Loading...

Articles

«Ամբողջովին վճարված է»

17:14, Thursday, 10 January, 2019
«Ամբողջովին վճարված է»

Ուսումնառության վերջին քննություններին նախապատրաստվող մի երիտասարդ ամիսներ շարունակ գրեթե ամեն օր մտնում էր մեքենաների այն վաճառասրահը, որտեղ ցուցադրված էր իրեն մագնիսի պես ձգող սպորտային մի ավտոմեքենա: Նա գիտեր, որ ավարտական վկայականն ստանալու օրը հայրն իրեն նվիրելու է այդ մեքենան:

Քանի որ ավարտական վկայականներն հանձնելու օրը մոտենում էր, երիտասարդն անհամբեր սպասում էր մի որևէ նշանի, որը կվկայեր, որ հայրն արդեն իսկ գնել է այդ մեքենան:

Ի վերջո հայրը նրան կանչում է իր աշխատասենյակ և ասում է, թե ինքը շատ հպարտ է, որ նրա նման գրագետ ու խելացի զավակ ունի, և որ ինքը նրան շատ է սիրում: Այս նախաբանից հետո հայրը նրան է նվիրում փաթեթավորված մի տուփ: Երիտասարդը բացում է տուփը և միանգամից հիասթափվում է՝ այնտեղ տեսնելով կաշվե կազմով մի Աստվածաշունչ: Երիտասարդը զայրացած ասում է հորը. «Այդքան փող ունես և ինձ այս Աստվածաշո՞ւնչն ես նվիրում», ապա անմիջապես հեռանում է հոր աշխատասենյակից՝ դուռը շրխկացնելով:

Բազում տարիներ են անցնում, և երիտասարդը բիզնեսի ոլորտում մեծ հաջողությունների է հասնում, մի գեղեցիկ տուն է գնում ու հիանալի ընտանիք է հիմնում:

Մի օր էլ նա հիշում է ծերացած հորը և որոշում է, որ պետք է այցելի նրան, որովհետև ավարտական վկայականն ստանալուց հետո նա նրան այլևս չէր տեսել:

Մեկնելուց մեկ օր առաջ նա հեռագիր է ստանում այն մասին, որ իր ծեր հայրը մահացել է ու իր ամբողջ ունեցվածքը որդուն է ժառանգել: Հեռագիրում ասվում էր, որ նա պետք է անմիջապես մեկնի ժառանգությունն ստանալու:

Երբ երիտասարդը հոր տուն է հասնում, հանկարծ նրա սիրտը տխրությամբ ու ափսոսանքով է լցվում…

Նա սկսում է մեկ առ մեկ թերթել հոր կարևոր թղթապանակները և մեկ էլ նկատում է այն նույն Աստվածաշունչը, որը հայրը նվիրել էր նրան, ու նա այն նույնիսկ ձեռքը չէր վերցրել…

Հիշողություններն ալեկոծում են նրա սիրտը, և նա սկսում է արտասվել: Քիչ անց, սրբելով արցունքները, նա բացում է Աստվածաշունչը և սկսում է թերթել այն ու որոշ հատվածներ կարդալ: Եվ հանկարծ գրքի կազմի տակից ավտոմեքենայի բանալի է ընկնում գրասեղանին: Բանալուն մի փոքրիկ պիտակ է լինում փակցված՝ երիտասարդին դիպլոմ հանձնելու օրվա նշումով և «Ամբողջովին վճարված է» հակիրճ նախադասությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3723 | 0 | 0
Facebook