Loading...

Articles

ԵԿԵ'Ք, ԱՊՐԵՆՔ ...

18:06, Friday, 07 December, 2018
ԵԿԵ'Ք, ԱՊՐԵՆՔ ...
    
     1988 թվական, դեկտեմբերի 7։ Լոռու մարզի Հաղպատ գյուղում ամեն ինչ սովորականի նման էր։ Աշխատանք ունեցողները աշխատանքի էին գնացել, չունեցողները՝ տանն էին աշխատում, երեխաները դպրոցում, մանկապարտեզում կամ տանն էին՝ նայած տարիքի։ 3 տարեկան 11 ամսական աղջնակն էլ էր մանկապարտեզում, ով չնայած տարիքով փոքր էր, բայց վաղուց արդեն մեծերի խմբում էր՝ հորեղբոր աղջկա կողքին լինելու համար։ Մանկապարտեզում սովորական օր էր, դահլիճում պատրաստվում էին ձմռանը նվիրված հանդեսի հերթական փորձին։ Ընկեր Նավրիկը Դավիթ անունով տղային ուղարկել էր «թագավորի աթոռը» կողքի սենյակից բերելու՝ Թումանյանի «Սուտասանը» պետք է բեմադրեին և... ինչ_որ խշշոց լսվեց ու սկսեց հատակը ցնցվել. «Երեխեք դուրս վազեք, շո'ւտ դուրս վազեք, իրար մի հրե'ք, վազեեեք...» ։ Փոքրիկ աղջնակը փորձեց խաղալիքների մեջ գտնել իր սիրելի, թևը փոկված արջուկը, բայց ընկեր Մանիկը բռնեց նրա ձեռքից ու դուրս վազեց։ Միջանցքով անցնելիս նա տեսավ, թե ինչպես սպիտակ ամաններով լի դեղին պահարանը շրջվեց ու հրաշքով Արման անունով տղան պահարանի տակ չընկավ։ Դրսում բուժքույր Ռոզան բռնեց վախեցած փոքրիկի ձեռքից և տարավ հորեղբոր ու տատիկի մոտ...
     Բոլոր կողմերից միայն մի բառ էր լսվում' երկրաշարժ, երկրաշարժ, երկրաշարժ ...
     Փոքրիկ աղջնակը իր համար անհոգ խաղում էր, երբ հայրը շնչակտուր տուն մտավ, գրկեց նրան ու շշնջաց՝ ես քո... Հետո մեծերի խոսակցությունից փոքրիկ աղջիկը լսեց, որ ինչ_որ մեկը մոտեցել է իր հորը և ասել, որ ասում են գյուղի մանկապարտեզը փլվել է, երեխաները փլատակների տակն են մնացել ...
     Հաջորդ օրերին փոքրիկի հայրը ընկերների հետ օգնության գնաց աղետի գոտի, ու մինչ այդ էլ քչախոս հայրը հետ գալուց հետո ավելի քչախոս դարձավ՝ մռայլ ու տխուր։ Դրա պատճառը շատերը չգիտեին, որովհետև նա չէր խոսում, բայց հետո նրա պատմածներից շատ բան պարզ դարձավ։ Տարիներ հետո նա պատմեց իր ընկերներից մեկի արարքի մասին, որի պատճառը նրան շատ է ցավեցնում մինչև այսօր։ Աղետի գոտում փլատակներից ողջ և արդեն մահացած մարդկանց դուրս բերելու ժամանակ նրա ընկեր էքսկավատորի վարորդը տեսել է, թե ինչպես է մի տղամարդ փորձում կտրել արդեն մահացած կնոջ մատները, որ ոսկյա մատանին հանի, նա բարձրացրած «պանելը» գցել է այդ մարդ կոչվածի վրա և գնացել է ոստիկանություն ու պատմել՝ գնա՛, աշխատի՛ր՝ լսվել է պատասխանը....
     Տարիներ հետո մոր պատմածներից պետք է իմանար, որ հասկանալով որ երկրաշարժ է, նա պառկել է քնած իր մեկ տարեկան փոքրիկի օրորոցի վրա՝ փորձելով վատթարագույնի դեպքում իր մարմնով պաշտպանել երեխային...
     Այդ փոքրիկ աղջնակը արդեն մեծացել է, երկու երեխա ունի, բայց ամեն տարի դեկտեմբերի 7_ին հիշում է 1988 թվականի դեկտեմբերի 7_ը, մոր, հոր պատմածները, ծանոթ_անծանոթներից լսած պատմությունները, հիշում է իր արյամբ երեխային կերակրած մորը, սովետական թերթից մի սև սպիտակ նկար, որում երկրաշարժից փրկված մայրն է` շախմատաձև ծածկոցով ծածկված իր երեխաների հետ, լսում և հավատում է շրջանառվող այն վարկածին, որ դա ռուսների արածն է, և ամեն անգամ կրկնում է՝ մեր սերունդը պետք է ապրի նաև այն երեխաների փոխարեն, ովքեր մնացին դպրոցների կամ մանկապարտեզների փլատակների տակ, պետք է ապրենք այն երեխաների փոխարեն, ովքեր անգամ չհասցրեցին ծնվել...
     3 տարեկան 11 ամսական աղջիկը արդեն 33 տարեկան 11 ամսական է։ Այս 30 տարվա մեջ նա սովորել է պայքարել, իր կարծիքն ու տեսակետը հայտնել, չվախենալ, չհանձնվել, ուրիշների «դուդուկի տակ չպարել» , նա գիտի մի բան՝ հայ ազգը այլևս լացելու համար արցունք չունի, 1915 թվականից սկսած լացում ենք, բավակա'ն է, եկել է ապրելու, արարելու, մեր ձայնը լսելի դարձնելու ժամանակը, նա գիտի ու վերջին տարիներին դեկտեմբերի 7_ին կրկնում է՝ մենք պետք է ապրենք նաև այն երեխաների փոխարեն, ովքեր մնացին փլատակների տակ... ԵԿԵ'Ք, ԱՊՐԵՆՔ ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
4160 | 0 | 0
Facebook