Loading...

Articles

«Գարեգին Բ-ն չարիք և պատուհաս է ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա համար». բաց նամակ Փաշինյանին

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
23:18, Saturday, 23 February, 2019
«Գարեգին Բ-ն չարիք և պատուհաս է ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա համար». բաց նամակ Փաշինյանին

Մեծարգո՛ պարոն վարչապետ, 2017 թ. մարտին հուսալքված, դառնացած, բռնակալ և քմահաճ կաթողիկոսի անվերջանալի անարդարություններն ու հալածանքները մերժելով հեռացա Հայաստանից: Եվ միայն վերջերս հուսավառված և ոգևորված Ձեր գլխավորած համաժողովրդական շարժմամբ` վերադարձա հայրենիք, և պատիվ է ինձ համար, որ վկան, ականատեսն ու մասնակիցը եղա լուսավոր ու արդար նոր Հայաստանի կերտմանը:

Պարո՛ն վարչապետ, խնդրում եմ, ականջալուր եղեք Աստծո խոնարհ ծառայիս խոսքին: Նոր և արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի և վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից: 19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները: Մեր պատմությունը լեցուն է գահընկեց կաթողիկոսներով:

Այսօր, երբ Դուք առաջնորդում եք մեր երկիրը Ձեր տիրավանդ իշխանությամբ, մենք ազգովի` Հայաստան, Արցախ և Սփյուռք, պետք է անձանձրույթ աղոթենք, փառք վեր առաքենք առ Բարձրյալն, որ Ձեր իմաստնությամբ, աշխատասիրությամբ, բայց նաև աղոթքով տեղի ունեցավ մեծ հրաշքը, և մենք ձերբազատվեցինք նախորդ իշխանությունից: Վերջին քսան տարում առաջին անգամ լինելով` Երկնավորը Ձեր միջոցով իր դեմքը մեզ ցույց տվեց: «...»

Բավ է հանդուրժել հայ ժողովրդի վերջին 19 տարիների որբությունը և Սուրբ Հոգու պանդխտությունը Մայր Աթոռից: Գարեգին Բ-ն և Սուրբ Հոգին անհամատեղելի են:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, ես քաջ գիտակցում եմ, որ եկեղեցին անկախ է պետությունից, սակայն ում պիտի ուղղեի խոսքս, եթե ոչ Ձեզ: Դուք աստվածավախ եք, Դուք հեղինակություն եք, Դուք իշխանություն եք և, վերջապես, իմ վարչապետն եք, ում արևշատության ու ազգաշեն գործոց հաջողությունների համար հանապազ աղոթում եմ:

Գարեգին Բ-ն չարիք և պատուհաս է ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա համար, քանզի երիտասարդ հոգևորականների մի սերունդ, ովքեր չեն տեսել լուսահոգի կաթողիկոսներ Վազգեն Առաջինին և Գարեգին Առաջինին, փորձում են նմանվել նրան:

Մի առիթով Գարեգին Բ-ն հպարտորեն և ինքնագոհությամբ անձամբ ինձ պատմեց, թե ինքն ու իր եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը հատուկ մերսում են ստացել Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մերսողի կողմից, և որ այդ հաճույքն ընդամենն արժեցել է 15 հազար եվրո: Ամենայն Հայոց կաթողիկոսի այս ցոփ ու շվայտ կենցաղավարության մասին երբ կիսվեցի երիտասարդ հոգևորականներից մեկի հետ, ապշանքս ու զայրույթս ավելի մեծացավ, երբ վերջինս արձագանքեց. «Հալալ է իրեն, ես էլ գումար ունենայի, ես էլ նույնը կանեի»:

Ս. Էջմիածնի այսօրվա գահակալի իշխանությունը չարից է, բազում են վկայությունները: Ես անում եմ իմ քայլը և ձեռնոց եմ նետում «ավազակապետության կաթողիկոսին» ... և պահանջում եմ, որ Գարեգին Բ-ն հեռանա Ս. Գրիգոր Լուսավորչի բռնազավթած գահից: «...»

Թող Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը:


     Խոնարհությամբ և աղոթքով`

     Խորեն վարդապետ Հովհաննիսյան
     Սուրբ Էջմիածնի նախկին միաբան


     Հ. Գ. «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զորս դուք Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք իր մեջէն՝ իր դէմ… Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցե ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ…»: (Ամենապատիվ Տ. Նուրհան պատրիարք Մանուկյան)

«Ոչ Ձեզնից կարգ ստանալն է պատիւ, և ոչ էլ կարգալոյծ լինելը` անպատւութիւն...»:
     (Արժանապատիվ Տ. Աբել քահանա Մանուկյան)


     Ամբողջական բաց նամակը կարդալ այստեղ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2906 | 0 | 0
Facebook