ՈՒ՞մ շահերն է պաշտպանում ՊԵԿ-ը Ինչու՞ Իրանահայ գործարարը չի կարողանում 2 մեքենա ցեմենտ ներկրել Հայաստան.
Իրանահայ գործարար Արվին Նազարյանը, որը Հայաստանում աշխատում է 2007 թվականից, անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, որ ցանկացած ոք կարող է անարգել ապրանք ներմուծել Հայաստան, օգոստոս ամսին փորձել է 2 մեքենա ցեմենտ ներկրել Իրանից, սակայն մինչ այսօր չի կարողանում մաքսազերծել ապրանքը, քանի որ, իր խոսքով, «անօրինական ու անհաղթահարելի խոչընդոտի» է հանդիպել մաքսատանը: Իրանում տոննան 17 դոլարով գնած ցեմենտի համար Արարատյան մաքսատանը գործարարից պահանջել են 200 դոլար՝ յուրաքանչյուր տոննան մաքսազերծելու համար: Իսկ գործարարի բազմաթիվ բողոքներին ի պատասխան բանավոր արձագանքել են, թե իրենց հրահանգված է պաշտպանել ներքին արտադրողի շահերը, քանի որ այդ ոլորտում 2000 մարդ է աշխատում: Գործարարը կասկածներ ունի, որ տվյալ որոշումը սպասարկում է կոնկրետ մարդկանց շահը, քանի որ, օրինակ, Հայաստանում ցեմենտի հիմնական արտադրողը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Տարբեր երկրներից սառեցման համակարգերի ներկրմամբ զբաղվող «Նազարյան քուլինգ սիսթեմ» ՍՊԸ-ի տնօրեն, իրանահայ գործարար Արվին Նազարյանը օգոստոսի 31-ին 2 մեքենաներով Իրանի Թավրիզ քաղաքի «Խոյ Ցեմենտ» գործարանից Հայաստան է ներմուծել 46, 46 տոննա M 500 մակնիշի ցեմենտ՝ 2 հազար 555, 3 դոլար ընդհանուր արժեքով՝ ներառյալ զուտ ցեմենտի արժեքը (1տ=17 դոլար), ինչպես նաև մինչև Երևան տեղափոխման արժեքը՝ 1տ=38դոլար (որից՝ 20 դոլարը մինչև Մեղրի և ևս 18 դոլար մինչև Երևան): Գործարարը փորձել է ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացնել գործարքի գնի մեթոդով: Այդ դեպքում, ըստ նրա, ապրանքի մաքսային արժեքը կկազմեր մոտ 37 դոլար: Մինչդեռ ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան կողմից ընկերությանը պարտադրվել է մաքսազերծումն իրականացնել 1տ 200 դոլար հսկիչ (կողմնորոշիչ) գնով: «Իրենք գիտեն, որ օրենքով սխալ են, ՊԵԿ-ը չի կարողանում հիմնավորել մաքսային արժեքը օրենքով, բայց իրենք էլ մեղավոր չեն, որովհետև իրենց հրամայել են, ասել են, որ ներքին արտադրողին են պաշտպանում, ներքին արտադրողը չի կարողանում մրցակցի», -Forrights.am-ին ասաց գործարարը՝ տարակուսելով. «Ներքին արտադրողին պաշտպանելու համար ուրիշ մեթոդներ կան, դրա համար մաքսային արժեքն են բարձրացնո՞ւմ: Ես էլ սառնարաններ եմ արտադրում, թող ինձ էլ պաշտպանեն: Թող սառնարանների մաքսային գները էնքան բարձրացնեն, ոչ ոք չկարողանա բերի, մենակ ինձնից առնեն, ես էլ դառնամ օլիգարխ»: Արվին Նազարյանը տարակուսած է, թե ինչպես կարող է նման քաղաքական որոշում լինել: «Ո՞նց կարող են որոշում կայացնեն՝ ինչ որ մեկին պաշտպանեն, որ գերշահույթ ստանա: Ինչի մենակ էդ 2000 հոգի՞ն են աշխատում Հայաստանում: Եթե ցեմենտի գինն իջնի, շինարարությունը ծաղկելու է էստեղ, տների գները կիջնեն, ի՞նչ վատ կլինի», -հարց ուղղեց գործարարը: Թեեւ ՊԵԿ-ը դեռ քննում է Նազարյանի բողոքը, ՊԵԿ նախագահի տեղակալը գործարարին վստահեցրել է, որ ցեմենտի ներմուծման խնդիրը կապ չունի Ծառուկյանի բիզնեսի հետ: «Ես էդ հարցը բարձրացրել եմ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի մոտ, ինքն ասում է՝ բացարձակ նման թեմա չկա, մենք ոչ մի օլիգարխի չենք պաշտպանում, բա ո՞ւմ են պաշտպանում: Ծառուկյանն է ամենամեծ արտադրողը», -նկատեց Նազարյանը՝ շարունակելով. «Բայց ես լիքը փաստեր եմ տվել ՊԵԿ-ին, որ Ծառուկյանը 45.63 դոլարով ցեմենտը արտահանում է Վրաստան, իսկ Երևանում հայերին վաճառում է 120 դոլարով: Ու ցույց է տալիս, որ եկամուտ չունի մի կոպեկ, էդ ո՞նց եղավ»: Ըստ գործարարի՝ ՊԵԿ-ը բավական երկար է քննում իր բողոքը, մինչդեռ ինքը սպասում է ՊԵԿ-ի պատասխանին, որ դիմի դատարան, քանի որ որոշել է պայքարել մինչև վերջ: Միևնույն ժամանակ, գործարարը փաստեց, որ հեղափոխությունից հետո մաքսատանը փոփոխություն եղել է. «Իրականում ներմուծումն արագացվել է, նորմալ է, կաշառք բացարձակ գոյություն չունի, անգամ նախկինի ամենափոքր կաշառքներն էլ հիմա չկան»: Արվին Նազարյանը նաև ասաց, որ նախկինում շատ է կաշառք տվել, բայց կաշառքը մաքսատանը վերացել է դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակվանից: «Հիմա այլ խնդիրներ կան մաքսատանը, որովհետև լուրջ մասնագետներ չկան: Պրոֆեսիոնալներին հանել են գործից, էնպիսի մարդիկ են նշանակվել լուրջ պաշտոնների, որ մաքսային գործից գաղափար չունեն, ջանում են, իրենց կաշվից դուրս են գալիս, բայց չեն կարողանում խնդիրը լուծել, որովհետև մասնագետ չեն, գաղափար չունեն գործից», -պատմեց Նազարյանը: «Ինչո՞ւ պաշտպանել տեղականարտադրողներին, որոնք գործում ենառանց պետբյուջե շահութահարկվճարելու» Իրանահայ գործարարը դիմել է «Բիզնես օմբուդսմեն» ֆեյսբուքյան նախաձեռնությանը, որը ուսումնասիրելով գործը, տվել է հետևյալ եզրակացությունը. «Բացարձակ անուշադրության է մատնվել այն հանգամանքը, թե ինչ արժե ցեմենտը ԻԻՀ-ում և արդյոք ապրանքի գնման գինը արժանահավատ է, թե ոչ: Անտեսվել է հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (WTO) և ԵԱՏՄ անդամ երկիր՝ կարող է իր ներքին արտադրողներին պաշտպանել միայն մաքսատուրքի կամ ներմուծման քվոտաների կիրառման միջոցով: Ներմուծման քվոտաներ սահմանված չեն, իսկ ԵԱՏՄ միասնական մաքսային օրենսգրքի համաձայն մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 3%` մաքսային արժեքի նկատմամբ: Հետևաբար, ներքին արտադրողին պաշտպանելը հնարավոր է միայն վերոնշյալ կազմակերպություններին անդամակցության արդյունքում ՀՀ-ի կողմից ստանձնված և ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ գերակայություն ունեցող միջազգային պարտավորությունների շրջանակներում, հետևաբար ցանկացած այլ եղանակով ներքին արտադրողին պաշտպանելը անօրինականություն է։ Բացի այդ, ուսումնասիրելով ՀՀ ՊԵԿ www.taxservice.am կայքի տվյալները՝ պարզվում է, որ ներքին տեղական արտադրողները (Հրազդան ցեմենտը, Արարատ ցեմենտը և այլն), տարիներ ի վեր այնուամենայնիվ շարունակում են մնալ չափազանց անարդյունավետ՝ վերջին չորս տարիներում յուրաքանչյուրը հայտարարագրելով տարեկան մոտ 0, 8-1 մլրդ դրամի չափով հարկային վնասներ: Հարց է ծագում, ինչու պաշտպանել տեղական արտադրողներին, որոնք գործում են առանց պետական բյուջե շահութահարկ վճարելու, ունեն ահռելի վնասներ և չնայած դրան՝ ինչ որ հրաշքով շարունակում են գործունեություն ծավալել (էլ ինչու են զբաղվում գործարարությամբ): Նույն կայքը հաստատում է որ վերոնշյալ ընկերությունների կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շահութահարկ ընդհանրապես չի վճարվել։ Ընկերության կողմից պատրաստակամություն է հայտնվել ծայրահեղ դեպքում ապրանքի մաքսազերծումն իրականացնել գոնե հիմնավորված հսկիչ գնով, ինչը Ընկերության դիտարկմամբ կարող էր կազմել 120$ — 20$ ԱԱՀ — 25% վերադիր ծախսեր և շահույթ = 75$: Բայց սա միայն այն դեպքում, երբ կհիմնավորվի, որ ընկերության կողմից ներկայացված 37$ մաքսային արժեքը (17$ — ցեմենտի ձեռքբերման արժեք + 20$ մինչև Մեղրի տեղափոխման արժեք) արժանահավատ չէ: ՊԵԿ-ի գործելաոճի արդյունքում իրանահայ գործարարի կողմից մաքսային տերմինալում ի պահ հանձնված երկու ավտոմեքենաների բեռի նկատմամբ արդեն կուտակվել է մոտ 1000$-ի չափով վճարման ենթակա գումար, որի չափով առնվազն արդեն վնաս է հասցվել գործարարին» ։ Հ.Գ. Արվին Նազարյանի խոսքով՝ ինքը պատրաստ է ներմուծված ցեմենտը նվիրել Հայաստանի Հանրապետությանը, սակայն չի պատրաստվում այն մաքսազերծել «ՊԵԿ-ի կողմից անհիմն կերպով որոշված գնով» և ցանկացած օրինական ճանապարհով հասնելու է իր խնդրի դրական լուծմանը։ |