Loading...

Articles

«Մահացածների մասին՝ կա՛մ լավը, կա՛մ՝ ոչինչ» աղավաղված դարձվածքի մասին

18:18, Friday, 16 November, 2018
«Մահացածների մասին՝ կա՛մ լավը, կա՛մ՝ ոչինչ» աղավաղված դարձվածքի մասին

Առօրյա կյանքում հաճախակի գործածվող այս դարձվածքը ուղղակի պահանջում է, որ մահացածի մասին կա՛մ լավ խոսք ասվի, կա՛մ էլ ընդհանրապես ոչինչ չասվի: Բայց մի՞ թե ճիշտ է մահացածի մասին ընդհանրապես ոչինչ չասելը, մի՞թե խելամիտ է նման պահանջը: Իհարկե՛, խելամի՛տ չէ: Իսկ եթե խելամիտ չէ, կնշանակի դարձվածքը պետք է վերանայել:

Վերանայողները վերանայել են, ու պարզել, որ հնում այս արտահայտությունն այսպես է հնչել.

«Մահացածների մասին՝ կամ լավը, կա՛մ էլ ոչինչ՝ բացի ճշմարտությունից» կամ՝ «Մահացածներին մի՛ վատաբանիր»: Դժվար չէ նկատել, որ երկրորդ՝ ավելի սեղմ դարձվածքը, լիովին համարժեք է առաջինին, որովհետև «մի՛ վատաբանիր» -ը պահանջում է միայն ճշմարտությունն ասել և չչարախոսել:

Իսկ այս խոսքն ասել է մ.թ.ա. 6-րդ դարում ապրած հույն քաղաքական գործիչ ու նաև բանաստեղծ Քիլոն Սպարտացին: Նրա այս և մի քանի այլ ասույթներ սերունդներին է փոխանցել մ.թ. 3-րդ դարում ապրած հույն պատմագիր Դիոգենես Լայերտացին իր «Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» աշխատությունում:

Մի խոսքով, «ամորձատված» ասույթը, ինչպես տեսնում եք, ժամանակի ընթացքում կորցրել է իր նախնական իմաստը և հիմա բոլորովին այլ կերպ է ընկալվում:

Լև Տոլստոյին ամենևին դուր չի եկել այս պահանջը: «Սա ի՜նչ հեթանոսական, կեղծ կանոն է: Կենդանի մարդկանց մասին կա՛մ բարի խոսք ասա, կա՛մ՝ ոչինչ: Դա մարդկանց որքա՜ն տառապանքներից կազատեր, և դա որքա՜ն հեշտ է: Իսկ մեռածների մասին ինչո՞ւ նաև վատը չասել: Մեր աշխարհում, ընդհակառակը, կարգ է հաստատվել՝ մահախոսականներում ու հոբելյանները նշելիս ասել միայն անասելի չափազանցված գովեստներ, կնշանակի՝ միայն սուտ ասել: Եվ դա մարդկանց ահավոր վնաս է պատճառում՝ բարին ու չարը համահարթելով ու անզանազանելի դարձնելով»:

Ի դեպ, Քիլոն Սպարտացին է հեղինակը «Ճանաչիր քեզ», «Ոչի՛նչ՝ չափից ավելի», «Եթե քեզ նյութական վնաս են հասցրել՝ հաշտվի՛ր, եթե անպատվել են՝ վրե՛ժ լուծիր» ՝ գրեթե բոլորին հայտնի իմաստուն խոսքերի:

Բայց այս իմաստուն սպարտացուն հետմահու փառք է ապահովել Լակոնիայի ափերի մերձակայքում գոյացած Կիտիրա կղզուն վերաբերող մարգարեությունը: Ծանոթանալով կղզու դիրքին՝ փիլիսոփան սրտի կսկիծով ասել է.

«Ավելի լավ կլիներ, որ այն չգոյանար, կամ էլ գոյանալուց հետո ջրասույզ լիներ»:

Հայրենասեր իմաստունի մտահոգությունն ամենևին էլ անհիմն չէր: Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ աթենացի զորահրամանատար Նիկիոսը գրավում է այդ կղզին ու այնտեղ աթենական կայազոր է տեղակայում: Դրանից հետոաթենացիներն այդ կղզուց սպարտացիներին ծանր հարվածներ են հասցնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6962 | 0 | 0
Facebook