Իսկ ձյունն իջնո՜ւմ է երգով
Իմ թափառող ուսերին,
Տրորվում է ոտքերով
Հունվարյան ցուրտ մեղեդին:
Կեսգիշեր է ցո՜ւրտ ու մութ,
Ինձ հետ քայլում է քամին
… Տունս թվո՜ւմ է հեռու -
Ասես ծայրո՜ւմ աշխարհի:
Ցրտից սիրտս քիչ կաղո՜ւմ է՝
Մի կերպ շնչում դողալով,
Երբ մտրակի պես դաղո՜ւմ է
Հունվարը իր մատներով:
Հանդա՜րտ, սպիտա՜կ քող է իջել
Եկեղեցու գմբեթին,
Տեսնես արդյոք մի վառվող մոմ
Մնացե՞լ է այս ժամին:
Փաթիլները օրերի պե՜ս
Երկնից թափվում են հողին,
…Ե՞ս եմ և այս հունվարը ծե՜ր
Գիշերվա ուշ այս պահին…