Loading...

Articles

Շուտով Վանաձորում կարտադրվեն հայ-իրանական ավտոմեքենաներ

22:17, Sunday, 23 December, 2018
Շուտով Վանաձորում կարտադրվեն հայ-իրանական ավտոմեքենաներ
     Երեկ Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը: Արտադրությունը հիմնել է «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն: Արտադրամասն աշխարհում 4-րդն է, մյուս 3-ը գործում են՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Իրանում. «Օրական մեկ հերթափոխ աշխատելով կարող ենք արտադրել 100 բալոն: Հոսքագծերն ավելացնելու դեպքում մենք նախատեսում ենք օրական հասցնել մոտ 800 հատ: Վաճառելու ենք Հայաստանում, բայց դա հազիվ կազմի մեր ամբողջ արտադրանքի 5 տոկոսը, - ասում է ընկերության բաժնետեր Արայիկ Ասրյանն ու հավելում, որ մի օր ամբողջ Հայաստանն օգտագործելու է հենց իրենց արտադրած գազաբալոնները, քանի որ բալոններն՝ առաջին հերթին անվտանգ են, թեթեւ նաեւ մատչելի: Վանաձորում բալոնների արտադրության բացմանը ներկա էր նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հետեւեց արտադրության ընթացքին, ապա տեղեկացրեց, որ եթե ընկերության հետ քննարկած ծրագրերն իսկապես կյանքի կոչվեն, Վանաձորը կրկին կդառնա արդյունաբերական քաղաք. «Այն սենյակում ինչ խոսեցինք մեր գործընկերների հետ, եթե այդ ամեն ինչն իրականություն դառնա, շատ շուտով Վանաձորը նորից կլինի արդյունաբերական խոշոր կենտրոն… Իրենք իրենց ծրագրերը կներկայացնեն, իսկ մեր հավաստիացումն այն է, որ կառավարությունն իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում ամեն ինչով կաջակցի»: Կոմպոզիտային բալոնները կարելի է կիրառել ոչ միայն ավտոմեքենաներում, այլ նաեւ այլ ոլորտներում. «Օգտագործվում է մեքենաների, գնացքների, նավերի, ինքնաթիռների, ջրասուզակների համար: Բժշկության մեջ օգտագործվում է որպես թթվածնային բալոն: Բալոններն ամբողջությամբ պլաստիկ են, միայն գլխի մասը դյուրալյումին է եւ ինքը միանգամից մտնում է ներս, դա մեր տեխնոլոգիան է», - ասում է ընկերության բաժնետերը: Ներկայում արտադրամասում գործող մեկ հոսքագծի վրա աշխատում են 15 մարդ: Առաջիկայում պատրաստվում են գործարկել մի քանի հոսքագիծ եւս: Իսկ աշխատակիցները կստանան միջինը 150.000 դրամ աշխատավարձ: Աշխատանքը՝ գործարքային է: Սակայն այս պահին ընկերությունը մասնագետների խնդիր ունի. «Մասնագիտությունը պետք է լինի ինժեներ -էլեկտրոնիկ, որ ինքը հասկանա սարքավորումներից եւ ծրագրերից: Որովհետեւ ամեն մի սարքը հարյուրավոր ծրագրերով է աշխատում: Մենք ինչ հրաման տանք, ինքը՝ ըստ բալոնի կառուցվածքի, ըստ մեր ուզած փաթույթի կարողանա փաթեթավորի: Հիմա մենք խնդիր ունենք մասնագետի, դրա համար էլ ուղարկում ենք Պարսկաստան վերապատրաստման, - տեղեկացրեց Արայիկ Ասրյանը: Բացի այդ, նախատեսվում է առաջիկայում Վանաձորում արտադրել նաեւ հայ-իրանական Sayna Armenina մեքենա. «Ոչ մեկն այդ մասին չգիտեր, դա անակնկալ է: Մենք ունենք պայմանավորվածություն, Հայաստանում մեքենայի արտադրությունը կազմակերպելու համար: Եթե հասցնենք, մարտ ամսից մեր հայկական մեքենաները կմտնեն գոնե հայկական շուկա: Մեքենան միանգամից լինելու է նաեւ գազաբալոնով, որպեսզի աշխատի գազ, բենզին համակցությամբ: Գինը հիմա դեռ չեմ կարող ասել, որովհետեւ պայմանավորվեցինք էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպենք քննարկենք, թե ո՞նց պետք է անենք, որպեսզի դառնա մատչելի, որպեսզի Հայաստան հին մեքենաների ներկրումը դադարեցվի եւ ունենանք նմանատիպ մեքենաներ»:
    
     Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
    
     https://norinfo.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7934 | 0 | 0
Facebook