Loading...

Articles

Ձմռանը հարկավո՞ր է արդյոք ավելի շատ ճարպոտ սննդամթերք ուտել

13:36, Wednesday, 07 November, 2018
Ձմռանը հարկավո՞ր է արդյոք ավելի շատ ճարպոտ սննդամթերք ուտել

Գիտնականները պարզել են, որ չի կարելի, որովհետև ճարպը հաշմում է մարդու օրգանիզմը և նվազեցնում է նրա դիմադրողականությունը ցրտի և դրա հետևանքների դեմ: Սննդի մեջ չափից ավելի ճարպը պահանջում է հավելյալ խմորիչների (ֆերմենտ) արտադրություն այդ ճարպը մարսելու համար:
     Դժվարամարս սնունը մշակելու համար գործադրած ջանքը հոգնեցնում է օրգանիզմը և նրան քիչ էներգիա է թողնում հարբուխի ու ձմռանն ուղեկից այլ հիվանդությունների դեմ պայքարելու համար: Չի կարելի նաև հրուշակեղեն ու շոկոլադ, որովհետև դրանք մեծ քանակությամբ ճարպեր ու շաքար են պարունակում:

Վերոհիշյալ մթերքների չափից ավելի քանակությունը խաթարում է ստամոքսաղիքային համակարգի միկրոֆլորան` նվազեցնելով վնասակար մանրէների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը: Իսկ այդ մանրէները մեծաքանակ են այն միջավայրում, որոնք ենթարկվել են ցրտի ազդեցությանը: Դրան հակառակ, ապուրները խոնավեցնում են ներքին ջերմությունից հաճախ ջրազրկվող մարմինը:

Շատ շուտով ջերմաչափը` հատկապես գիշերային ժամերին ձմեռային ջերմաստիճան ցույց կտա, և դա շատերին կստիպի առավել բարձր կալորիականության սննդի անցնել` այն պատճառաբանությամբ, թե օրգանիզմը պետք է որոշակի քանակության ճարպ կուտակի` ցրտին դիմակայելու համար: Դա լուրջ սխալ է:

Հետազոտությունները պարզել են, որ ճարպոտ մթերքներն ու կերակուրներն ամենևին չեն օգնում ցրտի դեմ պայքարում: Ավելին, ապուխտներով պատրաստված կերակուրներում, ճարպերն էլ ավելի են կուտակվում, ու քանի որ մենք ձմռանն ավելի քիչ ենք մարզում մեր մարմինը, հաստատապես ավելորդ քաշ ենք կուտակելու: Ցրտին դիմակայելու համար պետք է ընտրել այնպիսի սննդամթերք, որը կօգնի մեր օրգանիզմին տաքանալ` միաժամանակ վերահսկելով, որ սննդակարգը լինի հավասարակշռված:

Բանջարեղենային ապուր

Երեխաներն հիմնականում չեն հրաժարվում ապուրներից, իսկ դրանք օրգանիզմը տաքացնելու և այն ջրազրկումից զերծ պահելու լավագույն միջոցներ են: Բայց, ինչպես ասում են, ապուր էլ կա, ապուր էլ: Բանջարեղենային ապուրը լավագույնն է: Այն պարունակում է արագ (պարզ) և դանդաղ (բարդ) մարսվող շաքար կամ ածխաջուր: Օրինակ` գազարն ու շաղգամը արագ մարսվող ածխաջրեր են պարունակում, և դրանք շատ լավ ներգործություն են ունենում, երբ ապուրի կաթսայում «ամուսնանում» են դանդաղ մարսվող ածխաջրեր պարունակող «պրաս» տեսակի գլուխ սոխի հետ:

Չոր մրգեր

Չամիչը, ծիրանի, դեղձի չիրը ձմռան ցրտերին առողջության պահպանմանն օժանդակող հիանալի միջոցներ են: Դրանք շատ հարուստ են հանքանյութերով ու մրսածության դեմ շատ արդյունավետ դարմաններ են: Շնորհիվ «օմեգա 3» -ի առատ պարունակության` նուշը և ընկույզը նույնպես նպաստում են ցրտի դեմ օրգանիզմի դիմադրողականության աճին:

Պարզ ածխաջրեր և սպիտակուցներ պարունակող մթերքների խառնուրդներ

Մարմնի ջերմաստիճանը երկար և կարճ ժամանակով կարգավորող իդեալական միջոցներ են բրնձի, ոսպի, սիսեռի և կարտոֆիլի խառնուրդներով պատրաստված խմորեղենը, միսը և ձուկը, խորոված կարտոֆիլը:

Բայց եթե սպիտակուցները (որոնք առատ են մսեղենում, ձկնեղենում, կաթնեղենում, հավկիթում ու տերևային բանջարեղենում) ածխաջրերի կամ ճարպերի համեմատ ավելի բարձր ջերմային ներգործություն ունեն, այնուամենայնիվ որոշ սննդակարգաբաններ խորհուրդ են տալիս ապուրի մեջ օսլա պարունակող մթերքների «ամուսնությունը» բանջարեղենի հետ:

Մրգերն ու կանաչեղենը՝ չափավոր

Ձմռանը միրգն ու կանաչեղենը շատ անհրաժեշտ են: Իհարկե, առաջին հայացքից կթվա, թե խնձորը, բանանը, ջրկոտեմը, բրոկոլին չեն կարող մեզ տաքացնել, սակայն դրանցով ու ցիտրուսային մրգերով, կիվիով ու կաղամբով պատրաստված աղցանը ձեր օրգանիզմը կհարստացնի C վիտամինով:

Տաք խմիչքները, ինչպես նաև թուրմերը վերականգնում են մարմնի կանոնավոր ջերմաստիճանը; Ալկոհոլ չի կարելի: Թեպետ այն արագորեն տաքանալու զգացողություն է հաղորդում, բայց պետք է միշտ հիշել, որ ալկոհոլը բարձր կալորիականության ըմպելիք է, որը դանդաղեցնում է սրտի աշխատանքի ռիթմը և, ուրեմն, դյուրացնում է օրգանիզմի ցրտահարվելը:

Թեյ և սուրճ (չափավոր)

Թեյը և սուրճն օգտակար են մարմնի ջերմարտադրությունն ապահովելու առումով: Միայն թե պետք է չափը պահպանել: Այս երկու խմիչն էլ կարող են որոշ զգայուն մարդկանց սթրեսածին հորմոններն ավելացնել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4568 | 0 | 0
Facebook