Loading...

Articles

«Ավելի լավ է ներել, քան վրեժ լուծել»

11:17, Sunday, 17 February, 2019
«Ավելի լավ է ներել, քան վրեժ լուծել»

Հունաստանի Լեսբոս կղզու Միթիլինի քաղաքում ծագումով թրակիացի մի իմաստասեր է ապրել` Պիտակոս (մ.թ.ա. 651 – 559) անունով: Նա բանաստեղծ Ալքեյոսի ու նրա եղբայրների հետ հայրենի քաղաքն ազատագրել է Լեսբոսի բռնակալից: Իսկ երբ աթենացիները կռիվ են սկսում միլիթինացիների դեմ, Պիտակոսը ստանձնում է միլիթինացիների հրամանատարությունը: Աթենացիների հրամանատարն է եղել օլիմպիական խաղերի հնգամարտի մրցումներում հաղթած Ֆրինոնը: Պիտակոսը Ֆրենոնին մենամարտի է կանչում: Մարտի ժամանակ նա վահանի հետևում թաքցրած ցանցը նետում է հակառակորդի վրա, կաշկանդում է նրան ու սպանում է եռաժանիով և դաշույնով: Այս հաղթանակի շնորհիվ միթիլինացիները կարողանում են պահել այն տարածքը, որին հավակնել են նաև աթենացիները:

Այդ հաղթանակից հետո Պիտակոսը միթիլինեցիների խորին հարգանքին է արժանանում, և նրան տասը տարով Էսիմնեթի (դատական մեծ լիազորություններով օժտված պաշտոնատար) պաշտոն է տրվում է: Նա բարեխղճորեն ու ջանադրությամբ կատարում է իր պարտականությունները, քաղաքում պատշաճ կարգ ու կանոն է հաստատում, հետագայում անկարգությունները կանխելու համար փոխում է քրեական օրենքները: Տասը տարին լրանալուն պես նա հեռանում է պաշտոնից ու դրանից հետո ևս տասը տարի ապրում է: Քաղաքը նրան հողակտոր է տալիս, իսկ նա այն աստավածներին է ընծայում: Լիդիայի թագավոր Կրեսոսը Պիտակոսին փող է հատկացնում, բայց նա հրաժարվում է այն ընդունել` ասելով, թե իր ունեցածն իր ցանկացածից կրկնակի ավելի է (բանն այն էր, որ նա անզավակ մահացած եղբոր ունեցվածքի ժառանգորդն էր դարձել):

Սափրիչի արհեստանոցում գտնվող Պիտակոսի մոտ են բերում այն դարբնին, որը նրա որդուն կացնով սպանել էր, բայց Պիտակոսը, իմանալով սպանության բոլոր հանգամանքները, դարբնին արձակում է` ասելով. «Ավելի լավ է ներել, քան վրեժ լուծել»:

Պաշտոնավարման տարիներին նա օրենք է սահմանում, համաձայն որի՝ հարբած մարդուց կրկնակի տուգանք է գանձվում, որպեսզի քաղաքացիները հարբեցողության չտրվեն այն պատճառով, որ Լեսբոս կղզում գինին առատ է:

«Լավ մարդ լինելը դժվար է», - ասել է նա:

Պլատոնը հիշատակել է նրա խոսքերից մի քանիսը:

«Անխուսափելիության հետ նույնիսկ աստվածները չեն վիճում»:

«Մարդուն իշխանությունն է երևան հանում»:

Այն հարցին, թե ինչն է լավագույնը, նա պատասխանել է. «Ինչ որ անում ես, լավ անելը»:

Կրեսոսի հարցին, թե որ իշխանությունն է ամենաուժեղը, նա պատասխանել է. «Այն իշխանությունը, որը փայտին փորագրված է» (այսինքն՝ օրենքները):

«Հաղթանակները, - ասել է նա, - պետք է անարյուն լինեն»:

Մեկը նրան ասել է, թե պետք է գործունյա մարդ գտնել, և նա պատասխանել է. «Եթե աչառությամբ որոնես, այդպիսի մարդ չես գտնի»:

Հարցրել են, թե ինչն է բարեշնորհ, նա պատասխանել է. «Ժամանակը»: Ի՞նչն է թաքնված: - «Ապագան»: Ի՞նչն է հուսալի: - «Երկիրը»: Ի՞նչն է անհուսալի: - «Ծովը»:

Նա ասել է. «Խելացիների գործը դժբախտությունը կանխատեսելն է, խիզախների գործը՝ դժբախտությունը կառավարելը, երբ այն վրա է հասել: Եթե մի գործ ես մտահղացել, դրա մասին մի՛ բարձրաձայնիր, որովհետև եթե չհաջողես, վրադ կծիծաղեն: Վստահվածը վերադրաձրու: Մի՛ չարախոսիր ո՛չ ընկերոջդ, ո՛չ թշնամուդ: Սիրիր չափավորությունը»:

Նրա հուշարձանին գրվել է.

«Ինչպես անմխիթար մայրը ողբում է սիրելի որդու կորուստը, Պիտակոս, քո կորուստը ողբաց ամբողջ Լեսբոսը»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3698 | 0 | 0
Facebook