առատ, ու արեգակն էր շողում:


    

ԲՎՎՈՑ ԿԱՐՄԻՐ ՃԱՆՃՆՈՑՈՒՄ
    
    

Նոր տեղը հարմար էր. քամի չէր առնում, հեղեղումների վտանգ չկար, վերևից քար գլորել չէր լինի: Դեմը կորնգանի հուռթի դաշտն էր, թիկունքում՝ անասունի բերան չդիպած բլրալանջը: Խոլորձը, ուրցն ու երնջակը ելել, ծածկել էին հատուկենտ սալերը, փաթաթվել հեռագրասյանը, բոլորել փեթակները, տնակի անիվները: Գիշերն անձրև էր եկել, և տրորած խոտը վերստին ուղղվել, ջնջել էր մեքենաների, մարդկանց անցուդարձի հետքերը: Անտաշ քարերից բավական կոպիտ շնաբունն ու կիսագետնափոր հավանոցը, տնակի՝ հյուսիս նայող պատի տակ կիտած ալյումինե ջրամանները, դատարկ վերնահարկերը լրացնում էին տեսարանը:

Մեղվաընտանիքների թիվը կլիներ, երևի, հիսուն: Թիթեղապատ կոկիկ կտուրները, վառ կարմիր ներկը բարգավաճող տնտեսության ապացույց էին, նաև՝ մեղվաբույծի գիտակ լինելու: Մի քանի մետր այն կողմ ևս մի փեթակ կար՝ ներկաթափ, մյուսներին մեջք արած, մի տեսակ՝ խռով: Արկանոցը, ի տարբերություն մնացածների, արևելք էր նայում, ասես դաշտամիջյան երթևեկին հետևելիս լիներ, ինչ-որ մեկի սպասելիս:

Առաջինը չաղլիկ տանտիրուհին արթնացավ: Ցողաթաթախ խոտերի մեջ գայթելով՝ հասավ հավանոցին, ցածրիկ, հապճեպ կառուցած պատի տակ մի կերպ թաքցրեց մարմինն ու, շան հայացքից նեղված՝ չափերին համապատասխան հուժկու շիթով աղաջրեց խոտերը: Հենց պպզած դիրքում էլ քարերի արանքից հաշվեց հավերին /հո աղվեսը չի՞ տարել/ և բոլորին տեղում գտնելուց հետո, մեծահոգաբար ներելով շանը՝ ետ դարձավ:

Մինչ այդ արթնացավ նաև ամուսինը: Դուռը կիսաբաց արեց և մի ոտքը աստիճանահարթակին, մյուսը ներսում՝ երկար նայեց երկնքին: Հարավում՝ Արտին լեռան կատարին ամպերի կուտակում չհայտնաբերելով՝ գոհ հայացքը սահեցրեց մեղվանոցի վրայով: Մեկուսի փեթակին ուշադրություն գրեթե չարժանացրեց, եթե նայեց էլ՝ քամահրանքով, խաչաձև, հավասար հեռավորությամբ շարած սեփական տնտեսության հետ համեմատելու համար՝ այն հաստատ համոզմամբ, որ առդրումից շահողը միմիայն կարմիր ճանճնոցը կլինի: Լեռան թիկունքից ելնող արևը, արտույտների բազմաձայն համերգը, լեռնային սուր օդն ու կորնգանի վարդագույն դաշտը, արթնացող մեղվանոցն ու շաղոտ ոտքերով կինը մոռացնել տվին գիշերվա հոգնությունը, խայթոցները, և սիրտը լցվեց բերկրանքով, շուրթերն ինքնաբերաբար ետ գանցին՝ օրհնելու մայր երկիրը, մայր բնությունը:

Մեղվի տարի էր, բերք ու բարիքի: Մեղրի ամիս էր՝ հայոց հրոտիցը:

Գիշերը գրեթե չքնեցին. մայր մեղվի հրահանգն էր: Չասեր էլ, միևնույն է, մահիճ մտնող չէր լինի. գործն այնքա՜ն շատ էր: Նախ՝ արկանոցի փակվելուց հետո օդը դարձավ խեղդուկ, հետո՝ այդ տարուբերումները ինքնաշարժում: Մայրը հուզված՝ սկսեց մի շրջանակից մյուսն անցնել. գլխի էր, որ տեղափոխում են և անհանգստանում էր տուն չեկած զավակների համար: Ու՞ր մնացին՝ ջրի ճամփի՞ն, նեկտարի՞, թե՞ ծաղկափոշին էր ծանր: Ու քանի՞սն են՝ հարյու՞ր, երկու՞ հարյուր… Ամենասրտոտները, ամենա…

Սակայն կորուստը ողբալու ժամանակ չէր. առանց այդ էլ մի քանիսը Մեծ մոր խռովքը նկատած լինելով՝ բանուգործ թողած պտտվում էին շուրջը: Գլուխները կորցնելու դեպքում բոլորին ձագ ու ձվով խեղդամահություն էր սպասվում, և մայրը գտավ իրեն, հավաքվեց: Կարգադրությունը՝ մոմաբջիջներից կախվելու մասին, օգտակար դուրս եկավ. ցնցումների ժամանակ չէին թափվում հատակին, ճխլում իրար: Մեղվաընտանիքն այդպես էլ, թերևս, զոհ չտար, եթե վերջին պահին մեքենայի դողի տակ քար չընկներ: Գրեթե հասել էին, վարորդը դանդաղեցրել էր ընթացքը: Նույնիսկ փակ արկղում զգալի էր լեռնային օդի պաղ շունչը: Ընդոստ շարժումից մեղվահացերը զարկվեցին միմյանց, տարուբերվեցին: Փեշերին հանգրվանած մեղուների մի մասը հարվածից ճզմվեց՝ այդպես էլ կպած մնալով մոմին: Տձև բջիջներից տաք մեղրը ծորաց, լցվեց դիակնացող թևավորների վրա: Մայրն աճապարեց աղետի վայրը, սակայն առավել համարձակները փակեցին ճամփան. ճակատագրական պահին ընտանիքի, երկրի գլխավորը կյանքը վտանգելու իրավունք չունի - թևիկների տենդագին թափահարումով կարծես հասկացնելիս լինեին:

Բեռնաթափելուց հետո մարդիկ արկանոցը կիսաբաց արին, և շնչելը հեշտացավ: Իսկ երբ ծանոթ ձեռքերը բարձրացնելով կտուրը՝ ուղղեցին բաժանարար մոմլաթը, ուրախությունից մի պահ մոռացան դժբախտության մեջ գտնվող եղբայրներին, քույրերին: Մոր կողմից չկծելու կարգադրություն եղավ, որը, սակայն, պառաված, չարությունից սևակնած մեղուների վրա չազդեց: Նրանց համար մեկ էր՝ այսօ՞ր կմեռնեն, թե վաղը: Խայթելու դեպքում գոնե աշխարհի, մարդու հանդեպ կուտակած մաղձից, թույնից կազատվեին: Չլինեին նրանք, բարեգութ ձեռքերը գուցեև ամբողջությամբ կարգի բերեին մեղվաբույնը, բայց երբ խայթոցները հաճախացան, մի կերպ իրարից հեռացրեց գլխի կողմում մոտեցած շրջանակները և, վրա բերելով ծածկոցը, գնաց դեպի մեքենան: Ապա՝ մեկ անգամ ևս աղմկեցին շարժիչները, լուսարձակները մի քանի վայրկյանի չափ դարձյալ կուրացրին մարդկանց, շոգից, նյարդերը հանգստացնելու համար անցքից գլխիկները հանած մեղուներին, ինչից հետո լռություն իջավ, և յուրաքանչյուր ընտանիք անցավ իր գործին:

Հրահանգ ստացան բոլորը: Ուժեղ, մկանուտ մեղուներին հանձնարարվեց դուրս տանել զոհվածների դիերը, մի մասն անմիջապես ջոկել սկսեց թափված ծաղկափոշին, մեղրը, մշակել մոմը, վերևից ներքև պնդել շրջանակները, վերակառուցել ավեր բջիջները, բոռերն ու նորելուկ ձագերն շտապեցին կերակրել որդերին, տաքացնել ձվերը: Լուսաբացին բույնը մաքուր էր, կողմնակի ծակուծուկերը՝ զմռսած, իսկ մեղվաընտանիքին դրսի հետ կապող անցքը հսկում էին պահապան զինվորները:

Երբ արեգակի շողերն առան փեթակին, առաջինը գլխիկներն անցքից հանեցին հետախույզները: Անձրևը թրջել էր առմուտքի փայտը, և սառնություն կար օդում, բայց դրանք ամենահամարձակ, ամենակոփված, միաժամանակ ամենանհամբեր մեղուներն էին: Մկանունքը բացելու նպատակով ոմանք մի քանի անգամ հարթակի երկայնքով ետուառաջ քայլեցին, մյուսները բացուխուփ արին թևիկները, ցողեցին կնճիթները, թավամազ տոտիկները, այնուհետ բոլորը մեկը մյուսին օրինակելով՝ օդ բարձրացան:

Մեղվաշխարհում անխախտ օրենք կա՝ բույնը չկորցնելու, տեղանքը որոշելու համար յուրաքանչյուր թռիչքի նախորդում է պտույտ փեթակի, մեղվանոցի շուրջը, որից հետո, փոփոխություն չնկատելու դեպքում, բնազդի ուժով նրանք ուղղվում են ծանոթ դաշտի, լեռան, աղբյուրի կողմը, որտեղ դեռ երեկ նեկտարն առատ էր, ծաղկափոշի, ջուր կար: Հակառակ պարագայում ամեն մեկը թևում է մի ուղղությամբ, և ով շուտ է հայտնաբերում նեկտարաշատ վայրը, աճապարում է տուն՝ մյուսներին ևս տեղյակ պահելու գտածոյի մասին: Եթե ծաղկառատ հանդերը մի քանիսն են, կուտակումից խուսափելու համար ուժերի բաշխում է կատարվում: Մեղուները հաճախ հարկադրված են տասը-տասնհինգ կիլոմետր հեռանալ փեթակից: Ճիշտ է, գնալ-գալն այդ դեպքում խիստ դժվարանում է, յոթ-ութի փոխարեն հազիվ երկու-երեք կուց նեկտար է հնարավոր լինում բերել, բայց ուրիշ ի՞նչ անեն, երբ շուրջը խոտ ու ծաղիկ, նեկտարատու բույսեր չկան, համ էլ քիչն ավելի լավ է ոչնչից. դեմն աշուն, ձմեռ կա:

Այս անգամ, սակայն, հեռու թռչելու հարկ չկար: Դաշտը քթի տակ էր, և շուտով առաջին մեղուն դառնալով՝ սկսեց տենդագին թափահարել թևերը, պտտվել կանգնած տեղում: Ազդանշանի վրա շուրջանակի մոտեցան մյուսները: Տեսարանը տևեց, երևի, մեկուկես-երկու րոպե, որից հետո լրաբերը բերանում եղածը դատարկելով բջիջներից մեկի մեջ՝ փութաց դուրս՝ ետքից մյուսները: Քիչ անց տուն դարձան մյուս հետախույզները: Օրը բարի էր, բերքը՝ արտակարգ առատ, ծաղկափոշով, նեկտարով անդաստանները՝ բոլորեքյան: Կարճ խորհրդակցությունից հետո որոշվեց հիմնական աշխատուժը, որում անփորձ, մատղաշ ձագերը շատ էին, ճամփել կորնգանի դաշտը, մնացյալին մերձակա լանջը. այնտեղ անհաշիվ ուրց, երեքնուկ, հալևորիկ, առյուծագի, տերեփուկ կար: Հազարի չափ առավել փորձառու մեղվի համար աշխատանքային ճակատ ընտրվեց Ժայռոտ ձորը, որը փեթակնոցից հեռու էր, բայց Խորհուրդը գիտեր՝ ինչ է անում. խռնդատի, գազի, եղերդուկի, կաղշնակի ու իշկաթնուկի նեկտարը կծվություն, յուրահատուկ բուրմունք, գույն կտար մեղրին:

Նույնը կատարվում էր մյուս ընտանիքներում: Տասնի կողմերը մեղվանոցը բզզում-դզզում էր, մեկն իջնում, մյուսը ելնում: Զարմանալ միայն կարելի էր, թե օդը հազար տեղից թրատող թևավորներն ինչպես չէին զարկվում մեկմեկու, ինչպես էին առանց այլևայլի անշփոթ իջնում արկանոցի հարթակին: Գրեթե բոլորի ոտքերին հաստաշերտ ծաղկափոշի կար: Նեկտարի հերթը հետո էր գալու՝ կեսօրին, երբ ցնդեր ծաղկաբաժակներում առկա անձրևաջուրը:

Եթե ձեզ ևս առիթ լինի դիտել մեղվանոցի աշխատանքը և նկատեք առանց ծաղկափոշու տուն դարձող մեղուների, չսխալվեք: Ոչ, մեղվաշխարհում ծույլեր համարյա չկան: Համոզվելու համար փորձեք գլխի կողմից թեթևակի հուպ տալով բացել թևավորի բերանը: Միայն զգույշ, չհաշմեք Աստծո արարածին: Խորհուրդ է տրվում վերջին պահին ազատ ձեռնափը պահել ներքևում, այլապես չեք տեսնի թափվող նեկտարը, որն հետո տանը մնացած ձագերի բերանում պիտի մշակվի, դառնա մեղր, դրվի ձեր սեղանին:

Երբ արևը հասավ զենիթին, մեղվատերը բացեց առաջին փեթակի բերանը: Պաշտպանվելու, գլխին քող առնելու հարկ չկար. ամենակարող լույսը բարությամբ էր լցրել բոլորի սրտերը, բացի դա՝ դաշտ էին գնացել անգամ պահապան մեղուները: Առանց կշեռքին նայելու էլ պարզից պարզ էր, որ բերքն առատ է, որովհետև երբ մարդը թեթևակի ցնցումով հանեց անդրանիկ շրջանակը, ջրալի նեկտարը մասամբ շաղ եկավ հատակին: Նոր գործած հարդագույն մոմաբջիջները նմանապես դա էին վկայում:

Շրջանակները վերադասավորելուց, մայր մեղվին գտնելուց հետո նա անցավ հաջորդ փեթակին: Փորձառու մեղվապահ էր ու ավելորդ ժամանակ չէր կորցնում: Գիտեր, թե օրվա այդ ժամին ընտանիքի գլխավորը փեթակի որ հատվածում է լինում և քթքթացող հազարավոր մեղուների, բոռերի մեջ շատ հեշտ էր գտնում նրան: Լավ անասնապահի նման ճանաչում էր բոլորին, մտապահում տարիքը, որ փեթակում քանի շրջանակ որդ կա, մայրը երբ է ձվադրել, որը վերնահարկի, լրացուցիչ կերակրման, նոր մոմաթերթի, մայրափոխության կարիք ունի: Ուշադրությունը միայն մեկ անգամ շեղվեց, երբ ներբանի տակ ընկած սունկից ոտքը սահեց, քիչ մնաց մեղրահացը ձեռքից գցի: Նա ձայն տվեց կնոջը և, փեթակի շուրջ եղած երեք-չորս առողջ սունկերը փեշը լցնելով, պատվիրեց նորերը փնտրել տնակի ետնամասում: Քիչ անց տիկնոջ գիրուկ մեջքը գրկած խալաթի գույները խառնվեցին լանջի ծաղիկներին:

Առանց փող ծախսելու սպիտակագլուխ շամպինյոնից յուղալի սնկապուր ուտելու միտքն առավել ոգևորեց նրան և, արևմտոց չեղած, նայված էին բոլոր փեթակները, ծրագրված՝ հաջորդ օրվա անելիքը: Նույնիսկ հասցրեց երկու տասնյակ շրջանակ լարել, ապա և՝ մոմել: Իսկ երբ վերջին մեղուն ետ եկավ, մարդը քայլերն ուղղեց կշեռքին դրած փորձափեթակի կողմը: Մեղվաբույնը ծանրացել էր, նախորդ օրվա համեմատ՝ կլոր երկու կիլո: Աչքերին չհավատալով՝ մի քանի անգամ ետուառաջ շարժեց նժարաքարը: Ամեն բան ճիշտ էր, թվաբանական պարզագույն գործողությունում սխալվելը՝ անհնար: Մեղվապահը հիշեց, որ օրը գրեթե կռացած է անցկացրել, աշխատանքի մեջ, արևի տակ, ուստի ճմլկոտեց: Հարյուր կիլոգրամ միայն առաջին օրը: Իսկ երբ մեղուն հունի մեջ ընկնի, ընտելանա տեղանքին…

Հրաշալի, չքնաղ, անպատմելի գեղեցիկ էին թե մայրամուտը, թե մտքերը, որ պարուրել էին ուղեղը ու թե նավթավառին քլթքլթացող սնկապուրը, բուրմունքը որի խուտուտ էր տալիս ռունգները՝ պարտադրելով շուտ-շուտ թուքը կուլ տալ:

Օր օրի փորձափեթակը ծանրանում էր և միայն շաբաթ օրը երեկոյան կանգնեց նախորդ նիշի՝ երեք ու հինգ հարյուրի վրա: Դա բերքի առավելագույն սահմանն էր: Մեկը մյուսի հետևից կարմիր վերնահարկեր հայտնվեցին, և մարդը հազիվ էր հասցնում բոլորին դատարկ չեչով, նոր մոմաթերթերով ապահովել: Ցերեկը դրածը մեղուները գիշերը հյուսում էին, հաջորդ օրը պռնկեպռունկ լցնում մեղրով՝ չհասցնելով նույնիսկ գոցել բջիջների բերանները: Եվս նման տասն օր, և կարելի էր մեղրաքամը լվանալ, սրել սարեկահան դանակները:

Դրությունն այլ էր միայնակ փեթակում: Երրորդ օրն արդեն նեղվածք էր, այն աստիճան, որ մեղուների մի մասը գերադասում էր գիշերել դրսում՝ արկանոցի առաջ: Շոգը դեռ ոչինչ. շրջանակներին գրեթե դատարկ բջիջ չէր մնացել: Աշխատելու, ռիթմից չընկնելու համար մոմաթերթեր էին պետք, կրկնահարկի կարիք կար, այլապես ձագատենդն անխուսափելի էր:

Մայրը ժամանակ շահելու նպատակով հանձնարարեց շրջանակից հատակ ընկած տարածքը լցնել մոմաբջիջներով: Նույնպիսի կարգադրություն եղավ կողամասի ազատ հատվածների համար: Ձեռնարկած քայլերն արդյունք տվին, և մեկ-երկու օրով կանխվեց ձագատենդը: Այդուհանդերձ մեղուների մի խումբ թարմ ձու պարունակող բջիջներից մի քանիսի պատերը դարձրեց կրկնակի, ծեփեց հատուկ նյութով՝ երկարացնելով ևս երկու-երեք սանտիմետր: Նրանք ակնհայտորեն պատրաստվում էին երկրորդ մայր ստանալ:

Փրկությունը եկավ անսպասելի: Կարմիր մեղվանոցի տերը, որ մինչ այդ մոտ չէր գալիս փեթակին, ցերեկվա մի ժամի ետ տանելով մոմլաթը՝ մեղվահացերից երկուսը՝ ամեն մեկը, երևի, երեք-չորս կիլոգրամ, թափ տալուց, վրայի հատուկենտ մեղուները խոտի փնջով մաքրելուց հետո տարավ: Փոխարենը երկու դատարկ շրջանակ տեղավորեց բացվածքում ու հապճեպ, գողունի վրա բերեց կտուրը: Սև չեչից նավթալինի, բորբոսի հոտ էր գալիս, բայց մաքրել-ախտահանելուց հետո կարելի էր մի կերպ գործածել՝ լցնելով մեղրով, ծաղկափոշով, սակայն ձու դնել՝ երբեք, որովհետև բջիջներում թրթուրները կնեխեին:

Ձվադրումը մայրն առժամանակ պակասեցնել, իհարկե, կարող էր, բայց դադարեցնել՝ ոչ մի պարագայում. բերքի շրջանում աշխատավոր մեղվի կյանքը երկար չէ՝ ընդամենը երկու ամիս: Բնականաբար ձմեռվա պաշար կուտակելուն զուգընթաց պետք է հոգ տարվի նաև սերնդի, փեթակը չհանգցնելու մասին:

Մայր մեղուն գիշերն անքուն չէր անցկացնի, մի շրջանակից մյուսը չէր փոխադրվի, եթե իմանար, որ տերը մոտերքում է՝ տնակում, մի քանի թևաբախյուն այն կողմ: Նա ժամանեց արևմտոցին՝ ոտքով, ուսապարկը թիկունքն ի կախ, շրթունքների արանքում՝ երեքնուկի թերթիկ: Ջահել էր՝ երեսուն տարեկան: Մարզակոշիկները, տաբատի փողքերը կանաչել էին, ներծծվել խոտի, ծաղիկների բույրով: Չնայած բեռի ծանրությանը, քայլում էր թեթև՝ ընթացքի հետ ըմբոշխնելով լեռնագոգի վայրի գեղեցկությունը, ներսում խլիրտ տվող ազատության պատրանքը: Երեքնուկի թերթը, աչքերի երանավետ արտահայտությունը կյանքից, բախտից գոհ լինելու վկայություն էին, նաև՝ զգայուն նկարագրի:

Շան հաչոցը տնակում գտնվողներին հանեց առմուտք: Տղամարդու դեմքին երկյուղի, դժգոհության պես բան գծագրվեց, կնոջ աչքերում, ընդհակառակ, ուրախություն, ու երբ ողջունելուց հետո եկվորն իջեցրեց բեռը, նա ձեռքսեղմումից հանկարծորեն, իր համար իսկ անսպասելի նվաղած՝ շտապեց ընթրիքի պատրաստություն տեսնել: Կործած արկղին հայտնվեցին տապակած սունկ, նոր թրջած լավաշ, խաշած ձու, փնջով դաղձ, բազմանիստ ապակյա բաժակներում՝ բուրավետ ուրցաթեյ: Ուսապարկից հանած օղու երկու շիշը, մի մեծ կտոր պանիրն ու ապխտած երշիկը բացեցին մեղվապահի դեմքը: Չանցած կես ժամ, մոռացել էր ցերեկվա արարքն ու ախորժակով պանրի հետ դաղձ էր բրդուճ անում՝ բաժակ բաժակի ետքից դատարկելով:

Մինչ այդ խավարը թանձրացավ, ծղրիդները երգել սկսեցին, և հյուրը հոգնածությունը պատճառ բռնելով՝ ելավ թարմ օդ շնչելու: Նրա որտեղ քնելու մասին դեռ խոսք չէր եղել, թեև թե մեղվապահի, թե կնոջ գլխում շարունակ նույն հարցն էր: Երկարուկ անվավոր տնակում ընդամենը երկու մահճակալ կար, և մեղվապահին հավանաբար հաճելի չէր հյուրի ներկայությամբ /թեկուզև հեռավոր բարեկամի/ կնոջ հետ նույն մահճակալին գիշերելը: Վերմակի բացվել կար, խավարում ծնվող հազար ու մի անքնին ցանկություն, ի՞նչ իմանաս: Համ էլ տանտիրուհու կակուղ մարմինը հազիվ էր տեղավորվում նեղլիկ մահճակալին:

Մեկ անգամ ևս օգնության հասավ ուղեբեռը, որում, պարզվեց, քնապարկ կա: Երբ հարմար տեղ ընտրելուց հետո հյուրն այն բացեց, մեղվապահի ճակատի կնճիռները հիմնովին ետ գանցին: Նա երկար, անձանձիր պատմում էր մեղուների, բերքի, եղանակի, հարավային քամու վտանգավորության, փեթակնոցին առնչվող էլի հազար ու մի հարցի մասին՝ թույլ չտալով երիտասարդին տրվել խոկանքին, առանձնանալ աշխարհից, լսել աստղացան երկնքի լռությունը, զգալ Երկիր մոլորակի մերձությունը, խոտերի, ծաղիկների մեղմիվ շրշյունը, դաշտամկան ատամների կրճտոցը՝ հողի տակ, ճանճնոցի թույլ բվվոցը, ծղրիդների բազմաձայն համերգը, այլ անմեկնելի շշուկներ: Թե չլիներ ամուսնուն ներս հրավիրող կնոջ նյարդային չոր ձայնը, երևի թե վերջինս մինչև լույս խոսեր: Ջղերի վրա առանձնակի ազդողը հողեղեն, միակողմանի, թռիչքներից, անսպասելի շրջադարձերից զուրկ, նեղմիտ փիլիսոփայությունն էր՝ կյանքի, մարդու կոչման մասին ընդհանրապես:

Նրա հեռանալուց հետո երիտասարդը սարդոստայնից դեմքն ազատելու պահանջ զգալով՝ գործի դրեց քանիցս փորձած միջոցը, որ յոգերինն էր. հայացքը հառելով երկնքին՝ սկսեց անքթիթ նայել: Շուտով անկշռելիության զգցողություն ունեցավ, թվաց, կտրվելով հողից ելնում է վեր՝ դեպի անծիր երկինքը, հատուկենտ բամբակ ամպերը, բոլորակն լուսինն ու աստղերը...

Նա մեկնեց հաջորդ օրը՝ ետճաշին: Մինչ այդ հասցրեց վերնահարկ դնել բարեկամին ի պահ տված միակ փեթակին: Դատարկ չեչերի կենտրոնում մեղվով, մեղրով երկու շրջանակ տեղավորեց, որպեսզի ընտանիքը շուտ ընտելանա նոր կահավորանքին, չխորշի վերև բարձրանալ, ապա և մաքրեց հատակի, պատերի մոմաբլթակները, իսկ երկպառակությունը, ձագատենդը կանխելու նպատակով դանակով անվարան կտրատեց մայրապտուկները: Աղտակուր, կտրատելու, հալելու ենթակա մոմահացերի առկայությունը բնի կենտրոնում նրան տարօրինակության չափ զարմացրեց, բայց երբ տարակուսած նայելիս աչքն ընկավ արևի տակ մոմաթերթ գլանակող մեղվապահին, հասկացավ ինչն ինչոց է: Դաստիարակությունը թույլ չտվեց նենգաբարո արարքը բարեկամի երեսով տալ ու, տրամադրությունը փշրված, ուսն առավ պարկը՝ չսպասելով լոբաճաշի եփվելուն: Ամուսինները դեմ ընկան, փորձեցին գայթակղել խոտ տեղափոխող մեքենայի խցիկը նստած մայրուղի հասնելու հեռանկարով, սակայն անօգուտ:

-Երևի թողնեմ պահելը, թեև միտք ունեի շատացնել, -մեղուների թռիչքին խանգարող խոտերն զգույշ պոկոտելով՝ մտքինը պարզեց հյուրը:

Նա համառորեն ցած չէր բերում ուսապարկը, չնայած այն ակնհայտորեն կաշկանդում էր շարժումները:

-Էդ դեպքում օգոստոսի վերջերին՝ հենց բերքը պրծնի, կարելի է փեթակը հանգցնել: Իզուր պիտի մեղր ուտեն, -խորհուրդ տվեց մեղվապահը:

-Ինչպե՞ս, - հանկարծակիի եկավ երիտասարդը:

-Շատ հասարակ. գիշերը երկու-երեք դույլ ջուր ես լցնում ու ՝ վերջ: Շահը ծախելուց շատ կլինի:

-Բայց դա սպանությանը հավասար հանցանք է, -խոտերում մոլորված մեղվի խայթի՞ց, թե բարեկամի սառնարյուն առաջարկից ցնցված՝ շտկվեց հյուրը:

-Աշնանը մեղու առնող չի լինի: Մինչև գարուն երեսուն-քառասուն կիլո մեղր կծախսեն: Այսինքն՝ կարելի է եղած-չեղածը քամել, փոխարենը շաքար տալ:

-Հազար հիվանդություն կա, շաքարով պահած մեղուն կապրի՞:

-Քո տունը շինվի: Մարդն ուտում, չի մեռնում, ճա՞նճը պիտի սատկի:

Հյուրի աչքի առաջ հիմա այլ փեթակնոց էր՝ ջրի երեսը բռնել էին մեղուները՝ բոռ, ձագ, որդ, ձու, մայր, աշխատավոր...

-Կենդանիներին միտումնավոր վնասելու, ոչնչացնելու համար օրենսգրքում կետ կա սահմանված, -մտովի տեսածից սահմռկած՝ ապագա աղետը կանխելու մտահոգությամբ փորձեց վախեցնել:

-Հա, բերանբացություն անող եթե լինի:

Այդպես բաժանվեցին:

Մայր մեղվին խոսակցության պատառիկներ էին հասնում: Ըմբռնել զրույցի իմաստը, իհարկե, չէր կարող, բայց աշխարհի բոլոր արարածների նման նա ևս չարն ու բարին, նուրբն ու կոպիտը, հաճելին ու տհաճը տարբերակել ունակ էր: Այդպես է. սերն ու ատելությունը սքողել հնարավոր չէ: Այն մարդ էակի արյան մեջ է և որևէ կերպ պետք է արևերես ելնի, արտահայտվի ձայնում, հայացքում, շարժումներում, եթե մինչևիսկ ջանան հազար վարագույրով գոցել, փականքի տակ առնել: Իսկ ինչ բնական է, բնությունից չհեռացած էակաները՝ բույս լինի, թե կենդանի, տեսնում են, հավատացեք: Հայացք կա թռչնի ձվարան է ցամաքեցնում, մարդ կա, ում տևական ներկայությունից չորանում են սենյակային բույսերը, ծաղկավիժում ծառերը, կծղում գարին, գառնատում ձագվորած ոչխարը: Դուք դա գիտեք: Եվ տեղյակ եք, որ հակառակը նույնպես լինում է. վաճառելուց հետո ուրիշ գոմ մտած ստերջ կովը, չանցած մի տարի, ծանրում է, բերք տալ է սկսում ամուլ այգին, ծաղկել կակտուսը, կթվել ցամքած այծը:

Վատ օրեր են գալու, -երբ տիրոջ ոտնաձայնն անլսելի դարձավ, որոշեց մայր մեղուն: Նրան համակած տագնապը, որը շուտով նկատեց ընտանիքը և մյուսներին նույնպես տիրեց, անհիմն չէր: Նախ՝ հնձիչ մեքենաները երկուշաբթի առավոտյան մտան կորնգանի արտը, ապա գերանդիավորներին բերող բեռնատարը կանգնեց բլրի ստորոտում՝ անմիջապես ճամփեզրին: Նախաճաշելուց, սայրերը ծեծելուց, հեսանելուց հետո նրանք ճամփի պռնկից էլ սկսեցին հունձը:

Լորերը ֆռռոցով օդ բարձրացան, հառաչեցին խոտ ու ծաղիկ, օձերը սողացին հեռու, քարերին ելան մողեսները, դաշտամուկը խորացավ բնում, նույնը՝ ծղրիդները, մրջյունները, մորեխն ու իշամեղուն, ուտիճն ու մժղուկը և էլի հազար ու մի անանուն միջատ, զեռուն, թևավոր, իսկ լանջն ի վեր ձգվող հնձվորները քրտինք կտրեցին, հազիվ նկատելի գոլորշի կանգնեց նրանց գլխավերևում: Շեղբի բերանն ընկնող էլ եղավ, իհարկե, ձագ ճզմվեց ներաբնի տակ ու ձու, կյանք է, կպատահի:

Աղմուկը շատացավ: Ճաշին հնձված էր բլրալանջի կեսից ավելին, կորնգանի դաշտն ամբողջ, և խոտի լասերը բլրագագաթից դիտելիս՝ ափ աճապարող ծովի սառած կոհակներ էին հիշեցնում, հերկած արտի ակոս:

Մեղվապահը մռայլվել էր, դեմքին ժպիտ չերևաց: էլ ավելի մթնեց, երբ մայրամուտին կշեռքին նայելով տեսավ, որ բերքը կտրուկ իջել է: Այդ օրն ահագին մեղու տուն չեկավ:

Հաջորդ առավոտ հնձվորներն անցան բլրի մյուս երեսը, «Բելոռուսները» փռթփռթոցով ուրիշ արտ գնացին, լեռնագոգը լցվեց փոցխ անող կանանց, խրձվոր պատանիների կարկաչուն ծիծաղով, զրնգուն ձայներով, բլրվեցին խոտի բարդոցները: Կենսուրախ կանայք մեղվապահին շփոթեցնող հարցեր տվին, մեղրի դիմաց ձորն իջնելու մասին ակնարկ եղավ ու դարձյալ զանազան կատակներ: Պատանիներին զարմանալի ճերմակ թվացին շանը, հավերին կեր տվող կնոջ զիստերը: Պատկերը դրոշմվեց նրանց ուղեղում, որպեսզի ամիսներ, տարիներ հետո հանկարծաբար այցի գա երազում՝ թանձր, խենեշ գույներով թաթախուն:

Ապա խոտհարք եկան բեռնատար մեքենաները: Շոգը վրա տվեց, թափքում դեզ անող պատանին խղճի խայթ զգաց՝ տեսնելով խրձեր տվողի լայնացած բիբերը, ակնախոռոչներում լճացած քրտինքը, մաշված թևքերում պրկած նիհարավուն մկանունքը: Նա տեղերը փոխելու առաջարկ արեց, սակայն մերժում ստացավ, ու ավելի անհավանական, ճշմարտությունից հեռու թվաց տարեցի պատճառաբանությունը՝ կոկիկ դիզել չկարողանալու մասին և տմարդի՝ ծղոտը բերանում խցիկի թիկնակին ընկողմանած վարորդի անտարբերությունը: Կյանքում միշտ բեռնաձի եղած գործընկերոջ ազնվական արարքը փոխհատուցելու միտումով ջանաց որքան հնարավոր է զգուշորեն եղանից վերցնել վերև պարզած խուրձը, որպեսզի մղեղը չթափվի ցած, սոսնձվի ընկերոջ արևահար այտերին, լցվի գանգուրների մեջ, օձիքից ներս: Ճոպանները ձգելուց հետո նրանք ավտոյի ստվերում հաց կերան, ըստ որում՝ չաշխատողն ավելի շատ, ամենալավ պատառները: Հետո խոտհարքից գյուղի դեզերը ձգվող ճանապարհի ճնճղպաշարը ծեծկվեց դողերի տակ, մարդկանց անցուդարձից, հողը փոշիացավ, գերանդու բերան չընկած հատուկենտ խոտերը, խոլորձները նախրի, մորեխի պես վրա տված ոչխարներին բաժին դարձան, ամենուր պայծառ գույները խամրեցին, և ամայության մեջ անհարիր թվաց կարմիր փեթակնոցի գոյությունը սալ քարերի հարևանությամբ:

Մեղվապահն ընթացքում տնակից հեռու վրան զարկեց՝ «Ժիգուլիով» ժամանած որդու հետ մեքենայից այնտեղ քարշ տալով շաքարավազի պարկեր, մեղրաքամ մեքենան, ալյումինե դատարկ ամաններ, չգործածած վերնահարկեր, ջուր: Ներսում, որպեսզի օտար աչք չտեսնի, նրանք շաքարավազը հավասարաչափ լցնելով ամանները՝ դրին արևի տակ: Ամեն բան արվեց տեղը տեղին, գիտության վերջին խոսքով: Չմոռացան նույնիսկ մի պտղունց բիոմիցին հավելել. մեղուների մասին էին հոգում՝ վախենալով փորհարինքից: Գործն արագացնելու համար տղային մնում էր ստեպ-ստեպ խառնել նստվածքը, մնացյալ ժամանակ օգնել հորը՝ կարգի բերելու կերամանները, որ ալյումինից էին՝ ուղղանկյունաձև, ամրացված շրջանակին, ամեն մեկի տարողությունը՝ մեկուկես կիլիո: Շաքարաջուրը լցնում էին վերևից՝ առանց կերամանը փեթակից հանելու: Պարզապես անհրաժեշտ էր մի կողմ տանելով մոմլաթի անկյունը՝ թեյնիկից օշարակն զգույշ ածել տարողությունը: Որպեսզի մեղուները չխեղդվեն, բարալիկ մի քանի ձող էին հարմարեցնում ներսում, որոնք հետո լող էին տալիս երեսին՝ հեծանի, փրկագոտու դեր կատարելով:

Մեղվապահները սովորաբար շաքարաջուրը տալիս են երեկոյան, երբ շուրջը խաղաղ է, թեև միևնույն է, թաքուն ու զգույշ կերակրելու դեպքում անգամ՝ մանավանդ բերք չեղած ժամանակ, մեղուները խառնվում են իրար՝ վրա տալով թույլ փեթակին, կոտորում մեկմեկու: Ահա թե ինչու հաջորդ օրը կարմիր ճանճնոցը բվվում էր, ինչպես առատ նեկտարի օրերին: Իսկ երբ երեկոյան մոտակա գյուղից ևս հինգ պարկ շաքարավազ բերվեց, ու նոր կերակրումից հետո մեջտեղ եկավ մեղրաքամը, սկսվեց Սոդոմ-Գոմորը: Դաշտ գնացող գրեթե չկար: Մեղրի, կիսահալ մոմի հոտը վրանի կողմն էր քաշում բոլորին: Հեշտ վաստակը մոլորեցրել էր նույնիսկ նրանց, ովքեր ողջ կյանքում գլուխկախ բանել էին՝ խորշելով այլոց ունեցվածքին աչք տնկողներից:

Նավթավառին դույլով ջուրն էր, մեջը՝ սարեկահան դանակներ: Չբթանալու համար կինը շուտ-շուտ փոխում էր գործիքները՝ աշխատելով երեսանց կտրել մոմաշերտը: Մածնասերի պես մոմաբջիջների բերանը կալնող սարեկը հանելուց հետո շրջանակներն զգուշորեն տեղավորելով մեքենայի ցանցկեն թևքերի մեջ՝ պտտում էր, սկզբում՝ դանդաղ, մինչև շարժումը լիսեռիկներով փոխանցվի խաչուկին, ապա՝ արագ: Դուրեկան քամի էր ելնում՝ ծաղկաբույր, և կենտրոնախույս ուժի տակ մեղրը կաթիլ-կաթիլ ցայտելով՝ ծեփվում էր քամիչի պատերին, սկսում ծորալ: Ճիշտ, համաչափ պտտելու դեպքում մեղրահացի մի երեսը քամելու համար երկու-երեք րոպեն լիուլի է, մանավանդ անդրանիկ բերքի ժամանակ: Օգոստոս-սեպտեմբերին մեղրը պնդանում է, եղանակը ցրտում, ու քամելուն կրկնակի-եռակի ժամանակ պիտի տրամադրել: Խոսքը, անշուշտ, անարատ մեղրի մասին է: Օշարակ խառնածը, անտարակույս, ավելի ջրալի է, հեշտ քամվող:

Հոր ու որդու գործը մեղուների հետ էր: Ընտրում էին որդ, ձու չպարունակող մեղրահացերը, թափ տալիս, բերում վրան: Որքան էլ ջանում էին ծուխը երկար պահել, խոտի փնջով մանրակրկիտ ավլել, կտրուկ թափահարել շրջանակը, մեկ-երկու մեղու անկյունում, փեշերին կպած տանում էին ներս: Վրանն իր հերթին ծոփքերի մոտ աչքի համար աննկատ ծակեր ուներ, դռնակը բացել-փակելու պահին էին տասը-քսանի չափ խցկվելով ընկնում ոտքի տակ, մեղրի մեջ, տաբատի փողքով բարձրանալով՝ կծոտում անգամ ամենանհարմար տեղերը: Դատարկ, քամած շրջանակները ետ տանելն առավել դժվար էր: Մերձակայքում պարապ-սարապ թրևող, ներս ընկնել չկարողացած մեղուները խենթորեն վրա էին տալիս, դողէրոցքի մեջ կորցրած զգուշությունը՝ շրջանակի հետ հայտնվում օտար փեթակում: Կես ժամ առաջ ծխահարված, ձմեռվա պաշարից զրկված ընտանիքը, տեսնելով դատարկ մոմաբջիջները, գազազած հարձակվում էր անդորրը խախտող, Աստծո պայծառ օրը մթնեցնող մարդկային ձեռքերի, նաև՝ օտար մեղուների վրա: Քիչ անց զայրույթից սևակնած մի քանի բեռնակիր ձախողակի մարմինը դուրս քաշելով բնից՝ շպրտում էին ներքև՝ մրջյուններին կեր:

Նույնը կատարվեց միայնակ փեթակի հետ: Ծխի հոտ առնելով՝ մայրն անմիջապես կարգադրեց լքել բույնը: Հրդեհի դեպքում մեղուները բերանում որքան հնարավոր է մեղր առնելով փախչում են վտանգից․ այդպես մարդն է փախեփախի, կոտորածի, նահանջի ժամանակ, տարագրվելիս կապոց անում: Պահեստած մեղրը մեկ-երկու օր կհերիքի մորը, դեռևս ինքնուրույն նեկտար ըմպել անկարող ձագերին, նոր բույն հյուսող տնեցոց, մինչև ճակատագիրը կամենա, և վերստին հիմնավորվեն: Մի կուց ուտելիք վերցրած թևավորը, պարզվում է, այլևս ի զորու չէ խայթել. ամենակարող բնության կարգն է, և ահա մարդն օգտվում է դրանից, այն էլ ինչպե՜ս. երկու-երեք քուլա ծուխը բավական է՝ ընտանիքն իրար խառնելու: Մինչ ծուխը կքաշվի, և մայրը վերստին պաշարը տեղը լցնելու հրահանգ տա, մարդը հասցնում է տանելու ենթակա շրջանակներն ազատել մեղուներից: Չէր խանգարի գիտենալ, որ մեղվի մի տեսակի ծուխը խուճապահար չի անում և կան, որ բնույթով խաղաղ են, համբերատար: Նշանակություն ունի նաև տարվա եղանակը, օրվա ժամը, բերքի աստիճանը: Նույնը մարդիկ, ազգերն ու ցեղախմբերը չե՞ն. չարի, նենգի հարևանությամբ բարին, կամեցողն է կենում: Մեկը չարած վատությանը տասնապատիկ է պատասխանում, մեկ ուրիշը, բնույթին հավատարիմ, ներում է, զիջում, եթե նույնիսկ տուժողն է: Անգամ նույն անձը բնավորությամբ տարափոխիկ չէ՞. անոթության պահին՝ անգութ, նեղսիրտ, հաջողության ուղեկցելիս, երջանկության ժամանակ՝ համեմատաբար լիաձեռն, անչար:

Հայր ու զավակ հիմնովին դատարկեցին փեթակը՝ չխնայելով անգամ որդերին: Կնոջ երկչոտ հարցին, թե նկատելու դեպքում ի՞նչ պիտի ասվի, մեղվապահը ձեռքը թափ տվեց.

-Հինգ-տասը կիլո կշպրտեմ, հերիք է: Թող շնորհակալ լինի, որ մեղուն չեմ մարել:

Այնքան վստահ ասաց, որ կողակցի ու տղայի սրտի խորքում եթե խղճի պես բան կար, արարքի նենգության գիտակցում, մոռացվեց, համենայնդեպս՝ մղվեց ետնամուտք: Հետագա խոսակցությունը վերստին մեղրի առատության, վաճառքի գնի, շուկայի բժշկի սիրտն առնելու մասին էր:

-Ուզեմ, նույնիսկ մի քանի դրամը չեմ տա: Պարզապես ընդունված կարգ է, թե չէ հազար բժիշկ հավաքվի, չեն կարող իսկականը խառնածից ջոկել: Ուրիշների նման պիտի լրիվ շաքարաջուր անեի:

-Տան համար էլ ե՞նք սրանից վերցնելու, -անգիտակ ընդհատեց տղան:

Մեղվապահն անսպասելի բորբոքվեց.

-Բան են լսել, հասկացող-չհասկացող անուն է դնում, կասկածում: Ի՞նչ է եղել էս մեղրին, -նա դանակի ծայրով նոր կտրած սերեկը շուրթերին տարավ: -Ընտիր մեղր է: Գլուխս կկտրեմ, թե շուկայում սրանից լավը գտնվի: Հլա մի փորձի, -ու մի նոր պատառ դեմ արեց կնոջը:

-Ես շատ եմ կերել, -խուսափեց կողակիցը:

-Դու կեր, -դարձավ որդուն:

Տղան դժկամորեն սերուցքն առավ բերանը:

-Տես, ի՜նչ անուշ հոտ ունի, -մեղվապահը կռացավ քամհարի վրա, խոր շունչ քաշեց: -Առնվազն յոթանասուն տոկոսը մաքուր մեղր է, -հետո բավարար համարելով բացատրանքը՝ որոշեց ժամանակ այլևս չկորցնել: -Ձեռք գցի:

Հայր ու որդի մատները հյուսելով գրկեցին մեղրով լի քամիչը, մյուսով ներքևից բռնած՝ կտրեցին գետնից:

-Տակինը բռնի, -կարգադրեց կնոջը, իսկ որդուն՝-ուղիղ պահիր, թևերը մեղրի մեջ ընկան: Զգույշ, հո փայտ կուլ չե՞ս տվել:

Հոր՝ սխալ չհանդուժող տոնը զավակին ավելի էր շփոթեցնում:

-Ի՞նչ շշմեցիր, բերանը՝ դուրս, դու՛րս:

Նրանք քամիչը հենեցին դատարկ փեթակին:

-Պահիր, շուռ չգա, -կարգադրությունը զավակին էր հասցեագրված: Կնոջ համար ևս ասելիք գտնվեց: -Բիդոնը տակը դիր, -իսկ ինքը դանդաղ բացեց փականը:

Մեղրը ծորաց, սկսեց ծալ-ծալ նստել ամանի հատակին, բռնել տակը: Գույնը ոսկուն էր խփում: Առանձնապես տպավորիչ էին օդի մանրիկ պղպջակները, ժամանակ առ ժամանակ մեղրի հետ իջվարող մեղուներն ու որդերը, որոնց մի մասը դեռ կենդանի էր: Ներսում կուտակվածն ավելի շատ էր, այնքան, որ մեկ-մեկ խցանում էր ծորակի բերանը, և մեղրաշիթը բարակում էր, թվում՝ ավարտվեց:

-Մաքրե՞մ:

-Ոչինչ, -տղայի անհանգստությունը գնահատեց հայրը, -վաղը, մյուս օրը գդալով կհանենք: Վերջ-առաջ երես կելնեն: Մեղրից ծանրը միայն ոսկին է, -միտքը բազմանշանակ հնչեց, և որդին չըմբռնեց՝ իսկապե՞ս ոսկին ծանր է, թե՞ հայրն արժեքը նկատի ունի:

Ամբողջը տևեց մեկ շաբաթ: Կիրակմուտին վերջին մեղրահացը քամված էր, և տասը պռնկեպռուկ տարողություն սպասում էր բեռնատարի ետքից գնացած տղային: Մայրը ողողում էր մեղրոտ ամանները, չոր լաթով մանրակրկիտ սրբում: Ջրի պակասություն չունեին, որովհետև մի փոր մեղրով առել էին հնձվորներին ջուր տանող անփորձ վարորդի սիրտն ու եղած-չեղած ամանները բերնեբերան լցրել:

Երբ որդին վերադարձավ, հայրը հավաքել էր վրանը, մայրը չորացրել-սրբել մեղրաքամը: Բեռնատարը խոտ տեղափոխող վարորդինն էր՝ նրանը, ով շյուղը շրթունքների արանքում ընկողմանում էր խցիկիում՝ անտարբեր սպասելով մեքենայի բեռնվելուն, իսկ մտքում անհամբեր՝ հացի ժամին, որպեսզի նույն անհոգությամբ ուրիշի բաժինն ուտի: Հիմա գործի մեջ փող կար, երևի, շատ, որովհետև սիրով ելավ թափք: Հայր ու որդի ճկռելով՝ նրան տվին վաթսուն-վաթսունհինգ կիլոյանոց մեղրամանները, վերջում՝ քամիչը:

Տղան բեռնատարով գնաց, հայրը, որպեսզի «Ժիգուլուն» արև չառնի, լվանալ-չորացնելուց հետո վրանը գցեց կտուրին, դատարկ վերնահարկ դրեց՝ քամուց չքշվելու համար, իսկ մայրն անցավ սովորական եփութափին: Մեղվանոցը հանդարտվեց, բայց դա ուրիշ խաղաղություն էր. նման լռություն հրոսակների հեռանալուց հետո ավերակ շեներին է իջնում:

Քամին հարավից էր փչում: Միջագետքից ելել էր, Բզնունյաց ու Կապուտան ծովերի բացվածքով մտել Վասպուրական աշխարհ, ապա Ավարայրով, Կոգովիտով եկել, զարկվել Մեծ լեռանն ու լեռնապարին: Միլիոն տարվա փորձն աչքի առաջ ունենալով՝ շատ չէր կռիվ տվել, գիտենալով, որ կպարտվի: Պարզապես կրակ էր թափել սարի ժայռկեն կրծքին և, շրջանցելով բնակուռ պատնեշը, սողոսկել Արարատյան դաշտ, այնտեղից ելվերել Արագած, որի հարավ-արևմուտք նայող գոգին էր կարմիր ճանճնոցը:

Մի քանի օրում ցորենի, գարու արտերը կծղեցին, չորացավ խոտը միջնակների, կապտեց երնջակն, ու փայտացավ խռնդատի, կաղշնակի ցողունը, դեղնեց իշկաթնուկը, տեղ-տեղ ճաքեր հայտնվեցին հողին: Զուր էին մեղուները մի փշից մյուսը թռչում, կտրում կիլոմետրեր՝ հասնելու Ժայռոտ ձոր: Նեկտար չկար անգամ գազփշի երկարուկ բաժակներում: Թերթերը չբացած՝ քամու գոլ շնչից ծաղիկը թոշնում-թալկում էր, նեկտարը՝ ցնդում-գոլորշանում: Օդ չկար շնչելու, արևն էլ ասես կանգնած, շարժվելիս չլիներ:

Մեղվապահը մոլորվել էր: Հակառակի պես տղան չէր գալիս. կուղարկեր լեռան մյուս երեսը: Թերևս, քամին այնտեղ չի հասնում, ծաղկունքը չի խշկել, ու մեղուն հասցնի ձմեռվա պաշար կուտակել, քանի որ խեղճերի հավաքածն այժմ հարսը հարկից հարկ ընկած ծախում է, մինչև աշունը գա, և շուկայում նստելը դառնա իր բանուգործը:

Պարապությունից չգիտեր օրն ինչով լցնի: Դաշտում սունկ, սինձ, զոխ չկար, փեթակների բերանը բացել չէր լինում, անգամ փայտով շանը հնարավոր չէր հենց այնպես, թափառելու համար բնից հանել: Մնում էր կինը, սակայն նրան զրույցի ներքաշելն առավել դժվար էր. միօրինակ կյանքը, նույն խոսակցությունը, դեմքը, բնապատկերը մինչև կոկորդը կշտացրել էին, ու նա գերադասում էր լռել կամ թե մեկ սունկի, սիվտկուկի, ավելուկի չորացած կապուկներն էր արևերես հանում, մեկ՝ հերթով կերած հավերի փետուրները:

Ու նա մտաբերեց միայնակ փեթակը: Ի՞նչ կլինի, եթե կիսելով դարձնի երկու ընտանիք: Հը՞: Կկարողանա՞, ձագ վերցնելու համար ուշ չէ՞:

Մեղվապահը խառնվածքով հայեցող չէր, մտքի խաղով գոհացող: Ահա թե ինչու շատ գործնական ոտքի ելավ՝ ի կատար ածելու քիչ առաջ ծլած գաղափարը: Առաջին գործը վերնահարկն իջեցնելը եղավ, հետո, որքան հնարավոր է, նեղացրեց բույնը՝ թողնելով ընդամենը յոթ շրջանակ: Ընթացքում որոշեց ասելիքը, եթե, բան է, բարեկամը այցեր: «Շնորհակալ եղիր. մեկդ երկու եմ դարձրել», -պիտի վրա տար:

Հաջորդ առավոտյան մեղուները մի քանի շրջանակի վրա՝ եզրերի մոտ պտուկներ գցեցին: Մայրը, սակայն, քանդել տվեց բջիջները՝ միաժամանակ հաձնարարելով ժամանակից շուտ վռնդել բոռերին: Նպատակը մեկն էր՝ կանխել աղետը, շարժվելու, տանելի կյանքով ապրելու հնարավորություն ընձեռել հպատակներին: Բայց ուշ էր. ձագատենդը համակել էր մեղուների մեծ մասին, և գժտությունը, պայքարն անխուսափելի էին. տասնյակ մեղուներ հիմա գիշեր ու զօր խնամում էին մայրապտուկները, աչալուրջ հսկողություն էր սահմանվել:

Մեծ մայրը պատրաստվեց վճռական գրոհի: Ծննդյան առաջին ժամերին գահի հավակնորդն անվնաս է, հակամետ ուժերը համախմբելու անընդունակ: Հարկավոր է հենց այդ պահին հարձակվելով ասպախմբի վրա՝ անակնկալ գրոհով պատռել շղթան: Ըմբոստներն իր ներկայությունից անպայման կընկրկեն. սովորույթի ուժը մեծ է, չէ՞ որ տարիներ շարունակ մունջ հպատակվել են՝ կատարելով հրամանները: Դավադիրներն անգլուխ մնալով՝ անմիջապես կդադարեցնեն անիմաստ պայքարը՝ դառնալով նույն հլու աշխատավորները, ու կանգուն կմա Տունը: Բայց թե մեղվապահը փորձառու էր, գիտեր մեղուների վարքը, ծանոթ էր թագակրի բոլոր քայլերին, ուստի վեջին պահին մայրապտուկը վանդակի մեջ առավ: Հուսալի եղանակ էր, քանիցս արդարացրած: Բոժոժի բացվելու պահին մայրաձագը չէր հայտնվի թշնամի մերձավորների շրջափակման մեջ. նուրբ ցանցը հուսալիորեն կպաշտպանի հարձակումից, մինչև ընտանիքն ընտելանա նոր մորը և ընդունի, եթե համեմատությունը տարեց առաջնորդի օգտին չվերջանա: Հակառակ դեպքում, թեկուզ տասն օր անցնի, բավական է մի քանի րոպե բաց մնա վանդակը, մեղուները ներս խուժելով՝ կսպանեն դրածոյին:

Բնական մայրափոխության ժամանակ ընտանիքը սովորաբար ջահել մոր կողմն անցնելով՝ սկսում է հալածել հնին, ու նա հարկադիր փախչում է փեթակից՝ հետը տանելով հավատարիմներին: Ընտանիքն այդ կերպ կիսվում է՝ դառնալով երկու: Եթե մեղվապահին ձեռնտու չէ, գտնելու դեպքում ծեր մորը սատկացնելով՝ մեղուներին կրկին բերում է փեթակ: Անշուշտ, հակառակը ևս պատահում է, և վռնդվողը, տնանկը լինում է մայրացուն՝ երիտասարդ մեղուների, ձագերի հետ: Դրանում պախարակելի ոչինչ չկա. գոյության կռիվ է, իշխանության ձգտում, բնական երևույթ՝ վերջնական արդյունքը որի բոլոր դեպքերում ճիշտ է թե բնության, թե մեղվի համար, բայց երբ մարդն է միջամտում...

Ինչպես թոնրից՝ երեխան, ճիգեր գործադրելով բջջից ելավ մայրաձագն ու հայտնվեց մետաղյա բավական ընդարձակ ցանցում, ուր կային բոլոր պայմանները՝ մեղր, ծաղկափոշի, կերակրելու համար վաղօրոք վանդակած երեք մեղու: Շեկլիկ, երկարուկ պոչը, թավամազ ոտքերը, մեջքի խավափայլը առողջ, կենսունակ ծննդի մասին էին վկայում: Իհարկե, ինքը ոչ պակաս գեղեցիկ է, երիտասարդ ու դեռ չորս-հինգ սերունդ կարող է լույս աշշխարհ բերել: Ի վերջո, իր զավակն է այս նորը, իր կրկնակը և չար չի երևում, բայց թե՝ անժամանակ ծնվեց, ուստի կմեռնի:

Նա գրոհով հասավ վանդակին, պտտվեց չորսբոլորը, նույնիսկ ելավ ցանցին, սակայն զգաց՝ քաշքշում են, փորձում ցած բերել: Երկարեց կնճիթը՝ հասնելու նորածնին, բայց ամուր էր վանդակը: Հայացքներն առպահ իրար առան, և Մեծ մայրը վախը չգիտակցող, դեռևս պայքարի անընդունակ հայացք տեսավ՝ անմեղսունակ: Այդ պահին էլ ծնվեց փեթակը լքելու ցանկությունը: Նա դեռ անփորձ է, թող մնա ապահով ծածկի տակ, իսկ ինքը… Անստույգ է գալիքը: Ցուրտ գիշերներ կան, անձրև ու ամպրոպ: Անօթևան, անսնունդ թափառի պիտի, մինչև բացվի հուսո դուռը, անձավ գտնեն, ծերպերից մեկում ապահով ճեղք, ու նոր բույն հյուսեն, ապրեն: Կյանք է, ինչ իմանաս:

Դուրս գալով մեղուների շրջափակումից՝ նա իջավ հատակին և փութկոտ քայլերով մոտեցավ արկանոցին: Դրսում արևն էր կարմիր, քամի կար, և օրը մոտենում էր ավարտին: Թռիչքի համար եղանակը չափազանց աննպաստ էր: Կյանքում ընդամենը մեկ անգամ էր սավառնել օդում: Այն ե՜րբ էր… Արբունքի ցերեկը, խելահեղ թռիչքը բոռերի, բուրմունքը ծաղկունքի և ինքը՝ խև, սավառնում էր ու սավառնում՝ երկյուղելով մոտենալ նրանց, բայց և էլէկտրականացված՝ անկարող հեռանալ: Ապա բզզյունն այն մեկի, որը մահով փաստեց իր սերը, ու ինքը՝ կրքից նվաղուն, առմուտքի տախտակին իջվարելիս:

Քանի՜ գարուն է անցել, իսկ այժմ փույթ չէ… Վերջին շրջանում ատելի դարձավ փեթակը, ի՜նչ ասես չբերեց անհոգի մարդն իրենց գլխին, սակայն բոլոր պարագաներում ծանր, անասելի ծանր է տունը լքելը: Թշնամին թող նման փորձանքի չգա:

Նա թևին տալով ընդառաջ գնաց վտանգին: Մոր ետքից օդ ելավ տիրասեր մեղուների պարսը, որ հասցրել էր եռօրյա պաշար բերանն առնել:

Մայր մեղուն բույնը լքելիս հեռու չի թռչում: Թե մոտերքում ծառ, թուփ հանդիպեց, հեռագրասյուն, քարի ելուստ կամ նման մի բան, դադար կառնի, մինչև մյուսները հավաքվեն: Ով տեսել է տեսարանը, կիմանա, ով՝ չէ, թող պատկերացնի խաղողի հսկա, շարժուն ողկույզ՝ ի կախ ճյուղից, քարի պռնկից: Ձագին ցած բերելն առանձնակի դժվար գործ չէ: Դույլը պահում ես տակը և կտրուկ ցնցում ճյուղը, կամ թե ավելով զգույշ, որպեսզի մայրը չվնասվի, պոկում քիվից: Կարելի է և ձեռքով՝ առանց խայթից երկնչելու, որովհետև, ինչպես ասվեց, բերանում պարեն ունեցող մեղուն չի կծում: Կծիկը մոր հետ դույլը լցնելուց հետո մնում է լաթի պատառով գոցել բերանը, իսկ դույլը չընկածներն օդում կուղեկցեն մեղվապահին, թեկուզև կիլոմետրեր կտրի:

Կարմիր փեթակնոցի տերը տնակի ստվերում ննջում էր, երբ ականջը որսաց ծանոթ դզզոցը: Նման աղմուկ մեղուն հանում է միմիայն ուժեղ բերքի և ձագխաղի ժամանակ: Հազարավոր թևավորներից օդը թեթևակի մշուշվել էր: Որևէ տրամաբանություն, նպատակ նրանց թռիչքում տեսնելը դյուրին չէր, այդուհանդերձ փորձառու աչքը կարողացավ որոշել պարսի ուղղությունը:

Քամու պայմաններում թռչելը ոչ միայն դժվար է, այլև վտանագավոր, հոգնեցուցիչ, և մայր մեղուն, չկարողանալով հարմարավետ կայանատեղ գտնել, իջվարեց դատարկ հավնոցին: Հազիվ ոտքը դրել էր որձաքարին, երբ նկատեց ձեռքն աչքերին հովանի արած մեղվապահին. իրեն էր հետևում: Մայրը խռովահույզ օդ ելավ, և քարերին ծեփվող պարսը չհասցրեց շուրջը կծիկ կազմել: Ու՞ր գնա, որտե՞ղ կայանի: Բլրակի կատարը բարձրանալ չէր կարող՝ կընկներ քամու բերանը, դեմը դաշտն էր՝ հնձած, մինչև վերջին ծղոնը կրծոտած: Սալքարերին հենց այնպես իջնելը վտանգավոր է. ոտնատակ ընկնել կա, անձրև, սելավի ելնել: Մնում էր Ժայռոտ ձորը: Հեռու է, բայց մի կերպ կփորձեն հասնել: Եվ գնալը հեշտ կլինի. լեռանգոգը քամուց համեմատաբար պաշտպանված է: Հարկավոր է բռնել դաշտամիջյան ճանապարհն ու… Բայց սպասիր, սա, հո…

Եկողը տերն էր՝ մեզ ծանոթ երիտասարդը: Թիկունքն ի կախ նույն ուսապարկն էր, ոտքերին՝ նույն մարզակոշիկները, շրթունքների միջև այս անգամ՝ փետրախոտ:

Նա ևս նկատեց մեղուներին: Այնքա՜ն շատ էին, այնպիսի ժխոր, բզզյուն էին հանել, ժամերգություն սկսել, որ չգրավվել անհնար էր: Առաջին պահ պաշտպանվելու նպատակով բնազդաբար բարձրացրեց ձեռքը, բայց երբ աչքն առավ դաստակին նստող մայր մեղվին, ապշած, միաժամանակ երկյուղած կանգնեց: Նույն պահին, ինչպես «Գուլիվերի ճանապարհորդությունում» լիլիպուտների նետերը, մեղուները կարկտահարեցին մաշկը, հագուստը: Իջվարածն աճապարում էր մոր կողմը, մերձենում նրան: Խայթամահ լինելու սարսափը տեղի տվեց երջանիկ խռովքին, երբ մտաբերեց «Մեղվաբուծություն» ամսագրում տարիներ առաջ տեսած հազվադեպ լուսանկարը: Այնտեղ պարսն իջել էր մեղվապահի ուղիղ գլխին, և նկարում ուսերից վեր թևավորներով ծեփած անձև զանգված էր՝ ոչ աչք, ոչ քիթ, ոչ ականջ: Այն ժամանակ, հիշում է, զարմացավ, մի պահ նույնիսկ կասկածեց՝ մի՞թե հնարավոր է: Բայց լուսանկարն այնքա՜ն որակով էր, այնպես հստա՜կ էին երևում մեղուները:

Ըստ ամենայնի, նույնն է կրկնվում այժմ: Իր մեղուն է, իր փեթակն է ձագ տվել: Հարկավ, դրանում համոզված չէր, սակայն խառնվածքն այլ տարբերակ չէր ընդունում: Պատահական մայրն ինչու՞ պիտի իջնի իր ձեռքին, ըստ որում՝ այդչափ անվարան, սառնասիրտ: Ասես օգնություն են հայցում, փրկություն որոնելիս լինեն: Տեսնես ի՞նչ է պատահել: Օգոստոս ամսին ձա՞գ: Արտառոց դեպք է, այն էլ հարավ քամու պայմաններում, երբ շնչավոր ամեն բան շուրջը խեղճացել, կուչ է եկել: Բարեկամը մի բան արած կլինի: Հաստա՛տ: Հրեն գալիս է, ու դույլ կա ձեռքին:

Որոշել էր մեղուն նրան առաջակել՝ մոմով, լրացուցիչ շրջանակներով, ինչ կա: Թող որքան հարմար է գտնում, գնահատի: Բայց չէ, չի տա սրան, տառապյալներին չի հանձնի դաժան, չափից ավելի գործունյա ձեռքերի խնամքին: Ավելի լավ է ազատ արձակի, թող վերադառնան բնություն՝ իրենց մոր գիրկը: Սպասիր, նրանք հենց Ժայռոտ ձորն էին գնում, չէ՞ որ ճամփան կիրճի պռնկով է անցնում:

Նա գլխարկով դիպավ կծիկին, զգուշորեն սկսեց քանդել այն: Մեղուները ջանում էին պոկ չգալ, օդում հայտնվածը կրկին էր իջնում: Գվվոցն ականջ էր խլացնում, օդը կարծես էլեկտրականացած լիներ:

Մեղվապահը, որ մոտեցել էր, տարակուսած՝ չգիտեր ինպես վարվի: Գործնական ուղեղն առաջին անգամ էր դեմ առնում նման փաստի, ուստի դժվարանում էր որոշել բռնելիք ճիշտ դիրքը:

Ի վերջո, համառ ջանքերը արդյունք տվեցին: Պարսը հայտնվեց օդում. հաջողվել էր մորը դաստակից պոկել: Մեղունների բվվոցում հիմա չարագույժ բան կար, ասես վճռական գործողության պատրաստվելիս լինեին: Չլինի՞ նեղացան, վիրավորվեցին, թե՞ բարեկամի ներկայությունից է: Կարծես գնում են: Այդպես էլ կա: Աճապարեք, քանի արևը մայր չի մտել, դեռ ահագին ճամփա ունեք կտրելու: Չերկնչեք անորոշությունից, ձերն է հաղթանակը: Ես կգամ Ժայռոտ ձոր, կայցելեմ ձեզ: Մայր մեղու, մայր բնությունը թող ապավեն լինի ընտանիքիդ ու հեռու պահի ամեն փորձանքից:


    
    

ՄԱՀՎԱՆ ԽԱՐԻՍԽ
    
    

Դա առաջին ձյունն էր նրա կյանքում: Մինչ այդ անձրև, քամի, մառախուղ, կարկուտ տեսել էր, ձյուն՝ չէ: Լեզուն հանեց, փաթիլն առավ բերանը, չհասկացավ ինչ է: Պտտվեց ավտոբուսի բոլորը, մտավ նորատունկ ծիրանանոցը, ճամփի մեջտեղով վազեց մինչև արտի գլուխը, ետ եկավ: Անվադողերից ծեծկված ճանապարհը ճերմակ էր, միայն ոտնահետքեր կային: Հոտոտեց, հասկացավ՝ իրենն են: Նայեց շուրջը: Ժիրայրենց քողտիքը չէր երևում, Համիկենցը հեռու էր ու հեռու: Կաքավի ձայն չկար, կովերի բառաչ վաղուց չէր լսել, այն օրից, երբ Համիկը տարավ անասունը, որ դաշտում էր թողնում, որպեսզի քոլուքոս կրծելով օր ավել գլուխ պահեն: Անորոշ վախ ընկավ սիրտը: Նման զգացողություն ունեցել էր աշնան մառախլապատ օրերին, երբ մշուշն իջնում էր սարերից, մտնում լեռնագոգ, գրկում ծառերը, թանձրանում օդում: Սիրտը նեղվում էր, թվում էր շունչը չի հերիքի: Բայց այն ժամանակ հաստատ գիտեր՝ Համիկն այնտեղ է, իր վարձակալած հողում, կովի, երկու երինջի ու մի արջառի հետ: Կեսօրին ձիով կգա, որպեսզի Բոքանոցից լոբու, եգիպտացորենի սմքած ցողուններ ժողվի, թամբին գցած տանի անասունին: Իսկ շաբաթ օրը կապույտ «Երազով» կհայտնվեն Հովիկը, Արան, Արամայիսը, Լևոնը, մյուսները, որ քաղաքում են ապրում ու նույնպես վարձակալությամբ են հողը մշակում: Կգան ծառ տնկելու և կբերեն քաղաքաբնակ մարդու սեղանի ավելցուկ՝ ոսկոր, երշիկ, ճաշի թերմացք… Թե դա չեղավ, խանութից ձուկ կառնեն կամ շուկայից՝ ճրագու, թոք ու խռչափող: Երանելի պահ… Ինքը չծամած կուլ էր տալիս փափուկ կտորները, ոսկորները փշրտում ատամի տակ, իսկ նրանք, շուրջը խմբված, հրճվում էին, ինչ-որ խոսում, մեկմեկու հերթ չտալով՝ գգվում, շոյում ականջատակը: Ապա՝ մեկնումեկը բացում էր ավտոբուսը, որ կացարանի տեղ էր ծառայում, և բոլորը փոխում էին հագուստները, իջնում դաշտ: Տռզել-հագենալուց հետո ինքը ևս աճապարում էր ետևներից՝ կարոտն առնելու. քսմսվում էր, թռչում շալակները, ընկնում ոտքի տակ, խանգարում: Բարի էին նրանք: Կաքավների վրա չէին կրակում, նապաստակները լոբուտում ազատ-արձակ ման էին գալիս: Եթե վախենում էին էլ, իրենից՝ չիմանալով, որ ընդամենը կես տարեկան շնիկ է ու ավելի է խրտնում անծանոթ տեսնելիս:

Դա ամռանն էր: Հիմա բերքը հավաքած էր, լոբու փայտերը կոկիկ դարսած էին միջնակներում, խողովակներում վաղուց ջուր չկար, մկները, ամեն զեռուն բույնն էր քաշվել, և դաշտում մնացել էր Զանգուն՝ փրչոտ, երկարոտն ու հաստաթաթ շունը, որին գարնանը, երբ լոբու հենակների համար Լևոնն ու Արան քաղաքի սղոցարաններից մեկն էին մտել, տեսել էին գերանների դիմաց միայնակ ճմլկոտելիս: Դրել էին ավտոն, բերել՝ չիմանալով ինչ տեսակ է, տեր ունի, չունի…

Զանգուն մտավ ավտոբուսի տակ, փորձեց մրափել: Երևի թե իսկապես էլ քնեց մի քիչ, ելավ: Ձյունը շարունակում էր թափվել: Այժմ վերջին անձրևներից նորելուկ կանաչն ամենևին չէր երևւմ: Վայրի նշենիների շիվերը, որ ժամանակին անտառտնտեսությունն էր տնկել, իբր, հողն էրոզիայից պահելու համար, ծանրության տակ կեռվել, կպել էին գետնին: Ականջին էր հասնում աղմուկը, որ ցածից՝ մայրուղուց էր գալից: Քանի՜ անգամ ոտքով տղաների ետքից հասել էր կանգառ, երբ «Երազը» սարքին չէր եղել, ու նրանք ստիպված էին մերձքաղաքային ավտոբուսին ապավինել: Ուղեկցում էր, ետ գալիս:

Մտքով մի պահ անցավ իջնել խճուղի, գուցե մեկնումեկը երևա: Մտածելն ու ելնելը մեկ եղավ: Երկտարեկան կեռասենիների միջով անցնելիս մտաբերեց օձը, որին ինքն ու Վարդանը տեսան: Մտել էր հնձած կորնգանը, հասել ջրի ծորակին: Ոտնաձայն առնելով՝փախավ, սկսեց խույս տալ քարի հարվածներից: Ինքը ևս չհասկանալով՝ վրա քշեց: Սա ցցեց գլուխը, պատրաստվեց հարվածի: Մինչ Վարդանը կվազեր բահ բերելու, սողունը մտավ դաշտամկան բույնը: Ինքը հաչում էր, թաթով փորձում լայնացնել անցքը…

Զանգուն հաղարջի նոսր թփերի արանքով կարճ ճամփով ելավ ձմերկի դաշտը, թեք լանջով մտավ Մեծ տափարակ, կտրեց լոլիկի մարգերը: Ամեն թուփ, քար, առու, մոռացված ձեռնոց, ալյումինի փայլաթիթեղ քաղցր հուշ էին արթնացնում, անխառն կարոտի զգացում: Անձկալի էր տերերի հետ կապված յուրաքանչյուր բան: Նապաստակն աչքին երևակվեց, որը, տարիքի, թե այլ պատճառով տեսողություն չուներ, որովհետև չէր փախչում, ու շատ անգամ Հովիկն ականջներից բռնած հանում էր լոբու թփի տակից: Վերջում ինչ եղավ, չիմացվեց: Խանդութն ու Դավիթը միտքը եկան, Թորգոմն ու Սաթենիկը, որոնց հետ օրնիբուն խաղում էր, փորսող տալիս խոտերի մեջ, մտնում արևի տակ տաքացրած ջրով լի տաշտը, եթե ծնողները հետները բերած էին լինում: Տեսնես դարձյալ տաք օրերը գալու՞ են, պիտի նորից ծաղկե՞ն ծառերը…

Մայրուղու վրա ձյուն չկար, սև շփոթ էր՝ ռետինի ու մազութի հոտով ներծծուն: Կանգնել, նայում էր: Մեքենաները բարձր արագությամբ սլանում էին, ապակիների ետևում դեմքեր էին հայտնվում, պատահաբար իրեն ուղղված հայացքներ՝ անհաղորդ, անծանոթ: Վազքով ետ դարձավ: Ճամփին էլ հուսավորվեց, թվաց, ժամանել են տերերն ու հիմա ձայն կտան՝ Զանգու՜… Նրանք այն կողմից, ինքը՝ այս, ընդառաջ կգնան մեկմեկու, կգցվեն իրար գիրկ ու կգգվեն՝ էլ ավելի ջերմ, սիրով, որովհետև Զանգուն մենակ է, բոլարովին մենակ անսպասելիորեն ճերմակած, լուռ ու ցուրտ աշխարհում, որն ամառն այնքա՜ն լի էր կյանքով, արևով, ժպիտով…

«Երազը» չկար, ոչ ոք չէր եկել: Չլինի՞ լքել են իրեն: Այդպես կլինի՞: Ի՞նչ ուտի հապա Զանգուն, ինչպե՞ս պաշտպանվի ցրտից: Մինչևիսկ բույն չունի: Ավտոբուսի տակ գիշերներն արդեն հաճելի չէ, անդուր հոսանք կա անգամ քամի չեղած ժամանակ: Հասկանու՜մ է. բույն հենց դրա համար չեն սարքում, որովհետև իրեն ևս պետք է հետները տանեն, ինչպես ի վերջո Համիկն անասունին տարավ: Լսել է, չէ՞, տերերի զրույցները, թեև չի հասկացել, բայց հայացքներից, ձայներանգից, ժպիտներից ու փաղաքուշ խոսքերից գլխի է ընկել, որ մենակ չեն թողնի: Կտանեն, թույլ կտան հավասար անդամի պես ման գալ սենյակներում, լոգարան մտնել… Կլողացնեն, ճերմակ սավանով կչորացնեն, ճաշ կտան, օրը մի քանի անգամ կհանեն զբոսանքի: Ինչո՞վ է վատ տանու հազարավոր շներից: Հսկա հողը՝ տասը հեկտարից ավելի, վա՞տ պահեց: Անգամ Համիկին ու Ժիրայրին, Վանիկին, Վաղոյին, որ ողջ կյանքում այդ հողի վրա են օր մաշել, գյուղից են, առաջին շաբաթը չէր թողնում ավտոբուսին մոտ գալ: Որքա՜ն է եգիպտացորենի կողմը մղվող ձիերին քշել, նմանապես օտար մարդկանց, թափառող ցեղակիցներին: Չէ, ինքը հավատարիմ է եղել…

Խառնակ խոհերի մեջ օրն անցավ, մթնեց: Ձյան շերտը հյուսիս նայող թևում հասավ ավտոբուսի կողերին, գրեթե փակեց մուտքը: Զանգուն առջևի դողերը չնստած կողմից մտավ մեքենայի տակ: Կայուն տեղ չուներ, պառկում էր՝ ուր պատահի: Հիմա էլ՝ հարմարվեց, գլուխը դրեց թաթերին… Արթնացավ գիշերվա մի ժամի: Հոտոտեց՝ մեկ, երկու… Գերլարումից քթին հասավ մոռացված ոսկորի խոռոչում մնացած ծուծքի թույլ հոտը, որ ուրիշ ժամանակ չէր զգա: Նույն պահին էլ մտահանեց. օդում օտար շունչ կար: Ելավ ավտոբուսի տակից: Օտար շունչը դեմից էր՝ Ժիրայրի այգուց: Զանգուն գայլ չէր տեսել, անհայր, անմայր էր մեծացել ու ճակատագրի բերումով ամեն բան սեփական փորձով պիտի ձեռք բերեր: Մեծ դասը, բնության դասը պիտի առներ միայնակ: Փշաքաղ՝ հաչաց: Պատրաստվում էր գնալ իրենց հողի եզրը, որպեսզի մոտ լինի աներևույթ թշնամուն, երբ նկատեց ձորակից ելնող գլուխը: Հետո՝ երկրորդը, երրորդը: Մեկը մնաց, մյուսները ետ գնացին: Դավադիր լռություն էր շուրջը, կայծկլտուն աչքերը, մարմնի ուրվագիծը ձորապռնկին էին, որտեղից սկսվում էր պոպոքնոցը: Քանի՜ անգամ էր բարկացրել Մհերին, երբ թեքության վրա խաղալիս քանդել էր առուն, փախցրել ջուրը…

Քիչ անց օտար հոտը կողքից եկավ՝ ճամփից, որտեղով «Երազն» էր գալիս: Զգաց նաև ճահճուտից մոտեցողի շունչը: Որքան էլ անփորձ, հասկացավ՝ շրջապատում են: Ցից մորթը մեկից թուլացավ, պոչն իջավ, իսկ մարմինը տափակեց: Մտավ ավտոբուսի տակ, քաշվեց ամենահեռավոր անկյունը, ուր անիվը նստել էր, ետնամասը գրեթե կպել հողին: Բնազդ էր, գործեց: Հապաղեր՝ երեք կողմից վրա կտային: Վեցուկես-յոթ ամսական շունն ի՞նչ պիտի աներ գայլերին՝ փորձառու, աղմկաշատ քսանմեկերորդ դարի ապրելակերպին ընտել…

Գազաններն արագությամբ հասան, պտտվեցին ավտոյի շուրջը: Մեկն սկսեց այն կողմից, դեպի ուր մղվել էր Զանգուն, ձյունը, սառած հողը քանդելով ճամփա բացել, մյուսը տափակելով՝ սողաց առաջ, բայց քանի որ ավելի մարմնեղ էր, չհասած լռվեց: Զանգուն տեսնում էր կրակին տվող աչքերը, լսում ատամների կափկափյունը: Ինքը ևս զայրագնել, գռմռում էր, սակայն սիրտ չէր անում ընդառաջ գնալ: Առաջինի օրինակին հետևեց երկրորդը. սա փորձեց կենտրոնից մոտենալ՝ երկու դողի միջակայքով, բայց նույնպես դեմ առավ տակի երկաթներին: Երրորդը մլռտոցով քանդում ու քանդում էր հողը: Այդպես շարունակվեց, երևի, կես ժամ, հետո գայլերը դրսում եղողի կանչի վրա ետ-ետ գնալով՝ ելան ավտոբուսի տակից ու հանկարծաբար աներևութացան: Զանգուն թեթևացած շունչ քաշեց, սիրտը տեղն ընկավ: Ավելի գոտեպնդվեց, երբ ականջին շնահաչ հասավ: Երևի գյուղի շներն են, -անցավ մտքով:

Շնահաչը վերևից էր գալիս, նշի թփուտներից: Դուրս եկավ, հայացքը հառեց խավարին: Գայլերը չէին երևում: Հաչոցը կրկնվեց: Զանգուն լարվեց: Վերևում, որտեղ թեքությամբ իջնող առուն էր, նկատեց պպզած շանը: Կարծես, հացավանցի նախրապահինը լիներ, նա, որ գալիս էր իր թողած կրճոնը ժողվելու: Շագանակագույն, ամուր կազմվածքով շուն է, ականջները փոքր ժամանակ կտրած, պոչը՝ ցից: Այդպես էլ կա: Ահարկու գազանները նրա երկյուղից փախան: Բայց, հետաքրքիր է, ինչու՞ է տնկվել վերևում, մոտ չի գալիս:

Զանգուն հաչոցին պատասխանեց հաչոցով ու դանդաղ վազեց նրա կողմը: Շունը ոտքի ելավ, թեթև քայլով դիմեց դեպի քարափը: Զանգուն քիչ էլ հետևեց նրան, սակայն կեռասենիների մեջ շարժում զգալով՝ շրջվեց ու նույն պահին տեսավ գայլերին: Քարափի մոտ եղողը՝ նա, որին թյուրիմացաբար ցեղակցի տեղ դրեց, հանկարծաբար ճապուկ ոստնեց առաջին թփաշարի վրայով: Զանգուն պոկվեց տեղից, բայց չհասցրեց. ավտոբուսի հենց մուտքի մոտ ճամփան փակել էր գայլը: Մյուսը թիկունքից վրա պրծավ, երրորդը…

Աստծո առավոտը բացվեց առանց ձյունի: Խաղաղ, հանդարտիկ օր էր: Տասներկուսի կողմերը ներքևում՝ մայրուղու եզրին մեքենա կանգնեց: Նրանից մարդիկ իջան և ծնկահար ձյան միջով շարժվեցին ավտոբուսի կողմը:

-Զանգու՜…

-Զանգու՜…

-Զանգու՜…-հնչեցին ձայները Բոքանոցում:

Զանգու՛, հավատարիմ շուն, որտե՞ղ ես: Եկել են՝ Հովիկը, Արան, Արամայիսը, Լևոնը, բոլորը: Եկել են քեզ տանեն քաղաք, որպեսզի ձյուն-ձմռնեցով ամայի լեռնաստանում մենակ չմնաս, կեր չդառնաս գայլերին: Զանգու՜՚՚՚՚…


    

Մ Ռ ՈՒ Ն Չ
    
    

Ծովափնյա Ալուշտա քաղաքից Յալթա գնացող ուղևորի վրա Այու Դաղը ծովից ջուր ըմպող արջի տպավորություն է թողնում: Այստեղից էլ սարի անվանումը՝ Արջասար:


    

Հեռու-հեռավոր ժամանակներում՝ մեզնից հազարավոր տարիներ առաջ ծովափին, փայտաշեն մի տնակում ապրում էին ձկնորս Էյվոն ու նրա դուստրը՝ գեղեցկուհի Գեան: Ետևում անտառն էր, առջևում՝ ծովը: Ալիքները զարնվում էին ափին, համբուրում տնակի փայտյա սանդուղքները և հեռանում՝ տանելով գույնզգույն մանրիկ քարեր, խեցու կտորտանքներ: Երբեմն ծովը փրփրում էր, զայրույթից սևանում, լիզում անտառի ոտքերը: Ծառերը ճկվում էին քամուց, խոնարհում գլուխները: Գեան չէր սիրում այդպիսի օրերը: Նա հիշում էր, որ նման մի գիշեր, երբ փայտյա տնակը ցնցվում էր փոթորկից և, թվում էր, ուր որ է կփլվի, մեռավ մայրը: Մնացին երկուսով: Եղավ պահ, հայրը որոշեց թողնել ձկնորսությունը. մտքով հազար բան էր անցնում: Սակայն աղջիկն այնքան խելացի էր, ընդունակ, որ յոթ տարեկանում կարողանում էր տունը մաքրել, անկողինը հավաքել, փայտ բերել անտառից:

Այդպես հայր ու աղջիկ ապրում էին իրենց հեռավոր անկյունում՝ ունկնդիր ծովի, անտառի ձայներին: էյվոն այգաբացից առաջ ջուրն էր մտնում, իսկ Գեան շարունակում էր մուշ-մուշ քնել՝ աշխարհի չար ու բարուց անտեղյակ: Երբ արևի շողերն ընկնում էին պատուհանից ներս, խաղում աղջկա մազերի հետ, նա արթնանում էր, աչքը գցում հոր մահճակալին: Ինչպես սովորաբար, անկողինը դատարկ էր լինում: Ապա նա շտապում էր դուրս, դեպի ընդառաջ եկող ալիքները: Գեան սիրում էր լողալ: Հաճույքից ճչում էր, սուզվում ջրի տակ, կռվում ալիքների հետ, վախեցնում խորքում խայտացող ձկներին: Լողանալուց հետո աղջիկը փռվում էր ավազներին, անշարժանում: Անտառը ևս Գեայինն էր: Նա ծաղիկներից պսակ էր հյուսում, դնում գլխին, ապա վազում տուն, որպեսզի մինչ հոր վերադարձը հասցնի տունը հավաքել, փայտյա դույլով մոտակա աղբյուրից ջուր բերել, կերակրի համար պատրաստել օջախը: Անտառի թռչուններն ու կենդանիները նրա բարեկամներն էին: Գիտեր, որտեղ է ապրում նապաստակը, քանի օր հետո ձագ կհանի երաշտահավը, ուր է թաքցնում ձմեռվա պաշարը սկյուռիկը: Իրենց հերթին անտառի բնակիչներն էին տեղյակ, թե ինչ պտուղներ է սիրում Գեան, այդ օրը քանի ձուկ տուն բերեց հայրը, ինչու են աղջկա աչքերն արտասուքով լցվում, երբ մտաբերում է մորը:

Վերջերս Գեան մտերմացավ գորշ արջի հետ: Շուտով նրանք այնքան մտերմացան, որ արջը, թողած Կարմիր քարի անձավները, եկավ բնակվելու մոտակա անտառում: Այդ օրը Գեան շատ էր հեռացել տնից: Հայրը խստիվ արգելել էր Կարմիր քարի կողմը գնալ: Անտառն այնտեղ շատ ավելի թավ էր, ծառերը՝ հաստաբուն: Գեայի ականջը թափվող ջրի ձայն որսաց: Որոշեց գնալ ջրի կողմը: Ոչինչ էլ չի պատահի, արագ կխմի ու ետ կդառնա: Աղմուկը գնալով ուժգնանում էր: Ապա ծառերի թիկունքում երևաց լեռնային արագահոս գետը, որին երկու կողմից հովանի էին սոճիները: Ափամերձ ծառերից մեկն ընկել, կամրջել էր գետը:

Խմելուց հետո աղջիկը ցանկացավ ստուգել կամրջի ամրությունը: Քանիցս գնաց-եկավ գերանի վրայով: Ջրի ցայտերը հասնում էին բնին, թրջում ոտքերը: Մի փոքր ներքև գետը լայնանում էր: Փրփրած հոսքը թույլ չէր տալիս հատակը տեսնել: Գեային թվաց, թե մեկն իրեն է հետևում: Շուրջը ոչ ոք չկար: Միայն սկյուռիկն էր սոճու վրա ճյուղից ճյուղ ցատկոտում: Կամրջակին քայլելը ձանձրացրեց: Պատրաստվում էր ետ դառնալ, երբ թփերի մեջ շարժում նկատեց: Նույն պահին տեսավ իրեն ուղղված գազանի հայացքը: Շփոթությունից սայթաքելով՝ հայտնվեց ջրում: Փորձեց լողալով դուրս գալ, սակայն գետի այդ մասում հոսանքն ուժեղ էր: Ջանաց բռնել դուրս ցցված քարերից, բայց հորձանքը պոկեց տարավ: Քիչ անց նա կորցրեց գիտակցությունը:

Երբ բացեց աչքերը, արևը մայր էր մտնում: Մարմինը կոտրատվում էր: Նստելու ճիգ արեց, սակայն նույն պահին ճչաց, և վերստին մշուշվեց միտքը: Կողքին արջ էր նստած: Գազանը հայացքը սևեռել էր ուշակորույս աղջկան: Նրանց շուրջը խոտը տրորված էր և թաց: Հեռվում ինչ-որ տեղ փայտփորիկը կտցահարում էր ծառը: Կենդանին ոտքի կանգնեց, թափահարելով մորթը՝ մոտեցավ: Գեան վերստին բացեց աչքերը: Գազանի տաք շունչը դիպավ դեմքին: Նա սահմռկած ետ-ետ սողաց, ապա, բռնելով մոտակա ծառի գետնամերձ ճյուղերից, ելավ: Արջը շարունակում էր ակնդետ հետևել, այդու հայացքում թշնամանք, դաժանություն չկար: Աղջիկը բռնեց տան ճամփան: Վազում էր, ստեպ-ստեպ ետ նայում: Կենդանին չէր երևում: Հետո լսեց հոր ձայնը: Երբ տուն հասան, բոլորովին մութ էր: Հայրն աղջկան պառկեցրեց անկողնում, մաքրեց քերծվածքները, կապտուկները, իր ձեռքով ձկնապուր կերցրեց:

-Գորշ արջն է վրադ հարձակվել, աղջիկս: Քեզ ասել էի՝ Կարմիր քարի կողմերը չգնաս:

Դուստրը պատմեց եղելությունը:

-Սպասիր, սպասիր: Ասում ես՝ ա՞րջն էլ էր թրջված: Ուրեմն՝ նա՞ է քեզ ջրից հանել. անհավատալի է:

Առժամանակ անց, երբ կապտուկներն սկսեցին անցնել, Գեան նորից տեսավ արջին՝ այս անգամ խրճիթի մոտերքում: Մարդ ու գազան նայեցին իրար: Աղջիկը կենդանու աչքերում թախիծ տեսավ: Հետաքրքրությունը Գեային գամել էր տեղում: Ծուռթաթն ակնհայտորեն խաղաղ էր տրամադրված, բայց երբ փորձեց մոտենալ, աղջիկը ոստնելով՝ սուրաց խրճիթ: Սակայն գազանին վերստին տեսնելու ցանկությունը նրան ստիպեց ետ դառնալ: Այս անգամ աղջկա ձեռքին չորացրած ձուկ կար: Արջը շփոթված՝ մնացել էր բացատում: Գեան ձուկը դնելով գետնին՝ հենվեց ծառաբնին: Կենդանին մոտենալով հոտոտեց, ապա առավ բերանն ու ծամեց: Գեան այս անգամ նրա աչքերում ուրախություն կարդաց:

Գորշ արջն այլևս չգնաց Կարմիր քարի կողմը. շրջում էր ափին, խրճիթի շուրջը, բացատում, համբերատար սպասում աղջկան: Տեսնելիս կանգնում էր ետևի ոտքերին, բացում բերանն ու անճոռնի պտույտներ կատարում: Աղջիկը հիմա երկու պսակ էր հյուսում՝ մեկն իր, մյուսը՝ բրդոտի համար: Գեայի մյուս բարեկամները՝ սկյուռիկը, երաշտահավը, ոզնին, նապաստակը մի փոքր նեղացած էին՝ ծուռթաթին այդչափ սիրելու համար, սակայն բոլորն էլ ծիծաղից թափվում էին գետնին՝ տեսնելով ծաղկեպսակը գլխին բացատում շրջան գծող հսկային: Գեան հաճախ էր բրդոտին հյուրասիրում արևի տակ չորացրած ձկներով. կերը պահում էր գլխից վերև, իսկ կենդանին կանգնում էր, ձգվում այնքան, մինչև դունչը հասնի: Գեան հրճվում էր, գրկում նոր բարեկամի գլուխը և շոյում խոնավ դունչը, հետո վազում տուն: Նրա սլացիկ մարմինը մեկ շողում էր արևի տակ, մեկ կորչում ծառաբների թիկունքում: Արջը նայում էր աղջկա ետքից, հաճույքից թավալ տալիս խոտերին: Երբեմն նրանք այցի էին գնում արագահոս գետին: Հսկան ծանծաղուտում մտնում էր ջուրը, ուշադիր հետևում հոսանքին: Գետն առատ էր ձկներով: Ժամանակ առ ժամանակ կենդանին թաթն անսպասելի զարկում էր ջրին և, եթե ճանկում ձուկ էր հայտնվում, շպրտում էր ափ: Գետն արծաթին տվող ժայռերից էր թոփվում, ջուրը սառն էր ու արցունքի պես ջինջ: Գեան խմելուց հետո նստում էր ափին, արձակում հերակալը: Վարսերը ջրվեժում էին, ծածկում ողորկ ուսերը, կուրծքը: Գազանը նման պահերի թողնելով որսորդությունը՝ հմայված հետևում էր մարդուն:

Ծուռթաթ բարեկամի և դստեր մտերմությունն առանձնակի դուր չէր գալիս Էյվոյին, անգամ փոքր ինչ վախեցնում էր: Սակայն ձկնորսն ստիպված էր հաշտվել եղածի հետ. նախ՝ գազանը փրկել էր Գեային և ապա՝ հայրն աղջկանով զբաղվելու ժամանակ չուներ, քանի որ ողջ օրը ծովում էր: Կեսօրին նավակի քիթն ուղղում էր դեպի հեռվում երևացող հրվանդանը, որից այն կողմ՝ բարձունքին բերդաքաղաքն էր: Անմիջապես ափին ձուկն էժան գնով տալիս էր ձկնավաճառներին և, եթե քամին բարենպաստ էր լինում, հասցնում էր մինչև արևմտոց տուն դառնալ: Առօրյա հոգերի ետքից ընկած՝ չէր էլ նկատում, որ աղջիկն հասունացել է:

Այդ օրն Էյվոն ձկնորսության չէր գնացել: Հարկավոր էր նորոգել թարփերը, նոր կողով հյուսել: Այգաբացին գնացին անտառ: Հայրն ուռենու դալար ճյուղեր էր կտրատում, Գեան խրձած տանում էր խրճիթ: Աղջիկը թեթևաքայլ հերթական կապուկն էր ուսում, երբ հոր հայացքը կանգ առավ դստեր վրա: Գեան ճկուն էր, ինչպես եղեգը, սլացիկ՝ ինչպես նոճին: Նա հպարտ էր, որ նման դուստր ունի: Շուտով, սակայն, հոր դեմքին թախիծ հայտնվեց՝ հիշելով կնոջը, ում այնքա՜ն նման էր Գեան:

Երեկոյան, երբ պատրաստվում էին քնելու, աղջկան ասաց, որ մյուս օրը միասին են քաղաք գնալու: Պառկեցին: Գեայի քունը երկար ժամանակ չէր տանում: Հայացքը հառել էր առաստաղին, ընկել մտքերի ծովը: Հայրը դստերը հազվադեպ էր հետը վերցնում՝ դեպքից դեպք: Վերջին անգամ այնտեղ եղել էր անցած աշնանը՝ տոնավաճառի օրերին: Ինչքա՜ն մարդ կար՝ բոլորը ժպտերես, տոնական հագուկապով: Ի՞նչ կլինի, եթե ծուռթաթին հետները վերցնեն: Հիշում է, մեկը նախորդ տարի արջ էր խաղացնում: Եթե խնդրի հորը…

Առավոտյան, արևը չծագած՝ պատրաստ էին: Հայրը հանկարծակիի եկավ, երբ աղջիկը խոսք բացեց արջին հետները քաղաք տանելու մասին.

-Նստիր, նստիր, ուշանում ենք, -իբրև պատասխան ասաց՝ արձակելով նավակը պահող պարանը:

Չորացած ձկան կապոցները տեղավորելուց հետո շրջվեց, որպեսզի օգնի դստերը: Գեան կանգնած էր ափին:

-Դե լավ, աչքերդ մի լցրու, կարող ես բերել:

Դուստրը սլացավ անտառ: Ահա և նրանք ծովում են: Նավակի կեսն արջն է զբաղեցրել: Գեան շոյում էր գազանի գլուխը, նայում թիկունքով նստած հորը և ժպտում: էյվոն համաչափ շարժում էր թիերը, նավակը սահուն առաջ էր ընթանում՝ հատելով ափ շարժվող ալիքները: Բրդոտը մեկնվել հատակին, անհանգիստ մեկ աղջկան էր նայում, մեկ՝ ցամաքին: Չլինեին վիզն օղակած հաստ պարանն ու սերը դեպի օրիորդը, կցատկերը ջուրը և կլողար ափ: Հեռվում երևաց ծովափնյա բերդաքաղաքը՝ ատամնավոր պարիսպներով, ներքևում՝ ձկնաշուկան, պարսպից դուրս՝ խրճիթներ: Հազիվ էին ափ իջել, շրջապատեցին մոտերքում եղող ձկնորսները, այլ ծանոթներ:

-Ողջույն, բարեկամ:

-Էյվո, այս բրդոտին որտեղի՞ց ես գտել:

-Ի՜նչ գեղեցիկ օրիորդ է:

-Ահա թե ինչու է մարդկանցից հեռու ապրում:

Խումբը շարժվեց ձկնաշուկա: Մի քանիսն օգնում էին էյվոյին՝ տանելու ձուկը: Դեպքերի բերումով շուկայում էր նաև իշխանի որդին, ում տեսնելով, բոլորը խոնարհ գլուխ տվին՝ զիջելով ճանապարհը: Տղան, աղջիկը և արջն ակամա մնացին դեմ-դիմաց: Իշխանազնին գրավեց օրիորդի անմեղ, միաժամանակ անկախ հայացքը: Նման չէր աճպարարի: Իսկ արջը որտեղից, -անցավ մտքով, -չլինի՞ թափառախումբ է եկել քաղաք:

-Հավանաբար այնքան էլ հեզ չէ, -մատնացույց անելով կենդանուն՝ ասաց իշխանորդին:

-Նա առաջին անգամ է այսքան մարդ տեսնում, -ժպտաց աղջիկը: -Իսկ ընդհանրապես՝ այնքա՜ն խելոք է:

-Իսկ դու՞, -ընդմիջեց տղան՝ ուղիղ նայելով օրիորդի աչքերին:

Գեան չարձագանքեց:

-Որտե՞ղ ես ապրում:

Աղջիկը շփոթված՝ հայացքն ուղղեց ծնողին:

-Նա իմ միակ դուստրն է: Մենք ապրում ենք հրվանդանից այն կողմ, ծովափին, -խոնարհ պատասխանեց հայրը:

Անհրաժեշտ գնումներ կատարելով՝ դարձան տուն: Շուկայի ժխորից հետո նրանց ձգում էր իրենց խաղաղ անկյունը: Այնտեղ ծանոթ, հարազատ էր ամեն բան: Ձկնորսի տրամադրությունը բարձր էր. հին ծանոթների հետ պանդոկում մի քանի գավաթ գինի էր խմել:

-Հայրիկ, մենք ինչու՞ ենք մարդկանցից հեռու ապրում, -հարցրեց դուստրը:

-Բժիշկն այդպես կամեցավ, աղջիկս, -տևական լռելուց հետո հնչեց պատասխանը:

-Բայց մենակ շատ է տխուր, հայրիկ, -փարվելով կենդանու պարանոցին՝ մրմնջաց դուստրը:

-Այո, ժամանակն է, -նույնպես հազիվ լսելի արձագանքեց հայրը:

Այդ ու հետագա օրերին Գեան հաճախ էր մտաբերում տոնավաճառը, իշխանի գեղեցկատես տղային, նրա քննախույզ հայացքը: Օրիորդը ժամերով նստում էր ափին և, ծովի ծփանքին ունկնդիր, տրվում երազանքին: Այնքան էր տարվում հիշողություններով, որ անգամ չէր նկատում հուշիկ քայլերով մոտեցող կենդանուն: Արջը թավալ էր տալիս ավազներին՝ ջանալով գրավել նրա ուշադրությունը, հետո, տեսնելով արածի անիմաստ լինելը, մեկուսի մեկնվում էր, ննջում:

Իր հերթին Գեան գրավել էր իշխանորդու սիրտը, ու նա ժամ առաջ ուզում էր նավ նստել, գտնել այն վայրը, որտեղ օրիորդն ու հայրն էին ապրում: Եվ ահա մի առավոտ, ստանալով ծեր իշխանի համաձայնությունը, նա գնաց որոնելու Գեային: Առագաստանավն ընթանում էր ցամաքին մոտիկ, և տախտակամածին կանգնած երիտասարդը, չվստահելով մյուսներին, զննում էր ափը: Դիմացը թավուտ անտառն էր, հեռվում՝ սպիտակին տվող ժայռեր, հետո ուշադրությունը գրավեց ծխի երիզը: Նավազները հրահանգ ստացան մոտենալ ափին:

Աղջիկը միայն վերջին պահին նկատեց մոտեցող մակույկը: Հայրը գնացել էր ծով: Փոքրիկ պատուհանից առագաստանավը չէր երևում: Ուզում էր փախչել անտառ, սակայն վախենում էր ջրի վրա գտնվողները նկատեն: Հուզմունքից կուրծքը վերուվարում էր: Գոնե հայրը լիներ: Քիչ հետո մակույկի քիթը խրվեց ավազների մեջ: Եկվորներն շտապով ցատկելով՝ այն քաշեցին ափ: Միայն այդ պահին Գեան նկատեց վերջինն ափ ոտք դրած անձնավորությանը. նա էր: Աղջիկը, այլևս պատշաճ չհամարելով խրճիթում թաքնված մնալը, շփոթահար ընդառաջ գնաց:

-Ահա թե որտեղ է ապրում անտառի դիցուհին, -ժպտուն մոտեցավ տղան:

-Հայրս ձկնորսության է գնացել՝ ամոթխած արձագանքեց:

-Ոչինչ, մենք կսպասենք: Իսկ որտե՞ղ է քո բրդոտ բարեկամը:

-Անտառում, -ժպտաց Գեան: -Ուզու՞մ եք տեսնել:

-Սիրով:

Բացատում Գեան ծանոթ սուլոցով կանչեց կենդանուն: Քիչ անց թփերի թիկունքում երևաց գազանի թուխ մորթը: Նկատելով օտարականին՝ արջը կեսճամփին կանգ առավ: Հայացքում զայրույթ նկատվեց: Որքան էլ Գեան կանչեց, գազանը չմոտեցավ: Երիտասարդն ակնհայտորեն դուր չէր գալիս: Բնազդով զգում էր, որ նրան հանդիպելուց հետո Գեան փոխվել է․ դարձել էր մտացրիվ, այլևս բացատ չէր գալիս, իսկ Ճերմակ գետում ձուկ բռնելը սոսկ երազանք էր: Երբ նրանք ետ գնացին, Էյվոն վերադարձել էր. նկատելով ափին մերձ առագաստանավը՝ աճապարել էր տուն:

Այդ գիշեր խրճիթում մինչև այգաբաց լույսը չմարեց: Առագաստանավից մթերք էին փոխադրում ափ, մարդիկ էին գնում-գալիս: Տնակում ուրախություն էր, բարձրաձայն խոսում էին, երգում, զրնգում էին թասերը: Արջը թափառում էր մոտերքում: Ականջը որսում էր խրճիթից եկող խոսակցության պատառիկները, ռունգներում խորոված մսի բույրն էր: Մի քանի անգամ տեսավ ելումուտ անող ձկնորսին: Էյվոյի դեմքը փայլում էր ուրախությունից ու թունդ գինուց: Ահա և Գեան: Նրան թևանցուկ է արել օտար մարդը: Նա ինչ-որ բան է պատմում: Գեան հնչեղ ծիծաղում է: Լուսնի կաթնագույն լույսը կենդանուն հնարավորություն չէր տալիս պարզորոշ տեսնել զույգին: Գեան մոռացել է իրեն…

Առավոտյան ափին վերստին աշխուժություն էր: Մակույկը մի քանի անգամ կտրեց առագաստանավն ափից բաժանող տարածքը. իրեր էին տանում նավ: Վերջին անգամ նավակ նստեցին Էյվոն, Գեան, օտար մարդը և դարձյալ երկուսը: Մակույկը շարժվեց: Մի՞թե նրանք գնում են: Օ՜… Չի կարող պատահել: Նա ապերախտ չէ: Անտառն առանց Գեայի՞: Սոսկալի է…

Կենդանին անճոռնի ցատկերով դիմեց ափ: Մակույկը բավականաչափ հեռացել էր: Գազանը մռնչոցով ետուառաջ էր քայլում: Ի՞նչ անել: Լողալով չի հասնի: Ախ, եթե միայն շուտ գլխի ընկներ: Կպատառոտեր բոլորին, առաջինը՝ օտարականին: Հիմա ուշ է արդեն: Այսինքն՝ ոչ: Դեռ՝ ոչ: Ինքը ցույց կտա: Նրանք կճանաչեն անտառի բրդոտ տիրակալին: Գեան իրենն է: Հենց հիմա կխմի ծովի ջուրը, և նրանք չեն կարողանա առևանգել իր Գեային:

Կենդանին մռնչյունով փութաց դեպի ջուրը:

Այդ օրվանից բազում օրեր, տարիներ, դարեր են անցել: Գարուն, թե ամառ, աշուն, թե ձմեռ, գլուխը ջրում ընկղմած՝ արջը խմում է աղի հեղուկը:


    
    

Վ Ա Յ Ե Լ Ք
    
    

Լանջն ի վեր փռվածը հեռվից մեծ, տարածուն ամպաքուլայի տպավորություն էր թողնում: Ձորի մյուս կողը լերկ էր, միայն տեղ-տեղ ճերմակ ծվեններ կային, որը ծերպից կախ, որն առվեզրին, որը՝ լքված արտի հազիվ նկատելի միջնակում: Ծառուտը ծաղկել էր, ձորը բերնեբերան լցվել նործիլ խոտի, խոնավության, խեժի, խնձորենու բուրմունքով:

Վերջին բողբոջը բացվեց, երևի, միջօրեին. թերթերը հուշիկ ետ գնացին, ու նա նույնպես տեսավ Լույսն անձկալի, երկինքը՝ Աստծո աչք, արևն ամենազոր և քույրերին, եղբայրներին, հարևան-բարեկամներին, ազգուերամին, թռչնակին նույնպես, որն երեկ հա՛ ծլվլում էր, քարեքար թռչում, մեղուներին տեսավ՝ դեղնափորիկ, դեղնատոտիկ, բզզոցը որոնց քուն էր բերում, կանաչափ առուն, կարկաչը որի ողջ գիշեր չդադարեց: Սկզբում թեթև գլխապտույտ զգաց. վերևում շա՜տ էր կապույտը, շուրջը՝ ճերմակը, և օդն էր մաքրամաքուր ու ջերմությունն ախորժելի: Գիշերը ողջ չէր քնել: Արհամարհելով այգաբացի ցուրտը՝ ուժ էր տվել՝ բացելու թերթերունքները: Չլիներ վաղորդայն ցողը, որ ծանրորեն նստեց կոպերին, գուցե թե կարողանար քակել կապանքները: Ստիպված դադար առավ՝ սպասելով արեգակին, գալուստը որի այնքա՜ն ցնծագին էին ընդունում քույրերն ու եղբայրները, մայրը, բնությունն ընդհանրապես: Նա պետք է որ բարի լիներ, որովհետև հայտնվեր թե չէ, շրջակայքում ամեն բան արթնանում էր. ճռվողել էին սկսում թռչունները, թևին տալ թիթեռները, և խավարն էր քաշվում, ու մայրն աննշմար կծկումներով հավասարապես հյութ ներարկում զավակներին՝ տերևներին կոկոն, կեղևին պիրկ, ընձյուղներին վերձիգ, ծաղկաբողբոջներին տռուզ:

Վերջապես եկավ և սպասված ժամը: Ցողը ցնդեց, ծանրության զգացողությունը վերացավ, ու երբ նա հարմար դիրք ընդունելու համար շարժեց առէջքները, կոպերն իր համար իսկ անսպասելի շտկվեցին… Օրն անցավ երջանիկ թմբիրի մեջ, աշխարհի հետ ծանոթությամբ, առանց պատահարի: Ամոթխած ժպտում էր քույրերին, եղբայրներին, ի նշան անհամաձայնության, մեղմիկ տարուբերում թերթիկները, երբ նրանք նազանքով հանձնվում էին մեղուներին ու նույնն առաջարկում իրեն: Որպեսզի չնկատվի, պինդ-պինդ գրկում էր մորը, քողարկվում նորելուկ տերևով: Ճիշտ է, այդ դիրքով շատ բան չէր տեսնում, և արևի ջերմությունն էր քիչ, բայց փոխարենը մեծերի ծիծաղը չէր շարժում, ու մեղուները փորձ չէին անում մոտենալ: Նման էր առաջին անգամ երեկույթի մասնակցող այն աղջնակին, ով սյան հետևից է դիտում պարահանդեսը: Այդպես էլ քուն մտավ՝ գոհ, որ աշխարհը կա, ապրում է ազատության, լուսնի ու իր իսկ լույսի մեջ՝ մերձավորների ընկերակցությամբ, մորը փարած: Երկնքում աստղերն էին, սյուքը խաղում էր թերթերի հետ, առուն խոխոջում, և օրոցք էր աշխարհը:

Էլի նույն պայծառ արևն էր, նույն առուն, լույսերով օծուն նույն ձորակը, մասրենիները՝ ծերպից կախ, միջնակում… Ոչինչ չէր փոխվել, բացի ծաղկաբողբոջից: Էլ չէր ամաչում, խրտնում կեսշշուկ ամեն խոսքից, թեթև ակնարկից, հպումից: Հասունացել էր, ասես, մեծացել: Կոպերը ցած բերելու հարկ չկար: Ամենևին: Թերթերը բացել էր, ձգվել, օծանելիք շաղ տվել վրան, դիմափոշի, շուրթերը ներկել բաց վարդագույն, և, կոնքերին դեղին գոտի, սպասում էր: Բզզյունը բռնել էր այգին: Ծաղկափոշով թաթախուն մեղուներն իջնում-ելնում էին, մեկից չպրծած՝ նստում մյուսին, ագահաբար ծծում անարատ նեկտարը, կիսատ վայելքը շարունակում հաջորդի գրկում. արբունքի ժամ էր, հարսնության, ապագա բերքն էր սաղմնավորվում ծաղիկների զիստերում: Տե՞ղն էր անհաջող, տերևնե՞րն էին ստվերում, թե՞… Մեղուները նրան մոտ չէին գալիս, չէին նկատում: Ինչու՞: Ինչու՞: Ինչու՞: Մի՞թե մյուսներից վատն է ինքը, պակաս գեղեցիկ է, պակաս հրապուրիչ: Ծաղկաբողբոջը շփոթահար՝ օգնության ակնկալիքով շուրջը նայեց: Մայրը հազար-հազար զավակի մեջ նկատեց վերջնեկին, ժպտաց.

-Մի հուսալքվիր, -կարծես ասելիս լիներ, -քո հերթը նույնպես կգա: Դու ևս կապրես վայելքը, կմայրանաս, կլցվես, կկլորվես: Բախտիդ համար ապահով մնա, քանի դեռ պորտալարդ չի կտրվել, քանի ինձ հետ ես: Իսկ հետո… Թե ճակատագիրը ժպտա, ու հունդերիցդ գեթ մեկն ընկնի մայր հողի գիրկը, աշխարհ կգաս ծառ դարձած, արմատներդ, թևքերդ կփռես ու, տարի տարվա վրա հզորացած, կխշշաս՝ ի փառս մեր հինավուրց Տոհմի, ի փառս մեր ազնվազարմ Տեսակի:

Ծաղկաբողբոջը երևակայական հայելու առաջ մեկ անգամ ևս պտույտ եկավ և, զուգսեղենում ոչինչ պակաս չգտնելով, զվարթ ետ տարավ տեսադաշտը փակող տերևիկները: Քույրերից, եղբայրներից մի քանիսը սիրո խոնջենքից հետո թափել էին թերթերը, մի տեսակ ծերացել: Պորտալարերի մոտ նկատվում էին դեղնականաչավուն փորիկները: Մայր խնձորենու բնով իծաշարուկ ելնում էր մրջյունների զորասյունը, կոնքի մոտ բաժանվում ջոկերի, շարունակում ճամփան վեր՝ օգտվելու ճյուղերին, տերևներին կաթած նեկտարից /այդպես երբեմն մարդն է գոհանում այլոց սիրո կրճոնով/: Գրավված թիթեռնիկով՝ նա մի պահ մոռացավ մեղուներին: Այնքա՜ն գեղեցիկ էին նրանք, այնպես թեթև՜ էին թռչում, թևիկներն ասես ծաղկաթերթեր լինեին: Դադարի պահերին, հո, քույրերից, եղբայրներից տարբերել չի լինում: Նրանց վրա, սակայն, հույս դնել չի կարելի. կնճիթները շատ են կարճ՝ սերմնարանին հասնելու համար: Գոնե քամի ելներ: Այդ կերպ փոշոտվելու հավանականությունը թեև փոքր է, բայց… մեկ էլ տեսար:

Երբ արեգը թեքվեց մայրամուտ, ու ժայռի ստվերը երկարելով՝ կտրեց առուն, նա տրտմեց. Մի՞թե, մի՞թե, մի՞թե… Եվս հինգ-տասը րոպե, և ստվերը կհասնի իրեն: Իսկ մեղուներն արև, ջերմություն են սիրում: Նրանք գետնամերձ ճյուղերին էլ մոտ չեն գա: Ինքը ևս առանց կենարար ճառագայթների կկորցնի հրապույրը, հօդս կցնդի նեկտարը, կդադարի բուրել: Եթե ծառի կատարին ծնված լիներ, առաջին իսկ օրը կնկատվեր, կերջանկանար, իսկ հիմա… Գնալով վհատ տրամադրությունն առավել սաստկորեն համակեց նրան: Լավ է, մայրը կռահեց դստեր վիճակը.

-Զավակս, -շշնջաց նա, -մի դժգոհիր ճակատագրից: Եվ հետո՝ «Ինչ իմանաս ստեղծողի գաղտնիքները անմեկին»: Դու համբերիր միայն ու մի նախանձիր մյուսներին: Փափուկ կյանքով ապրելն ամենահեշտն է: Եթե իսկությունը խոսելու լինեմ, քո բախտը, հավատա, բերել է: Մերձությունն ինձ, հողին քեզ օգուտ տալ միայն կարող է: Մեզնից ուժ, խորհուրդ կառնես, կպատսպարվես ցրտից, կարկտից, մարդու, թռչնի հայացքից հեռու կլինես և կդիմակայես գալիք փորձություններին: Դու դեռ չգիտես կյանքում ինչե՜ր են լինում: Մրրիկ կա, որը երբ վրա է տալիս, ոսկորներս ճարճատում են, վշտից, ցավից հեծեծում եմ: Աստված կարկտից հեռու պահի, գալիս է, փշրում մատղաշ ընձյուղներս, հաշմում զավակներիս: Քանի՜սն են աչքիս առաջ զարկվել: Հնոց Հրոտից ամիս կա, դու՛ստր իմ, Հայաստան երկրի արև՝ այրում, կիզում է: Թե ջուրն այդ օրերին պակաս եղավ, պտուղս սեպտեմբեր չի տեսնի: Ա՛խ, ա՛խ.. Հապա անժամանակ ձյու՜նը, մարդը, որ փայտ, քար առած վրա է գալիս… Անուշս, ի՞նչ եղավ քեզ, չասի, որ սրտաբեկվես: Կայծակն էլ է առել ինձ, ու որդը կերել, փոթորիկն է տեղահան արել, կարկուտը՝ ճղակոտոր, ու մորեխն է վրա տվել՝ նեղաչք, տանձագլուխ, բայց, ինչպես տեսնում ես, կամ ու դարձյալ սքանչելի եմ, պինդ, այնպես որ…

Տե՛ս, տե՛ս, դեղնատոտիկ, դեղնափորիկ մեղուն քո կողմն է գալիս: Ասի, չէ՞: Դեհ, ժպտա, ժպտա, բաց սերմնարանդ ու առանց ամոթի, աներկյուղ ընդառաջ գնա նրան: Ապրիր հաճույքը, ճառագիր սիրուց և շարունակվիր ու շարունակիր ինձ՝ ի փառս մեր հինավուրց Տոհմի, ի փառս մեր ազնվազարմ Տեսակի:

Դստրի՜կս…


    
    

ՀԱՅՐԻԿ, ԴՈՒ ՉԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ
    
    

Հայր ու աղջիկ կամրջի մոտ թեքվելով՝ բռնեցին ձոր տանող ճամփան: Խիստ թեքության վրա իջնող աստիճանները տեղ-տեղ քանդված էին: Յոթնամյա Սաթենիկը, առջևում անսպասելիորեն հայտնված դատարկությունից վախեցած, պինդ բռնեց հոր ձեռքը: Ներբանի տակ ժամանակ առ ժամանակ անդուր ճռճռում էր ավազը:

-Փիֆ հոտ է գալիս, -լռությունը խզեց դուստրը:

-Հիմա կհասնենք ջրին:

-Հայրիկ, ի՞նչ հոտ է:

-Խոտերի, կանաչի հոտն է, - ասաց հայրը, հետո, աղջկա ուշադրությունը շեղելու համար մատնացույց արեց ներքևում լողացողներին: -Տես, լողանում են:

Գարշահոտը Պարույրի քթին զարկել էր ձորն իջնելու առաջին իսկ պահին: Կամուրջը հարբածների, պատահական այցելուների համար աչքից հեռու անկյուն էր, ու նրանք կիրճի այդ հատվածն արտաքնոց էին դարձրել: Մեզը հղկած որձաքարը տեղ-տեղ կերել էր, ու աղային մասը բորբոսի տեսքով բռնել էր պատը: Շոգ էր: Օդում մի քանի գիրուկ ճանճ, գոհ աղտեղության առատությունից, ճանճային վայելքից հետո ալարկոտ պտույտներ էին գործում: Մեկը նստեց բազալտե աստիճանին: Խավոտ, գիրուկ մեջքը մի պահ կանաչին տվեց արևի տակ: Պարույրը կենդանուն ոտքի տակ առնելու, ճզմելու ցանկություն զգաց: Ներբանը վրա բերեց, բայց աղտեղության սիրահարը թևին տալով՝ գնաց շարունակելու ճաշկերույթը:

-Հայրիկ, վատ խոտերն ինչու՞ են աճում:

-Ի՞նչ իմանամ, աղջիկս: Երևի, հաճելին տհաճի կողքին դնելու, օգտակարի արժեքն ըմբռնելու համար, -պատասխանեց, հետո զգալով՝ բացատրությունը երեխայի համար խիստ բարդ, գրքային հնչեց, հավելեց: -Անպիտան խոտերը երկար չեն ապրում:

-Բա ի՞նչ են լինում, հայրիկ: Մեռնու՞մ են:

-Աշնանը նրանք չորանում են:

-Ծառերը նույնպե՞ս վատն են:

-Չէ, ծառերը լավն են: Նայիր, ինչ գեղեցիկ, հզոր, փառահեղ սաղարթ ունեն:

-Սաղարթն ի՞նչ է:

-Տերևներն են:

-Մանկապարտեզում մեզ մի անգամ տարել էին տերև հավաքելու: Հիշու՞մ ես:

-Հիշում եմ, ինչպե՞ս չէ: Դեղին, ծիրանագույն տերևներ էին:

Հայր, դու մեզ հետ էի՞ր, -զարմացած՝ ծնողին դարձավ դուստրը:

-Ես մտովի միշտ քեզ հետ եմ, ձագուկս:

Աղջիկը շատ բան չէր ըմբռնում, բայց արդեն ընտելացել էր հոր խոսելաոճին, մտքի երբեմնակի տարօրինակ ելևէջներին: Պարույրն էլ հաճախ մոռանում էր, որ զրուցակցի յոթը նոր է բոլորել: Հայր ու դուստր հասել էին ջրանցքին ու հիմա նրա երկայնքով էին գնում: Ներքևում հոսող գետից էր սկիզբ առնում ջրանցքը՝ կիրճի ձախ փեշով ծայրեծայր կտրել-անցնելով քաղաքը: Ձորի այդ հատվածում նրանք հաճախ էին լինում. մեկուսի անկյուն էր՝ փարթամորեն աճած ծառերով պատսպարված: Ավելի շատ թթենիներ էին հանդիպում, ընկուզենիներ՝ գրկաչափ բներով՝ վրան հազար կնճիռ:

-Հայրիկ, այս ծառերն ո՞վ է տնկել:

-Մարդիկ, ձագուկս:

-Ե՞րբ, գարնա՞նը:

-Չէ՝ վաղուց:

-Ինչքա՞ն վաղուց:

-Արարտահայերի օրոք: Այն ժամանակ հայոց արքաները հզոր էին:

-Արքան ի՞նչ է:

-Արքան թագավորն է, ամենից զորեղը, պայծառամիտը:

-Թագավորները նույնպե՞ս ծառ են տնկում:

-Նրանք կարգադրում են: Մյուսներն արքայական հրամանով երկրներ են գրավում, այրում քաղաքներն ու գյուղերը, անտառներն ու դաշտերը, ինչ հանդիպում է, ինչ թշնամական է: Արքայական կամքով նաև կամուրջներ են կառուցվել ու շքեղաշուք պալատներ, գետերի հուն է փոխվել և ճակատագիրը մեր:

-Հայրիկ, մոռացա:

-Ի՞նչը:

-Թագավորին ի՞նչ են ասում:

-Արքա, տիրակալ, միապետ, թագակիր, ծիրանակիր…

-Սպասիր, նորից կմոռանամ: Մեր արքաներն է՞լ են քաղաքներ վառել, մարդ սպանել:

-Նրանք ազնվական սոսու, գիհու անտառներ են տնկել: Ես քեզ մի օր անպայման կտանեմ Խոսրով արքայի հիմնած անտառը տեսնելու:


    

Ձորի փեշերը բռնող ծառաստանը խնամող ձեռքերի պակասից սկսել էր վայրենանալ: Անպտուղ և մրգատու ծառերն աճում էին գիրկընդխառն: Թթին չափ չկար: Ինչքան ուտում էին, դարձյալ մնում էր, կաթկթում քարերին, դառնում կեր թռչունների: Նրանք, ովքեր դեռ մոր արգանդից էին տիրապետում մեկը երկու դարձնելու գաղտնիքին, ամռանը վրա էին տալիս ընկուզենիներին, կանաչ պտուղը տերևախառը պլոկում, լցնում պարկերն ու հատը չգիտես քանի դրամով վաճառքի հանում շուկաներում: Եթե երկու-երեք ճանկ պտուղ մնար կատարներին, տերևների արանքում, դարձյալ փառք էր՝ հույս կար, որ հաջորդ գարնանը տասնից մեկը ծիլ կտա և, մարդկանց կրնկի տակ չճզմվելու դեպքում, կուժովնա, մեռնող ծառերի համար կդառնա սփոփանք վերջին օրերի: Գզում, ծվատում էին ծառերը մինչև աշուն, այնքան, մինչև տանելու բան չմնա: Ընդհանրապես Պարույրը ձոր գալիս էր գարնանը և աշնանը: Մարդ քիչ էր պատահում, բացի դա՝ սիրտը ճմլվում էր՝ տեսնելով, թե ինչպես են ճղատում ծառերը:

-Հայրիկ, ծառերը մեզ լսու՞մ են:

-Իհարկե:

-Ծառերը մեղք են, չէ՞: Նրանք նույնպես մարդ են:

-Անպայման:

Հայրիկ, գլուխս պտտվում է:

-Ջրից է, ձագս, ցած մի նայիր: Հիմա մենք դադար կառնենք, հետո կգնանք մեր այգին:

-Այգին իսկապե՞ս մերն է:

-Անշուշտ մերն է. ով ծառերին ցավ չի պատճառում, ով նրանց խղճում է, նրանց համար լալիս, այգին նրանն է:

-Հայրիկ, ծառերը ձմռանը մրսում են, չէ՞:

-Մրսում են: Նրանց միակ մխիթարությունը հիշողությունն է գարնան մասին:

-Ես միշտ կանաչ ծառեր կնկարեմ:

-Եվ ես ու դու ձմռանը կլսենք նրանց կանաչ սոսափը:

-Հայրիկ, դու չես մեռնի, չէ՞:

-Հիմա՝ չէ: Հիմա չեմ մեռնի, -Պարույրը գրկեց դստեր ուսերը: Նրանք նստել էին ջրանցքի բետոնե եզրին և ոտքերը կախել ջրի վրա:

-Հայրիկ, լացս գալիս է:

-Իմը նույնպես: Լաց լինելը, ասում են, թուլության նշան է:

-Տես, ճիշտ եմ ասում, աչքերս լցվեցին:

Պարույրը համբուրեց դստեր վարսերը և ավելի պինդ սեղմեց իրեն: Սաթենիկի կոպերի տակ արցունքները լճացել էին:

-Հայրիկ, դու միշտ տխուր բաներ ես խոսում:

-Կորսված երկրի կսկիծն ինձ հանգիստ չի տալիս:

Նրանց ոտքերի տակ պղտոր ջուրը խոխոջում էր:

-Հայրիկ, ես չեմ մոռացել. մի անգամ դու ասացիր, որ ջուրը երգում է:

-Չեմ մտաբերում:

-Ջուրը միայն մի՞ երգ գիտի:

-Մենք մի լավ, շատ լավ բանաստեղծ ենք ունեցել: Չարենց է եղել անունը՝ Եղիշե Չարենց: Երբ նա հոգնում էր աղմուկից, սնամեջ խոսքերից, ամեն կարգի չախկալներից, գալիս էր այս կիրճը «ջուր լսելու», -դստեր հարցն անպատասխան թողեց հայրը:

Ջրի երեսին հազիվ նկատելի բենզինի կղզյակներ էին լողում: Վերևներում, -Պարույրը փոխադրվեց սյլ իրականություն, -ինչ-որ գործարան կեղտաջրերից, հեղուկ թափոնից ազատվելու ավելի հեշտ եղանակ չի գտել: Մազութաջուրը հասնելու է Արարատյան դաշտ, մտնելու է պարտեզները և պտուղ, բանջարեղեն դարձած դրվելու է մեր սեղաններին: Կապտաչյա լիճ, երկնքից փոխ առած քո գույնը ձորերն ի վար հոսելիս որտե՞ղ կորավ: Իսկ դու ջրանցք մտած կոհակ-կոհակ գալիս ես՝ գունատ, դժգույն: Դու՝ մեր ճակատագիր, մեր հույս: Ի՞նչ կլինի առանց քեզ այս միլիոնանոց որովայնը: Գերագույն ճիգերով կանգնեցրին քո հոգեվարքը, որպեսզի ջրանցք առ ջրանցք, առու առ առու կրկի՞ն սպառվես, մզվես, վերջանաս: Ասում են՝ քեզնից դուրս եկող ջրի կեսից ավելին զուր կորչում է: Մնացյալն էլ, հրես, հարամված գնում է ոռոգելու հողը: Մի՞թե տքնանքը նրա համար էր, որպեսզի անհոգի ջրվորից խռոված մի պարապ փոսորակում նեխես, ճահճանաս, դառնաս եղեգնուտ…

-Հայրիկ, այ հայր, չես լսու՞մ: Աթոռն ո՞վ է գցել ջուրը, բերել են, որ նստե՞նք:

-Ի՞նչ աթոռ:

-Մյուս ափին, չես տեսնու՞մ:

-Վերևում ապրողներն են շպրտել:

-Այլևս նրանց պետք չէ՞:

-Երևի նոր կահույք են գնել:

-Մահճակալի գլուխը նույնպե՞ս:

-Մահճակալի գլուխն էլ, մեքենայի դողերն էլ, խիղճն էլ: Ձորը հնոտիների գերեզմանոց են դարձրել:

-Հայրիկ, ջղայնանում ե՞ս: Չի կարելի, չէ՞, կեղտոտ բաներ լցնել ջուրը:

-Գնանք, ձագուկ: Նրանք նման հարց իրենց չեն տալիս:

Հայր ու դուստր ոտքի ելան:

-Հայրիկ, վրաս մրջյուն է բարձրացել, -երեխան կենդանուն բուռն առավ: -Չի կծում, չէ՞:

-Կծում է, բայց ծնոտները մարդուն ցավ պատճառելու չափ ամուր չեն:

Մրջյունը լայնքով կտրեց ձեռնափը և շարժվեց բութ մատի ուղղությամբ: Նրա համար պետք է որ սարսափելի լինեին բարձրությունը, ներքևով հոսող ջուրը: Առավել սոսկալին, թերևս, հսկան էր՝ աղջիկը, ում շունչն առնում էր կենդանուն: Ուղին անսպասելի ընդհատվեց. նա հասել էր բթամատ կոչվող լեռան կատարը: Փոքրիկը նոր ճամփա ցույց տալու մտադրանքով թեքեց մատը: Շարժումը կտրուկ ստացվեց, և մրջյունն ահռելի բարձրությունից գահավիժեց: Երեխան ճչաց.

-Հայրիկ, ջուրը տարավ:

-Ոտքերիդ տակ է, զգույշ չտրորես, -սփոփեց հայրը:

Սաթենիկը պպզեց.

-Ինչքան շա՜տ են: Ո՞րն է իմ մրջյունը:

-Այն մեկը, որ խոտերի մեջ է ուզում թաքնվել:

-Ցավիկդ տանեմ, վախեցա՞ր: Ոչինչ, կանցնի: Հայրիկ, նեղացե՞լ է ինձնից:

-Հիմա արդեն՝ չէ: Գնանք:

Խաղողի լքված այգուն հասնելով՝ նրանք բաժանվեցին ջրանցքից: Հայր ու աղջիկ այդ այգին էին համարում իրենցը: Վերջին անգամ այնտեղ եղել էին մայիսին: Հիմա սեպտեմբերն էր, ու այգում ոչ ոչ չկար: Մոլախոտը ելել, ծածկել էր վազերը: Տեղ-տեղ որթատունկերն այդ անհույս գոտեմարտից հաղթող էին դուրս եկել և խրոխտ ձգվել վեր: Ավելի հանդուգնները փաթաթվել էին խառնիխուռն տնկած մրգատու ծառերին՝ վայելելով կիրճի գեղեցկությունը: Ծառերից կախ մնում էին բորբոսած, այդպես էլ քաղցրություն չտեսած ողկույզները, որոնք լավ այգեպանի ձեռքի տակ աշնան այդ օրը պիտի ժպտային հորն ու աղջկան: Արահետը տանում էր փչակավոր թթենին, որից այն կողմ հարթությունն ավարտվում էր, և կտրվածքն իջնում գետը:

-Սաթենիկ, ձեռքդ տուր:

Անցած աշնանը Պարույրը խաղողի այգում օձ էր տեսել: Քիչ մնաց տրորի: Հաստ, խոնավ փայլով սողունն արևի տակ մրափում էր: Պարույրի ներկայությունն զգալով՝ անշտապ քանդեց կծիկն ու տանձենու պառավ բնին քորվելով՝ պարան-պարան սողաց վազի տակ:

-Հայրիկ, դու չես վախենում, չէ՞:

-Վախենալու պատճառ չունեմ, դստրիկս:

-Որ գիշեր լինի՝ մութ-մութ, չես վախենա, չէ՞:

-Դու կաս, քո գոյությունն ինձ ուժ է տալիս: Ես ոչ մեկից չեմ երկյուղում:

-Հայրիկս…-խանդաղատանքը չկարողացավ զսպել դուստրը:

Պարույրի ականջին կոտրվող ճյուղի ձայն հասավ: Լարեց լսողությունը: Կիրճի դիմացի ափին ֆիզիկայի ինստիտուտի բաց դարչնագույն տուֆից մասնաշենքերն էին, Աջափնյակ թաղամասը, ձիգ, ճկուն մեջքով բարդիներ: Ձորի արևմտյան կողմը ստվերի մեջ էր: Թանձր, տամուկ գույներ էին:

-Տեսնեմ ի՞նչ բանի են:

Հայրն աղջկան թռցեց պռնկեպռունկ ջրով լի առվի վրայով, ապա, պատվիրելով սպասել, անցավ սերկևիլի ցանցառ ծառերի տակով և ուղղվեց ընկուզենիների կողմը: Հայացքի առջև բացված տեսարանն առաջին պահ չտեղավորվեց ուղեղում. գետնին՝ բնի շուրջ ընկուզենու կանաչ ճյուղեր էին՝ մեծ, փոքր: Երեք՝ իրենից համեմատաբար երիտասարդ տղաներ ու մի կին շուռումուռ էին տալիս ճյուղերը, ընկույզ փնտրում: Ավելի դենը՝ սփռոցին բացված ուտելեղենի կողքին հաստլիկ, վառ ներկած շրթունքներով մեկը ջանադրաբար ընկույզ էր մաքրում: Մատները կլեպից մգացել, սևին էին տալիս: Այսուայնտեղ ընկած էին դատարկ շշեր, հավի ոսկորներ, թղթեր:

-Բռնեք, -գոռաց վերևում գտնվողն ու հսկայական ճյուղը շպրտեց:

Ծառի տակ եղողներն աղմուկով, ծիծաղով վրա տվին:

-Ինձ էլ պահեք, -ձայնեց տղամարդը: -Կարա, հույսս դու ես:

-Այդ ի՞նչ եք անում:

Նրանք շրջվեցին Պարույրի կողմը: Առպահ զարմանք հայտնվեց դեմքերին, վայրկյան անց գտան իրենց՝ դառնալով նույն ինքնավստահները:

-Ինչ ասի՞ր:

-Ասում եմ՝ դուք խիղճ ունե՞ք: Մեկ-երկու ընկույզի համար ինչու՞ եք հաշմում ծառը:

-Մի րոպե: Հլա հայերեն խոսա, բան հասկնանք:

-էդ ո՞վ ա, է…-ձայնը կոկորդից տնքոցով ելավ. նոր ճյուղ էր ընտրել՝ պատրաստվելով անդամահատել:

-էս ծառերը դու ե՞ս տնկել, քո՞նն ա, -լպիրշ, թունալի վրա տվեց մեկն ու առաջացավ:

-Ոչ, ես չեմ տնկել, բայց ի՞նչ կարևոր է:

-Կարևոր ա, հարիֆ, -ասաց դիամցինն ու բռունցքով անսպասելի հարվածեց:

Պարույրը կարկամեց: Նա դեպքերի նման ընթացք հաշվի չէր առել: Կռուփի զարկն այն աստիճան դիպուկ էր, որ ոտքերը գետնից կտրվեցին, և նա մեջքի վրա ընկավ: Որտեղից որտեղ աչքին երևաց ծառի կատարին մնացած սերկևիլի դեղին փայլը: Փորձեց ոտքի ելնել, բայց լպրծուն գետինը տակից փախավ, ու ուժգին աքացուց նա այս անգամ բերանքսիվայր ընկավ կողքի առուն: Կանանց ճիչ-աղաղակի, ծառից ցատկողի խուլ թրմփոցի, խռպոտ ձայների արանքում ցեխակոլոլ Պարույրի ականջը որսաց Սաթենիկի կանչը՝ հայրի՜կ: Նա ծնկեց և ուր որ է ոտքի կելներ, սակայն ներբանի դիմահար հարվածը, որ առավ դեմքին ու պարանոցին, վերստին գետին տապալեց: Բերանում արյան, տիղմի համ զգաց, ապա՝ վախեցած շշուկներ հասան, միմյանց զարկվող շշերի ձայն և հեռացող ոտնաձայներ: Պարույրն իրեն կորցրած ոտքի ելավ: Փախչողներն ընթացքի հետ քաշել տարել էին սփռոցը, և ողջ ուտելիքը ցրիվ էր եկել խոտերին: Հայացքը գետնին գցեց: Քար էր որոնում: Ոհմակը լանջն ի վար գլորվել էր ներքև: Արդեն քսան-երեսուն մետրի չափ տարածություն էր բաժանում: Ճանկելով ձեռքն ընկած հողի չոր գուղձը՝ վազեց նրանց ետքից: Ներքևում գետն էր, կողքին՝ ասֆալտապատ ճանապարհը: Ծառերի արանքից խճուղու եզրին կանգնած մեքենաները հազիվ էին երևում: Թափ առավ և հողի կոշտը, որ փշրվել, մի բուռ էր դարձել, շպրտեց ներքև: Դեռ օդում այն ցրիվ եկավ, և հատիկներն ավազի պես խշրտոցով սորացին սաղարթն ի վար:

-Ստորներ, ճիճուներ, չախկալներ, -վերևից ներքև գոռում էր: Դանակ լիներ, կխրեր որովայնները, լինգ լիներ, կիջներ գանգերին, հրացան՝ կպարպեր ճակատներին: -Կանանց աչքին տղամարդ էիք ուզում երևա՞լ, սողուններ: Ոսոխի դեմ ինչու՞ այդպես չկանգնեցիք, եղկելիներ: «Ջուր լսելու» եկած Չարենցին գետը, երևի, ձեր ստորությունների, ստահակությունների մասին նույնպես պատմում էր, նողկանք-գարշանքներ, աղբանոցի կանաչ ճանճեր…

Մինչ Պարույրն իրեն էր կտրատում, շարժիչները գործի գցվեցին, և կարմիր ու սպիտակ Ժիգուլիներն անտառը թրատելով կորան աչքից:

-Վատոգի մորթապաշտներ…-ավելի փրփրեց Պարույրը: Խելակորույս գոռում էր, բռունցքը զարկում փչակավոր թթենուն: -Փախաք, հա՞, դավաճաններ: Սուտ է, վատ մարդը լավ հայ չի կարող լինել: Ո՛չ: Ո՛չ: Ո՛չ: Դուք այդպես նաև Ղարսը թողեցիք, թողիք Կարինը, ձեր նախնիների երկիրը: Սինլքորներ…

Ոտնաձայն լսելով՝ կանգ առավ: Սաթենիկն առուն անցել, իր կողմն էր գալիս: Սերկևիլի գետնամերձ ճյուղերը խանգարում էին աղջկան, փակում տեսարանը: Կաթվածահար ուղեղը հանկարծաբար վերստացավ մտածելու ունակությունը. Դուստրը ոչինչ չպետք է իմանա: Բացարձակ ոչինչ: Պարույրը չի վախեցել ու չի երկնչում ոչ ոքից: Ծնկելով առվի խոտերին՝ նա հապճեպ լվաց դեմքն ու ձեռքերը, այնուհետ սկսեց թափ տալ, տիղմից մաքրել հագուստը:

-Հայրիկ… Ընկե՞լ ես:

-Բան չկա, փորձանք էր, անցավ, -հայրը մեկնեց ձեռքը, որպեսզի շոյի դստեր գլուխը:

-Ինձ էի՞ր կանչում… Թող ես էլ մաքրեմ:

-Մաքրիր, դստրիկս, -փղձուկը զսպելով՝ անասելի դժվար ժպտաց Պարույրը:


    
    

ԳԵՂԵՑԻԿ՝ ՀՐԱՇԱԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓ
    
    

Սրահում չորսն էին՝ վաճառողը, որ թիկունքով կանգնած փող էր հաշվում, հայրը, դուստրն ու տարեց մի կին, ում ակնհայտորեն ոչ թե ձկնապուրի սերն էր բերել խանութ, այլ դրամի պակասությունը: Զարմանալու խիստ մարդկային հատկությունը հիմնավոր զսպած հայրը՝ համոզված, թե տարիքը երեխա մնալու, երեխա լինելու իրավունք այլևս չի տալիս, փորձառու աչքին խիստ անբնական հանդարտությամբ ետուառաջ էր քայլում մարմարե հատակին՝ երբեմն-երբեմն աչք գցելով ապակե սառնարան-վաճառասեղանի խորքում շարած տեսակ-տեսակ ձկներին: Հույս ուներ այդ կերպ ապահովագրվել՝ հոգեբանորեն ազդելով վաճառողի վրա, թեև հակառակ տպավորությունն էր թողնում ու եթե խաբում էր՝ միայն իրեն:

Ավազանն անկյունում էր՝ սալարկից զգալի բարձր, աղջկա ուսերին հավասար: Բոլոր տարեկիցների նման աշխարհն հստակության մեջ տեսնելու անկարողությունն աղջկան մղում էր զգայարանները գործի դնել միաժամանակ: Զմայլված՝ մտովի շոշափում էր ձկներին, շոյում փորերը, ողորկ գավակները: Այնքան մոտ էր կանգնել, որ ջրի ցայտերը հասնում էին դեմքին՝ թրջելով արմունկները: Թե քիչ էլ մնային, վախն անցներ ու թույլ տային, կմտներ ավազանը, նմանապես ձուկ կդառնար: Կինը նույնպես հմայվել էր տեսարանով, բայց առավել բերկրանք պատճառողը երեխայի ինքնամոռաց հայացքն էր: Երևի անչար հոգի ուներ, որովհետև ծերությունը չէր դնում անծանոթ աղջնակի խինդի կողքին ու դրանից մաղձոտում, որովհետև խոնավ սալահատակից, հոդացավի հանդեպ ունեցած մշտական վախի պատճառով զգուշավորությունն ու փորձը չէր փաթաթում դիմացինի վզին՝ չգիտակցած նախանձից քրթմնջալով՝ ի՜նչ անդաստիարակ երեխա է:

Վաճառողը, ի վերջո, թղթադրամի տռուզ փաթեթը գրպանը դնելով՝ շրջվեց կանգնածների կողմը:

-Ասե՛ք:

-Երկու կիլոյի չափ, -հայրը գլխով ցույց տվեց ձկնավազանը, որի՝ վաճառասեղանին հարող մասում, անմիջապես ջրերեսին արկղ կար խարսխած՝ մեջը դարձյալ ձկներ, սակայն մեծ մասն անկենդան:

Խանութպանը ցանցով նորերը լցնելով՝ վարժ շարժումով բացեց տոպրակը: Ձկների տեսքը ըստ ամենայնի նրան դուր չեկավ, քանզի գործը կիսատ թողնելով՝ կռացավ, ինչ-որ բանի ձեռք տվեց: Շարժիչին բնորոշ աղմուկ լսվեց, իսկ ջրից պղպջակներ ելան:

-Հայրիկ, ի՞նչ եղավ, -շշուկով հարցրեց դուստրը:

-Թթվածինը միացրեց:

Ալիքվելու, թե՞ օդի առատությունից ձկները դեսուդեն փախան, բայց ավազանում շարժվելու տեղ գրեթե չկար, և կենտրոնում խլթխլթացող ջուրը կարգին հորձանք չտված՝ հանդարտվում էր, իսկ կենդանիները մեկմեկու շալակ էին ելել՝ նման նախրի այն արջառներին, որոնց լծելու համար գոմի անկյունն են քշում: Վաճառողը վերստին ձեռքն առավ տոպրակը:

-Մեծերից:

Դժգոհության նշաններ հայտնվեցին դստեր դեմքին. Մյուսներից թաքուն սկսեց հրհրել, խփել հոր ազդրերին՝ ի վերջո ստիպելով կռանալ:

-Բարձր ասա:

-Փոքրերը թող տա, - մյուսներին լսելի՝ հուշեց աղջիկը:

Վաճառողի համար ոչ մեկի կարծիքը կարևոր չէր: Հստակ գիտեր անելիքն ու լցնում էր այն հաշվով, որ բոլորը ծախվի՝ մի մեծին երկու փոքր, կամ՝ հակառակ, նայած գնորդի: Քանի որ ամեն բան խանութպանի կամքով եղավ՝ թե գինը, թե քաշը, թե մեծն ու փոքրը, սատկածն ու ողջը, հայրն իրավունք վերապահեց վերջում ավազանից ջուր լցնել տոպրակը: Համոզված էր՝ վաճառողը գոհ մնաց ու դիտողության չի արժանանա: Աղջիկն ակնհայտորեն ուրախ էր, իսկ երբ հայրը տոպրակը տվեց նրան, որպեսզի վճարի, երջանիկ ժպիտը ողողեց դեմքը: Երեխայի տրամադրությունը հիմնովին փոխանցվեց տարեց կնոջը, ու նա ձեռքը մաշված պայուսակին տարավ.

-Երիտասարդ, մի ձուկ էլ ինձ կշռեք: Միայն թե ողջերից, խնդրում եմ:

Աղջիկը չզարմացավ: Այլ ժամանակ գուցե ծիծաղելի թվային իրականությանն անհարիր այդ խիստ բարեկիրթ, ձայնի առումով ևս փափուկ խոսքերն ու կինն ինքը՝ ծուռկրունկ կոշիկներով, հնաոճ գլխարկով, ժանեկազարդ շրջազգեստով, բայց հիմա...

Ձկները դեռ ողջ էին: Ոչ թե մեկ-երկուսը, այլ բոլորը: Բացուխուփ էին անում բերանները, պոչով զարկվում կոնքի էմալե պատերին, իրար, երբեմն ուժ տալով՝ մեջքը կտրում հատակից:

Հայրը թույլ չտվեց տաշտը ջուր լցնել, թե՝ ցայտերը կավերեն խոհանոցը, ու մինչ հագուստը կփոխեին, թպրտոցը դադարեց: Ձկները, սակայն, չէին անշնչացել, որովհետև երբ քիչ անց հայրը գործի դրեց թեփուկահանը, ծածանը ջղաձգվելով՝ պլստաց հատակին:

-Սատկես դու, սատկես, -հայրը ժպտաց, բայց որպեսզի դստեր աչքին անփորձ-անճարակ չերևա, հավելեց: -Ամենաճիշտը միայն փորը մաքրելն է: Հանում ես, ներսից թեթև լվանում, այնքան, որ արյունն անցնի, դնում ցանցին:

-Նա հիմա ցավ զգու՞մ է:

Ժամանակ շահելու համար հայրը բացեց թեփուկահանը, լրագրի եզրով, հետո ծորակի տակ մաքրեց ու այդպես էլ հարմար պատասխան չգնելով՝ ասաց.

-Երևի, բայց նրանք դա չեն գիտակցում:

-Իսկ ինչքա՞ն է ցավում, շա՞տ:

-Դժվար հարցեր ես տալիս: Պատասխանելու համար պետք է ձուկ դառնալ: -Նա ընթացում հեռացրեց ծածանի մեջքին կպած թեփուկները /այդպես մի ձեռքով մյուսն են ազատում օճառափրփուրից/, ապա այն ևս պահեց ջրի տակ:

-Հայրի՛կ, հայրի՛կ, նա շնչում է, -ձգվեց աղջիկը:

Իրավ, ձուկը դարձյալ սկսեց բացուխուփ անել բերանը, ասես իր մաշկը չէին քրքրել:

-Հիմա փորն եմ բացելու: Եթե չես ուզում, գնա սենյակ: Հեռուստացույցով տես ի՞նչ կա:

-Չէ, կմնամ:

-Դու գիտես, -հայրը դանակի ծայրը կոկորդի կողմից խրեց ձկան մարմինը, փորոտիքը լրագրին շրջելուց հետո որոշեց աղջկան զինել գործնական գիտելիքներով: -Աղիներն են, իսկ այս մեկը, -նա առանձնացրեց արյունոտ երկճյուղ ելունդը, -փամփուշտն է: Ներսում եղած օդի շնորհիվ ձուկը հատակ չի իջնում: Տե՛ս, փուչիկի է նման: Մենք այդպես էլ ասում ենք:

Դստեր դեմքին մկան չշարժվեց, հայացքը շարունակում էր գամած պահել հոր ձեռքերին:

-Չգիտեի, որ կենդանի ծածանն այսքան արյուն ունի, -շփոթմունքով նկատեց հայրը:

Որերորդ անգամ դաստիարակության նրա եղանակը դեմ էր առնում խութերի՝ զգացնել տալով խախուտ, չթրծած կողերը: Երեխայի մեջ բարությունը չափից ավելի էր: Խղճում էր ծաղիկներին, ծառերին, անգամ սենյակային ճանճերին, սարդին ու մկանը՝ ինչը շարժուն էր, կենդանի, բնության հետ կապ, առնչություն ուներ: Այդ կերպ դաստիարակողը հայրն էր: Բոլոր ծնողների նման նա ևս ուզում էր, որ զավակն ազնիվ մեծանա, լինի գթասիրտ, զգայուն, չարիք չպատճառի մարդկանց, չդառնա փորձանք, ալյոց ուսերին՝ բեռ: Օգտագործում էր ամեն առիթ: Եթե դաշտ դուրս գային, գնային անտառ, պիտի հիշեցներ, որ ծաղիկները պոկել, խրձել չի կարելի, չգոհանալով ասվածով, մատնացույց աներ լանջի լերկ հատվածը և ասեր՝ բնությունը դաշնության մեջ է գեղեցիկ, բացատրեր, թե ինչու է ձուկը պակաս գետում, երբ լռեց կաքավը, ուր մնաց սունկը և էլի բաներ: Իսկ աղջիկը հոր առավել զգայուն տեսակն էր՝ լեցուն երևակայությամբ: Եթե ծաղիկը պոկել խորհուրդ չի տրվում, ուրեմն՝ խոտը նմանապես չի կարելի տրորել, հնձել, որովհետև նա ևս շնչում-ապրում է, հոգի ունի: Եթե հաց կտցելու համար թռչնակը պատշգամբ է հասել, նույնի կարիքը նույնքան, եթե ոչ ավելի մկնիկն ունի:

Հայրը պատմությունն սկսում էր, աղջիկը շարունակում, գույն տալիս, հույզ ներարկում:

-Անտառում հանդիպած ոզնուն տուն բերել չի կարելի:

-Նրան բնում սպասում են ձագերը՝ քաղցած, անօգնական: Աչքերը նոր-նոր են բացվել... Օրը մթնում է, իսկ մայրը չկա: Սկսում է ցրտել, սառը քամի է փչում: Ճյուղի ճթթոցից խաբված՝փոքրիկները դեռ չփշակալած մարմինները դուրս են հանում փտած կոճղի տակից: Նույն պահին կռինչ է լսվում, թևերի բախյուն և...

Մեկ ուրիշ անգամ՝

-Տանը մուկ է հայտնվել, երևի թակարդ գնեմ:

Իսկ նա՝

-Եթե շատ է պետք, հայրիկ, անցքը ցեմենտիր: Պատկերացնու՞մ ես, կարագհացի հոտն առնելով վրա է գալիս՝ մոռացած կատուներին, մարդկանց: Մեկ էլ մի սոսկալի հարված իջնում է գլխին:

Եվ հայրը լսում էր: Ու ոչ միայն լսում: Որքան էլ տարօրինակ հնչի, երեխան դարձել էր նրա հոգևոր առաջնորդը, խիղճը, ասած-արածի դատաքննիչը:

-Ձեռքով բռնիր, տե՛ս սրտիկն ինչպես է տրոփում: Մենք հետո էլի բաց կթողնենք, մի՛ վախենա, - սենյակն ընկած թռչնակը դստերն էր մեկնում հայրը՝ համոզված, թե առաջարկում խղճին դեմ ոչինչ չկա:

Դուստրը, այնուամենայնիվ, խնդրին այլ, անսպասելի լուծում էր առաջարկում.

-Շուտ արա, թռցրու, հիմա վախից կնվաղի: Ի՜նչ սոսկալի, ահավոր հրեշ ենք մենք նրա աչքին: Քո թևը խեղճի մեջքից եռակի հաստ է: Ես նույնը չէի՞ զգա, սարսափից չէ՞ր կտրվի շունչս, եթե քսան հարկանի շենքի բարձրության մի հսկա բռներ ինձ, գերան մատներով փորձեր փաղաքշել:

Հայրն ինչ-որ տեղ սկսել էր երկյուղել դստեր համար: Տեսնում էր, մի բան, կարծես, այն չէ, և երևույթներն այդչափ հիվանադագին սրելը, ծայրաստիճան փափկասրտությունը հետագայում կխանգարեն, կարող են նույնիսկ ճակատագրական նշանակություն ունենալ: Բոլոր ծնողների նման կամենում էր, որ աղջիկը գործնական լինի, ունակ՝ դիմագրավելու կյանքի դժվարությունները: Եվ ահա ջանում էր վերադաստիարակել. երբեմն դիտմամբ կոպտում էր՝ անտարբերություն դրսևորելով այնտեղ, որտեղ խառնվածքը բարության էր մղում: Թող սովորի, տեսնի, ընտելանա, աչքը նաև բրտության վարժվի, որովհետև ի՞նչ երաշխիք, թե վաղը նուրբ, զիջող ամուսնու կհանդիպի և համեմատության մեջ դնելով հոր սիրո, վարք-վարմունքի հետ, չի հիասթափվի:

Հիմա էլ՝ վստահ էր, արյունոտ ձեռքերն ու լվացարանն ազդում են դստեր ջղերի վրա, սակայն դիտմամբ անտարբեր էր ձևանում, թեև հոգու խորքում կասկած ևս ուներ՝ իսկապե՞ս ճիշտ է վարվում: Չէ՞ որ աղջիկը կարող էր նաև կոտրվել՝ ընդհանրապես կորցնելով հավատը մարդկանց նկատմամբ:

-Դու քանի՞սն ես ուտելու, -մաքրած ձուկն աղելով՝ հարցրեց:

-Ոչ մեկը, -թշնամանքի հասնող սառնություն կար դստեր ձայնում:

-Պատմություն սարքելու ի՞նչ հարկ կա: Թարմ, մատղաշ ձուկ էր, ծախում էին, մենք էլ առանք: Թող չվաճառեին, -հետո զգաց, անհամոզիչ, անհոգի է հնչում, շարունակեց, -կարծում ես ինձ համար նշանակություն չունի՞ կենդանին ու սառեցրածը: Վերջին հաշվով նույնն է՝ ես եմ օդամույն անողը, թե՞ Պողոսը, մի տարի առաջ են զգետնել Բալթիկ կամ չգիտեմ որ ծովում, թե՞ այսօր՝ Պարույր Գրքաշարյանի խոհանոցում:

Մայր լեզվի սակավ կիրառվող բառերը, որոնց աղջկան վարժեցնելու նպատակով հայրը հաճախ էր առօրյայում կիրառում, այժմ չէին մերվում խոսքին:

-Ի՞նչ սխալ թույլ տվի:

-...

-Զգետնել բառը տեղում չգործածեցի, իսկ օդամույն-ը ջրմամույն-ի նմանողությամբ է: Ճիշտն ասած, տեղյակ չեմ, բառարանում կա, թե՞ հորինեցի: Ջրամույնը արևմտահայերենում է ընդունված, նշանակում է ջրահեղձ անել:

Դստեր լռությունը ճնշում էր:

-Դե հերի՛ք է: Բարության ձեռքին, իբր, ես քիչ եմ, հիմա դու ես ուզում գերի դառնալ: Գնահատողն ո՞վ է: Հենց տեսան՝ խիղճ ասածից մեջդ կա, իրենց ցավը, պապերի, ցեղի ցավը քեզ կտան, կասեն՝ տար, արյանդ հետ փոխանցիր ժառանգներիդ, որդոց որդի տառապեք, իսկ իրենք ազատ-արձակ ման կգան, կապրեն, կսերեն, ու բեռ, ցավ կրող չի լինի, կարոտախտ չի բուժվի, -դստեր աչքերում արտասուք նկատելով՝ շվարած դադար տվեց: -Ես... ներողություն: Լա՛վ, լա՛վ, մենք նրանց բաց կթողնենք: Հենց հիմա, տես, տաշտը ջուր եմ լցնում, թող ուշքի գան, -ու ծորակը բացելով՝ կոնքը պահեց տակը:

Ձկներն սկսեցին ցնցվել. Դեռ կենդանի էին: Աղջիկը դադարեցրեց լացը: Հայրը ևս զարմացած էր:

-Փակիր ջուրը, հերիք է, -ձայնին քնքշանք տալով՝ խնդրեց:

Աղջիկը հաշտ՝ պտտեց փականը:

-Հիմա Մյունհաուզենի ու աշխարհի բոլոր հեքիաթներին հավատում եմ: Հիշու՞մ ես կրակին դրած սագն ինչպես է թև առնում: Այս ծածանները մի ժամ կլինի առանց ջրի են: Եթե, -նա ցույց տվեց աղածը, -տապակի մեջ սկսի շարժվել, չեմ զարմանա, -ընթացքում սրբեց դստեր արցունքները: -Այս մեկը երևի սատկել է, էլ չի շարժվում:

-Ոչինչ դա ու քո...-ծնողին չվիրավորելու համար նա բառ էր որոնում:

-Մաքրածը, -հուշեց հայրը:

-...Ու քո մաքրածը կեփես, իսկ մնացածը գետը թողնենք, -հրճվալից՝ միտքն ավարտեց դուստրը:

Հայրը հասկանում էր, որ վաղ թե ուշ ձկները կսատկեն, բայց տվյալ պահին կարևորը հեքիաթն էր, որին ինքն ու աղջիկը, էլի ուրիշներ հավատում էին:

-Այդպես էլ կանենք, միայն թե հարևանների ծաղրի նյութ չդառնալու համար հարկավոր է թաքուն, որևէ կերպ տանել:

Ձուկը վերստին տոպրակը դրին: Հայրը ջուր հավելելուց հետո կապելով բերանը՝ դրեց տնային պայուսակը:

-Այս վիճակում մեկ անգամ էլ եմ եղել, -նրանք ելել էին փողոց: Պայուսակն աղջիկն էր տանում: -Գյուղում ուսուցիչ էի: Գիշերայինում սովորող երեք տղա հրավիրեցին ձուկ բռնելու: Գետն ի վեր յոթ-ութ կիլոմետր գնացինք: Ձեռքերը որ գուղձի, քարի տակ տանում էին, դատարկ էր: Տեսան՝ որսը ձախողվում է, մեկին ճամփեցին պարկ բերելու: Մոտիկ ֆերմայից երկուսն առած եկավ: Եզրերը քանդելուց հետո մետաղալարով միացրին իրար ու, ամեն մեկը մի ծայրից բռնած, դեմ արին հոսանքին: Մի քանի րոպե պահելով՝ հանում էին: Շերեփուկ, տերև, ծառի մանրիկ ճյուղեր, տիղմ, ինչ ասես քամվելուց հետո մնում էր քաթանին, մատնաչափ ձկներ... Արագ-արագ ջոկում էին, գցում դույլը: Իմն ընդամենը ջրամանը պահելն էր, համընթաց քայլելը: Երեք ժամ անց բերնեբերան լցվեց: Վերադարձին, երբ հասել էինք գյուղաբերանի կամրջին, խիղճս չտարավ, առանց հարցնելու /վախենում էի մերժեն/ դույլը ջրով, ձկնիկներով վերևից շրջեցի գետը: Նեղսրտեցին, ճիշտ է, բայց իրենց ուսուցիչն էի, պատմություն չշինեցին:

Հայրն զգաց դստեր մատնսեղմուկը և, իբրև պատասխան, շոյեց ծամերը. ավարտը փոքրիկի սրտով էր:

-Ձկներին, հայր, ես բաց կթողնեմ, թե՞ դու, -երբ հասան ջրանցքին, իրար խառնվեց դուստրը: -Վախենում եմ:

-Հարկ չկա: Տոպրակի բերանն արձակում ես, ծայրերից բռնած շրջում: Պռնիկին, պռնկին ել, մեջքիցդ պահում եմ:

Աղջիկն այսպես էլ արեց: Ջրի ցայտերը թրջում էին նրա սպիտակ կիսագուլպաները, հոր տաբատը, բայց հոգ չէր: Ձկները սուզվում էին, դուրս գալով՝ մի քանի վայրկյանի չափ կողը մեկնում երկնքին, ապա ուշքի գալով՝ նետվում հոսանքն ի վար:

Հրաշալի լինելու չափ գեղեցիկ էին արևի շողերով լեցուն ձորը, ջրանցքն ի վար լողացող ձկները, հայրը, վերևում խմբված տղաները, որ նրանց էին հետևում, ամեն, ամեն ինչ:


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
4504 | 0 | 0
Facebook