Loading...

Articles

Լև Տոլստոյը պատերազմի, խաղաղության ու հայրենասիրության մասին (նախորդի շարունակությունը)

19:15, Sunday, 04 November, 2018
Լև Տոլստոյը պատերազմի, խաղաղության ու հայրենասիրության մասին (նախորդի շարունակությունը)

Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրել հայրենասիրության մասին, այն մասին, որ այն ոչ միայն լիովին անհամատեղելի է Քրիստոսի ուսմունքի հետ՝ նրա իդեալական իմաստով, այլև քրիստոնեական համայնքի բարոյականության ամենացածր պահանջների հետ, և ամեն անգամ իմ փաստարկներին կա՛մ լռությամբ են պատասխանել, կամ ամբարտավան կերպով ցույց են տվել, թե իմ արտահայտած մտքերը խորհրդապաշտության, անարխիզմի ու կոսմոպոլիտիզմի ուտոպիական գաղափարների արտահայտություններ են:

Լրջմիտ, տարիքն առած, խելացի, բարի և, գլխավորը, քաղաքի նման լեռան գագաթին կանգնած մարդիկ, այն մարդիկ, որոնք իրենց օրինակով ակամա ղեկավարում են զանգվածներին, ձևացնում են, թե հայրենասիրության օրինականությունն ու բարերար ազդեցությունն այնքան ակնառու և անառարկելի է, որ չարժե պատասխանել այդ սրբազան զգացմունքի վրա կատարվող թեթևամիտ ու խելագար հարձակումներին, և մանկությունից հայրենասիրությամբ վարակված ու մոլորեցված մարդկանց մեծամասնությունն այդ ամբարտավան լռությունը ամենահամոզիչ փաստարկ է համարում և շարունակում է կարկամած մնալ իր տգիտության մեջ:

Եվ այդ պատճառով այն մարդիկ, որոնք իրենց դիրքի շնորհիվ կարող են զանգվածներին հանել իրենց թշվառ վիճակից ու այդ չեն անում՝ մեծ մեղք են գործում:

Աշխարհի ամենամեծ չարիքը երեսպաշտությունն է: Պատահական չէ, որ Քրիստոսը միայն մեկ անգամ է զայրանում, և այդ զայրույթը փարիսեցիների երեսպաշտության դեմ էր:

Բայց ի՞նչ էր փարիսեցիների երեսպաշտությունը մեր ժամանակի երեսպաշտության համեմատ: Մեր երեսպաշտների համեմատ երեսպաշտ փարիսեցիներն ամենաարդարամիտ մարդիկ են եղել, և երեսպաշտություն անելու նրանց արվեստը մեր երեսպաշտների արվեստի համեմատ մանկական խաղալիք է: Եվ այլ կերպ չի էլ կարող լինել: Քրիստոնեությամբ, այսինքն սիրո և հնազանդության ուսմունքով ներծ ծված մեր ամբողջ կյանքը, որն համակցված է երկրների ռազմականացված ավազակային որջի հետ, չի կարող լինել ոչ այլ ինչ, քան համատարած, սարսափելի երեսպաշտություն: Այդպիսի ուսմունք դավանելը շատ հարմար է, որի մի ծայրին քրիստոնեական սրբությունն է, իսկ մյուս ծայրին՝ հեթանոսական սուրն ու կախաղանը, այնպես որ, երբ պետք է սրբությամբ խաբել, սրբությունն է գործի դրվում, բայց երբ խաբեությունը գլուխ չի գալիս, գործի են դրվում սուրն ու կախաղանը: Այսպիսի ուսմունքը շատ հարմար է, բայց ժամանակ կգա, երբ կեղծիքի այդ սարդոստայնը ցրիվ կգա, և այլևս հնարավոր չի լինի կառչել մեկից կամ մյուսից, ու ստիպված են լինելու կառչել կա՛մ մեկից, կա՛մ մյուսից: Այդ ժամանակն արդեն գալիս է հայրենասիրության ուսմունքի առումով:

Այդ մարդիկ ուզեն, թե չուզեն, հարցը մարդկության առջև հստակ ծառացած է. «ինչպե՞ս կարող է այն հայրենասիրությունը, որից ծագում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անհամար տառապանքները, անհրաժեշտ ու բարի լինել»: Եվ այս հարցին պատասխանելն անհրաժեշտ է: Կամ էլ անհրաժեշտ է ցույց տալ, որ հայրենասիրությունն այնպիսի մեծ բարիք է, որ այն փրկագնում է այն բոլոր սարսափելի դժբախտությունները, որպիսիք այն պատճառում է մարդկությանը, կամ էլ խոստովանել, որ հայրենասիրությունը չարիք է, որը ոչ միայն չի կարելի պատվաստել ու ներշնչել, այլև դրանից պետք է ուժերի ամբողջ զորությամբ ազատվել:

Ինչպես ֆրանսիացիներն են ասում` «С'est a prendre ou a laisser» (Կարող եք ընդունել կամ մերժել): Եթե հայրենասիրությունը բարի է, ապա քրիստոնեությունը սին երազանք է, և որքան շուտ արմատահան արվի այդ ուսմունքը, այնքան լավ: Եթե քրիստոնեությունն իսկապես խաղաղություն է բերում, և մենք իսկապես խաղաղություն ենք ուզում, ապա հայրենասիրությունը բարբարոսական ժամանակների վերապրուկ է, որը ոչ միայն պետք չէ բորբոքել ու դրանով դաստիարակել, ինչպես մենք այժմ դա անում ենք, այլ պետք է այն բոլոր միջոցներով արմատախիլ անել` քարոզներով, համոզելով, արհամարհելով, ծաղրի ենթարկելով: Եթե քրիստոնեությունն է ճշմարտությունը, և եթե մենք ուզում ենք խաղաղ ապրել, ապա ոչ միայն չի' կարելի սեփական հայրենիքի հզորության համակիրը լինել, այլև պետք է ուրախանալ նրա թուլացմամբ ու նպաստել այդ թուլացմանը: Պետք է ուրախանալ, երբ Ռուսաստանից կանջատվեն Լեհաստանը, Օստզեյան երկրամասը (Մերձբալթյան նահանգները), Ֆինլանդիան, Հայաստանը: Եվ անգլիացին էլ պետք է ուրախանա Իռլանդիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի ու այլ գաղութների ազատագրմամբ ու նպաստի դրան, քանի որ որքան մեծ է պետությունը, այնքան չար ու դաժան է նրա հայրենասիրությունը, այնքան ավելի շատ մարդիկ են տառապում նրա հզորությունից: Ահա թե ինչու, եթե մենք ուզում են իրապես լինել այնպիսին, ինչը դավանում ենք, մենք ոչ թե պիտի, ինչպես այժմ, մեր պետության ընդարձակումը, այլ նրա փոքրացումը, թուլացումը ցանկանանք և մեր բոլոր կարողություններով նպաստենք դրան: Եվ այդ ոգով դաստիարակենք մեր երիտասարդ սերնդին: Երիտասարդ սերնդին պետք է այնպես դաստիարակել, որպեսզի, ինչպես այժմ երիտասարդը կամաչի ի ցույց դնել իր բռի եսասիրությունը, օրինակ, ուրիշներին ոչինչ չթողնելով` բոլորն ուտել, թույլին ճանապարհից հրել-գցել, ուժով խլել այն, ինչն ուրիշին հարկավոր է, այնպես էլ ամոթալի կլինի սեփական հայրենիքի հզորության մեծացումը ցանկանալը: Ճիշտ այնպես, ինչպես այժմ տխմարություն ու ծիծաղելի է համարվում սեփական անձը գովերգելը, նույն կերպ էլ տխմարություն պիտի համարվի սեփական ժողովրդի փառաբանումը` ինչպես հիմա դրսևորվում է հայրենական տարատեսակ կեղծ պատմություններում, կտավներում, հուշարձաններում, դասագրքերում, հոդվածներում, բանաստեղծություններում, քարոզներում ու ժողովրդական տխմար օրհներգերում: Բայց պետք է հիշել, որ քանի դեռ մենք շարունակելու ենք փառաբանել հայրենասիրությունն ու դրանով դաստիարակել երիտասարդ սերունդը, մենք ունենալու ենք ժողովուրդներին ֆիզիկապես ու հոգեպես կործանող սպառազինություն, լինելու են պատերազմներ` սարսափելի պատերազմներ, որոնց մենք նախապատրաստվում ենք ու որոնց շրջանակի մեջ ենք այժմ մտնում` մեր հայրենասիրությամբ թույլ տալով, որ դրանք տեղի ունենան…

Կայսր Վիլհելմը մեր ժամանակի ամենաերգիծական դեմքերից մեկն է. այս հռետորը, բանաստեղծը, երաժիշտը, դրամատուրգն ու գեղանկարիչը և, գլխավորը, հայրենասերը, վերջերս մի նկար նկարեց, որը պատկերում էր Եվրոպայի բոլոր ժողովուրդներին` թրերով զինված, ծովի ափին կանգնած ու Միքայել հրեշտակապետի ցուցումով հեռվում նստած Կոնֆուցիուսին ու Բուդդային նայելիս: Վիլհելմի մտահղացմամբ` դա պետք է նշանակեր, թե Եվրոպայի ժողովուրդները պետք է միավորվեն այնտեղից եկող սպառնալիքին դիմագրավելու համար: Եվ նա լիովին իրավացի է իր հեթանոսական, կոպիտ, հայրենասիրական տեսակետում:

Եվրոպական ժողովուրդները, հանուն իրենց հայրենասիրության մոռանալով Քրիստոսին, ավելի ու ավելի բորբոքեցին ու հայրենասիրության ու պատերազմի վարժեցրին այդ խաղաղ ժողովուրդներին, և հիմա նրանց այն աստիճան են գրգռել, որ հիրավի, եթե միայն Ճապոնիան ու Չինաստանը նրանց պես մոռանան Բուդդայի ու Կոնֆուցիուսի ուսմունքները, ինչպես մենք մոռացել ենք Քրիստոսի ուսմունքը, ապա շուտով վերստին կսովորեն մարդկանց սպանելու արվեստը, ու քանի որ նրանք անվախ են, ճկուն, ուժեղ և բազմաքանակ, անխուսափելիորեն Եվրոպայի երկրներից շատ շուտով կսարքեն, եթե Եվրոպան չկարողանա հակադրել զենքից ու Էդիսոնի հորինվածքներից մի որևէ ավելի ուժեղ բան, այն, ինչ Եվրոպան սարքել է Աֆրիկայից: «Աշակերտն ուսուցչից բարձր չէ, բայց ամեն կատարյալ իր վարդապետի պես կլինի» (Ղուկաս 6, 40):

Մի արքայիկի այն հարցին, թե որքան և ինչպես ավելացնել զորքի քանակը իրեն չենթարկվող հարավային միփոքր ժողովրդի հաղթելու համար, Կոնֆուցիուսը պատասխանել է «Ոչնչացրու քո ամբողջ զորքը, ինչ այժմ ծախսում ես զորքի վրա, ծախսիր քո ժողովրդի լուսավորության, գյուղատնտեսության բարելավման վրա, և հարավային այդ փոքր ժողովուրդը կվտարի իր արքայիկին և առանց պատերազմի կհնազանդվի քո իշխանությանը»:

Կոնֆուցիուսն այսպես է սովորեցրել, իսկ մեզ խորհուրդ են տալիս նրանից վախենալ: Իսկ մենք, մոռանալով Քրիստոսի ուսմունքը, հրաժարվելով նրանից, ուզում ենք ժողովուրդներին ուժով հպատակեցնել և դրանով իսկ մեր հարևաններից ընդամենը մեզ համար նոր ուժեղ թշնամիներ ենք պատրաստում: Իմ ծանոթներից մեկը, տեսնելով Վիլհելմի նկարը, ասաց. «Նկարը սքանչելի է, միայն թե այն ամենևին այն չի նշանակում, ինչ գրաված է նրա տակ: Այն նշանակում է, որ Միքայել հրեշտակապետը ավազակների զենքերով պատկերված Եվրոպայի բոլոր կառավարություններին ցույց է տալիս այն, ինչը կկործանի ու կոչնչացնի իրենց բոլորին: Դա Բուդդայի խոնարհությունն է ու Կոնֆուցիոսի բանականությունը»: Եվ հիրավի, մենք, շնորհիվ մեր երեսպաշտության, այն աստիճանի ենք մոռացել Քրիստոսին, մեր կյանքից այն աստիճանի ենք հալածել ամբողջ քրիստոնեականը, որ Բուդդայի ու Կոնֆուցիուսի ուսմունքներն ավելի բարձր են կանգնած այն գազանային հայրենասիրությունից, որով ղեկավարվում են մեր` անունով քրիստոնյա ժողովուրդները:

Եվ այս պատճառով Եվրոպայի ու ընդհանրապես քրիստոնյա աշխարհի փրկությունն այն չէ, որպեսզի, սրեր ճոճող ավազակների նման, ինչպես նրանց պատկերել է Վիլհելմը, նետվեն սպանելու ծովի մյուս ափին գտնվող իրենց եղբայրներին, այլ ընդհակառակը, հրաժարումն է բարբարոսական ժամանակների վերապրուկից` հայրենասիրությունից և, հրաժարվելով դրանից, ցած դնել զենքերը և արևելյան ժողովուրդներին ցույց տալ ոչ թե վայրենի հայրենասիրության ու գազանության օրինակ, այլ եղբայրական կյանքի օրինակ, որը մեզ սովորեցրել է Քրիստոսը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4798 | 0 | 0
Facebook