Loading...

Articles

8 եւ 23 տոկոս․ Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է ուղեւորաբեռնափոխադրումների աճը

09:32, Wednesday, 07 November, 2018
8 եւ 23 տոկոս․ Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է ուղեւորաբեռնափոխադրումների աճը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-հոկտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան:

Ինչպես հայտնում են ՀԵԿ-ի մամուլի ծառայությունից, վիճակագրական տվյալների համաձայն, 10 ամիսների ընթացքում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 մլն 411 հազ տոննա: Ընդ որում, նետտո բեռնաշրջանառությունը տարվա կտրվածքով ավելացել է 23%-ով, իսկ բեռնումը՝ 21%-ով:

Աճ է գրանցվել նաեւ գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության եւ վազքի, տեղամասային եւ տեխնիկական արագությունների, բեռնատար վագոնի շրջանառության գծով:

Հաշվետու շրջանում բարելավվել է ներհանրապետական էլեկտրագնացքների եւ միջազգային գնացքների չվացուցակների կատարումը: Սերգեյ Վալկոն հատուկ ընդգծեց բեռնատար գնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտությունը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարեւորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին գծի գնահատականը բարելավվել է 6 միավորով՝ կազմելով 75 միավոր:

Շարունակվել են գծի վերանորոգման եւ առողջացման աշխատանքները, կոճերի տեղադրումը: Օրինակ, նախագծային-կանխարգելիչ վերանորոգում անցել է 18, 8 կմ գիծ, շարունակվում է էլեկտրաֆիկացման եւ էներգամատակարարման, ինչպես նաեւ կապի եւ հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ուղեւորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում փոխադրվել է 330 հազար ուղեւոր, ինչը 8% -ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, աճը միջազգային հաղորդակցությունում կազմել է 6, 4%, իսկ տեղականում՝ 11, 7%:

Աճ է գրանցվել նաեւ աշխատանքի արտադրողականության ոլորտում՝ այն կազմել է 10%, իսկ երկաթուղայինների աշխատավարձերն ավելացել են 9%-ով:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- եւ ուղեւորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային եւ ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը, ներդրումային ծրագրերի լիարժեք կատարումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3784 | 0 | 0
Facebook