Loading...

Articles

Մեր լեզվում ամուր արմատավորված օտար բառերից երեքի ծագման մասին

20:18, Sunday, 03 March, 2019
Մեր լեզվում ամուր արմատավորված օտար բառերից երեքի ծագման մասին

«Դայակ» բառը վերցված է պահլավերենից: «Dayak» բառը պահլավերենում նշանակել է ծծմայր, ստնտու, բայց հնում «դայակ» -ը գործածվել է նաև տղամարդկանց վերաբերյալ` դաստիարակ, խնամակալ նշանակությամբ: Հնում սովորություն է եղել, որ թագավորն իր որդիներին հանձնել է որևէ իշխանի դաստիարակությանը: Իշխանը թագավորազնին իր տանը սնուցել է իր զավակների հետ, և եթե ինքն ունեցել է ծծկեր երեխա, թագավորազն և իշխանազն երեխաները միևնույն կնոջ կաթով են սնվել, մեծացել ու դարձել կաթնեղբայրներ: Մեծանալիս, թագավորազնը, եթե թագավոր էր դառնում, իր մոտ էր բերում կաթնեղբորը` իբրև մտերիմ ընկերոջ: Պատմիչ Եղիշեն դառնորեն գանգատվել է. «Հայոց նախարարներից ոմանք նրա (Հազկերտ 2-րդի) եղբայրներին սնուցել էին իրենց մայրենի կաթով, իսկ նա ամենից խիստ նրանց հետ էր վարվում»: Նշանակում է` Պարսից թագավորները նույնիսկ Հայոց նախարարներին էին հանձնում իրենց որդիների դաստիրարակությունն ու խնամակալությունը:

Իսկ երկրի ավագ իշխաններն էլ, թագավորների օրինակով, իրենց որդիներին հանձնել են կրտսեր իշխանների կամ սեպուհների դաստիարակությանը:


     «Ոստիկան» -ը պահլավերեն «ostikan» բառի փոքր-ինչ հնչյունափոխված ձևն է: Այն պարսկերենում նշանակել է «հավատարիմ, վստահելի»: Գրաբարում ոստիկան են անվանել թագավորի հավատարիմ, վստահելի մարդկանց, որոնց թագավորը նշանակում էր որևէ գավառի կամ աշխարհի կուսակալ: «Ոստիկան» էին կոչվում նաև արաբների կողմից Հայաստանի վրա նշանակված կուսակալները, որոնք առաջ կոչվում էին պարսկերեն «մարզպան», երբ նշանակվում էին պարսից թագավորներից:


     «Ոստան» -ը պահլավերեն «ostan» բառն է: Հայերենում այս բառն սկզբնապես նշանակել է Արշակունիների թագավորական տոհմի կալվածքները, որոնք «արքունի տուն» են կոչվել: Հենց այս նշանակությունից էլ ածանցվել է «ոստանիկ» բառը, որը նշանակել է թագավորական կալվածքում ապրող ազնվական: Արշակունիների անկումից հետո «ոստան» բառն սկսեցին գործածել ուրիշ նախարարական կալվածքների գլխավոր քաղաքները, մասնավորապես, Դվին քաղաքը նշելու համար, որ պարսիկ մարզպանների մայրաքաղաքն էր:

Ըստ Ադոնցի` «ոստան» եզրը «շեմ», «դուռ, հետո նաև «արքունիք» է նշանակել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3942 | 0 | 0
Facebook