Loading...

Articles

… ի՜նչ անհասկացողն են այս տղամարդիկ…

11:22, Saturday, 09 February, 2019
… ի՜նչ անհասկացողն են այս տղամարդիկ…
    
    

* * *

«Ի՜նչ անհասկացողն են այս տղամարդիկ:

Տեսնես թե Աստված ի՞նչպես է «յոլա» գնում սրանց հետ:

Անըզգա՜, աննրբանկա՜տ, անկանխատեսելի՜…

Արդեն ուղիղ տասնութ րոպե է, որ անթարթ նայում եմ նրան ու բացարձակապես չի զգում հայացքս:

Դե՜ շրջվիր,

Հարցրու.

- Ի՞նչպես գնալ մոտակա խաչմերուկը (ասենք նստած տեղից ի"նչ խաչմերուկ, հիմար բաներ եմ մտածում)

Կամ ժամը հարցրու,

Կամ լուցկի խնդրիր…

Կամ ասա

- Ուզո՞ւմ եք գուշակեմ Ձեր անունը, Լիանա՞, Լուսինե՞, Մարինա՞, Քրիստինա՞, Լիլի՞թ…

Ես չեմ ասի, որ Մանեն եմ, թո՛ղ տանջվի, տե՛ղն է դրանց՝ տղամարդկանց:

Կասեմ.

- Միգուցե ե՞ս գուշակեմ, Լիպարիտ Սեմյոնի՞չ, Բաբկեն Արամի՞չ, Բագրա՞տ՝ որդի Գևորգի….

Կծիծաղե՜նք…

Ավելի մոտ կնստենք իրար ու նորի՜ց ծիծաղ…

Այնպե՜ս եմ ուզում ծիծաղել ինչ-որ մեկի հետ:

Հետաքրքի՞ր է, թե թվարկածներիցս, ո՞ր մի տարբերակը կընտրի, դրանից շա՜տ բան է կախված:


    

Կոստյումը նորմալ է կարված,

Մաքուր սափրված է,

Մազերն էլ այնքան խնամքով են սանրված` ասես երեք-չորս հայելու օգնությամբ է սանրվել:

Նստած ենք նույն նստարանին՝ Կոնսերվատորիայի դիմացի այգում, երկու մետրի վրա ու …չի զգում հայացքս, այ քեզ դանդալոշ…

Թե ո՞ւր է նայում ուղիղ, չե՜մ հասկանում, ինձնից բացի ի՞նչ կա նայելու:

Ի՞նչ անհասկացողն են այս տղամարդիկ: »


    

Տղամարդը շրջվեց դեպի կինը:

- Ներողությո՜ւն, կարելի՞ է…

- Ո՛չ, - կտրեց կինը, - Մի՞գուցե հեռախոսս էլ ցանկանաք:

- Դա՜ էի ուզում խնդրել, իմը լիցքաթափվել է, թեկուզ մեկ րոպեով:

Կինը կիսաժպտաց ու մեկնեց հեռախոսը:


    

«Գիտեմ ձեր այդ տղամարդկային ֆոկուսները, հիմա կզանգի իր հեռախոսին, կֆիկսի իմ համարը, հետո, միգուցե վա՜ղը, կզանգի կասի.

- Հիշո՞ւմ եք, այնտե՜ղ այգում…

Կասեմ.

- Հիշում եմ, հետո՜:

Կասի, որ իր համար դժվար օրե՜ր են, տառապո՜ւմ է, վիճակը համարյա կրիտիկական է.

Կծիծաղե՜մ, կասեմ թե դուք տղամարդիկդ ի՞նչ եք հասկանում կրիտիկական ասվածից:

Կասի.

- Հանդիպե՞նք, Մե՛ր նստարանին:

Կասեմ

- Մե՞ր, հանդիպե՜նք, բայց միայն մի բաժակ սուրճ խմելու: »


    

Տղամարդու մատները համար էին հավաքում:


    

«Ի՞նչ էլ գեղեցիկ մատներ ունի:

Մի՞գուցե երաժի՞շտ է՝ ջութակահա՜ր, նկարի՞չ, դիրիժո՞ր, ավելի լավ կլինի վիրաբույժ լինի, Աստված սիրես միայն ոչ դիահերձող, թե չէ պատկերացնո՜ւմ եմ՝ նրա այս գեղեցիկ երկար մատները ի՞նչեր կանեն մարմնիս վրա…

Տխո՜ւր, մի տեսակ ոչ լրիվ տխուր աչքեր ունի, գրավիչ: »


    

- Ալլո՜, Հասմիկ ջա՞ն, ի՞նչ եղար, … ուշանո՜ւմ ենք, տաքսու մե՞ջ ես, լա՜վ, կսպասեմ մուտքի մոտ, իմ սիրած զգեստն ես հագե՞լ, …ի՞նչու, խնդրե՜լ էի չէ՞, լա՜վ, սպասում եմ:


    

Մեկնեց հեռախոսը, քմծիծաղեց ու ինքն իրեն խոսելով թե ի՞նչ անհասկացող են այս կանայք, քայլերն ուղղեց դեպի Կոնսերվատորիայի մուտք:


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3597 | 0 | 0
Facebook