Loading...

Articles

Կյանքի մեծ ուսուցիչների «վաճառքը»

18:22, Monday, 17 December, 2018
Կյանքի մեծ ուսուցիչների «վաճառքը»

Հերմես (դիմում է Զևսին) - Ուզո՞ւմ ես այն փնթի պոնտացուն բերեմ:

Զևս - Այո՛, բե՛ր:

Հերմես - Հե՛յ, դո՛ւ, քնձռոտ վերարկու հագած խուրջինավո՛ր, ե՛կ այստեղ …Վաճառում եմ քաջարի, գերգերազանց, ազնվածին ու ազատ կյանք: Ո՞վ է ուզում գնել:

Գնորդ - Ազդարա՛ր, այդ ի՞նչ ասացիր: Դու ազատ մարդո՞ւ ես վաճառում:

Հերմես - Ճի՛շտ այդպես:

Գնորդ - Իսկ դու չե՞ս վախենում, որ նա քեզ դատի կտա ազատ մարդուն ստրկության վաճառելու համար:

Հերմես - Նա այդ վաճառքին ոչ մի ուշադրություն չի դարձնում, քանի որ ցանկացած իրավիճակում իրեն ազատ է համարում:

Գնորդ - Այդ կեղտոտ դժբախտին ի՞նչ աշխատանքում օգտագործես: Ախը'ր նրան միայն հող փորելու և ջուր կրելու գործ կարելի է վստահել:

Հերմես - Նա ուրիշ բաներում էլ է պիտանի: Եթե նրան դռան մոտ կանգնեցնես, կարող է շնից էլ լավ բարապան լինել: Ի դեպ, նրա անունը հենց «շուն» է:

Գնորդ - Բայց նա որտեղացի՞ է ու ի՞նչ արհեստի տեր:

Հերմես - Հարցրո՛ւ իրեն, այդպես ավելի լավ կլինի:

Գնորդ - Նրա չար ու մռայլ տեսքից վախենում եմ. հանկած ու սկսի վրաս հաչել ու մեկ էլ տեսար կծեց: Մ՞ի թե դու չես տեսնում, թե նա ինչպես է բարձրացրել մահակը, հոնքերը կիտել ու սպառնալից ինձ է նայում:

Հերմես - Մի'վախեցիր, նա ձեռնասուն է:

Գնորդ - Քաղցրի՛կս, որտեղացի՞ ես:

Դիոգենես - Ամե'ն տեղից:

Գնորդ - Այդ ի՞նչ ես ասում:

Դիոգենես - Քո առջև աշխարհի քաղաքացի է կանգնած:

Գնորդ – Այդ ո՞ւմ ես նմանակում:

Դիոգենես - Հերակլեսի'ն:

Գնորդ - Այդ դեպքում ինչո՞ւ վրադ առյուծի մորթի չես գցել:

Դիոգենես - Սա՛ է իմ առյուծի մորթին՝ այս քրքրված վերարկուն: Նրա նման՝ ես էլ եմ կռվում հաճույքների դեմ, և ոչ թե ինչ-որ մեկի հրամանով, այլ` ինքնակամ, և իմ խնդիրն եմ համարում կյանքն ավելորդություններից մաքրելը:

Գնորդ - Այո՛, լա՛վ խնդիր է: Բայց դու ի՞նչ արհեստ ունես:

Դիոգենես - Ես մարդկության ազատարարն եմ և կրքերի բժիշկը, իսկ ընդհանրապես ես ուզում եմ ճշմարտության ու խոսքի ազատության մարգարե լինել:

Գնորդ - Ուրեմն այսպես, մարգարե՛, եթե ես քեզ գնեմ, ինձ ի՞նչ կերպ ես դաստիարակելու:

Դիոգենես – Նախ՝քո միջից կհանեմ փափկասունությունը, աղքատության մեջ կփտեցնեմ ու վրադ քրջոտ վերարկու կգցեմ: Հետո քեզ կստիպեմ աշխատել, մերկ գետնին քնել, ջուր խմել և ուտել ձեռքդ ընկածը: Իսկ քո աստվածներին, եթե ունես, հնազանդվելով ինձ, ծովը կնետես: Դու չես հոգա ո՛չ ամուսնության, ո՛չ երեխաների, ո՛չ հայրենիքի մասին, և այդ բոլորը քեզ համար սին բաներ կլինեն: Լքելով հայրական տունդ՝ դու կապրես կա՛մ դամբարանում կամ լքված աշտարակում, կա՛մ կավե անոթում. քո մախաղը թող լցված լինի լոբով կամ այլոց փշրանքներով: Այդպիսի կյանք վարելով՝ դու քեզ ավելի երջանիկ կհամարես, քան մեծ թագավորը: Եթե քեզ սկսեն ծեծել ու կտտանքների ենթարկել, դու դրանք անհաճո բաներ չես համարի:

Գնորդ – Այդ ինչե՞ր ես ասում, ես ինչպե՞ս կարող եմ մտրակի հարվածներից ցավ չզգալ: Չէ՞ որ ես ո՛չ կրիա եմ, ո՛չ էլ խեցգետին:

Դիոգենես – Դու կվարվես Էվրիպիդեսի նշանավոր ասույթի հանգույն՝ ընդամենը մի քիչ այն փոփոխելով:

Գնորդ – Այդ ի՞նչ ասույթ է:

Դիոգենես - «Քո մարմինը ցավ կզգա, իսկ հոգիդ զերծ կլինի ցավից»: Այն, ինչը քո մեջ պիտի լինի, հետևյալն է. պետք է կոպիտ ու հանդուգն լինել և մինման հայհոյել և՛ թագավորներին, և՛ մասնավոր մարդկանց, որովհետև միայն այդ դեպքում նրանք քեզ հարգանքով կվերաբերվեն ու քաջ կհամարեն: Քո ձայնը թող կոպիտ լինի՝ ինչպես բարբարոսներինը, իսկ խոսքդ՝ շան հաչոցի նման: Պետք է ունենալ դեմքի կենտրոնացված արտահայտություն և այդ արտահայտությանը համապատասխանող քայլվածք, և, ընդհանրապես, պետք է գազանի նման վայրենի լինել: Իսկ քաղաքավարության ու չափավորության արտահայտություն համարվող ամոթը, կարմրելու ունակությունն ընդմիշտ սրբիր դեմքիցդ: Աշխատիր լինել ամենաբազմամարդ վայրերում, մի՛ կապվիր ոչ մեկի հետ, ու մի՛ ջանա ընկերներ ու ծանոթներ ձեռք բերել, որովհետև այդ ամենը ոչնչացնում է իշխանության ուժը: Բոլորի աչքի առաջ համարձակորեն արա' այն, ինչը մեկ ուրիշը նույնիս անկյուններում չի անի: Սիրային գործերում ընտրիր ամենածիծաղելիներին և, ի վերջո, եթե անհրաժեշտ համարես, մեռի'ր՝ ուտելով հում պոլիպ կամ սիպե (կարակատիցա):

Գնորդ - Ռա՛դ եղիր, դու մարդուն անարժան ու գարշելի բաներ ես ասում:

Դիոգենես – Բայց, անուշի'կս, դա շատ հեշտ է և բոլորին մատչելի: Քեզ հարկավոր չեն լինի ո՛չ դաստիարակություն, ո՛չ ուսուցում, ոչ էլ դրանց նման դատարկ բաներ: Քո առջև դեպի փառք տանող ամենակարճ ճանապարհն է: Եթե դու հասարակ մարդ ես՝ կաշեգործ, աղ դրած ձկան առևտրական, ատաղձագործ կամ դրամափոխ, ապա քեզ ոչինչ չի խանգարում զարմանքի առարկա դառնալ, եթե միայն անամոթություն ու հանդգնություն ձեռք բերես, եթե սովորես հայհոյել:

Գնորդ – Հայհոյելու և կռվելու համար քո կարիքը չունեմ, այնուամենայնիվ ժամանակի ընթացքում քեզնից թիավարող կամ այգեպան դուրս կգա, այն էլ այն դեպքում, եթե ազդարարողը ցանկանա քեզ ամենաշատը երկու օբոլով վաճառել:

Հերմես - «Համաձա'յն եմ: Գնի'ր: Մենք ուրախությամբ նրանից գլուխներս կազատենք, որովհետև նա իրեն անշնորք է պահում, գոռում է, բոլորին ծաղրում ու գարշելի խոսքեր է ասում:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3542 | 0 | 0
Facebook