Loading...

Articles

Հարավկովկասյան երկաթուղին համալրվել է նոր էլեկտրագնացքներով

13:28, Tuesday, 05 February, 2019
Հարավկովկասյան երկաթուղին համալրվել է նոր էլեկտրագնացքներով
     2019 թվականի հունվարին Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում:
    
     Համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում: Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների հաճախականությունը:
    
     Համապատասխան պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ:
    
     Նոր էլեկտրագնացքը նույնպես հարմարեցված է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ուղևորների համար, վագոններում գործում են օդափոխման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Բացի այդ, ՀԿԵ ուղևորների առաջարկությունների հիման վրա արտադրող ընկերությունը լրամշակել է էլեկտրագնացքի որոշ չափանիշները:
    
     2018 թվականին ՀԿԵ շարժակազմի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակներում գնվել էր 2 նոր էլեկտրագնացք և 40 նոր կիսավագոն: Կիսավագոններն այժմ շահագործվում են պղնձի խտանյութի արտահանման համար:
     Միայն 2018 թվականին ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները կազմել են $5, 6 մլն, իսկ շարժակազմի արդիականացմանը՝ $6, 6 մլն.: ՀԿԵ 10-ամյա գործունեության արդյունքներով շարժակազմին հատկացված ներդրումները գերազանցել են $60 մլն.:
    
     Նշենք, որ 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով (ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների ծավալի կրճատման ֆոնին): Երկաթուղին փոխադրել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում: Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է: Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով:
    
     Գնացքների արագությունների ավելացման (ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե) և գների մատչելիության (2500 դրամ) շնորհիվ 2018 թվականի մարտից շահագործվող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում: Էքսպրեսի ուղևորների թիվը 2018-ին կազմել է 14 հազար:
Source: Yerkir media
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4342 | 0 | 0
Facebook