Loading...

Articles

Մենք սպասում էինք հրաշքի, բայց տեղի ունեցավ ամենասարսափելին

14:25, Tuesday, 20 November, 2018
Մենք սպասում էինք հրաշքի, բայց տեղի ունեցավ ամենասարսափելին

Այսօր առավոտյան դադարեց բաբախել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանի սիրտը: Նա վթարի էր ենթարկվել և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ին: Մինչ այդ գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Սույն թվականի հունիսի 18-ից 22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի էր ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել էր նաեւ Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:

Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը եւ ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:

Վահագն Մարգարյանի հարազատների, ընկերների, արվեստի երկրպագուների հետ կիսում ենք կորստի սարսափելի ցավն ու մաղթում համբերություն, տոկունություն:
    
     ՀՀ մշակույթի նախարարություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3015 | 0 | 0
Facebook