Loading...

Articles

Սաքոյի կինը

10:19, Sunday, 03 March, 2019
Սաքոյի կինը
    
    
    

Չգիտեմ ում մոտ ինչպես, բայց ինձ մոտ այնպես էր ստացվել, որ հարևան Սաքոյի կնիկ Քնարիկը գրբաց էր:
     Գրբաց էր թե գուշակ ինձ համար մեկ էր:
     Դե, կյանք է ամեն բան էլ պատահում է ու կարոտը ինձ խեղդում էր:
     Չէ, Քնարիկի կարոտը չէր այլ ավտոմեքենա քշելու կարոտը:
     Արդեն տասը օր կլինի բենզին չունեմ:
     Իսկ ես սիրում եմ, երբ անձրև է գալիս մեքենան քշում եմ Երևան-Արտաշատ խճուղի, բացում եմ ընդամենը յոթանասուն կմ/ժամ ու միացնում մագնիտոֆոնը:
     Այդ արագությունից ավել կամ պակաս էֆեկտ չեմ զգում:
     … կարոտը ինձ խեղդում էր:
     Քնարիկը ինձ բոլորի նման չի դիմում, Ստեփան, կամ Ստյոպա այլ ստեպան, այն էլ փոքրատառով:
     Սեղմում եմ զանգի կոճակը:
     - ստեպան, արի, ի՞նչ կա, Սաքոն տանը չէ:
     - Հա երևի աշխատանքի է, չէ՞:
     - Բա ի՞նչ, անգործ մարդու օրը կտրվի, ի՞նչ կա:
     - Ուզում էի խնդրել… դե քո այդ կարտերով մի բան գուշակեիր:
     - Բա ասում էիր չես հավատո՞ւմ, դե լավ նստիր:
     Խաղաքարտերի կապոցը ձեռքում խառնելով ասում է:
     - Մտքումդ մի բան պահիր:
     - Պահել եմ, ուզում եմ դեպուտատ դառնալ:
     - ԷԷԷԷԷ, մի կարգին բան, գրող մարդ ես չէ՞, մի լավ բան:
     - Դեպուտատը վա՞տ է, Քնարիկ ջան:
     - Կիսի ու մտքումդ պահի:
     Մտքումս պահեցի, որ ես Գագարինն եմ, թռել գնացել եմ Երկիր մոլորակից, թեկուզ մեկ օրով:
     Լուրջ նայում է խաղաքարտերի դասավորությանը:
     - Էս ի՞նչ սլացք է, թռչում ես կողքերդ աստղեր:
     - Երգչուհի թե՞:
     - Տո չէ այ մարդ, կարգին աստղեր են, մի անգամ էլ Սաքոյիս է նման բան եղել, պատկերացնո՞ւմ ես, ամբողջ բակի նախանձի առարկան դարձավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, հայ են է, թու ես ձեր…
     - Ի՞նչ էր եղել որ, - չգիտեմ ո՞ր պահը հարմարացնեմ, որ պարտքով փող խնդրեմ:
     - Սաքոյիս բախտը բերեց ու երկու անգամ ալրաղացի Լյովիկի ավտոն անձամբ լվաց, պատկերացնո՞ւմ ես:
     - Ո՞ւմ:
     - Իաաաա՜:
     - Վայ կներես տեղը չբերեցի իհարկե, այ քեզ բախտ, հետո՞:
     - Ի՞նչ հետո, լավ հարևան էիր մի բան գրեիր գցեիր թերթերը թող կարդային իմանային:
     - Էլի ուշ չէ, Քնարիկ ջան, բայց որ ճիշտն ասեմ մտածում եմ, բա որ նախանձե՞ն, չէ, ես հարևանիս վատություն անող չեմ:
     - Վատությունդ չգիտեմ, բայց դու Ամալի թաղմանն էլ չկայիր, կողքի մուտքից:
     - Չէ ես այդ ժամանակ այս շենքում չէի ապրում, ինչո՞ւ: Հա ի՞նչ էի ուզում ասել, էդ որ մեքենան անձամբ էր լվացել, դե այդ որ ասացիր, մի կարգին փող տվել է, թե՞:
     Համ էլ լսել եմ լավ կոֆե ես նայում, այ Քնար ջան, բազմակողմանի ես, ես ու իմ արևը:
     - Տո բա ինչ եմ է, տեղս չգիտեն, կոֆե կսարքեմ, բայց մի բան ասա, ասում են էդքան զարգացած, կարդացած մարդ ես, ինչո՞ւ փող չունես:
     - Մի հավատա Քնար ջան, հերետիկոսների խոսքեր են, հերյուրանք, ի՞նչ զարգացած, ի՞նչ բան, մարդ եմ էլի, համ էլ որ փող ունենամ էմոցիա չեմ ունենա, չեմ կարող գրել, դու խելացի կին ես կհասկանաս ինչ եմ ասում:
     - Հա ճիշտ ես ասում էդ յեմոցիայի տեղը ավելի լավ է մի քանի հատ հավ ունենաս, սոված չես մնա: Լավ, գեղեցիկ բառեր գիտես, Սաքոս էլ է քո նման, ես իրա ճղճիմ ցավը տանեմ:
     - Ճղճի՞մ, այսինքն ճչացող, բարերար, ճիշտ հասկացա քեզ չէ՞:
     - Բա գիտես մենք կուլտուրական խոսել չգիտե՞նք: Հիմա կսարքեմ կոֆեդ: Ինչքա՞ն է պետք ու երբ կարող ես…
     - Դե մի հինգ հազար, Քնար ջան, կտամ, խոստանում եմ…
     Խոհանոցից սենյակ մտավ մի ձեռքում սուրճի բաժակը, մյուսում մի հինգհազարանոց թղթադրամ, որն իսկույն հայտնվեց իմ ձեռքերում:
     - Կտամ Քնար ջան, միչև Վարդավառ անպայման…
     Քնարիկի ձեռքից ընկավ սուրճի բաժակն ու սուրճը լցվեց հատակի գորգին ու իմ կրեմագույն շալվարին:
     - Վայ քոռանան աչքերս, գորգս…ոչինչ վերևն Աստված կա… ստեպան, դու ինչո՞ւ ես այդ պիժամայով ման գալիս մի կարգին սև շալվար չունե՞ս:
     «Վերևն Աստված կա, թե չէ ստիպված էի այս փսլնքոտ քթով ու կասկածելի մաքրություն ունեցող բաժակից սուրճ խմել մի քանի կոպեկի համար: »

Դրսում անձրև էր ու ես իմ մեքենայով սլանում էի Երևան-Արտաշատ խճուղով:
     Մեքենայումս լսվում էր Սարասատեի «Գնչուական մեղեդիներն» ու կյանքը հաճելի էր, թե հետո ինչպե՞ս կլինի, վերևն Աստված կա…ու Սաքոյի կինը:


    

Ս.Ումառ-Հարությունյան

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1824 | 0 | 0
Facebook
COMMENT.am