Մի հուսահատ մարդ, ինքնադատաստանի թելադրանքով ու նաև իր շրջապատին ցավ պատճառելու ցանկության դրդմամբ, ու նաև զայրույթից, որ իր կանչին ոչ ոք չի արձագանքում, մի օր ինքն իրեն կախեց:
Նրան կախաղանից արձակեց այդտեղով անցնող մեկը: Բացելով աչքերը՝ փրկվածն ասում է.
-Շա՜տ ուշ է, դուք ինձ պիտի նախապես օգնեիք:
-Բայց ես ձեզ չեմ ճանաչում, - ասում է անծանոթ փրկարարը:
-Դա կապ չունի, դուք ինձ մինչև կախվելս պիտի օգնեիք:
-Ես նոր էի այստեղով անցնում:
-Պետք չէր, որ այստեղով անցնեիք:
-Մտածեցի բարի գործ անել:
-Ովքեր ասում էին, թե ինձ սիրում են, ոչինչ չանելով՝ նույնպես մտածում էին, թե բարի բան են անում…:
-Ուրեմն ես պիտի թողնեի, որ դուք մեռնեի՞ք, չմիջամտեի՞:
-Ո՛չ, կախվելուցս առաջ միջամտեիք, ինձ հետ խոսեիք, ինձ լսեիք, ինձ համոզեիք, կարիքիս մեջ ինձ սիրեիք: Այդ ամենն առաջ պետք է արվեր, որպեսզի իմ հուսահատությունն ինձ չհասցներ ոչնչի չհավատալու վիճակի:
-Ուզո՞ւմ եք պարանը նորից ձեր պարանոցը գցեմ, - առաջարկեց անծանոթը:
-Ո՛չ, ես մեռնելու ցանկություն չունեմ, ես խոսքի կարիք ունեմ:
-Բայց ես ժամանակ չունեմ, ես շտապում եմ:
-Այո, դուք միայն ինձ կախաղանից ազատելու և կախաղանի օղակը նորից պարանոցս գցելու ժամանակ ունեք, բայց ինձ լսելու ժամանակ չունեք:
-Այդպես է, որ կա: Չէ՞ որ ինքս էլ եմ շտապում, որ հասցնեմ ապրել: