Loading...

Articles

Արդյո°ք սպասվում է մրցակցություն լիբերալների և ասպարեզ եկող ազգայնականների միջև

21:40, Sunday, 14 October, 2018
Արդյո°ք սպասվում է մրցակցություն լիբերալների և ասպարեզ եկող ազգայնականների միջև


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Թավշյա հեղափոխությունից հետո մեկը մյուսի հետևից սկսեցին ձևավորվել նորանոր կուսակցություններ։ Այս բոլորի շարքում, իհարկե` առանձնանում են երկուսը, մեկն արդեն իսկ ձևավորված քաղաքական կուսակցություն է, իսկ մյուսը` հիմնադրման փուլում է, ինչպես հավաստիացնում են կազմակերպիչները։
     Իհարկե` խոսքը նախ և առաջ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մասին է։ Չնայած Սասնա Ծռերի մասին առկա ամենատարբեր կարծիքներին, մի բան անժխտելի է.
     Լավ թե վատ, նրանք հետևում ունեն պատմություն, նրանցից շատերն հայտնի են հանրությանը, և մեծավ մասամբ Սասնա Ծռեր զինված խմբավորման անդամներն են, և ունեն որոշակի գաղափարական կոնցեպցիաներ։ Կարելի է դրանք չընդունել, քննադատել, բայց ոչ երբեք մեղադրել գաղափարախոսության բացակայության մեջ, ինչը չենք կարող ասել բազմաթիվ այլ կուսակցությունների մասին։ ԵՒ ամենակարևորն այն է, որ այս ուժը, իրեն հռչակելով ազգային ուժ, գալիս է զբաղեցնելու Հայաստանում արդեն երկար ժամանակ հոշոտվող ազգային գաղափարական դաշտում իր տեղը։
     Հաջորդ կուսակցությունը, որը ևս արժանի է հիշատակման, իբրև ազգային գաղափարախոսություն որդեգրող և իրեն 1885թ. Արմենական կուսակցության գաղափարական ժառանգորդն համարող ուժ, հանդես է գալիս հենց որպես Արմենական կուսակցություն, այդ մասին գրառում կատարելով իր Ֆեյսբուքյան էջում։
     Սկզբնապես տպավորություն էր, թե սա ՌԱԿ-ի մասնատման հերթական դրսևորումն էր, սակայն պարզվեց, որ նախաձեռնողները ոչ միայն կապ չունեն ՌԱԿ-ի հետ, այլև ոչ այնքան անհայտ են հասարակությանը։ Բանն այն է, որ Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից են նաև 2015 թ. Նորքի զինված խմբի գործով անցնող Արա Պողոսյանը, Գևորգ Ջնդոյանը։ Արմենական կուսակցության ծրագրից հրապարակված հատվածները վկայում են, որ հայկական քաղաքական դաշտ է գալիս ևս մեկ ազգային կազմակերպություն։ Հարցին, թե արդյոք կհասցնեն մասնակցել դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նախաձեռնող խմբի անդամներից Արա Պողոսյանն ասաց, որ իրենց նպատակը սոսկ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժ հիմնելը չէ, այլ ավելի հեռահար նպատակների համար է հիմնվում այս քաղաքական ուժը։ Միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրություններում ամենայն հավանականությամբ կպաշտպանեն Փաշինյանի գլխավորած ուժին, իբրև երկրում տեղի ունեցած հեղափոխության նյութականացման վերջնական հանգրվան։
     Այսպիսով, հայկական քաղաքական դաշտում մի կողմից զգացվում է նեո-լիբերալ ուժերի դիրքերի ամրացում, իսկ մյուս կողմից առաջ են գալիս նոր ազգային և պահպանողական ուժեր։ Հուսանք, որ սա կլինի միայն հօգուտ Հայ ազգի, և ոչ երբեք հակառակը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3081 | 0 | 0
Facebook